Կենդանաբանական այգու տնօրենը 70 տարիների բեռը թեթևացնում է հրազենով
29.02.2012թ. Արմենիա TV-ի «Բարի լույս Հայաստան» հաղորդմամբ Կենդանաբանական այգու՝ դեռևս մեկ տարին չբոլորած տնօրենը հայտարարեց, մեջբերում եմ. «70 տարիների բեռը կուտակվել է իմ ուսերին»:
20.02.2012թ. ՇԱՆԹ-ի եթերում հայտարարվեց, որ կենդանաբանական այգում սատկել է 13-տարեկան ընձառյուծը, որի անկման պատճառը մեկնաբանվեց անազատության մեջ գտնվելու հանգամանքով:
Հիվանդ ընձառյուծին քնեցրել են, որպիսզի տեղափոխեն ուրիշ կացարան: Սխալ դոզա ներարկելու պատճառով կենդանին սատկել է: Կենդանու սատկելու պատճառը կախտորոշվեր Հանրապետական անասնաբուժական լաբորատորիայում, բայց սատկած կենդանին լաբորատորիա չի տարվել ակման պատճառը ախտորոշելու համար:
Վայրի կենդանիները անազատ պայմաններում ավելի երկար են ապրում, քան ազատության մեջ, որը պայմանավորված է կենդանիների անընդհատ բժիշկների ուշադրության տակ գտնվելու հանգամանքով, որս անելու տկարության խնդիրներ չունեն, քանի որ ռեժիմով կերակրվում են, ինչպես նաև ապահովված են այլ կենդանիների կողմից որս դառնալուց: Վիճակագրական տվյալները փաստում են, որ առյուծները ազատության մեջ ապրում են 20-25 տարի, իսկ անազատության մեջ 30 և ավելի:
Նույն օրը, սխալ ներարկման պատճառով այգու «մասնագետները» չեն կարողանում քնեցնել միջազգային կարմիր գրքում գրանցված Թուրքմենական կուլանին: Արդյունքը եղավ այն, որ կենդանին սթրեսից ճաղավանդակի արանքում կոտրեց ոտքը: Իսկ մաշկամշակ Հրաչը, մեր բնապահպան բնասեր, կենդանասեր՝ ոմն Մանուկ կոչեցյալի կարգադրությամբ հրազենի մեկ կրակոցով գնդակահարում է խեղճ կենդանուն:
Մի՞թե կարելի է կենդանաբանական այգում կենդանիներին սպանել հրազենով և դեռ խոսում ե՞նք եվրոպական չափանիշներից՝ արդյո՞ք սա է ամստերդամյան բժշկությունը և հոլանդական բժշկի խորհուրդը:
Թեպետ այդ օրը իսկական տոն էր կենդանաբանական այգու գիշատիչ բնակիչների համար, քանզի վերջիններս վայելում էին գնդակահարված կուլանի թարմ միսն ու արյունը, մինչդեռ վերջին ամիսներին կերակրվում են տավարի գլխով ու հոտած մսեղենով:
Բավական երկար ժամանակ ծանր վիճակում էր գտնվում «Մարկ» անունով սևաբաշ արու առյուծը, և մինչ տնօրենը «Արմենիա TV»-ի եթերում իր հերթական ռեժիսորաթատերական դերն էր խաղում, այսօր մասնագետների բացակայության պատճառով իր մահկանացուն կնքեց: Վերջին ամիսներին կենդանաբանական այգում մեծ քանակությամբ կենդանիներ են սատկել, որոնցից թերևս մեկ-երկուսն են բնական անկում ապրել:
Կապիկներ՝ 3-գլուխ, մանդարինկաներ, կարալինկաներ, մացառախոզ, սպիտակ սիրամարգ, աֆրիկական ջայլամ, կարմիր գայլ, աղվեսներ, թութակ արա, հսկա նապաստակ, սպիտակ կարապ, սևաթույր կարապ (Դիլիջանում սատկած կարապներից բացի), արծաթափայլ, ոսկեփայլ, արքայական փասիաններ: Բավական հետաքրքրական է այն փաստը, որ կամերունյան այծերը՝ մոտ 30-40 գլուխ, ամբողջ հոտով տեղափոխվել էին անհայտ ուղղությամբ, իսկ վերջերս, ձմռան ամիսներին, մի քանի անգամ, 5-6 գլուխ, այծերին սատկած ետ են բերել ու կերակրել կենդանիներին:
Ըստ «մասնագետ» մաշկամշակների և «վայրի բնության պահապանների»՝ ջայլամի մսի մեջ խոլեստերին չկա և միսը դիետիկ է, իսկ սպիտակ սիրամարգերը համապասխան կարգադրությամբ այս ցուրտ եղանակին դրսում պիտի մնան: Արդյունքն այն եղավ, որ սիրամարգը ցրտահարվեց, իսկ ջայլամին կերան: Հարկ է նշել, որ կենդանաբանական այգում այլևս ջայլամ չկա:
Նոր տնօրենի կարգադրությամբ քանդվել է ինկուբատորը, որի արդյունքում դադարել են թռչունների վերարտադրումը, հետևաբար այգու թռչունների համալրման խնդիր է առաջացել: Այգում այսօր իրականացվում է կենդանիների և թռչունների ծերացման քաղաքականություն:
Ահա թե ինչպես է պատրաստվում ներկայիս այգու տնօրենը թեթևացնել 70 տարիների ընթացքում կուտակված բեռը՝ այն բեռը, որն երկու պատերազմ է տեսել և որևէ մեկը այդ բեռից չի խուսափել ու այսօրվա փոքրիկնեը դեռ հնարավորություն ունեն կենդանիների հետ շփվելու, իսկ հարցականի տակ է 5 տարի հետոն:
Այգում այսօր էլ պահպանվում է տնօրենի և աշխատողների միջև անհամերաշխության և անհամաձայնության մթնոլորտը, քանի որ 70 ամյա Երևանի կենդանաբանական այգին հայտնվել է «Անապատացման-կառուցապատման» ծրագրերի ներքո: Հոդվածում անուններ չենք հիշատակվում, քանի որ նախկինում անձամբ քաղաքապետին ուղղված դիմումի գաղտնիությունը չպահպանվեց և հայտնվել էր տնօրենի մոտ: Արդյունքում այգու սրտացավ աշխատակիցների շուրջ 20-30%-ը զրկվեց աշխատանքից:
Ավելորդ չի լինի հավելել, որ շուրջ մեկ տարի է նորանշանակ տնօրենի խոստումներից ոչ մեկը չի իրականացվել՝ ո’չ աշխատավարձերի բարձրացում, ո’չ լրացուցիչ ներդրումներ, և այլն, ընդհակառակը՝ այգին բռնել է կենդանիների ծերացման, գլխաքանակի նվազեցման, իսկ հետագայում անապատացման և նորովի կառուցապատման ներկայիս «բնապահպանական» քաղաքականությանը համահունչ ուղին:
ՏԱՐԶԱՆ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (67)
Մեկնաբանել