HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Ապօրինի՞ ձեռնարկատիրական գործունեություն

Ամբաստանյալը պնդում է, որ ակտը գրել են՝ առանց համապատասխան փաստաթուղթն ուսումնասիրելու

Վանաձոր քաղաքի բնակիչ Սամվել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ մասով. նա մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեջ:

Ըստ մեղադրանքի` Սամվել Հարությունյանը, որպես «Կարատ» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ստացել է ուսումնասիրության լիցենզիա և պայմանագրի հիման վրա իրավունք է ձեռք բերել Լեռնապատ համայնքի տարածքում գտնվող հանքավայրից իրականացնելու 500 մ3 անդեզիտաբազալտների և գրանիտոիդների փորձնական հանույթ:

Սակայն խախտելով ուսումնասիրման լիցենզիայի պայմանագրի, ինչպես նաև «Ընդերքի մասին» ՀՀ օրենսդրության և «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի պահանջները, առանց հատուկ թույլտվության՝ 2010թ. ընթացքում նշված հանքավայրից իրականացրել է 8720 մ3 ապարների, ինչպես նաև 4200 մ3 կավավազի և կավախճի հանույթ: Արդյունահանված ապարները տեղափոխել է «Քարաբերդ» ՍՊԸ-ի տարածքում գործող աղաց, վերամշակել և ստացված խիճը իրացրել է տարբեր ընկերությունների:

Գործը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել է դատարան: Այժմ դատաքննության փուլում է:

Դատավարության ընթացքում գործով վկա Կարապետ Սերյոգինը ցուցմունք տվեց այն մասին, որ երկրաշարժից հետո աշխատում է Լեռնապատի քարհանքում, որը, հավանաբար, «Քարաբերդ» ՍՊԸ-ին է պատկանում: Ինքը «Քարաբերդից» է աշխատավարձ ստացել: Քար ջարդող բանվոր է, ջարդող-տեսակավորող սարքի (դրաբիլկայի) վրա է աշխատում: Սամվել Հարությունյանին ճանաչում է որպես տնօրեն: Որպես հանքի վարիչ մատնանշեց Մանվել Հովհաննիսյանին: Նոր` «Կարատ» հանքի մասին ասաց, որ շուտվանից է եղել, Սամվել Հարությունյանը վերաբացել է այն, թե երբ, կոնկրետ չի հիշում: Ցուցմունք տվեց, որ նոր հանքում պայթեցումներ են եղել:

«Հա, դե, պայթեցում եղել ա: Ես մասնակից չեմ եղել, քանի որ մենք ընդեղան հեռու ենք գնացել, որ մեզ բան չըլնի: Տեսել ենք, տենց: Ես պայթեցմանը չեմ մասնակցել»,- ասաց վկան: Նա հաստատեց, որ վերաբացված «Կարատի» հանքից հանույթը բերվել է «Քարաբերդի» տարածքում գործող աղացը, որտեղ աղացվել է:

«Որ ասեմ, չի էկել, սուտ կըլնի, էկել ա: Մեխանիզմը աշխատել ա: Հումքն էլ թափած ա ընդեղ, հանել են, թափել: Աղացել ենք էդ հումքը, ուղղակի չեմ կարա մետրով ասեմ`օրվա մեջ ինչքան են ընդիան աղացել, կամ որ վախտ ա էկել: Էղել ա`չի աղացվել, բայց մեկ էլ ընդեղան էդ ձևի ապրանք ա էկել, էդ գույնի ապրանք»,-ցուցմունք տվեց բանվորը:

Նա նշեց, որ երկու հանքից էլ՝ և «Սարալից», և «Կարատից», հանույթը բերվել է միևնույն աղաց: Ասաց, որ պայթեցումներ ավելի շատ եղել են «Սարալի» հանքում: Հարցին` ո՞ւր էր տեղափոխվում նոր` «Կարատից» հանված հանույթը, պատասխանեց. «Տակին մնացել ա, մեքենան բերել ա, լցրել դրաբիլկի մեջ կամ ընդեղ վերևում տեղ ա էղել»:

Ասաց, որ նոր հանքից բերված հանույթի չափերը չի կարող հիշել: «Քարը բերում են լցնում մեխանիզմի մեջ, աղում: Շիբին ու ավազ են ստանում: Չափերը բան չեմ հիշում: Երեք կողմից էլ եկել ա, 3 էքսկավատոր ենք ունեցել աշխատող, 3 տեղից էկել ա. պահ ա էղել, մեխանիզմը կանգնած ա էղել, չի էկել, էն մեկից ա էկել, որ գիդենայի, կդնեի կհաշվեի: Բայց, դե, աղացել եմ, ուղղակի չեմ կարա հըմի հիշեմ»:

Սամվել Հարությունյանը և նրա պաշտպանը պնդեցին, որ վկան ցուցմունք տա, թե որքան հումք է աղացվել միայն «Կարատի» հանքից: Վկան չպատասխանեց այդ հարցին: Սամվել Հարությունյանը նկատեց, որ հարցաքննվողը միակ գործարքային աշխատողն է և վարձատրվել է ըստ իր կատարած աշխատանքի, ուստի`ամեն օր հաշվել է հանքից կատարված փոխադրումները, աղացած հումքի չափը: Իր հաշվարկած տվյալները նա ամեն օր ճշտել է հանքի վարիչի հետ, գրանցել է և ներկայացրել է գրասենյակ:

Իսկ կանխիկ կամ «լեվի» փող բանվորը չի ստացել: Կարապետ Սերյոգինը հաստատեց ասվածը: Պաշտպանական կողմը շարունակեց պնդել, որ վկան նշի հանքից բերված և աղացված հումքի քանակը: Վկան այդպես էլ չպատասխանեց հարցին:

Պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը, ըստ որի` 2009-ի հոկտեմբերից մինչև դեկտեմբեր ամսվա սկզբները շահագործվել է նոր հանքավայրը, որը գտնվում է հիմնական հանքավայրից մոտ 300-400 մետր հեռավորության վրա: Նոր հանքից բերված հումքը տեղափոխվել է «Քարաբերդի» դրաբիլկա, որտեղ Կարապետ Սերյոգինը դրաբիլկայի միջոցով մշակել է այն`ստանալով խիճ և ավազ:

Ըստ նախաքննական ցուցմունքի` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մոտավոր հաշվարկով նոր հանքից «Քարաբերդի» դրաբիլկա է տեղափոխվել մոտ 2000-ական մետր խորանարդ հումք, իսկ դեկտեմբերին, քանի որ հստակ չի հիշել, թե քանի օր է աշխատել, ուստի հստակ ցուցմունք չի տվել՝ որքան հումք է տեղափոխվել դրաբիլկա: Այդ ժամանակահատվածում ընկերության տնօրենն է եղել Սամվել Հարությունյանը:

Վկան ցուցմունք էր տվել, որ իր նախնական պատկերացմամբ` հին և նոր հանքավայրերը պատկանել են «Քարաբերդ» ՍՊԸ-ին: Հետագայում է իմացել, որ նոր օգտագործվող հանքը պատկանել է այլ կազմակերպության` «Կարատին»: Թե ում է իրացվել պատրաստի արտադրանքը, չի իմացել:

Նշել է, որ այն տեղափոխվել է տարբեր տեսակի բեռնատար ավտոմեքենաներով Սպիտակ, Ախուրյան, Կիրովական և այլ վայրեր:

Կարապետ Սերյոգինն ամբողջությամն ընդունեց իր նախաքննական ցուցմունքը: Ավելացրեց միայն, որ աղացած քարերի մեջ մեծ քարեր, այսինքն` «բլոգ», չի եղել: «Էդ հանքում բլոգ գոյություն չի ունեցել: Բարձել բերել են, մի քիչ փոքրացրել ենք»,- նշեց վկան:

Սամվել Հարությունյանի պաշտպանը հայտարարություն արեց, որ մեղադրական եզրակացության մեջ վկայի նախաքննական ցուցմունքի նշված փաստը, թե արտադրանք է տեղափոխվել 2000 մ3-ի չափով, բացակայում է: Իսկ պաշտպանական կողմը կարևորում է այդ փաստը, քանի որ վկան միակ գործարքային աշխատողն է և անմիջապես ինքն էլ աշխատեցրել ջարդող-տեսակավորող սարքը, ուստի չափազանց կարևոր է նրա ցուցմունքի մեջ նշված հիշյալ տվյալը:

Գործով վկա Սարգիս Հակոբյանը ցուցմունք տվեց այն մասին, որ 1 տարի որպես բանվոր, քարհատ աշխատել է Սամվել Հարությունյանի «հիմնարկում»` «Սարալի» հանքում: Նա նույնպես Սամվել Հարությունյանին մատնանշեց որպես ընկերության  տնօրեն, ով շահագործում էր հանքը. «Հիմնական տնօրենն ուրիշ մարդ չի եղել, պարոն Հարությունյանն ա եղել ընդեղի և նոր հանքի (տնօրենը)»:

Նախորդ վկայի պես նա էլ ցուցմունք տվեց, որ սկզբում չի իմացել նոր հանքի մասին: «Իմ պատկերացումով դա նույն հանքն ա: Մոտիկ հանք կար, բայց չգիտեինք, որ ուրիշ ա, ինչ ա կոչվում: Ես դրանից տեղյակ չէի` ուրիշ հանք էր, թե ինչ»:

Նշեց նաև, որ աշխատանքի է ընդունվել հանքի վարիչ Մանվել Հովհաննիսյանի կողմից և աշխատել է նրա ենթակայությամբ: Նույնպես ցուցմունք տվեց, որ նոր հանքում պայթեցումներ են եղել: Ինքն անձամբ մասնակցել է երկու պայթեցման. «Լիցքավորում էի անում ու ծածկում էի: Ընդամենը անցքերը ծածկել եմ ու գնացել տուն: Մեզ չէին թողնում պայթեցումների ժամանակ, տուն էին ուղարկում աշխատանքից հետո, որ վտանգ չլիներ»:

Վկան նշեց, որ պայթեցումներին ներկա են եղել Մանվել Հովհաննիսյանն ու Սամվել Հարությունյանը: Ասաց, որ ավելի շատ աշխատողներ, մեխանիզմներ հին հանքում են եղել: Հարցերի միջոցով պարզվեց, որ նոր հանքում պայթեցման աշխատանքներից բացի ինքն ամեն օր աշխատել է հին` «Սարալի» հանքում: Բայց հարցին`քանի՞ պայթեցում է եղել «Սարալում» նույն ժամանակահատվածում, չպատասխանեց:

«Հին հանքում ոչ թե չեմ տեսել, լսել եմ, բայց չեմ մասնակցել»,- ասաց նա: Չպատասխանեց նաև, թե հումքը ինչ միջոցներով և ուր է տեղափոխվել:

Ցուցմունք տվեց Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության ավագ օպերլիազոր Հովհաննես Գրիգորյանը: Ասաց, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարագրի հիման վրա «Կարատ» ՍՊԸ-ում 2010 թվականի ապրիլի 6-ից մինչև մայիսի 20-ը կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության և հարկային մարմինների կողմից վերահսկող օրենսդրության առանձին բաժինների կատարման ճշտության ստուգում: Կազմվել է համապատասխան ակտ, հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում քննիչը գործողություններ է իրականացրել և ՊԵԿ-ին է տրամադրել «ապացուցված փաստեր», որի արդյունքում նրա գրություններով նշանակվել է վերստուգում: Արդյունքում կազմվել է վերստուգման ակտ: Ըստ վկայի`քննիչի կողմից «ապացուցված» 6 միլիոնի իրացման փաստն է հիմք դարձել վերստուգման ակտը կազմելու համար:

Պաշտպանը, սակայն, նկատեց, որ նախաքննության ընթացքում ոչինչ չի «ապացուցվում», ընդամենը նյութեր են նախապատրաստվում:

Վկային հարց ուղղվեց, թե ինչու է ՊԵԿ-ը հիմք ընդունել գործում առկա երկու փորձագիտական եզրակացություններից միայն մեկը, այն դեպքում, երբ ՊԵԿ-ի կողմից «անտեսված» եզրակացության մեջ վերաբացված հանքից «հանված և վաճառված» հանույթի վերաբերյալ ֆիքսված թիվը պակաս է մյուս եզրակացության մեջ նշված թվից: Վկան պարզաբանեց, որ հիմք են ընդունվել քննիչի տրամադրած վերջին եզրակացության արդյունքները:

Ինչ վերաբերում է վկայի ներկայացրած` հանույթի վերաբերյալ կոնկրետ թվական փաստերին, նա առաջարկեց դրանց հետ կապված հարցերն ուղղել կոնկրետ մասնագետների: Ասաց, որ իրացման ծավալների վերաբերյալ տվյալները մասնագետներն են տրամադրել:

Սամվել Հարությունյանի հարցրեց, թե ինչով է համոզված, որ «Կարատի» վերաբերյալ կազմված փաստաթուղթը հենց իր տարածքին է վերաբերում. «Ով է տեսել, որ երկրաբանական չափումներն առանց կոորդինատները նշելու արվեն»:

«Եթե Ձեր կողմից տրամադրված լիներ հաշիվ-ֆակտուրա, որը իրացման ծավալի հավաստի փաստաթուղթ է, ինչպե՞ս կվարվեիք»,- հարցին հարցով պատասխանեց վկան:

«Առանց փաստաթուղթը ուսումնասիրելու, առանց համոզվելու`փաստաթուղթը «Կարատի՞ն» է վերաբերում, թե՞ ոչ, ակտ եք գրում»,- եզրակացրեց ամբաստանյալ Սամվել Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter