HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մինչեւ պաշտոնյաների զամբյուղը չլցվի, մեր ընտանեկան զամբյուղի մասին մտածող չի լինի»

Աշխարհի բոլոր ամպերի հերանց տունը Գորիսն է: Կգա, օրերով ծանր կափարիչի նման կծածկի քաղաքը, ու վերջինս, ասես, կկտրվի արտաքին աշխարհից: Ամպերի հետ ամենաանհաշտը Բաքվից Գորիսում բնակություն հաստատած Եվգենյան է. «Մառախուղից հոդացավս սրվում է, ու չեմ կարողանում շարունակել բնակարան գտնելու որոնումներս»,- դժգոհում է քաղաքի հյուրանոցի շենքում բնակություն հաստատած կինը, որը շատ այլ փախստականների հետ անցած տարի ՀՀ կառավարությունից բնակարանի գնման վկայագիր է ստացել, սակայն այդ գործընթացի համար նախապես սահմանված մեկ տարուց էլ բավական ժամանակ է անցել, ժամկետը երկարաձգվել է եւս մի քանի ամսով, բայց, ինչպես փախստականների մեծ մասը, Եվգենիան եւս այդպես էլ չի կարողացել 3100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ արժողությամբ բնակարան գտնել:

«Ասում են՝ ինչու՞ չեք ուրախանում, գոհ մնում, որ վերջապես հնարավորություն է ստեղծվել սեփական տանիք ունենալ: Հա՛, շնորհակալ ենք, բայց ո՞վ է այդ գնով բնակարան վաճառում: Տարի ու կես է՝ փնտրում ենք, բայց անօգուտ: Մերոնցից մեկ-երկուսն են կարողացել մի ծածկ գնել այդ գումարով: Հեռուստացույցով տեղեկացանք, որ Երեւանում ինչ-որ փողոցների բնակիչների էլ են փոխհատուցում տվել, որ տեղափոխվեն, բայց նրանք էլ են դժգոհ տրված գումարից: Ինչ-որ առումով տարբեր իրավիճակներ են, բայց միաժամանակ մենք էլ գրեթե նույն վիճակում ենք: Հետո՝ մեր քարը ծանր է, բողոքենք, կասեն' գնացեք այնտեղ, որտեղից եկել եք»,- շարունակում է նրա հարեւանուհին, որն ապրում է հյուրանոցի մի փոքրիկ սենյակում երեսնամյա դստեր հետ, բայց բնակարանների հատկացման համապատասխան հանձնաժողովը նրանց ընտանիքը համարել է ոչ զարգացող եւ չի ընդգրկել քաղաքում փախստականների համար կառուցվող շենքի բնակհատկացման ցուցակում:

Լավագույն դեպքում սահմանված ժամկետներում բնակարաններ ձեռք չբերելուց հետո վկայականներն անվավեր կճանաչվեն, եւ փախստականները հարկադրված կլինեն բնակություն հաստատել առաջիկա տարում նրանց համար Գորիսում կառուցվող սոցիալական տանը: Իսկ մինչ այդ քաղաքի թե՛ փախստականների, եւ թե՛ սոցիալապես անապահով մարդկանց զգալի մասի հանգրվանը բարեգործական երկու ճաշարաններն են, որտեղ օրական մեկ անգամ սնունդ են ստանում 250-ից ավելի կարիքավորներ. նրանց կեսից ավելին Ադրբեջանից բնակության վայրը հարկադրաբար լքած ընտանիքներ են, միայնակ տարեցներ, ինչպես նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների անդամներ:

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության Գորիսի բարեգործական ճաշարանի սոցիալական աշխատող Արմենուհի Չիրոյանի վկայությամբ' իրենց այցելուները ստիպված են եղել հոգեբանական բազմաթիվ արգելքներ հաղթահարել, որպեսզի օրական գոնե մեկ անգամ օգտվեն անվճար սնունդ ստանալու հնարավորությունից: Գորիս քաղաքում տարիքային թոշակառուների թիվն անցնում է երկու հազարից, որոնց զգալի մասն ապրում է սոցիալական դժվարին պայմաններում, սակայն, որքան էլ գթասիրտ լինի բարեգործների նպատակը, այնուամենայնիվ, մարդիկ խուսափում են օգտվել անվճար սննդից:

«Մեր ճաշարանում ճաշում է մոտ հարյուր մարդ, նրանց մի մասը նաեւ իր հետ սնունդ է տանում տնեցիների համար, սակայն չես կարող չնկատել, որ դա նրանք կատարում են մեծ դժվարությամբ, երկչոտությամբ: Ճաշարանը տնային պայմաններում կերակրում է նաեւ 12 անապահով երեխաների, բայց անգամ նրանց համար սնունդ տանելիս ծնողները փորձում են աննկատ քայլել փողոցում»,- հավելում է Արմենուհին:

Արդեն բավական ժամանակ է՝ ավելի քան 15 տարի, ինչ «Ֆրանսիական Համագործակցություն Հայաստանին» կազմակերպության ջանքերով քաղաքում գործում է բարեգործական ճաշարան, բայց մարդիկ, միեւնույն է, դժվարությամբ են համակերպվում շարունակ հյուրի կարգավիճակով այստեղ հյուրընկալվելուն: «Դրա համար մենք նաեւ երկարատեւ հոգեբանական աջակցության միջոցառումներ ենք իրականացնում,- պատմում է ճաշարանի պատասխանատու Կարինե Ավետիսյանը,- հեշտ չէ նախկին մանկավարժի համար, ով անգամ որդի ունի, ընտանիք, մի ափսեի համար հաղթահարել ճաշարան գալու՝ հաճախ հարեւանների ոչ խրախուսական հայացքների ծանրությունը»:

Հատկապես դժվար է այն մարդկանց համար, ովքեր աշխատունակ են, կարող են իրենք հոգալ ընտանիքի հոգսը, եթե ապահովված լինեն աշխատանքով:

Արցախյան պատերազմում կռված , ուղեղի ծանր ցնցում ստացած Մանվել Աղաջանյանը, օրինակ, մշտական աշխատանքի հասցե չունի: Երբ սկսվեց արցախյան պատերազմը, Միջին Ասիայում էր ապրում, թողեց տուն-տեղ, վերադարձավ հայրենիք, անդամագրվեց ազատագրական շարժմանը, որպեսզի պաշտպանի հող հայրենին, սակայն այսօր մնացել է երկու անչափահաս երեխաների եւ հաշմանդամ կնոջ հետ՝ առանց ապրուստի միջոցի: «Պատերազմի ընթացքում վիրավորվել եմ, բայց կռվի դաշտում այդ մասին գրառում անելու ժամանակ չկար, ո՞վ էր մտածում բժշկական քարտի մեջ հիվանդության պատմություն գրել: Հիմա էլ տարիների հետ նախկին վերքերը տեղի են տալիս, բայց չեն թոշակավորում, «բարաթ» չկա,- դառնությամբ պատմում է «Կոմանդոս» մականունը կրող նախկին զինվորականը եւ շարունակում,- մի՞թե նրա համար եմ կռվել, որ հիմա ճաշեմ բարեգործական ճաշարանում ու դեռ երեխաներիցս մեկի համար էլ ճաշ տանեմ: Մի բաժին տանում եմ, երկուսով կիսում են, կարգն է այդպես, երկու բաժին չեն հատկացնում»: Զինվորական հնամաշ հագուստի տակ փոքրիկ կաթսան թաքցրած 50-ամյա ամրակազմ տղամարդը հեռանալուց առաջ հեռվից ձայնում է. «Եթե գրելու լինես, ասա, որ ես ամեն աշխատանք էլ կարող եմ կատարել, միայն մեքենա վարել չգիտեմ, գուցե մեկը կարդա, հարմար աշխատանք ունենա ինձ համար...»:

Աշխատանք ունենալու մասին միայն նա չէ, որ երազում է: Անժելա Բաղդասարյանի խոսքերով (նա դստեր, որդու եւ թոռան հետ ապրում է աննկարագրելի խղճուկ պայմաններում, որտեղ կոմունալ եւ ոչ մի հարմարություն չկա)' ինքը պատրաստ է կատարել ամենածանր աշխատանքն անգամ, եթե միայն առաջարկեն: Նախկինում երբեմն կարողանում էր աղջկա հետ ինչ-որ մեկին օգնել տնային գործերում, բայց սոցիալական ծանր պայմանների պատճառով ստացած հիվանդության համար կարծես թե հիմա շատերը խուսափում են: Հենց սոցիալակա ն ծանր պայմանների պատճառով քսանամյա դուստրը ստիպված հիվանդանոցում թողեց նորածին փոքրիկին՝ փոխարենը տուն բերելով հոգեբանական ծանր սթրեսը, որն ավելի նեղ վիճակի մեջ դրեց առանց այն էլ թշվառ ընտանիքին: «Անգամ 19-ամյա որդին անձնագիր չի ստացել, որովհետեւ բնակության հասցե չունեն, որպեսզի գրանցվի»,- ցավով նկատեցին նրա հարեւանները:

Նման վիճակում է հայտնվել նաեւ ժամանակին Բաքվից գաղթած, հետո նաեւ Կրասնոդարի երկրամասից գրանցում չունենալու պատճառով արտաքսված Գրիգոր Ղազարյանը, որն այնտեղ թողել է 17-ամյա որդուն եւ երիտասարդ կնոջ գերեզմանը: Վերադարձել է հայրենիք, որոշ ժամանակ ապրել քույրերի տանը, սակայն շուտով անօթեւան մնացել: Փորձել է անձնագիր ստանալ, բայց, քանի որ փախստականի կարգավիճակի մասին փաստաթղթեր հատկացրել էին նախկին Էջմիածին քաղաքում, ստիպված էր անձնագրի համար մեկնել այնտեղ: Մի շարք աջակիցների ջանքերով հնարավորություն ստեղծվեց տեղում լուծել անձնագրի խնդ իրը, սակայն օրերով փողոցներում գիշերող մարդը չունի հասցե, որպ եսզի նրա բնակության վայրի մասին նշում կատարվի: Որդին, որը սովորում է խոհարարական ուսումնարանում, վերջերս 15 դոլար էր ուղարկել, որ հայրը կարողանա գոնե հեռախոսային կապ հաստատել իր հետ: Սակայն խնդիրը, միեւնույն է, չի լուծվում, որովհետեւ մեծ աշխարհում չկա մի անկյուն, որտեղ գրանցման իրավունք կունենա անօթեւան մարդը :

Անահիտ Ավանեսյանը նախկինում պարուհի է եղել: Գորիսում բնակություն է հաստատել, երբ քրոջ որդին նրան ուղղակիորեն վտարել է Երեւանի այն բնակարանից, որտեղ սեփականության իրավունքով գրանցված է եղել նաեւ ինքը: «Աշխարհն առանց բարի մարդկանց չի լինում: Եկա այստեղ, հիմա վարձով եմ ապրում, 21 հազար դրամ թոշակ եմ ստանում, որից 12 հազարը վճարում եմ որպես բնակարանի վարձ: Նաեւ ամսական 2000 դրամ եմ վճարում, որպեսզի ծանոթներիցս մեկը հոգա իմ հիգիենայի խնդիրը: Ժամանակին, որպես կամավոր բուժքույր, մեկնել եմ Խոջալու, պատերազմի ավարտից հետո վերադարձել իմ տուն, բայց արդեն օտար էի այնտեղ, ինձ մահացած էին համարում, եկա Գորիս ու հիմա աչքս ուրիշների եփած ճաշին է: Ինչ տալիս են, սուս ու փուս ուտում ենք»,-ասում է Անահիտը:

Պետք է ասել, որ երկու ճաշարանների այցելուներն էլ գոհ էին սպասարկման մակարդակից, հրամցվող ճաշատեսակներից: «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության Գորիսի բարեգործական ճաշարանի պատասխանատու Եվգինե Հովհաննիսյանի տվյալներով' յուրաքանչյուր ամսվա համար նախապես կազմվում է ճաշացուցակ եւ մեկ այցելուի սննդի համար օրական ծախսվում է միջինը 200 դրամ: Բացի այդ, ճաշարան այցելողներին աջակցում է նաեւ բուժքույրը: Առհասարակ, տարեցները եւ սոցիալական դժվարին պայմաններում ապրող մարդիկ առավել շատ, քան մյուսները, բժշկական աջակցության կարիք ունեն: Եվ թեպետ ՀՀ կառավարության կողմից նրանց համար նախատեսվում է անվճար պոլիկլինիկական բուժօգնություն, այնուամենայնիվ, նրանց մեծ մասը պարզապես ի վիճակի չէ օգտվելու բուժսպասարկումից:

«Առաքելություն Հայաստան» կազմակերպության Սյունիքի մարզի Սիսիանի վարչատարածքային կենտրոնի բժշկուհի Լենա Ղազարյանն այն կարծիքին է, որ Գորիս քաղաքում իրենց ուսումնասիրած 21 միայնակ տարեցների առողջության վատթարացումը պայմանավորված է նրանց սոցիալական ծանր պայմաններով: Շ ահառուների մի մասն ընդհանրապես հնարավորություն չունի տանից դուրս գալու' այսպիսով չկարողանալով օգտվել անգամ թաղամասային բժիշկների ծառայություններից, իսկ վերջիններս սեփական նախաձեռնությամբ գրեթե չեն այցելում նրանց, կանչի դեպքում բավարարվում են հիվանդության ախտորոշումը տարիքով մեկնաբանելով: Մյուս մասը գիտակցում է, որ առողջության պահպանման բավարար միջոցներից մեկը կենցաղային պայմաններն են, ինչից զրկված են նրանք:

Նույն կենտրոնի տնօրեն Հասմիկ Եդիգարյանը տեղեկացրեց, որ այժմ նախապատրաստվում է մի ծրագիր, որով նախատեսվում է հիգիենիկ խնամք կազմակերպել Գորիս քաղաքում առավելապես կարիքավոր տարեցների համար:

Բարեգործությունը վերջին տարիներին, կարծես, արմատավորվում է մեզանում, սակայն, միայն օտարեկրացիների գթասրտությանը ապավինելով, հազիվ թե հնարավոր լինի սոցիալական լարվածության, աղքատության խնդիր լուծել: Եթե իշխանությունները մեծագույն հպարտությամբ հայտարարում են, որ տարեցտարի ավելանում են կենսաթոշակները, ապա նույն աղբյուրների այլ օղակներ էլ տեղեկացնում են օր-օրի աճող գազի, հեռախոսի, շաքարավազի գների բարձրացման մասին:

Այդ ամենին ավելանում է նաեւ այն, որ հաճախ թոշակառուները հարկադրված են լինում աշխատանքային ստաժի մեկ-երկու տարվա համար մեկնել այն գյուղերը, որտեղ ինչ-որ ժամանակ աշխատել են իրենք: Եվ ոչ միշտ է, որ գտնվում են անհրաժեշտ փաստաթղթերը. պատահում է կա՛մ անփույթ պաշտոնյան հրդեհել է նախկին արխիվը, կա՛մ, լավագույն դեպքում, այն հանձնվել է պետական արխիվի տարածքային բաժին, որտեղից համապատասխան տեղեկանք տրամադրելը նույն գինն ունի, ինչ որոնվող տարիների համար բարձրացվող կենսաթոշակի չափը:

Գորիսում երբեք մուրացիկներ չեն եղել, սակայն պատճառն այն չէ, որ հացի խնդիր ունեցողներ չկան: Կգան ընտրություններ, առավել կարիքավորներն, այնուամենայնիվ, օրերով կկանգնեն պաշտոնյաների աշխատասենյակների դռների մոտ, կփորձեն ընտրակաշառքների գները բարձրացնել, բայց հոգու խորքում, միեւնույն է, ճնշված կզգան ու կնախընտրեն, որ այդ ամենի փոխարեն իրենց համար սեփական քրտինքով վաստակելու հնարավորություններ ստեղծվեն, արժանավայել ապրելու պայմաններ: Հակառակ պարագայում մարդկանց հուսալքությունը անբուժելի հիվանդության նման խրոնիկական զարգացում կունենա, եւ անգամ ամենադյուրահավատները չեն հավատա ամեն օր հեռուստաէկրաններից հնչող որոշ պաշտոնյաների հայտարարություններին, թե մեր երկիրը հետեւողականորեն սոցիալական քաղաքականություն է իրականացնում: Եվ գուցե թե հաստատվի թշվառության մեջ ապրող երիտասարդ կնոջ գուշակությունը' «մինչեւ պաշտոնյաների զամբյուղը չլցվի, մեր ընտանեկան զամբյուղների մասին մտածող չի լինի...»:

Երբ պատրաստվում էի հեռանալ մարդասիրական ճաշարանից, որտեղ հանդիպել էի զրուցակիցներիս, հանկարծ ներս խուժեց 50-ին մոտ մի տղամարդ, դժվարին աշխատանքից կոշտացած ափերը մեկնելով՝ սեղանին լցրեց մի բուռ ընկույզ : Ինչ-որ մեկին այգու բերքը հավաքելիս օգնել էր, վճարել էին...ընդամենը մի բուռ ընկույզով...

Հ.Գ. Փորձեցի լուսանկարել տարեցներից որեւէ մեկին, գոնե ապրելու կենցաղային պայմաններն առնել օբյեկտիվի մեջ: Ոչ ոք չհամաձայնվեց, իսկ երեք երեխաների մայր Ժենյան, որն ամեն օր նաեւ իր բաժին սնունդն է տանում երեխաներին, դժգոհեց. «Սրտովս գնա՜»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter