HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայքար Վրաստանի համա՞ր, թե՞ Վրաստանի պատճառով

Ամեն ինչ «սկսվեց» սեպտեմբերի 22-ին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 61-րդ նստաշրջանում Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ինչպես եւ խոստացել էր նախօրեին, միջազգային բարձր ամբիոնից ասաց «Ռուսաստանի մասին ամբողջ ճշմարտությունը»: Նրա ելույթն ամբողջովին նվիրված էր Ռուսաստանին: Սաակաշվիլին մեղադրեց Ռուսաստանին Աբխազիային ու Հարավային Օսիային անեքսիայի ենթարկելու, այս շրջանների բնակչությանը ռուսաստանյան անձնագրեր հատկացնելու, նրանց իր քաղաքացիները համարելու համար, դատապարտեց Ռուսաստանին, քանի որ նա ոչ միայն չի կատարում միջնորդական առաքելությունը, այլեւ օգտագործում է իր խաղաղապահ ուժերը տարածաշրջանում լարվածությունը պահպանելու նպատակով:

Սաակաշվիլին կոչ արեց միջազգային հանրությանը «ձերբազատվել Ռուսաստանի միջնորդական առաքելության հետ կապված պատրանքներից», քանի որ «նաեւ ՄԱԿ-ի ու Եվրամիության փաստաթղթերից պարզ երեւում է, որ ռուսաստանյան ուժերն ավելի շատ բարդացնում են հակամարտությունները, քան նպաստում դրանց լուծմանը»: Սաակաշվիլին ընդգծեց, որ ռուսաստանյան ուժերը պետք է փոխարինվեն «անշահախնդիր, չեզոք ուժերով», եւ ավելացրեց, որ որպես ինքնիշխան պետություն եւ հակամարտության կողմ Վրաստանն ունի դա անելու իրավունքը:Պարզ է, որ չեզոք ուժեր ասելով Վրաստանի նախագահը նկատի ուներ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին:

Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը ստիպված էր սեպտեմբերի 23-ին արձագանքել Ժակ Շիրակի եւ Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: Գուցե հենց այդ պատճառով էին Պուտինի գնահատականները ընդգծված մեղմ:

«Միխայիլ Նիկոլաեւիչը (Սաակաշվիլին - Լ.Բ.) տաքարյուն մարդ է, Կովկասում քաղաքական բոլոր գործիչներն առանձնանում են հատուկ զգացմունքայնությամբ»,- ասաց նա: Այսպիսի ընկալումն ակնհայտորեն տարբերվում էր Ռուսաստանի մնացած բարձրաստիճան պաշտոնյաների ծայրահեղ խիստ հայտարարություններից , որոնք արվեցին նույն օրն իսկ Ռուսաստանում:

Այդ ընթացքում հայտնի դարձավ նաեւ Վրաստանին այն երկրների խմբի մեջ ընդգրկելու որոշման մասին, որոնք պետք է շուտով անդամագրվեն ՆԱՏՕ-ին:

Ռուսաստանի դեմ Սաակաշվիլու տարած երեք հաղթանակները

Վերջին տարիների վրաց-ռուսական հարաբերությունների պատմության մեջ եղել են բազմաթիվ լարված փուլեր, որոնց ընթացքում երկու կողմերից էլ հնչել են այսօրվանից ոչ պակաս ծայրահեղ հայտարարություններ: Սակայն սեպտեմբերի 23-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները, մի կողմից, թողնում են Ռուսաստանի դեմ ուղղված գործողությունների ծրագրի հաջորդական քայլերի տպավորություն, իսկ մյուս կողմից առաջացնում են իրենց նշանակությամբ եւ հնարավոր հետեւանքներով աննախադեպ աշխարհաքաղաքական փոխակերպումների զգացողություն:

Սեպտեմբերի 25-28-ը արդեն Վրաստան վերադարձած Սաակաշվիլին երեք խորհրդանշական հաղթանակ տարավ Ռուսաստանի նկատմամբ: Սկզբում նա հայտարարեց, որ «ոչ ոք չէր մտածում, որ ՆԱՏՕ-ին անդամագրվելու ընթացքում մենք կհաղթահարենք եզրափակիչի մեկ տասնվեցերորդի սահմանը, իսկ Վրաստանն արդեն դուրս է եկել կիսաեզրափակիչ, եւ ոչինչ չի խանգարի նրան դուրս գալ նաեւ եզրափակիչ»: Նա ասաց այս խոսքերը քաղաքի ավանդական տոնի օրը հավաքված բազմաթիվ թբիլիսցիների առջեւ, այնուհետեւ միացավ գինու համար կախեթական խաղողի տրորման արարողությանը:

Այս ամենի քարոզչական ազդեցությունը հսկայական էր, եւ ոչ միայն Վրաստանի հասարակ քաղաքացիների համար: Ռուսաստանում վրացական գինիների վաճառքն արգելվելուց հետո Վրաստանի բնակչությունը շատ էր վրդովվել իր հպարտության այդ առարկայի աննախադեպ եւ անսպասելի արժեզրկման պատճառով:

Երկրորդ հարվածը հասցվեց աբխազական ուղղությամբ: Սեպտեմբերի 27-ին Սաակաշվիլին հայտարարեց, որ այսուհետ Աբխազիայի այն հատվածը, որը 1992-1993թթ. պատերազմից հետո մնացել էր Վրաստանի հսկողության տակ (Կոդորի կիրճը), անվանվելու է Վերին Աբխազիա: Իրեն ուղեկցող Վրաստանի խորհրդարանի նախագահի, ուժային նախարարների եւ Համայն Վրաստանի Կաթողիկոս -Պատրիարք Իլիա Երկրորդի հետ միասին Միխայիլ Սաակաշվիլին ուղեւորվեց Կոդորի կիրճ եւ պաշտոնապես բացեց Աբխազիայի վտարանդի կառավարության նստավայրը:

Այս արարողության ընթացքում Վրաստանի նախագահը հայտարարեց, որ այդտեղից մինչեւ Սուխումի ընդամենը երկու քայլ է' 70 կմ, եւ շուտով կվերադարձվեն նաեւ Աբխազիայի մյուս շրջանները: Վրաստանի նախագահի որոշմամբ' այսուհետ այդ հատվածն անվանվելու է Ստորին Աբխազիա: Թեեւ Սաակաշվիլին ընդգծեց, որ Ստորին Աբխազիան վերադարձվելու է խաղաղ ճանապարհով, սա ոչ մի կերպ չփարատեց Սուխումիի իշխանությունների անհանգստությունը, եւ նրանք միանգամից կայացրեցին Վրաստանի հետ բանակցությունները դադարեցնելու մասին որոշում:

Սակայն Ռուսաստանին ամենալուրջ հարվածը հասցվեց Թբիլիսիում եւ Բաթումիում մի քանի ռուսաստանյան սպաների ձերբակալելու միջոցով: Նրանք մեղադրվում էին Վրաստանի դեմ լրտեսական գործունեություն ծավալելու մեջ: Միաժամանակ ձերբակալվեցին նաեւ Վրաստանի 10 քաղաքացիներ երկրի դեմ մի շարք սադրիչ գործողություններ կազմակերպելու մեղադրանքով:

Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլու հայտարարության մեջ նշվում է, որ «չեզոքացված հետախուզական խումբը գլխավորապես հետաքրքրված էր Վրաստանի մարտունակությամբ, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության Վրաստանի նախագծերով ու ծրագրերով, Վրաստանի էներգետիկ անվտանգությամբ, ընդդիմադիր կուսակցություններով ու ոչ կառավարական կազմակերպություններով, Վրաստանի Պաշտպանության նախարարության առանձին ստորաբաժանումներով, անձնակազմով, ռազմական գնումներով, նավահանգիստներով, երկաթգծային հաղորդակցություններով»:

Նախարարը նաեւ մատնանշեց ռուսաստանյան զիվորական հետախուզության գնդապետ Անատոլի Սինիցինի անունը, որը « 2005թ. փետրվարի 1-ին Գորի քաղաքում կազմակերպել էր ահաբեկչական գործողություն, եւ գործողությունների ղեկավարությունն իրականացնում է Երեւանից, ՌԴ ԶՈՒ N 44843 զորամասից»:

Հայաստանում դեռեւս ոչ ոք չի մեկնաբանել այս վերջին հանգամանքը: Իսկ ռուս-վրացական ներկայիս սրացման առիթով ինչպես ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը, այնպես էլ ԱԳ նախարար Վ.Օսկանյանը առայժմ արձագանքել են դասական ձեւակերպումներով' Հայաստանը շահագրգռված է, որպեսզի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները կարգավորվեն արագորեն, քանի որ դրանք ուղղակիորեն անդրադառնում են երկրի վրա:

Երեք պատիժ Վրաստանի համար

Առաջին հակաքայլերը Ռուսաստանն արդեն արել է: Ռուսաստանը դադարեցրել է Վրաստանի քաղաքացիներին անցագրերի տրամադրումը, օդային, ջրային եւ ցամաքային բոլոր կապերը, բանկային եւ այլ փոխանցումները, դուրս է բերել Վրաստանից ռուսաստանցի դիվանագետների եւ զինվորականների ընտանիքներին, Վրաստանում Ռուսաստանի դեսպանատանը թողել է ընդամենը մի քանի աշխատակիցների, Վրաստանի հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, եւ նույնիսկ սկզբում դադարեցրեց Վրաստանից ռուսական զորքերի դուրս բերման գործընթացը:

Սակայն բոլոր այս քայլերը ռեֆլեքսիվ բնույթի են եւ չեն լուծում Ռուսաստանի համար գլխավոր հարցը' ինչպե՞ս կանգնեցնել Վրաստանը կորցնելու գործընթացը, ինչը, ինքնաբերաբար, կհանգեցնի ողջ հարավկովկասյան տարածաշրջանի կորստին: Չէ՞ որ այդ դեպքում բավական շատ հանգամանքներ են առաջանալու, որոնց պատճառով նույնիսկ Ռուսաստանին անվերապահորեն հավատարիմ Հայաստանը ստիպված է լինելու կատարել իր ռազմավարական գործընկերոջ համար ոչ բարենպաստ քայլեր:

Վրաստանին պատժելու երեք տարբերակ կա. տնտեսական պատժամիջոցներ, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պաշտոնական ճանաչում, կամ էլ Վրաստանին ԱՄՆ հզոր սատարումից զրկում, ինչի հետեւանքով կարգելակվի նաեւ Վրաստանի անդամագրումը ՆԱՏՕ-ին: Այս տարբերակներից յուրաքանչյուրի դեպքում, միեւնույն է, էլ ավելի է սրվելու տարածաշրջանում կամ տարածաշրջանի համար աշխարհաքաղաքական առճակատումը:

Ռուսաստանը Վրաստանին տնտեսական ուժեղ հարված հասցրեց վրացական գինիները վաճառքից հանելու մասին ավելի վաղ կայացրած որոշմամբ: Ռուսական շուկայում իրացվող վրացական ապրանքների արտահանման մեջ գինիները 50%-ից ավելի էին կազմում: Հայտնի չէ, թե որքան կտեւի Վրաստանի հետ բոլոր կարգի հաղորդակցությունների դադարեցումը:

Իհարկե, եթե դա երկար տեւի, ինչը քիչ հավանական է, ապա Վրաստանի կրած ֆինանսական եւ տնտեսական կորուստները կգերազանցեն գինիներից ստացած վնասները: Սակայն առայժմ, ի տարբերություն, ասենք, Հայաստանի, Վրաստանը կարող է արագորեն կազմակերպել մթերքի եւ այլ տեսակի ապրանքների ներմուծումը մի քանի երկրներից' Ադրբեջանից, Թուրքիայից եւ նույնիսկ Հայաստանի տարածքով Իրանից: Մեր դեպքում փրկօղակը միայն Իրանն է, նաեւ' մնացած այլ երկրների հետ օդային կապը, ինչով, իհարկե, երկար ժամանակ բիզնես չես անի: Որքան շրջափակված մնա Վրաստանը, այդքան ժամանակ Հայաստանի համար այն կլինի կիսափակուղի:

Հայկականի նման Ռուսաստանին զոդված Վրաստանի էներգետիկային հարված հասցնելու մեթոդը նույնպես փորձարկված է: Փորձը ցույց է տալիս, որ այն ամենաշահավետը չէ եւ հղի է ոչ միայն բոլորի համար զգալի տնտեսական կորուստներով, այլեւ նույն Ռուսաստանի համար քաղաքական զգալի բացթողումներով: Նախ' այդ դեպքում հարվածի տակ է ընկնում նաեւ Հայաստանը:

Շատերն են արդեն Ռուսաստանում «նկատել», որ յուրաքանչյուր նման դեպքում, սովորաբար, իրենց երկրի նկատմամբ լոյալ Հայաստանում դժգոհություններն արտահայտվում են ավելի բարձրաձայն եւ միանշանակ, ընդ որում' արդեն նաեւ երկրի իշխանական կառույցներում: Պարբերաբար տեղի ունեցող էներգետիկ խզումների պատճառով էր նաեւ, որ ձեռնարկվեց այլընտրանքային Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը, ինչը պետք է ամրացնի մեր երկրի էներգետիկ անվտանգությունը եւ նվազեցնի կախվածությունը ռուս-վրացական զիգզագաձեւ հարաբերություններից: Իհարկե, գազամուղի տարանցիկությանը հասնել «չհաջողվեց»: Հայաստանի իշխանություններն այն ժամանակ որոշեցին չփչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Եվ բանը միայն Հայաստանը չէր, այլեւ այն, որ Իրան-Հայաստան գազամուղի տարանցիկության դեպքում նաեւ Վրաստանն էր այսօրվանից ավելի անկախ լինելու ռուսաստանյան գազից:

Հայաստանի իշխանությունների' այս հարցում զիջողականությունն այն ժամանակ խստորեն քննադատվեց քաղաքական ուժերի եւ փորձագիտական շրջանակների կողմից: Սակայն այժմ, եթե, այնուամենայնիվ, Ռուսաստանում որոշեն երկարատեւ էներգետիկ պատժամիջոց կիրառել Վրաստանի (հետեւաբար նաեւ Հայաստանի) նկատմամբ, արդեն քչերն են հանդիմանելու Հայաստանին իրանական գազամուղի լոկալ բնույթի մասին որոշումը վերանայելու համար:

Վրաստանին երկարատեւ էներգետիկ հարված հասցնելու առաջին հայացքից տրամաբանական քայլը ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական իմաստով ձեռնտու չէ Ռուսաստանին: Այդ դեպքում հնարավոր չի լինի հաշվի չնստել նաեւ այն հսկա տնտեսական կորուստների հետ, որոնք նաեւ ինքն է կրելու: Չէ՞ որ հարավկովկասյան երկրները ռուսաստանյան էներգետիկ համակարգին կցելը ուներ նաեւ հսկայական տնտեսական նշանակություն: Այս տեսանկյունից ռուսաստանյան իշխանությունների համար դժվար է լինելու լայն ըմբռնում գտնել իրենց իսկ երկրում, եթե Վրաստանն ու Հայաստանը ենթարկվեն երկարատեւ էներգետիկ շրջափակման:

«Ինչպե՞ս պատժել Վրաստանին իր իսկ համար նվազագույն կորուստներով» խնդիրը լուծելի չէ նաեւ երկրորդ տարբերակի դեպքում, եթե Ռուսաստանը ինչ-որ մի ձեւով (հաշվի առնելով անցկացվող հանրաքվեների արդյունքները, կամ նույնիսկ առանց դրանց) ճանաչի Աբխազիան եւ Հարավային Օսիան: Եվ հիմնականում այն պատճառով, որ այդ դեպքում վերջնականապես կփակվի Վրաստանի հետ բանակցություններ վարելու հարցը, կվերանան Վրաստանի նկատմամբ լծակներ գործադրելու հնարավորությունները, Ռուսաստանը ստիպված կլինի ստանձնել տարածաշրջանում ռազմական բախումների, չի բացառվում նաեւ պատերազմի, ողջ պատասխանատվությունը:

Սեպտեմբերի 29-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հանդիպումը, այս հարցի առիթով ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հոկտեմբերի 2-ի հեռախոսազրույցը եւ միջազգային այլ ատյաններում ռուսաստանյան ներկայացուցիչների քայլերը ցույց են տալիս, որ ՌԴ ղեկավարությունը որոշել է անել այն, ինչի մասին արդեն երկար ժամանակ խոսում են այդ իսկ երկրի փորձագիտական-վերլուծական շրջանակներում' պայքարել ոչ թե Վրաստանի, այլ նրան աջակցություն ցուցաբերող երկրների ու կառույցների դեմ, նախազգուշացնել նրանց, որ Վրաստանի կոնֆլիկտային գոտիներում իրավիճակի հետագա սրման պարագայում Ռուսաստանը կողմնակի դիտորդի դերում չի մնա, եւ դրա ողջ պատասխանատվությունը կկրեն ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի երկրները:

Այժմ շատերն են պնդում, որ ռուս-վրացական հարաբերություններն այնպիսի մի փուլում են, որից հետո դժվար թե հնարավոր լինի վերադառնալ նախկին դիրքերին եւ լուծել հարցերը բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով, իհարկե, Վրաստանի ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքական կողմնորոշումները կտրուկ շրջադարձել հնարավոր չէ: Ի դեպ, այդ կողմնորոշումները սկսել են ձեւավորվել աբխազական եւ հարավօսական հարցերում Ռուսաստանի բռնած դիրքորոշման պատճառով' սկսած 1996 թվականից: Սակայն, մյուս կողմից, իր չլուծված հակամարտություններով Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չի կարող դառնալ, քանի որ այդ դեպքում Ռուսաստանի հետ ուղղակի առճակատման մեջ կհայտնվի ՆԱՏՕ-ն: Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ Վրաստանի, ավելի ճիշտ' Աբխազիայի եւ Հարավային Օսիայի համար չեն պատերազմի: Այս տարածքները կարեւոր են միայն Ռուսաստանի եւ Վրաստանի համար: Հետեւաբար, վրացական դիլեման այս անգամ էլ այստեղ եւ այժմ չի լուծվելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter