HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմա ո՞վ պետք է մաքուր պահի մեր քաղաքը

Պաշտոնական աղբյուրների հավաստմամբ' 20 հազարից ավելի բնակիչ ունեցող Գորիս քաղաքից դուրս տարվող օրական 24 տ կենցաղային եւ շինարարական աղբը դատարկվում է Լաստի Խութ սարի ստորոտում, քաղաքից ընդամենը 3 կմ հեռավորության վրա գտնվող աղբավայրում: Այն ուղիղ գծով մի քանի հարյուր մետր է հեռու քաղաքի հարավային հատվածի բնակելի թաղամասից: 35 հա կազմող տարածքը, որը որպես կենտրոնական աղբավայր հատկացվել է 70-ական թվականներին, այժմ ոչ միայն չի համապատասխանում սանիտարական կանոններին, այլեւ, չունենալով պաշտպանիչ ցանկապատ, դարձել է տարբեր ընտանի կենդանիների «արոտավայր»:

Ավելին' որոշ մարդիկ տեղական իշխանությունների, հակահամաճարակային կազմակերպության աչքի առաջ խոզաբուծական երկու անասնագոմ են կառուցել հենց աղբավայրի կենտրոնում, եւ մսի արտադրությամբ զբաղվող ֆերմերը, հավանաբար ոգեւորված, որ բնապահպանական վերահսկողության մասին օրենքն այստեղ չի կիրառվում, սպառողին է հրամցնում քաղաքի աղբավայրում սնված խոզերի մսամթերքը: Բնականաբար, այս դեպքում խոսք չի կարող լինել թափոնների վերամշակման մասին, որովհետեւ դրա արդյունքում աղբավայրում մշտական բնակություն հաստատած մոտ երկու տասնյակ խոզեր սովամահ կլինեն, իսկ աղբավայրի հարեւանությամբ գտնվող Գորիս գյուղ թաղամասի ընտանի կենդանիները կզրկվեն կերից:

«Գորիս ՏՆՏ» ՓԲԸ տնօրեն Սեյրան Գեւորգյանի վկայությամբ' աղբավայրը պարբերաբար ծածկվում է հողով կամ այրվում: Մասնագետների կարծիքով' դա քիչ հավանական է, քանի որ նման թեքության վրա գտնվող տարածքում հողածածկման կամ այլ մշակման աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել: Քաղաքի աշխարհագրական դիրքով պայմանավորված' օրվա տարբեր ժամերի, մասնավորապես գարնանը եւ աշնանը, հարավ-արեւելքից դեպի քաղաք փչող քամին աղբավայրի այրման ընթացքում տարանջատված քիմիական նյութերից արտազատված թունավոր գազերը հասցնում է մոտակա բնակելի շենքերին եւ, որ ամենատագնապալին է, ուղիղ գծով շատ մոտ գտնվող դպրոցին, որտեղ սովորում է 600-ից ավելի աշակերտ: Բացի այդ, անձրեւաջրերի հետ աղբավայրից աղբը հասնում է մինչեւ քաղաքամերձ այգիներ, մշակելի հողատարածքներ:

Համայնքային իշխանությունը Գորիս քաղաքի աղբահանության համար տարեկան հատկացնում է 16 միլիոն դրամ, եւս 4 միլիոն՝ քաղաքի կանաչապատման, անօթեւան շների սպանդի համար: Աղբահանությունն իրականացնում է բաց թափքով ընդամենը չորս ավտոմեքենայով, որոնք շահագործման մեջ են յոթանասունական թվականներից, աշխատում են ոչ ամեն օր եւ քաղաքի աշխարհագրական դիրքի պատճառով ոչ բոլոր փողոցներից են կարողանում աղբ տեղափոխել: Այդ պատճառով քաղաքի տարբեր փողոցներում տեղադրված աղբամանները ֆիզիկական ծավալներով նորմայից ավելի են բեռնավորվում: Առանց այն էլ, դրանք տեղադրված են հիմնականում ջրահեռացման առուների եւ գետի եզերքին եւ, գերծանրաբեռնվելով, աղբի մեծ մասը թափվում է Վարարակն գետը:

Համեմատության համար նշենք, որ Գորիսի հետ բարեկամական կապ հաստատած եւ գրեթե հավասար բնակչություն ունեցող Վիենի (Ֆրանսիա) քաղաքային տնտեսության մեջ աղբահանության, ջրամատակարարման, լուսավորության աշխատանքները կազմակերպելու գործում ընդգրկված է 650 մարդ, իսկ Գորիսում միայն աղբահանության ոլորտում աշխատում է 17 մարդ:

Վերջերս ԱՄՆ ՄԶԳ «Բրիջ» ծրագրի շրջանակներում Գորիս քաղաքում տեղադրվել է 30 աղբարկղ՝ աղբահանության գործընթացը բարելավելու նպատակով:

Այնուամենայնիվ, փաստ է, որ Գորիսն այսօր կանգնած է էկոլոգիական աղետի առաջ, եւ դա պայմանավորված է ամենից առաջ նրանով, որ քաղաքում աղտոտող նյութերի արտանետումների ինտենսիվությունը գերազանցում է շրջակա միջավայրի՝ այն կլանելու եւ չեզոքացնելու հնարավորությունները: Նրանք, ովքեր գոնե մեկ անգամ եղել են Գորիսում , հազիվ հավատան, որ որքան բնությունը շռայլ է եղել քաղաքին անձեռակերտ շնորհներով օժտելիս, մարդկային ձեռքը նույնքան անփույթ ու անտարբեր է դրանց գնահատման, շահագործման, պահպանման առումով :

Գորիս քաղաքում այժմ գործող կոյուղու կոլեկտորը չի համապատասխանում սանիտարական պայմաններին: Ավելին' այն 13 տեղում շեղվում է հիմնական գծից եւ լցվում քաղաքի բնակելի թաղամասով հոսող Վարարակն գետը, իսկ վերջնական կետում, առանց վնասազերծվելու, թափվում Սալ քար թաղամասի բնակելի վերջին տնից ընդամենը 100 մ այն կողմ՝ ստեղծելով ոչ միայն հակասանիտարական վիճակ, այլեւ լուրջ վտանգ ներկայացնելով մարդկանց առողջության համար:

Դեռեւս խորհրդային ժամանակներում քաղաքի կեղտաջրերը բիոլոգիական մաքրման ենթարկելու համար քաղաքի հարավային մասում՝ Քարահունջ գյուղից ներքեւ, մաքրման կայանի կառուցման նախագծման լուրջ աշխատանքներ էին իրականացվել, անգամ ֆինանսական միջոցներ գտնվեցին, սակայն այն այդպես էլ մնաց թղթի վրա:

Ճարտարապետ Սեւադա Զաքարյանն ասում է, որ քաղաքն այսօր պետք է ունենա ստորին նիշերով կոյուղու նոր կոլեկտոր, որպեսզի ամենացածր կետում բնակվող բնակիչը հնարավորություն ունենա օգտվել այդ կոլեկտորից: Ժամանակին նաեւ դրա նախագիծը կար, ըստ որի այն պետք է սկսվեր Վերիշեն, Ակներ համայնքների հարավից եւ քաղաքի ցածրադիր հորիզոնական նիշերով, Վարարակն գետի աջակողմյան ափով իջներ մինչեւ կառուցվելիք մաքրման կայանը: Այսօր, սակայն, բացի վթարային շեղումներից, նաեւ Ակներ, Վերիշեն գյուղերի՝ գետի երկայնքով ապրող մարդիկ իրենց կոյուղին միացնում են Վարարակնին՝ այն վերածելով բացօթյա կոյուղու կոլեկտորի: Ոչ մասնագիտական հաշվարկներով' գետը թափվող ջրերը կազմում են կոլեկտոր լցվելիք ընդհանուր քանակի 25-40%-ը:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «æրամատակարարման, ջրահեռացման համակարգերի շահագործման Հարավային տարածքային մասնաճյուղի» Գորիսի տեղամասի պետ Վրույր Հովհաննիսյանը հաստատեց այն փաստը, որ կոյուղու քաղաքային կոլեկտորը գտնվում է վատթարագույն վիճակում: Իրենք կարողանում են միայն արտակարգ վթարները վերացնել, սակայն փաստ է, որ կոլեկտորը չի ծառայում իր նպատակին եւ, մոտ 700 մ շեղվելով, այն հենց բնակելի տների մոտ թափվում է Վարարակն գետը: Ի դեպ, Վարարակնը, որտեղ ընդամենը մի քանի տասնյակ տարի առաջ հնարավոր էր ձուկ որսալ, այսօր դարձել է Գորիս քաղաքի գլխավոր աղբավայրը: Մարդկանց էկոկուլտուրայի ցածր մակարդակի վկայությունն է այն փաստը, որ գետի երկայնքով ձգվող բնակելի տների բնակիչները գետն են լցնում կենցաղային աղբը:

Այսքանից հետո, հավանաբար, անիմաստ է խոսել այն մասին, որ տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են օրենքով իրենց վերապահված պարտականությունները՝ մշակում են թափոնների կառավարման կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր, ըստ այդ ռազմավարության հաշվի առնում ապագա թափոնների կանխանշված քանակը, տեսակները, թափոնների ծավալների նվազեցումը: Իհարկե, լավագույն տարբերակներից մեկը բնակիչների մեղքով գոյացող թափոնների ընդհանուր քանակի կրճատումն է: Սակայն ակնհայտ է, որ դրանց ծավալներն օրեցօր ավելանում են: Ոչ պաշտոնական վիճակագրական տվյալներով' յուրաքանչյուր ամիս միայն Գորիս քաղաքում սպառվում է մոտ 6 տ պոլիէթիլենային պարկ (սպասարկման կետերն այն ձեռք են բերում կիլոգրամներով), որը, բնականաբար, ոչ մի տեղ չի անհետանում, իսկ աղբավայրերում դրանք քայքայվում են 100 տարում:

Թափոնների օգտագործման ոլորտում աշխարհում վաղուց արդեն տարածված է Կոմփոսթինգի երեւույթը, ըստ որի մարդու անմիջական միջամտությամբ օրգանական թափոնները վերածվում են բնական պարարտանյութի: Դրա նախադեպը եղավ նաեւ Գորիս քաղաքում. գյուղատնտեսական գիտությունների թեկնածուն, իր իսկ այգում հորելով տան կենցաղային աղբը, կարողացել է հողամասի մեկ տարվա համար անհրաժեշտ պարարտանյութ ստանալ: Ի դեպ, այս կերպ հնարավորություն է ստեղծվել խուսափել նաեւ քիմիական բաղադրություն եւ էկոլոգիապես մեծ վտանգավորություն ունեցող տարբեր քիմիական դեղամիջոցների միջոցով գյուղմթերքների արտադրությունից: Մինչդեռ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության, գյուղատնտեսության վարչության տվյալներով' միայն Գորիս քաղաքում տարեկան սպառվում է մոտ 450 տ ազոտական պարարտանյութ:

Վերջին տարիներին գովազդային լայնածավալ քարոզչություն է իրականացվում գյուղատնտեսության ոլորտում տարբեր բուժամիջոցների, թունաքիմիկատների, սերմերի ախտահանման ուղղությամբ, եւ չկա երաշխիք, որ դրանք անվտանգ են մարդու առողջության համար: Մանավանդ որ, հաճախ այդ բուժամիջոցներն անհայտ ծագում ունեն: Ընդամենը երկու տարի առաջ Գորիսին հարակից Տեղ գյուղում սիմազին կոչվող դեղանյութի պատճառով ոչնչացվեց մոտ 300 հա հացահատիկի դաշտ, այդ մասին կազմվեցին համապատասխան արձանագրություններ, սակայն որեւէ մեկը չհաշվարկեց, թե ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ այն մարդկանց առողջության վրա, որոնց ցանքատարածությունները մասամբ էին վնասվել, եւ նույն դաշտերից ստացված ցորենն օգտագործվեց հացարտադրության մեջ:

Մկնանման կրծողների դեմ իրականացվող պայքարում լայն տարածում է գտել նաեւ ցինկի ֆոսֆիդի կիրառումը: Սյունիքի մարզպետարանի տվյալներով' միայն անցած տարի քաղաքի մշակովի տարածքների համար օգտագործվել է 200 կգ ավելի ցինկի ֆոսֆիդ : Համեմատության համար նշեմ, որ դրա 1 կիլոգրամը ջրային ավազանի մեջ խառնելու դեպքում կարող է մահացու հետեւանք ունենալ ամբողջ քաղաքի բնակչության համար: Եվ զարմանալին այն է, որ մարդիկ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այդ դեղամիջոցը ձեռք բերելու հարցում՝ առանց տեղեկանալու, թե ինչ վնասակար ազդեցություն կարող է ունենալ այն իրենց առողջության վրա: Պատճառն, իհարկե, այն է, որ բնակլիմայական անբարենպաստ պայմանների, մասնավորապես երաշտի պատճառով մարդիկ ստիպված տարբեր բուժամիջոցներ են օգտագործում, որպեսզի փոքր-ինչ ավելանա գյուղմթերքների արտադրության ծավալը:

Գորիսի Ռ. Յոլյանի անվան հիվանդանոցի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սլավիկ Ամիրյանին մտահոգում է այն, որ քաղաքում վերջին տարիներին շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված տարբեր հիվանդությունների, մասնավորապես ուռուցքների, օրգանական փոփոխություններով սրտանոթային հիվանդությունների, ինսուլտների աննախադեպ աճ է գրանցվել:

Սյունիքը հանրապետության այն մարզերից է, որտեղ բնակչության թվի հետ համեմատած ուռուցքային հիվանդությունների թիվը 60-70 %-ով ավելի բարձր է, քան՝ մյուս մարզերում: Բժշկի կարծիքով' այն հիմնականում պայմանավորված է բնապահպանական խնդիրներով, այն հանգամանքով, որ Սյունիքը սեյսմիկ գոտի է, ուր նաեւ ճառագայթային ֆոնն է բավական բարձր: Պատերազմը, մշտական հոգեբանական սթրեսը, տագնապը այն հիմնական պատճառներն են, որոնք գումարվելով բնապահպանական անբարենպաստ պայմաններին' նպաստում են օրգանիզմի խրոնիկական հյուծվածությանը:

Այս ամենին ավելանում է նաեւ այն հանգամանքը, որ որպես լեռնային գոտի' Գորիսը էնդեմնիկ օջախ է: Այստեղ առանց տարանջատման այրման միջոցով աղբը ոչնչացնելիս արտաքին միջավայր են նետվում բազմաթիվ վնասակար միացություններ, կայուն օրգանական աղտոտիչներ, որոնք օդից, ջրից անցնում են մարդուն, ազդում նրա էնդոկրին, իմուն համակարգի վրա, առաջացնում չարորակ ուռուցքներ: Դրա վկայությունն է այն, որ քաղաքում տարեցտարի ավելանում են էնդոկրին խպիպի տարբեր աստիճանի ախտահարման դեպքերը. մասնագետների կարծիքով' խպիպի ախտանիշ գրանցվել է դեռահասների 75 %-ի մոտ: Բացի այդ, քաղաքի բաց աղբավայրից ոչ հեռու բնակվող կանանց մոտ աճում է չբերությունը, տարբեր արատներով երեխաների ծնելիությունը:

Քաղաքի սանիտարական ծայրահեղ անմխիթար վիճակում գտնվող աղբավայրը պատճառ է դառնում նաեւ զոոնոզ ծագման հետ կապված տարբեր հիվանդությունների, մասնավորապես որդակրության, էխինոկոկի տարածմանը: Անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային բաժնի պետ Էդգար Թոխսանցի ասելով' իրենք կարողացել են հասնել նրան, որ քաղաքի տարածքում արգելվի անասունների մորթը, սակայն անգամ քաղաքից դուրս սպանդի ենթարկված անասունների փորոտիքը, այնուամենայնիվ, վտանգի մեծ օջախ է ներկայացնում, հատկապես, երբ այն նետվում է կամ Վարարակնը, կամ թեկուզ քաղաքի, այսպես կոչված, գլխավոր աղբավայրը:

Գորիս քաղաքի բնապահպանական վիճակի վրա բացասական ազդեցություն է ունենում նաեւ քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի վթարային վիճակը: Մեկ վայրկյանում 120-130 լ ջուր ստացող քաղաքում ներքին ցանցն այնքան է վնասված, որ ջրի կորուստը հասնում է մինչեւ 75 %: Անմխիթար վիճակում են ջրամատակարարումը կարգավորող կափարիչներ չունեցող դիտահորերը, որոնք հաճախ լցվում են ինչպես շրջակա առուների ջրերով, այնպես էլ՝ անձրեւով, եւ խախուտ ցանցի պատճառով խառնվում խմելու ջրի ընդհանուր ցանցին: Քաղաքի ջրամատակարարման խնդրի լուծման գործում կարեւոր է ներքին ցանցի գոտիավորումը: Մինչեւ վերջին տարիները քաղաքի ջրամատակարարումն իրականացվում էր ճարտարագիտական համալսարանի մասնագետների կողմից առաջարկված ջրամատակարարման 9 գոտիների միջոցով, որը հնարավորություն էր ընձեռում ջրամբարների միջոցով կարգավորել թասի նմանվող քաղաքի ջրամատակարարումը, այնպես, որ անգամ վերին հորիզոնական գոտում գտնվող բնակիչներն ապահովվում էին ջրով:

Քաղաքի բնապահպանական խնդիրների ամբողջական պատկերը ներկայացնելու համար պետք է նշել նաեւ, որ Գորիսում առանձին հուղարկավորման ծառայություն չլինելու պատճառով թե՛ քաղաքի, եւ թե՛ ենթամարզի բոլոր գյուղերից դիահերձում եւ դիակների պահպանում կատարվում է կենտրոնական հիվանդանոցում՝ (այն հատվածում, որի վերին հարկում ծննդատունն է): Մինչդեռ, հատկապես Արցախյան պատերազմի տարիներին, եւ այժմ էլ անչափ կարեւորվում է հատուկ մշակված սառնարանային պայմաններ ունենալու խնդիրը: Կարեւոր է եւ այն հանգամանքը, որ թեպետ հերձվածքը չի խառնվում քաղաքի ընդհանուր աղբին, այնուամենայնիվ, թաղվում է հիվանդանոցի տարածքում՝ վարչական շենքից ընդամենը 300 մ հեռավորության վրա:

Տասնամյակներ առաջ Գորիսում իշխանությունների կողմից մի շարժում էր ծավալվել՝ «Գորիսը մեր տունն է, մենք ենք նրա տերը»: Տարբեր մեկնաբանություններով հանդերձ, այնուամենայնիվ, այդ շարժումը զգալի դրական արդյունք ունեցավ այն առումով, որ քաղաքի բնակիչները ձգտում էին հաղթող ճանաչվել իրենց շրջակա միջավայրի մաքրության համար ծավալված մրցույթում: Տարեցտարի, սակայն, ոչ միայն բնակիչների՝ մաքուր քաղաք ունենալու խանդավառությունը նվազեց, այլեւ տեղական իշխանությունների պատասխանատվությունը՝ օրենքով իրենց վերապահված պարտականություններն իրականացնելու առումով:

«Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով համայնքի ղեկավարի վրա է դրված բնության եւ շրջակա միջավայրի բնագավառում վերահսկողություն իրականացնելու գործառույթն ու այն անմիջական գործողությունների կատարումը, որոնք պետք է ապահովեն այդ անվտանգությունը: Բացի այդ, շրջակա միջավայրի պահպանությունը «Հազարամյակի զարգացման մարտահրավերներ» ծրագրի նպատակներից մեկն է, եւ այդ խնդրի լուծման համար պիտի որ մշակվի եւ հետեւողականորեն իրականացվի Գորիս քաղաքի մարդկանց կյանքի անվտանգությունն ապահովող համալիր միջոցառումների ծրագիր:

Հակառակ պարագայում այդպես էլ օդում կախված կմնա Գորիսի մասին գրված հանրահայտ «Մատյան եղելությանց» վեպի հերոսի՝ փողոցները «պլպլացնող» Ճել Ավան բիձայի հարցը. «Հիմա ո՞վ պիտի մաքուր պահի մեր քաղաքը...»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter