HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մերոնք որոշել են հայ կնոջն ամեն գնով արտաքսել

Ծագումով գյումրեցի Թամարա Վարդանյանին 9 ամիս ազատազրկելուց հետո Հայաստանը որոշել է երկրից արտաքսել: Գլխավոր դատախազության հանձնարարությամբ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը դիմել է վարչական դատարան. հայկական կողմը նպատակ ունի 58-ամյա կնոջը էքստրադիցիա անել Տաջիկստան:

Թամարա Վարդանյանը բարձրագույն կրթություն է ստացել Մոսկվայում: Ամուսինը վաղուց մահացել է, իսկ ինքը զբաղվել է հրուշակագործությամբ: Նա ունի 2 դուստր, 8 թոռ: Մեծ աղջիկն ապրում է Մոսկվայում, իսկ կրտսերը, ըստ Թ. Վարդանյանի, սիրահարվելով տաջիկի, վերջինիս հետ փախել է Տաջիկստան:

«Ամեն ամիս ես գումար եւ հագուստ էի ուղարկում աղջկաս. կտրոնները կան: 2005թ. գնացի նրան տեսնելու: Ապրում էին մի խուլ գյուղում՝ Աֆղանստանին շատ մոտ: Չկար ոչ մի կոմունալ հարմարություն, երեխաները խաղում էին աղբի կույտերի մեջ եւ քնում նույն հագուստով՝ առանց լվացվելու»,- պատմում է Թ. Վարդանյանը:

Նրա խոսքերով՝ համաձայնելով վճարել դստեր մոլլա սկեսրոջ պահանջած հսկայական գումարը (որպես օժիտ)՝ այնուամենայնիվ, կարողացել է վերջինիս համոզել, եւ աղջկա ընտանիքին տեղափոխել է Դուշանբե: Այնուհետեւ վարձել է հացի արտադրամաս եւ հաջողությամբ զարգացրել հրուշակեղենի բիզնեսը:

«Երբ ստացվող գումարները գնալով մեծացան, սկսվեցին վեճերը իմ եւ փեսայիս միջեւ: Վերջնականապես ինձնից ազատվելու համար փեսաս հավաքեց իր մի քանի բարեկամներին, եւ դիմում-բողոք գրեցին Կուրգան-Տյուբե քաղաքի ոստիկանություն, որի պետը փեսայիս մորաքրոջ ամուսինն էր, թե իբր ամեն մեկից մեծ գումարներ եմ վերցրել ու չեմ վերադարձնում»,- պատմում է 58-ամյա կինը:

Նրա պատմելով՝ իրեն ձերբակալել են, սակայն 4 օր անց, երբ կատարվածը պատմել է ոստիկանություն այցելած ռուս բարձրաստիճան զինվորականին, վերջինիս շնորհիվ հայտնվել է ազատության մեջ: Իսկ հետո, առանց փաստաթղթերի, փախել է Աֆղանստան, Ուզբեկստան, Ղազախստան, Ռուսաստան, այստեղից էլ՝ Վրաստան:

2010թ. ապրիլին Վրաստանում ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանի տրամադրած վերադարձի վկայականով Ռուսաստանի քաղաքացի Թամարա Վարդանյանը ժամանել է Հայաստան: Սակայն Բագրատաշենի մաքսատանը կնոջը ձերբակալել են՝ պատճառաբանելով, որ նա միջպետական հետախուզման մեջ է Տաջիկստանում 16 հոգու՝ խոշոր չափով դրամական միջոցները (100 հազար 730 ԱՄՆ դոլար) հափշտակելու համար:

«Ինձ տեղափոխեցին Տավուշի ոստիկանություն, հետո կանանց գաղութ: 37 օր հացադուլ եմ արել, նամակներ գրել բարձրաստիճան ղեկավարներին, որ ես անմեղ եմ, պահանջեք բոլոր թղթերը, սարքված գործ է: Բայց ոչ ոք ինձ չէր լսում»,- պատմում է Թամարա Վարդանյանը:

Նրան ազատազրկելուց մոտ մեկ ամիս հետո, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որոշմամբ, Տաջիկստանի գլխավոր դատախազության հանձնման միջնորդությունը բավարարվել է, եւ որոշվել է հետախուզվողին հանձնել Տաջիկստանի իրավապահներին՝ քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով: Թամարա Վարդանյանի դատական բողոքարկումները ոչինչ չեն փոխել:

2011թ. փետրվարին դատախազ Զ. Ստեփանյանը որոշմամբ Թամարա Վարդանյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել, քանի որ, չնայած Տաջիկստան ուղարկված գրություններին` այս երկրի իրավապահները միջոցներ չեն ձեռնարկել էքստրադիցիան իրականացնելու համար:

«Նկատի ունենալով, որ Տաջիկստանի Հանրապետության իրավապահ մարմինները խախտել են Մինսկի 22.01.1993թ. Կոնվենցիայի պահանջները, այն է՝ սահմանված 15-օրյա ժամկետում չեն իրականացրել հանձնված անձի տեղափոխումը, հետեւաբար Թամարա Վարդանյանը կալանքից ենթակա է ազատման»,- գրել է դատախազ Ստեփանյանը: Սա այն դեպքում, երբ մինչ այդ Թ. Վարդանյանին կալանքից ազատելու միջնորդությունը մերժել է նույնիսկ դատարանը:

«Իսկ ինչո՞ւ ինձ 9 ամիս պահեցին բանտում, եթե էքստրադիցիայի ժամկետը 15 օր է, ո՞վ է պատասխան տալու իմ տառապանքների համար,- հարցնում է Թամարա Վարդանյանը:- Եվ դեռ բացահայտ էլ իրենց անօրինականության մասին գրում են»:

Նա դիմել է ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչություն՝ նշելով, որ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից եւ ուզում է դառնալ ՀՀ քաղաքացի: Վարչության պետ Նորայր Մուրադխանյանը գրավոր հայտնել է, թե կինը ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի՝ ժամանակավոր կամ մշտական կարգավիճակ ստանալու համար:

«Եթե ես միջազգային հետախուզման մեջ եմ, ինչպե՞ս էին ինձ անձնագիր տալու, ինչ է՝ Մուրադխանյանը չգիտե՞ր հետախուզման մասին: Ուղղակի էս երկրում ամեն հարց կաշառքով է լուծվում. եթե ես գումար ունենայի, վաղուց ՀՀ անձնագիրս տված կլինեին,- ասում է Թ. Վարդանյանը եւ շեշտում, որ ինքն իրականում ՀՀ քաղաքացի է, եւ պաշտոնյաներն, առաջնորդվելով օրենքի պահանջով, ուղղակի չեն կարող ՀՀ անձնագիր իրեն չտրամադրել.- որովհետեւ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 10-րդ հոդվածն ասում է՝ եթե անձը մինչեւ 1995թ. հուլիսի 5-ը ձեռք չի բերել այլ պետության քաղաքացիություն, հանդիսանում է ՀՀ քաղաքացի: Իսկ ես ՌԴ քաղաքացի եմ դարձել 1995թ. դեկտեմբերի 9-ին»:

Այս ընթացքում Թամարա Վարդանյանի քաղաքացիության վերաբերյալ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը ՀՀ արտգործնախարարությանը տրամադրել է երկու իրարամերժ տեղեկանք: Առաջինում նշվել է, որ կնոջ քաղաքացիությունը պարզել հնարավոր չէ, քանի որ անձնագրային համակարգի ավտոմատացված համալիրի պահոցներում նրա վերաբերյալ տեղեկություններ չկան, եւ ՀՀ քաղաքացու անձնագրով չի փաստաթղթավորվել: Իսկ արդեն երկրորդ տեղեկանքի համաձայն՝ Թ. Վարդանյանը, համաձայն «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի, ՀՀ քաղաքացի է, եթե ձեռք չի բերել այլ պետության քաղաքացիություն:

Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանն այս առնչությամբ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին խնդրել է պարզել, թե ինչով է պայմանավորված նույն անձի քաղաքացիության վերաբերյալ երկու իրարամերժ տեղեկանք տրամադրելը: (Թե ի՞նչ է պարզել փոխոստիկանապետը, եւ արդյոք սրա համար որեւէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է, դեռեւս պարզ չէ: «Հետքի» գրավոր հարցմանը առայժմ ոչ գլխավոր դատախազությունից, որ էլ ոստիկանությունից չեն պատասխանել):

Թամարա Վարդանյանն ասում է. «Քանի որ օրենքով ինձ անձնագիր հասնում է, իմ իմանալով՝ նրանք իմ անունով ուրիշի համար կեղծ անձնագիր են հանել: Հետո, որ ամեն ինչ պարզվել է, Մուրադխանյանի դեմ քրեական գործ են հարուցել»:

Ոստիկանության լրատվության վարչությունից, սակայն, «Հետքին» հայտնեցին, որ Անձնագրային եւ վիզաների վարչության նախկին պետ Նորայր Մուրադխանյանի գործունեության հետ կապված որեւէ քրեական գործ չի հարուցվել: Նա ուղղակի պաշտոնանկ է արվել, հիմա կադրերի տրամադրության տակ է եւ, ըստ երեւույթին, սպասում է մինչ կնշանակվի նոր պաշտոնի:

Դեռ Մուրադխանյանի պաշտոնավարման օրոք Թամարա Վարդանյանը խնդրել է տրամադրել վերոնշյալ երկրորդ՝ իր ՀՀ քաղաքացի լինելու մասին տեղեկանքը: Բայց Մուրադխանյանը մերժել է՝ նշելով, որ նյութերն ուղարկվել է դատարան, եւ բոլոր փաստաթղթերին կարող է ծանոթանալ դատավարության ընթացքում:

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Անձնագրային եւ վիզաների վարչության հայցը՝ ՀՀ-ում առանց օրինական հիմքերի բնակվող ՌԴ քաղաքացի Թամարա Վարդանյանին դատական կարգով ՀՀ տարածքից արտաքսելու վերաբերյալ:

Մինչ այժմ կնոջ հանձնումը Տաջիկստանի իրավապահ մարմիններին չի իրականացվել՝ վերջինիս անձը հաստատող փաստաթղթի բացակայության պատճառով: Իսկ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հրաժարվում է տրամադրել անհրաժեշտ փաստաթուղթը:

Դեսպանության հյուպատոսական բաժնից պարզաբանել են, որ պատրաստ են Թամարա Վարդանյանին տրամադրել Ռուսաստանի մուտքի (վերադարձի) վկայական, բայց միայն այն դեպքում, երբ կհաստատվի, որ նա այլեւս չի հետախուզվում եւ վերադառնալու է Ռուսաստանի՝ իր մշտական բնակության հասցե, ոչ թե 3-րդ երկիր տեղափոխվելու կամ հանձնվելու համար: «Իսկ հայկական կողմը նպատակ ունի Թ. Վարդանյանին էքստրադիցիա անել Տաջիկստանի Հանրապետություն»,- նշված է դեսպանատան պատասխանում:

«Փաստորեն, ռուսներն իմ մասին ավելի շատ են մտածում, ավելի լավ են հասկանում, թե Տաջիկստանում ոնց են քրեական գործերը սարքվում, քան հայերը: Մի հայ կնոջ ճակատագիրը մերոնց համար ոչ մի արժեք չունի, ոչ ոք չի անհանգստանում, որ էս շինծու գործով Տաջիկստանում ինձ 5-ից 8 տարով կդատեն,- ասում է Թամարա Վարդանյանը:- Ես միայն խնդրում եմ, որ գործի նյութերը պահանջեն, ու եթե մեղադրանքում թեկուզ մեկ հիմնավոր բան կգտնեն, ինչ ուզում են, թող անեն: Իսկ եթե կհամոզվեն, որ ճիշտ եմ ասում, թող օգնեն՝ աղջկաս էլ տեղափոխել Հայաստան. նա հիմա Տաջիկստանում անտանելի ծանր վիճակում է»:

Մեկնաբանություններ (5)

Աննա
Հարգելի Հետք, այն ժամանակից ի վեր անդրադարձե՞լ եք արդյոք այս կնոջ պատմությանը: Վերջերս սոցիալական ցանցերից տեղեկացա, որ նա հիմա էլ Հայաստանում է ու շատ վատ վիճակում է, ապրուստի ոչ մի միջոց չունի: Անդրադառնալու դեպքում կարո՞ղ եք ասել, ինչպես ձեզ հետ կապ հաստատել, որ հնարավորության դեպքում գումար կամ սնունդ փոխանցեմ: Շնորհակալություն:
Սևակ
Ախր որ ասեմ ....Բա Տաջիկը սիրելու բանա .... ինչ գործ ունեք գնաիք Հայաստանի մի լեռնային գյուղում հարս ու ձեր համար հանգիստ ապրեիք ..... Թե Ձեր համար մեր երկրի ամենինչն է վատ
Lusine
Անձամբ եմ չանաչում տիկին Թամարային։ Թե որքան խախտումներ կան իր գործում անհնար է նկարագրել… դրանք շարունակվում են մինչ օրս... Ում է պետք օրենքը, որ չի գործում, ում է պետք իրավունքը, որը ձևական է, և ում է պետք հայրենիքը, որ արտաքսում է…
samvel
inc dgvara ed kngan pasport tal@ mexka
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Դե իհարկե, հանուն մեր տաջիկ «եղբայրների»: Ֆրանսիայի «Սահմանադրական դատարանի» ոճով: Միգուցե այսպես կոչված «Արի տուն»-ին էքստրադիցիա անել Տաջիկստան? Հա, մեկ էլ առաջարկում եմ Հայաստանի դպրոցներում մտցնել հետևյալ առարկան. «Կաշառք վերցնելու ու չբռնվելու տեխնիկաները»՛

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter