HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Մեծ Թաղերը պատերազմին տվել է 380 զինվոր

Հադրութի շրջանի Մեծ Թաղերը Ղարաբաղի բոլոր գյուղերից նախ տարբերվում է նրանով, որ այստեղ գործում է թեյարան: Գյուղ մտնող եւ գյուղամիջյան անանցանելի փողոցների կողքին այն մի տեսակ շքեղություն է թվում:

«Կաժ» անունով թեյարանը գտնվում է գյուղամիջում: «Կաժը» Մեծ Թաղեր գյուղի հին անունն է: Թեյարանը տեղակայված է հին տներից մեկի առաջին հարկում: Թեյարան ստեղծելու գաղափարը Գարիկ Ոսկանյանը վաղուց ուներ, սակայն այն կարողացավ իրականացնել միայն 2 տարի առաջ: Վերանորոգեց իր պապերի տունը, եւ ահա այն այսօր այսպիսի տեսք ունի: Պատերը զարդարում են մեծ թաղերցիների հին լուսանկարները: Թեյարանի այցելուները գյուղացիներն են ու գյուղ այցելող հատուկենտ հյուրերը:

«Հիմնականում թեյարանը ուզեցել եմ բացել, որ գյուղի երիտասարդությունը, թեկուզ մեծերը, հավաքվեն, մի բաժակ թեյ խմեն, զրուցեն, իրենց հանգիստը անցկացնեն»,- ասում է Գարիկ Ոսկանյանը:

Թեյարանի երկրորդ հարկում գտնվում է գորգագործարանը, որը նույնպես աշխատեցնում է Գարիկը: Գյուղում դարեր շարունակ զբաղվել են գորգագործությամբ: Ղարաբաղյան պատերազմից առաջ Մեծ Թաղերում գործում էր գորգերի գործարան: Եվ երկու տարի առաջ Գարիկ Ոսկանյանը որոշեց վերականգնել ավանդույթը:

«Գորգագործությունը մեր գյուղում զարգացնելու համար ստեղծել ենք էդ գորգագործարանը, մի քանի աշխատող կա: Աշխատում են, ու էդ գորգերը տեղափոխում ենք Երեւան, եւ այնտեղ արդեն վաճառքն իրականացվում է: Մեզ օգնում է էդ հարցերով մեր համագյուղացի, պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը»,- ավելացնում է Գարիկը:

Գորգերի գործարանն առայժմ շահույթ չի տալիս, բայց Գարիկը չի հուսահատվում: Նա հպարտանում է, որ գոնե իր ուժերով կարողացել է ստեղծել մոտ տասը աշխատատեղ:

Մեծ Թաղերը Հադրութի շրջանի ամենամեծ գյուղն է, ունի 1507 բնակիչ: Առաջին բանը, որ աչքի է զարնում գյուղ մտնելիս, ջրի ամաններով փողոցով քայլող երեխաներն ու կանայք են:

Գյուղի խմելու ջրագիծը տարիներ առաջ է կառուցվել, սակայն այն բավարարում է ջրի պահանջարկի 30 տոկոսը միայն:

««Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության ուժերով գյուղ է հասցվել 14 կմ երկարությամբ ջրագիծ, աղբյուրի ջուր են բերել հասցրել' վայրկյանում 750գրամ: Դա էն թիվն է, որ հնարավոր է գյուղի կես թաղի ջրի խնդիրը լուծի»,- բացատրում է գյուղապետ Վլադիկ Դանիելյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Մեծ Թաղերի խմելու ջրագիծը ներառել է այս տարի նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսում կայանալիք հեռուստամարաթոնի «Հադրութի զարգացման ծրագրում»: Իսկ դա նշանակում է, որ հաջորդ տարի գյուղը կապահովվի ջրով:

Մեծ Թաղերում ջրի խնդիրը եղել է նաեւ խորհրդային տարիներին: Գյուղից ընդամենը 500մ ներքեւ հոսում է Իշխանագետը, սակայն Ադրբեջանի իշխանությունները, միշտ խոստումներ տալով, չեն ցանկացել այդ հարցը լուծել:

Ինը տարի գյուղապետի պաշտոնը զբաղեցրած Վլադիկ Դանիելյանը համոզված ասում է, որ կառուցվող նոր ջրագիծը կարճ ժամանակում կտա շոշափելի արդյունք:

«Գոնե էս խեղճ գյուղացիք 3-4 գյուղ էն կողմ ոտքով չեն գնա բանջարանոց: Պատկերացրեք' գյուղից ամեն օր 4-5կմ ոտքով գնում են, որ գետի շրջակայքում իրենց հատկացված մի 4-5 հարյուր քմ հողում գոյատեւման համար անհրաժեշտ բանջարեղենն աճեցնեն, որ ձմեռն ապրեն: Դրանից կփրկվեն: Դրա փոխարեն իրենց տան բակերում, տնամերձ հողամասերում կկարողանան աճեցնել եւ, ինչու չէ, ջուրը հիգիենա է, էդ ջրով սանիտարական որոշ խնդիրներ կլուծվեն»,-ասում է նա:

Գյուղապետ Վլադիկ Դանիելյանը գտնում է, որ Ղարաբաղի համար դժվարին այս փուլում սփյուռքի օժանդակությունն անհրաժեշտություն է, քանի որ իրենք սեփական ուժերով չեն կարողանում մեծ խնդիրներ լուծել:

«Չէի ասի, թե հա պիտի Ղարաբաղը սփյուռքահայության վրա հիմնվի, ներդրում անի: Բայց մի առ ժամանակ, պատերազմական գործողություններից հետո, էս ա 15-20 տարի է հա անցումային ասենք: Ես էն կարծիքին չեմ, որ որեւէ զարգացած, թերզարգացած կամ զարգացող, կիսազարգացող երկրում անցումային ժամանակաշրջանը պիտի դարեր տեւի, էս ժամանակն էլ է շատ անցումային կոչելու համար: Բայց էս ժամանակաշրջանը հաղթահարելու համար կդիմեի սփյուռքահայ մեր եղբայրներին, քույրերին, որ իրանց ձեռքից եկած օգնությունը տրամադրեին իրենց ազգակիցներին, ղարաբաղցիներին, մի քիչ ավելի շուտ լուծվեին էդ խնդիրները:

Գիտեք, քանի որ խոսք բացվեց հիմնադրամի մասին, էսպիսի մի բան կառաջարկեի առհասարակ ղարաբաղցի, ծնունդով ղարաբաղցի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր գյուղերին, բոլոր բնակավայրերին' մեր տունը հիմնականում մենք պիտի շինենք: Այն հարցերը, որ պիտի լուծվեն մեր ուժերով, կառաջարկեի մեր գյուղերում էլ հիմնադրամ ստեղծեինք: Չէ՞ որ Ղարաբաղից դուրս գոյություն ունեն, ապրում են, գոյատեւում են շատ ավելի հարուստ ղարաբաղցիներ, քան թե Ղարաբաղում, նրանց միջոցներով կարելի է բարեգործական հիմնադրամներ հիմնել գյուղում: Եւ, փոքրիշատե, ա՛յ էս տիպի գոնե թեյարանի կարգի, կամ երիտասարդության հանգստի, կամ, ասենք, որոշ խնդիրների լուծում տալ էդ ճանապարհով: Իսկ մեծ ծրագրերի լուծումը, իհարկե, պետք է կախված լինի մեր սփյուռքահայ հայրենակիցներից»,- ասում է գյուղապետը:

Նա համոզված է, որ Ղարաբաղի ապագան պայմանավորված է գյուղերի շենացմամբ: Այդպես միայն հնարավոր կլինի մարդկանց կապել իրենց հողին:

«Համենայնդեպս, գյուղի շենացումն ընդգրկում է եւ՛ տուն-տեղ, տան շենացում, եւ՛ մարդկանց էս հողին, հայրենիքին կապելու խնդիրը: Պիտի էս տարածքում մարդ մնա, նախ' պիտի չամայանա, էսօր պիտի անպայման բոլորի ուշադրության մեխը լինի էս տարածքը անպայման հագեցված բնակչությամբ պահելու խնդիրը: Ինչքա՞ն մարդ է ապրում ստեղ, ինչո՞վ են շնչում, ի՞նչ են ուտում, ի՞նչ են արտադրում, ի՞նչ են տալիս էս պետությանը, ինչո՞վ են նպաստում էս երկրին: Էս գյուղը Ղարաբաղի պատերազմին շուրջ 380 զինվոր է տվել: Ի վերջո, էս մարդիկ պիտի ապրեն, չէ՞, որ, ասենք, սպասվող պատերազմին եւս 380 զինվոր ունենան: Ցավոք, այդ զինվորներից շատերն այսօր անգործ, պարապ են»,- ասում է Վլադիկ Դանիելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter