Քարին շարժում փոխանցողը
Սկզբում քարը չի ապրում, հետո սկսում է շնչել, քանդակագործի ձեռքերի տակ սկսում է զգալ, փոխանցել ու պահպանել շարժումը, մտածել: Շարժումները սահուն են, մեղմ, խոհուն: Աշխատանքները քչախոս են, թույլ են տալիս, որ նաեւ նյութը խոսի, պատմի ամենակարեւորը: Կիսատության զգացում չես ունենում քանդակները դիտելիս, աշխատում է անգամ չհղկված քարը, լրացնում ընդհանուր միտքը:
Բագրատ Բալաբեկյանի աշխատանքներն են` ուժեղ, համառ, կատարելության ձգտող, քչախոս: Նրա համառ ու աշխատասեր բնավորության արտահայտումն են քանդակները` հղկված, ժամանակակից լուծումներով:
Սա Վերածննդի նկատմամբ ունեցած 21-րդ դարի արվեստագետի հայացքն է` դասական, միաժամանակ` մոդեռն: Բագրատի համար մեծագույն ուսուցիչը Լեոնարդո դա Վինչին է:
Նրա աշխատանքների թեմատիկան բազմազան է, սակայն շատ է անդրադառնում հունական դիցաբանության եւ աստվածաշնչյան թեմատիկային: Բագրատն էքսպերիմենտալ արվեստագետ է, սիրում է նոր փորձարկումներ անել, տեխնիկաներ փորձել, ստեղծել:
![]() |
Կեղծիքի, շանտաժի ու ստի մեջ խեղդվում եմ…
Բագրատը, չնայած երիտասարդ տարիքին, բազմիցս արժանացել է պետական մրցանակների, ստացել տարատեսակ գովեստներ ու պատվոգրեր, բայց այս ամենն արվել է սալոնային հասարակության մակարդակով. եկան, լրագրողները նկարեցին, գրեցին, երբ եղավ ցուցահանդես, նախագահը, նախարարն ու այլ չինովնիկներ եկան, արվեստագետներին շնորհավորեցին, հետո լավագույններին մրցանակներ տվեցին, գրեցին, թե պետական օղակները գնահատում են արվեստագետներին, տալիս հնարավորություն….
Պարգեւներից ու շնորհավորանքներից այն կողմ իրականությունն է մնում` կոպիտ, չհղկված քարի պես:
Բագրատը Նկարիչների միության անդամ չէ: Երեսունից ավելի մրցանակներ, այդ թվում նախագահական մակարդակի մրցանակների ու պատվոգրերի արժանանալուց, տասը տարի կերպարվեստի բուհերում ուսանելուց հետո, համարելով, որ արդեն բավականին փորձ ու կրթություն ունի, դիմել է ՆՄ անդամության համար: Նրան մերժել են` պատճառաբանելով, որ դեռեւս ուսանող է (սովորում է Գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայում, որտեղ կարող էր եւ չընդունվել): Սա այն դեպքում, երբ քիչ չեն նկարիչները, որոնք ուսանողության տարիներին են դարձել ՆՄ անդամ, եւ քիչ չեն դեպքերը, երբ ՆՄ անդամ են դարձել առանց ակադեմիական կրթության: ՆՄ անդամ լինելն առանձնահապես կարեւոր չէ, սակայն դա կարող էր գոնե ներկայանալու հարցը լուծել` սրահի առումով, սակայն, ինչպես երեւում է, անգամ դրա համար պետք է արքունի լինես:
Մի խոսքով, մնում է անհասկանալի, թե ինչ սկզբունքով է ՆՄ-ն ընտրում իր անդամներին:
Սա միակ դեպքը չէ, երբ արվեստի հետ կապ ունեցող օղակների հետ անդրկուլիսյան մակարդակում շփվելիս Բագրատի առաջ պատեր են առաջանում:
Ստացվում է` սալոնային մակարդակով արվեստագետներին հովանավորելուց եւ ցուցահանդեսի հաճախելը ցույց տալուց զատ իրականում նրանց համար ոչինչ չի արվում:
Բագրատը չի սիրում խոսել, պատմել այդ մասին, չի ուզում ստեղծվի տպավորություն, որ ինքը բողոքում է, սակայն ակնհայտ է` այս ամենը խորապես վիրավորում է նրան, ու նա եւս սկսում է որոնել հեռանալու ճանապարհներ. «Ուզում եմ գնալ Հայաստանից, ուզում եմ ավելի ազատ լինել…. Չեմ ասում, թե այնտեղ ավելի լավ է, բայց գոնե էս համատարած կեղծիքը, արհեստական ու սուտ հարաբերությունները չեն լինի: Հոգնել եմ կեղծիքից, խոստումներից, սահմանափակումներից, ազատություն, անկախություն եմ ուզում: Դրա հետեւից պետք է գնամ»,-ասում է Բագրատը:
![]() |
![]() |
Վեր է դժգոհություններից
Բագրատի մտահոգություններն ու հիասթափություններն, այդուհանդերձ, քանդակներում չեն արտահայտվում. դրանք առանձին, չբողոքող, ինքնաբավ, համառ, անհատական պատմություններով ու չկրկնվող բնավորություններով աշխատանքներ են` սեփական կենսագրությամբ ու էներգետիկայով:
Մարիամ Մուղդուսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ


Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել