HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Ովքե՞ր են նրանք. մուսուլման հայախոս համշենցիները (մաս 4)

Շարունակում եմ Թուրքիայի սևծովյան արևելյան ափին բնակվող մուսուլման հայախոս համշենցիների մասին պատմող ակնարկս: Նախորդ երեք մասում ներկայացրել էի համշենցիների վերաբերյալ պատմական ակնարկ, Քայաքոյ և Բաշոբա գյուղերը, և համշենցիների իրենց ինքնության երեք ընկալումները, քաղաքական հիմնական ուղղվածությունը (առաջին մասն` այստեղ, երկրորդ մասն` այստեղ, երրորդ մասն` այստեղ)

Համշեսնակ

«Յարասա»  ո՞նց կասեք»,-թուրքերեն հարցնում է Հարունը:

«Չղջիկ, իսկ դո՞ւք»,-ասում է Խաչիկը:

«Մաշկաթև»:

«Հետաքրքիր է, մաշկ և թև բառերից է»,-ասում եմ ես:

Հարունը զարմանում է, չգիտեր, մաշկ բառը Համշենի բարբառում վերացել է, բայց թռչունի անվան մեջ մնացել:

Անահիտի «երկուտակ» լինելու շնորհիվ էլ պարզվեց, որ հղի նշանակում է էրգուտակ: Ջեմիլն ու Հարունը ասում են, որ իրենց լեզուն անվանում են համշեսնակ կամ հոմշեսնակ, բայց համշենցիների մասին ուսումնասիրություններում լեզուն անվանվում է «հոմշեցմա»:

Համշենի բարբառը լսում եմ ու բան չեմ հասկանում, ինչպես անծանոթ լեզու: Նույնն էլ Աբխազիայում էր, միայն թե այնտեղ համշենահայերը գիտեն նաև գրական հայերեն, 2004-ին 38 հայկական դպրոց կար, ու նրանց հետ առանց թարգմանչի շփվում ես այնպես, ինչպես հայաստանցու հետ: Կրասնոդարի համշենցիները գրական հայերեն չգիտեն, բայց նրանց հետ էլ ռուսերեն կարող ես շփվել: Իսկ հոփա-համշենցիների հետ առանց թարգմանչի անհնար է, բայց տասը օրում հասկացա`մեկ ամիս Հոփայում մնալով ու համշենցիների հետ շփվելով վստահ եմ, որ կհասկանամ բարբառը:

Անցան ժամանակները, երբ աղջիկները կրթությունը չէին շարունակում. Բաշոբացի 13-ամյա աղջիները ընտրել են ապագա մասնագիտությունը. Բեթուլ Քարագյոզը ուզում է դառնալ անգլերենի ուսուցիչ, Այրին Ջաաօղլուն մանկական բժիշկ Բաշոբայի դպրոցում. այստեղ երեխաները իրավունք չունեն խոսել համշսնակով

Երբ շատ եմ լարում լսողությունս, նկատում եմ հայերեն բառեր ու հետզհետե ընկալում, որ հայերեն խոսք է, մի նախադասության մեջ մի քանի բառ, ապա նաև կարճ նախադասությունները հասկանալի են դառնում. ծննդյան օրը-ձին օրը, լուսին-լուսինկա, փեչ-փեչկու, աստղ-աստախ, կա-կո, փչում է-փչա գու, տարան-դարին, առաջ-արշին, եկող օր,վաղը- քամ օր, գյուղ-քյաղ, մարդ չի- մարդ չա, ծովափ-ձիափ, անտառ-ցախ, որտեղից կգաս-ուստի կուգաս կամ ուստեն կու գաս, ուր ես գնում-նոր կերթաս, կենտրոն-ակ, ամենաշատը աստված անձրև կտա մեզ -մենաշադը Աստված չախ գու դա մեզ, նայում եմ-փութ գենիմ, լավ-սոյ, գլխաշոր-յազմա , ինչպես ես- սոյես թա:

Հայաստանում, նաև Երևանում խոսակցական ուտել-խմելուն երբեմն ասում են ուտուշ-խմուշ, Համշենի բարբառում մի երկու անգամ ուտուշ բառը լսեցի, պարզվում է անորոշ դերբայի –ել վերջավորության տեղը Համշենի բարբառում -ուշն է` փորել-փորուշ, երգել-գոնչուշ կամ գանչուշ, երգի-գոնչի (կանչել բառից է), սովորել-գարդուշ:

Աճառյանը «Քննություն Համշենի բարբառի» գրքում գրում է, որ մ-ից ու ն-ից առաջ ա-երը օ են դառնում. «Այս երևույթը այնքան ընդհանուր է, որ ազդում է նույնիսկ թուրքական բառերի վրա. Tavan>թավօն(գերանդի)»[1]:

Մանկության տարիներին  ծնողներիս հետ հաճախ ամառը գնում էինք Սոչիի մոտ Լոու գյուղում հանգստանալու, որտեղ մոտ 80 տոկոսը համշենահայեր էին: Բան չէի հասկանում, հայրս ասում էր` որ ուշադիր լսես կսովորես, օրինակ` ի՞նչ ա նշանակում «էշթոմ Լո գոմ», ի՞նչ` հարցնում էի, «գնամ Լոու գամ», երկու տեղ մ-ից առաջ ա-ն ո է դարձել:

Բաշոբայի դպրոցում

Բայց միշտ չի ա-ն ո դառնում. օրինակ Հոփայի գյուղերում տղա զավակին մանչ կեսեն, իսկ  Մաքրիալում(Քեմալփաշա) մոնչ:

Իսկ «դղա»-ն էլ երբեմն զավակ է նշանակում, «ունեմ դղա մանչ ու ախչիկ մանչ»- ունեմ մի տղա զավակ ու աղջիկ զավակ: Համշենի բարբառի ու իմ արարատյան խոսվածքի միջև գլխավոր ընդհանրությունը ա օժանդակ բայն է, որ չկա արևմտյան բարբառներում,  օրինակ` վով ա- ով ա-ով է: Լեզվաբան Հայկանուշ Մեսրոպյանը ասում է, որ Համշենի բարբառում օժանդակ բայը  պարզ ա չէ, մի հնչյուն է ա-ի և ը-ի արանքում):

Աճառյանի ուսումնասիրությունը վերաբերում է միայն քրիստոնյա համշենցիների բարբառին, առաջաբանում ասում է, որ առաջին ուսումնասիրությունը կատարել է Տրապիզոնում 1910թ., ապա սովետական տարիներին Գագրայում:

Սերգեյ Վարդանյանը լրացնում է Աճառյանին ուսումնասիրելով հոփա-համշենցիների բարբառը: Իր «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը» գրքում գրում է, որ մահմեդական համշենցիների բարբառի երկու ճյուղ կա`արդըլեցիների (ծագումով Հոփայի Արդալա գյուղից) և թուրցևանցիների (դուրս բառից), այսինքն դրսեցիների, Քեմալփաշայի շրջակայքի գյուղերի բնակիչների: Համշենի բարբառի մի քանի օրինակ Վարդանյանի ուսումնասիրությունից.

Անկողին-բարգէլդաղ. Հոգնած էին, մտան անկողին և քնեցին- Թաթրած էնի, մէդան բարգէլդաղէ ու քուն աղան:

Որսորդ-ավջի, նապաստակ-դաուշօն: Որսորդը նապաստակ սպանեց-Ավջին դաուշօն ցվօնէց:

Կուրծք-ձիձ: Կովի կուրծքը լիքն էր կաթով- Գօվուն ձիձը գաթօվ լիքցած էր:

Ողնաշար-բօչքէլօխ: Ողնաշարը կոտրվել է- Բօչքէլօխէ չարէվաձ ա:

Կողմ-սէմթ: Ո՞ր կողմ գնաց- այն կողմ:– Ո՞ր սէմթնիուս քէնաց-ան սեմթե:

Ծայր-ձայ, ջօթ: Պարանի ծայրը տուր:-Չվօնին ձայը (ջօթը) դու ինձի:

Ճարպ-յաղ:Այծի ճարպով տրորում են մրսածի մեջքը:- Աձուն յաղօվը գաջէրին մէսաձին լէրթէ[2]:

Աճառյանը Համշենի բարբառի մի քանի առանձնահատկություն է նշում, որոնք չկան այլ բարբառներում.

Հարուստ է գրաբարյան այնպիսի բառերով, որոնք չկան ոչ մի բարբառում. Անալութ>օնլութ-եղնիկ, աք>աք-ոտք, սնար>սնարք-բարձ, տոսախի>ղոսխի-ծառ, կիվ(խեժ)>գիվ-ծամոն, անթ կամ անութ>օնթ-գիրկը:

Հաջորդ առանձնահատկությունը` «ունի ընտիր նորակերտ բառեր» . տալայր, հօրաքույրայր, արևքույր-արևածաղիկ, հայսդիր-խմորի մեծ տաշտ, սարդբույն-սարդոստայն, անթտակ-թևի տակ, թանքամ-քամած մածուն, խրտիչ-խրտվիլակ թռչուն վախեցնելու համար, մօմայր-հորեղբոր կին: Վարդանյանի բառարանում այս բառերից միայն գիվն ու օնլութը կան (գիրկն առնել-օնթուշ), մյուսները բացակայում են կամ այլ բառով են, օրինակ ոտք-օտք, արևածաղիկ-այչիչակ(թուքերեն), բարձ- արց, յաստուղ:

Մայրերն են փոխանցել համշեսնակը

Բաշոբայի դպրոցի ուսուցիչներ

Ջեմալ Վայիչի տանը՝ Քայաքոյում բոլորը ասեցին, որ մինչ դպրոց գնալը թուրքերեն չեն իմացել: Ոչ Հարունը, ոչ Ջեմիլը, ոչ Ջեմալը, և ոչ էլ երեսունն անց որևէ մեկը մինչև 7 տարեկան թուրքերեն չեն իմացել, խոսել են համշեսնակով: Թուրքերենը սովորել են դպրոցում: Դեռևս յոթանասունն անց  կանայք կան, որ խոսում են միայն համշեսնակով, թուրքերեն չգիտեն, կարիքը չունեն, իրենց գյուղից և համայնքից դուրս շփումներ չեն ունեցել: Տղամարդիկ ստիպված սովորել են, քանի որ իրենց աշխատանքը դրսի հետ էր կապված:

Հարունն ասում է, որ 80-ական թվերից սկսվեց  հոփա-համշենցիներին ասիմիլացնելու քաղաքականությունը: Դպրոցներում ուսուցիչները թուրքեր են, բայց  նաև միշտ լինում են մեկ-երկու տեղացի ուսուցիչներ, և հենց նրանց էլ հանձնարարվում էր` գնացեք ձեր համագյուղացիներին բացատրեք, որ այլևս պիտի հրաժարվեք էդ լեզվից, որովհետև հետ են մնում, կրթություն կարգին չեն կարողանում ստանալ, պետք է իրենց լեզուն մեկ կողմ դնեն նորմալ թուրքերեն սովորեն:

«Լավ եմ հիշում, մի ուսուցիչ ինձ ծնկաչոք բացատրում էր, որ դու պետք է սովորես թուրքերեն, որովհետև դպրոցում դա է լեզուն,-պատմում է Հարունը,- Եվ հետո ընտանիքների վրա են ճնշում` դուք տանը երեխաներին թրքերեն սովորեցրեք, տանը մի խոսեք համշեներեն: Հայրս խիստ մարդ էր, վախեցնում էր, որ համշեներեն չխոսեմ, բայց ինքը շարունակում էր տանը համշեներեն խոսել, որովհետև նա լավ գիտի, որ ամենալավը դա եմ հասկանում, բայց ինձանից պահանջում էր, որ ես թուրքերեն խոսեմ»:

Հարուն Աքսու. «մորս կողմից ոչ մի ճնշում չի եղել»

«Իսկ մա՞յրդ»:

«Ոչ, մորս կողմից ոչ մի ճնշում, ոչ մի բառ չի ասել»:

Օզջան Ալփերի առաջին ֆիլմում` «Մոմի»-ում (տատիկ) տատն է թոռանը համշեներեն հաշվել սովորեցնում: Ալփերը Երևանում Ոսկե ծիրանի ժամանակ ինձ տված հարցազրույցում ասում է, որ ինքն էլ մինչև դպրոց գնալը թուրքերեն չի իմացել, իսկ  համշեներենը հիմնականում սովորել է տատիկից. ով թուրքերեն ընդհանրապես չգիտեր(տես այստեղ): Նրա երկրորդ «Աշուն» ֆիլմում էլ հերոսը` Յուսուֆը մոր հետ է խոսում համշեսնակով:

Հովան Սիմոնյանը գրում է, որ առհասարակ մայրերն են փոխանցել համշեներենը[3]:

Օզջան Ալփերը 2011-ի Ոսկե ծիրան կինոփառատոնում
(Լուսանկարը Իննա Մխիթարյանի)

Հետզհետե համշեներենը սկսել է զիջել իր տեղը թուրքերենին և հիմա արդեն երեխաների մեջ դժվար թե գտնես մեկին, ով մինչ դպրոց գնալը թուրքերեն չիմանա: Ասում են մի հոգի է մնացել թուրքերեն չիմացող, Ադաբազարում մի տղա կա, ով տասը տարեկանում խլացել է և այդպես էլ թուրքերեն չի սովորել:

«Հեյամո» հյուրանոցի երիտասարդ աշխատողը ասում է, որ համշեներենը խոսում է հիմնականում մոր ու տատի հետ, որ չնեղվեն:

«Նաև դեր խաղաց հեռուստատեսությունը,- ասում է Հարունը,-80-ականներից համատարած բոլորը հեռուստացույց ունեին և էդ ժամանակից թուրքերենը մտավ մեր տները»:

Թուրքիայում դպրոցներում արգելված է թուրքերենից  բացի այլ լեզվով խոսել:

Մի կողմից կրթությունը ու արդիականացումը պոկում են համշենցիներին իրենց սարերից ու տանում ձուլման, մյուս կողմից էլ աշխարհը բացվում է նրանց առաջ և սկսում են փնտրել իրենց արմատները ու պարզել, թե որտեղից են իրենք:

Բաշոբայի դպրոցը բացվել է 1952թ. ու կրթությունը դարձել պարտադիր: Իսկ ի՞նչ էին անում մինչև դա:

Կադիր Աքսու. Երկար խոսքի կարճը ասեմ' մենք այն
մարդիկ չենք որ ժխտենք մեր արմատները

«Չէին սովորում,-ասում է Բաշոբայի դպրոցի տնօրեն 40 տարվա մանկավարժ 60-ամյա Կադիր Աքսուն,- Հիմա կան հալիվորներ, որ չգիտեն էսօրվա գրերը (թուրքական այբուբենը) ու մի քիչ գիտեն հին օսմաներենը (արաբատառ թուրքերեն): Երբ Աթաթուրքը տառերը փոխել տվեց, սկսեցին քաղաքում դպրոց բացել, բայց գյուղերում դպրոցներ չեն եղել»:

Գյուղացիք էլ քաղաք դպրոց չէին տանում, հարուստ էլ չկար, որ էրեխուն կրթության տար, բոլորը աղքատ էին:

Կադիրի ժամանակ դպրոցը հնգամյա է եղել, ուսումը միջին դպրոցում շարունակելու համար չարշի (շուկա/քաղաք) էին գնում: Ինքը հնգամյա կրթության կեսից տեղափոխվել է Արհավի և այնտեղ ստացել միջնակարգ կրթություն:

Այժմ գյուղում գործում է և մանկապարտեզ և բարձր առաջադիմություն ունեցող իննամյա դպրոց  հարյուր աշակերտով: Լիցեյ սովորելու համար պետք է մեկնել Հոփա:

«Բոլո՞ր աշակերտներն են համշենցի,-հարցս դեռ չթարգմանված թեյ մատուցող աշակերտուհին գլխով է անում`այո: Ուրեմն, հասկացավ իմ հայերենը: Իսկ 26 ուսուցիչներից միայն երկուսն են համշենցի:

Դպրոցում արգելված է համշեներեն խոսել:

«Չենք թողնում, որ խոսեն, նաև մյուս ուսուցիչները չեն հասկանում»,-ասում է Կադիր Աքսուն:

«Իսկ եթե տեսնեք խոսում են, պիտի արգելե՞ք»:

«Օրենքը այդպես է, բայց հո դիկտատոր չենք ամեն պահի բերանը փակենք»:

«Իսկ դասի ժամանակ ասվո՞ւմ է, որ իրենք համշենցի են»:

«Մենք նման բաներ իրենց չենք սովորեցնում, բայց եթե երեխան հարցնի` էս որտեղից ենք գալիս, ես պարտավոր եմ լուսաբանել»:

«Ի՞նչ եք ասում»:

«Երեխային համոզիչ ձևով մի բան կասենք էլի»:

«Իսկ ձեր կարծիքով ովքե՞ր են համշենցիները»:

«Ում ձիուն նստած ես անոր երգը կգոնչես (կերգես): Ասիմիլյացիայի ենթարկված մարդիկ ենք, մենք էստեղ ենք, մեր պապերը էստեղ են ծնվել ու ապրել: Գուղացիների հետ կզրուցենք ու բոլորս գիտենք, որ ինչ-որ ժամանակ մենք էստեղ եկած ենք, իմ հայրը ինչ-որ բաներ ինձ պատմել է, հետո ուրիշից եմ լսել, ու ինչ-որ գաղափար կազմել եմ:

«Ի՞նչ գաղափար եք կազմել»:

«Երկար խոսքի կարճը ասեմ` մենք այն մարդիկ չենք որ ժխտենք մեր արմատները»:

Սովետական Հոփա-համշենցիներ

Չաղ կուքար ու քենացեր անդեր  /Անձրեւ էր գալիս ու դու գնացիր անտեր

Ցուն կուքա բոր մենացեր անդեր / Ձյուն է գալիս ո՞ւր մնացիր անտեր

Էրսուն օչխարին ամա անդեր / Երեսուն ոչխարի համար անտեր

Գյուրջիստանին մենացեր անդեր / Վրաստանում մնացիր անտեր

Հավան ու Նարգիզան

Այս երգը պատմում է այն ամուսինների մասին, ովքեր բաժանվել են Սովետի ու Թուրքիայի սահմանը փակվելու պատճառով` կինը ողբում է հոյիվ ամուսնու կորուստը, ով հոտը արածացնելիս մնացել է Վրաստանում ու չի կարող վերադառնալ տուն, սահմանը փակված է եղել: Փակվում է թուրք-սովետական սահմանը և իրարից բաժանվում են տարբեր պետությունների մեջ մնացած նույն ժողովրդի ազգականները:

1921թ. Բաթումի պայմանագրով կրկին Թուրքիային անցավ Արդվինի նահանգը, նրա հետ նաև  հոփա-համշենցիների բնակավայրերի մեծ մասը: Սովետական Միության կազմի մեջ մնացին վեց  գյուղեր, որոնցում բնակվում էին նաև համշենցիներ: Երբ երեսնական թվերին էլ սահմանն անցնելը ավելի խստացավ, բաժանվեցին քույրը եղբորից, ծնողները զավակներից:

1944թ. Ստալինի որոշմամբ 1385 «խեմշինները», այլ մուսուլմանների`թուրքերի, և քրդերի հետ աքսորվում են Ղըրղզստան և Ղազախստան որպես «անվստահելի բնակչություն»(неблагонадежное население): Միայն Ստալինի մահից հետո են նրանք իրավունք ստանում անձնագիր ունենալ, որտեղ ազգությունը նշվում է «Խեմշիլ» երբեմն` թուրք[4]:

Սերգեյ Վարդանյանը 80-ականներին Կիրգիզիայում հանդիպել է հեմշիլ Հաբիբ Քոշանիձեին, ով ասել է. «Ազգությամբ ու արյունով հայ եմ, բայց մահմեդական եմ, լեզուս հայերեն է`Համշենի բարբառը, թեև դպրոցում իմ պահանջով մատյանում ազգությունս նշում էին հայ, բայց անձնագրում գրվեց  խեմշիլ, անունս արաբական է, ազգանունս վրացական (մերոնց խաբել են, թե ազգանունը փոխեք, չենք աքսորի), ծնվել եմ Կիրգիզիայում, սովորել եմ ռուսական դպրոցում, ազատ խոսում եմ ղազախերեն, կիրգիզերեն, ուզբեկերեն, բայց գրական հայերեն չգիտեմ: Այս ի՜նչ աշխարհ է, ի՜նչ ազգ ենք, ի՜նչ ճակատագիր»[5]:

Վարդանյանի ուսումնասիրությամբ 1987թ. Սովետական Միությունում կային մոտ 3 հազար մուսուլման համշենցիներ, 1970-ական թվերից նրանք Միջին Ասիայից սկսում են արտագաղթել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի և Ափշերոնսկի շրջաններ: 1989թ. Միջին Ասիայում ազգայնական բախումների հետևանքով մուսուլման համշենցիների արտագաղթը դեպի Կրասնոդար մասսայական դարձավ[6]:

80-ականնրի վերջից, երբ սկսվում է թուլանալ սովետական սահմանը երկու ժողովրդի հատվածները միմյանց վերագտնում են. 70 տարին բավական չէր, որ նրանք իրարից այնպես հեռանային, որ միմյանց աղջիկ չտային, բայց  այն բավական էր, որ ձեռք բերեին այնպիսի նոր սովորություններ, որոնք մեկը մյուսի համար խորթ են:

Նարգիզա Մամուշևան իր ապագա ամուսնուն` Մումի Յըլմազին ճանաչել է լուսանկարով, հետո հարցրել է թե արդյո՞ք թուրք չի, եթե թուրք է, չեմ ուզի ամուսնանալ: «Թուրք չեն, համշենցի են,-բացատրել են նրան,-ինչպես մեզ մոտ է, այնպես էլ նրանց մոտ է»: «Ես էլ հարցրի` դո՞ւ ինչ ես, դո՞ւն վով ես, ռո՞ւս ես, ասեց` ես էլ ռուս չեմ, ես համշենցի եմ»,-պատմում է Մումին:

Մումիի մայրը Գյոնուլը օրորոցային է երգում Էլիսուլթանի
համար

Նարգիզայի բախտը բերել է, որ ծնվել է այնպիսի ժամանակներում, երբ գոնե հարսնացուն, թեկուզ լուսանկարով, հավանություն է տալիս իր փեսացուին: Ոչ վաղ անցյալում անփեսա նշանդրեքներ են եղել ու աղջիկը միայն ամուսնության օրն է տեսել իր ամուսնուն:

Մումին լուսանկարն ուղարկելու փոխարեն ինքը կգնար Նարգիզայի մոտ` Կրասնոդարի Ափշերոնսկ շրջանը, չգնալու խոչընդոտը ոչ թե ադաթն է, այլ թուրքական օրենսդրությունը, նա մի քանի տարի բանտ է նստել և այժմ  4 տարի Թուրքիայից բացակայելու իրավունք չունի: Հիմա էլ նրա եղբայրը` Ջիհանն է բանտում ոստիկան ծեծելու համար:

Եթե Ջիհանը Կրասնոդարում վթարի չենթարկվեր երկու եղբայրները չէին գտնի իրենց կանանց:

Յըլմազները Իշմեքայա գյուղից են(Eşmekaya, նախկին անունը Արդալա` Ardala: Մումին հպարտությամբ իր անվանը կպցնում է Արդալեցի), վարորդներ են: Ջիհանը երկու տարի առաջ Սոչիի մոտ վթարի է ենթարկվում, մեքենան շարքից դուրս է գալիս ու օտարության մեջ նրան ձեռք է մեկնում  համշեներեն խոսող անծանոթը, ով պարզվում է իրենց գերդաստանից է. «Իմ տատիկի քրոջ թոռն է լինում»,-պատմում է Մումին:

Մումի Յըմլազենց տանը

Ափշերոնսկում երկու շաբաթ մնալու ընթացքում ամուսնության նպատակով Ջիհանին ծանոթացնում են իր ապագա կնոջ` Հավա Կարաչօղլիի հետ. «Իրար տեսանք հավանեցինք»,-ասում է Հավան:

Ջիհանը վերադառնում է և եղբորից ամուսնության թույլտվություն խնդրում. «Ինձ ասեց` աղջիկ եմ հավանել, ինձ թույլ կուտա՞ս ամուսնանամ, (համշենցիները ավանդույթ ունեն, որ եթե մեծ եղբայրը ամուսնացած չի, փոքր եղբայրը նրանից պետք է թույլտվություն վերցնի ամուսնանալու համար), ես ասեցի գնա, թույլ եմ տալիս, բայց ինձ համար էլ հարսնացու գտիր»:

«Չէ մենք հայ չենք, ուղղակի լեզուն մոտ է, ինչպես օրինակ, Ղազախ, ուզբեկ, Կրգիզ մի լեզվախումբ է, Քուրդ, պարսիկ, տաջիկ մի լեզու է, այդպես էլ համշեներեն ու հայերեն մի լեզու է»,-ասում է 53-ամյա Ֆայկ Կարաիբրահիմովը ով Կիրգիզիայից տեղափոխվել է Ռոստով, անտեղից էլ ընտանիքով 1995-ին Թուրքիա' Քեմալփաշա

2010-ին երկու զույգերի` հոփացի եղբայրներների ու ափշերոնսկցի աղջիկների հարանիքն են անում` 40-ամյա Մումի Ելըմազը ամուսնանում է 20- ամյա Նարգիզա Մամուշևայի հետ, Ջիհան Ելմազը 16-ամյա Հավա Կարաչօղլուի հետ: Երկու հարսանիք են անում, մեկը առանց Մումիի Ափշերոնսկում, սովետական համշենցիների սովորություններով, մյուսը արդեն Հոփայում:

Հավան արդեն դուստր ունի` Էլիսսուլթան, Նարգիզան էրգուդագ է(հղի):

«Ես ասում էի` դեռ փոքր եմ, ուզում եմ դպրոցն ավարտեմ գնամ համալսարան սովորեմ, ասեցին, չէ, զամուժ, իսկ ես ոչինչ չկարողացա ասել, մեծերը ինչ ասում են պիտի լսես,-ասում է 17-ը նոր բոլորած Հավան Իշմեքայայի Յըլմազների տանը,- մեզ մոտ նույնիսկ եթե ուսումը շարունակեն, ամուսնությունից հետո ամուսինները չեն թողնում սովորել»:

Ասում է, որ Կրասնոդարում չկան այնպիսի կանայք, ովքեր սովորել են ու աշխատում են: Հոփայի համշենցի կանայք ուսման մեջ ավելի շատ ազատություն են ստացել:

Բաշոբայի դպրոցի տնօրեն Կադիր Աքսուն ասում է, որ իր երիտասարդության տարիներին  աղջիկները նույնիսկ միջնակարգ կրթություն չէին ստանում, և շուտ ամուսնացնում էին: Սակայն հիմա փոխվել է, աղջիկները սկսել են համալսարաններ ընդունվել մեծ քաղաքներում:

Հավան ծնվել է Ափշերոնսկում, գիտի, որ իր հայրն ու մայրը Միջին Ասիայից են: Իսկ Նարգիզան ծնվել է Ղրղզստանում, վեց ամսական է եղել, երբ տեղափոխվել են Կրասնոդարի երկրամաս: Նարգիզան ու Հավան միայն Հոփայում են իմացել, որ իրենց պապերը Բաթումից աքսորվել են, տանը այդ մասին ոչ մի խոսակցություն չի եղել. «Ծնողներից միայն լսել եմ, որ Կիրգիզիայում պատերազմ է եղել և մենք փախել-եկել ենք Կրասնոդար»,-ասում է Նարգիզան:

Հավայենց ընտանիքը Ափշերոնսկում մտերիմ հայ հարևան ունի ու միմյանց հետ մայրենի լեզվով խոսելիս շատ բաներ հասկանում են.«Ինձ համար հայերն ու համշենցիները նույն ազգն են»,-ասում է Հավան: Նարգիզան այլ կարծիքի է. «Ոչ, մենք տարբեր ենք, հայերը քրիստոնյա են, մենք մուսուլման»:

Հոփայում նրանք միայն համշեներեն են խոսում, իրենց ռուսերենը ոչ ոք չի հասկանում: Իրենց և Հոփայի համշեներենը նույնն է մնացել, միայն որոշ բառեր են տարբեր. «ընդամենը մի քանի բառ լրիվ ուրիշ են, օրինակ, մաշինա-ին արաբա են ասում, իսկ մեզ մոտ տիլեժկային ենք արաբա ասում, մեր կարի մեքենան`մակինա, էստեղ լվացքի մեքենան է այդպես կոչվում»,-ասում է Նարգիզան:

Բայց սովորությունները տարբեր են. «էստեղ կանայք շատ փակ են հագնվում, միշտ գլխաշորով են, չամուսնացած աղջիկները անպայման պիտի փակեն գլուխը, մեզ մոտ այդպես չի, ամուսնացածներին էլ եթե ամուսինը թողնում է գլխաբաց են լինում դրսում և միայն մեծերն են անպայման կապում գլխաշոր»:

Թուրքիայի համշենցիներն էլ սովետականներին են պահպանողական համարում, ինչպես Ջեմալ Վայիչն էր ասում, նրանց մոտ կանայք ու տղամարդիկ պիտի առանձին հաց ուտեն, իրար հետ չշփվեն, մինչդեռ Հոփայում նման բան չկա: Իրոք, հոփա-համշենցիների որ տունը մտնես, կանայք տղամարդուն հավասար անծանոթին ձեռքով բարևում են, իսկ ոմանք էլ որպես մտերիմի գրկախառնվում ու տղամարդկանց հետ սեղան նստում:

Նարգիզան պատմում է, որ  իրենք ավելի պահպանողական են ընտանեկան հարաբերություններում. «Պապիկի հետ հարսը չի խոսում: Եթե ուզում է, որ հարսը խոսի, պապիկը նվեր է առնում հարսի համար, իսկ էստեղ էդպիսի սովորություն չկա, բոլորը իրար հետ խոսում են նորմալ: Հետո այնտեղ ավելի հավատացյալ են, քան էստեղ, ինձ թվում է էնտեղ ավելի շատ են գնում մզկիթ, էստեղի համշենցիք հավատով ռուսներին են նման»:

Երկու դեռահաս կանանց բախտը բերել է, որ նույն տուն են հարս գնացել և իրենց երկրի կարոտը միմյանցից առնում են: Շփվում են նաև Կրասնոդարից եկած ուրիշ հարսների հետ, Նարգիզան ասում է, որ Ափշերոնսկից 43 հարս է եկել Հոփա:

«Ամուսնուս ասեցի` ձանձրանում եմ տանը, գուցե աշխատեմ, զբոսնելու չեմ գնում, տեղ չկա, ազգականներ չունեմ,-ասում է Նարգիզան,- բայց ամուսինս չթողեց աշխատել, դե ինքը ամեն ինչով ապահովում է: Էնտեղ մամաս էլ չի աշխատում, հայրս չի թողնում, ասում է` ես ապահովում եմ, հերիք է»:

Սև ծովի Հոփայի ափից նրանք կարոտով են հիշում ռուսական ափը, ուր կյանքը ավելի աշխույժ ու ազատ է, քաղաքները հարուստ սրճարաններով ու այգիներով, ուր կանայք ու աղջիկները տղամարդկանց հավասար դուրս են գալիս զբոսանքի:

Հարսանիքը ամենաաչքի ընկնող տարբերությունն է, սովետական կարգերի տակ ապրող համշենցիների համար հարբելու ու քեֆ անելու ցանկությունը շատ ավելի ուժեղ է գտնվել կրոնական համոզմունքից ու օղին ու կերուխումը հարսանեկան արարողության գլխավոր մասն են, իսկ Թուրքիայի համշենցիները, թեև ապրելով աշխարհիկ համարվող երկրում` հավատարիմ են կրոնականությանը և հարսանիքին սեղան չեն գցում, ոգելից  չեն խմում: Միայն հարսանիքից հետո, փեսայի տանը խմիչքով սեղան են գցում:

«Մեզ մոտ հարսանիքին մինչև առավոտ քեֆ են անում, ուտում խմում են, էստեղ չէ, հարսանիքին միայն պարում են, ուտուշ-խմուշ չկա, հարսանիքից հետո տանն են խմում,-ասում է Նարգիզան,-  մեր հարսանիքն էլ երկու ձևով էլ եղավ` մեզ մոտ ուտել-խմելով, էստեղ առանց սեղան գցելու»: 

շարունակելի

Լուսանկարները Անահիտ Հայրապետյանի

Ուսումնասիրությանը մասնակցեց Խաչատուր Տերտերյանը


[1] Հրաչյա Աճառյան «Քննություն համշենի բարբառի», ՀՍՍՌ գիտությունների ազգային ակադեմիա, 1947թ.:

[2] Սերգեյ Վարդանյան, «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը», ԵՊՀ, 2009:

[3] “The Hemshin. History, society, and identity in the Highlands of Northeast Turkey”, Edited by Hovann H. Simonian, Routledge, London and New York, 2007

[4] Սովետական համշենցիների վերաբերյալ բոլոր տեղեկությունները վերցված են Սերգեյ Վարդանյանի «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը» գրքից, ԵՊՀ, Երևան, 2009:

[5] Նույն տեղում:

[6] Նույն տեղում:

Մեկնաբանություններ (19)

KADİR AKSU
Thanks for your good wishes,all the pictures and sayings are very good and we are so happy.
պ. հ. մ.
Խորհուրդ եմ տալիս բոլոր հայերին, որ գոնե մեկ անգամ այցելեն օրհնյալ Արցախ աշխարh և կհիշեն իմ այս վկայությունները։ --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- Հայեր ջան, ես էլ անցյալ տարի առաջին անգամ եղա հրաշք Արցախ աշխարհում և հիացա արցախցիների սիրալիրությամբ, բարյացակամությամբ, հյուրընկալությամբ և հատկապես նրանց ներքին հպարտությամբ ու պարկեշտությամբ։ Այդ որակի հայ հավաքականությունն ինձ համար հայտնագործություն էր։ Իմ պապերն Արևմտյան Հայաստանից են Մոկս, Վան, Մուշ։ Ես ծնվել ու մեծացել եմ այսօրվա Հայաստանի Հանրապետությունում և այս պահին մասնագիտական գործի բերումով բարեհաջող ապրում ու աշխատում եմ արտերկրում` շարունակական օգտակար լինելով իմ հարազատներին մայր Հայաստանում։ Ես աշխարհի շատ երկրներում եմ եղել, այսինքն բավական տեսած ու ապրած մարդ եմ։ Սակայն, այն ինչ ես անցյալ տարի Արցախ աշխարհում տեսա ու ապրեցի, բառերով դժվարանում եմ արտահայտել։ Հրաշք, հրաշք և դարձյալ հրաշք։ Ես հոգևոր վերածնունդ ապրեցի, իսկապես առյուծ հայ մարդ դարձա։ Խորհուրդ եմ տալիս բոլոր հայերին, որ գոնե մեկ անգամ այցելեն օրհնյալ Արցախ աշխարh և կհիշեն իմ այս վկայությունները։ Թող բարի Աստված պահի, պահպանի և էլ ավելի օրհնի հայոց հրոսական Արցախ աշխարհը, Հայաստանը և համայն հայությանը, ինչպես նաև աշխարհի բոլոր բարի կամքի տեր մարդկանց։ Անկեղծորեն՝ պ.հ.մ.
պ. հ. մ.
Ցավով պիտի նշեմ, որ շատ քիչ հայորդիներ հասկացան ու ըմբռնեցին իմ արտահայտած համեստ կարծիքի բուն իմաստը։ Լռողների մասին դժվարանում եմ կարծիք հայտնել։ Այո, ժամանակը հասուն չէ, ուստի, եթե պատմությունը թույլ տա, պիտի դեռևս շարունակենք լացել ու կորցրածն այնտեղ փնտրել, որտեղ այն չկա.......։ Ես հավատում եմ գալիք հայ նոր սերնդին։ Անկեղծորեն՝ պ. հ. մ. --------------------------------------------- Ամբողջ հոդվածն ուշադրությամբ կարդացի և հոգուս միջով սուր անցավ։ Եվս մեկ անգամ խորապես համոզվեցի, որ այսօր այս կարգի հոդվածների ժամանակ չէ, ինձ ճիշտ հասկացեք։ Այլևս հոգնեցինք լսելով, որ մեզ կոտորեցին, ճնշեցին, ստորացրին, վիրավորեցին, իսկ մենք ի՞նչ արեցինք և այսօր ի՞նչ ենք անում։ Թեև նոր բան չկա այս արևի տակ, սակայն կրկնությունը գիտության մայրն է, ուստի հիշեցնում եմ մի մոռացված ճշմարտություն, որը մենք գիտակից ու անգիտակից կրկնում ենք։ Լացը իր հետ լաց է բերում, ողբը՝ ողբ, իսկ հաղթանակը` հաղթանակ, սա Աստվածադիր օրենք է վկայված Աստվածաշունչ մատյանում։ Նորից եմ կրկնում, եթե ոմանք ուսումնասիրելու ցանկություն ունեն, ապա թող գնան և մեր հերոսական Արցախ աշխարհ և այնտեղ գյուղ առ գյուղ ուսումնասիրություներ կատարեն։ Ոսումնասիրեն, թե այդ ի՞նչ որակի առյուծասիրտ հայ մայրեր են ապրում այդ հայոց հերոսական լեռնաշխարհում, որոնք դարերի ընթացքում անթիվ ու անհամար խելացի և արի հերոսներ են ծնել ու մեծացրել։ Թե՞ մեզանում ունեցածը չգնահատելու ու կորցրածի վրա լացելու հիվանդագին ավանդությունը պիտի շարունակվի։ Եղբայրներ ջան, մենք վերջապես մարդավայել ու հայավայել մտածել, գործել ու ապրել պիտի սովորե՞ք։ Պատմությունը ոտքի կանգնելու և հզորանալու առիթներ է տալիս, սակայն սխալները երբեք չի ներում։ Մտածեք իմ ասածների մասին։ Այս առիթով ես այլևս ասելիք չունեմ։ Լավ եղեք։
Ruzanna Manucharyan Israyeli
inch lave vor mardik ays kerp gtnum en mimyanc,es el kuzeyi gtnel im hamakurseci Karine Tadoyanin,vor@ sovorel e 1976-1979 tt,Erevani Finansatntesagitakan texnikum,bayc avax el vochinch chgitem nra masin,miayn gitem vor mot 12 tari klini texapoxvel en rusastan,bayc vor qaxaq ayd el chgitem......
Jack Kalpakian
Mr. Karaibrahimov put it best, the Hamshen are not Armenian; whatever their roots, whatever they are now is irrelevant to us Armenians. Their relationship with Turkey is their business and we certainly owe them nothing, including preserving their language or any sort of Civil Society dialogue or interaction. If they are interested in relations, they ought to ask their government to normalize with Armenia, otherwise, this whole series is grand waste of time.
Հովհաննես Վարդանյան, լրագրող
Իրոք շատ հետաքրքիր էր: Երբեք այսքան հետաքրքրությամբ ոչ մի նյութ չէի կարդացել: Կարելի է ասել, որ դուք առաջիններից մեկն էիք, որ գրել եք համշենահայերի մասին: Շարունակեք նույն ոգով աշխատել, ես մեծ հետաքրքրությամբ կշարունակեմ հետևել ձեր աշխատանքին:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Գոհար Արշակյան - Շատ-շատ շնորհակալ եմ:
Գոհար Արշակյան
Վարազ Սյունի -Ձեր դասընկերոջ՝Արայիկ Պարոնյանի հեռախոսն է՝8910-900-52-94. նա ապրում է ՌԴ Ռյազան քաղաքում և գրանցված է odnoklassniki.ru կայքում
Գոհար Արշակյան
Վարազ Սյունի- Ձեր դասընկերոջ `Արայիկ Պարոնյանի հեռախոսահամարն է` 8910-900-52-94, նա վաղուց ապրում է ՌԴ Ռյազան քաղաքում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Aram Antonyan - Շատ շնորհակալ եմ: Այս մի քանի օրը անպայման կզանգեմ: Հուսով եմ խոսքը նույն անձի մասին է:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Գոհար Արշակյան - Շատ լավ: Շնորհակալություն: Կսպասեմ առայժմ այստեղ. այս հոդվածի տակի կոմենտների բաժնում:
Aram Antonyan
Es kardaci hodvacy indz el er da shat hetaqrqir. Arayik Paronyany im mterim ynkeroj Lyovayi qeru vordin e , bayc hima vortex e es chgitem karox eq zangel erevanum aprox ynkerojs 45-56-45 Lyovayin u manramasnel. Gohar jan du Lyovayin gites.
Գոհար Արշակյան
Վարազ Սյունի-Ես մինչ օրս սերտ կապ ունեմ իմ համակուրսեցիների հետ, Արամն այսօր ապրում է ԱՄՆ-ի Մայամի քաղաքում, նրա կին` Գոհարյան Մարգարիտն իմ մտերիմ ընկերուհին է, դարձյալ համակուրսեցի: Վերջինիս հետ հաճախ խոսում եմ սկայպով, անպատճառ կհարցնեմ, բայց չգիտեմ ինչպես Ձեզ փոխանցեմ, հավանաբար առայժմ այստեղ:Ախալքալակի ժողովուրդը ևս աշխարհասփյուռ է, հիմնականում`Դոնի-Ռոստով, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ,Կրասնոդար են գնացել...Արամի եղբայրները Մոսկվայում են:
kemal
merhaba vahan dostum tebrikler
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Գոհար Արշակյան - Դուք հիմա կապ ունեք Ախալքալաքի շրջանի Օռջա գյուղի կամ Օռջացիների հետ ընդհանրապես? Ես կցանկանայի տեղեկություն իմանալ իմ ուսանողական ընկեր Արայիկ Պարոնյանի մասին-էլի Օռջացի, 1990-ականների սկզբին սովորել է Երևանում. Գյուղ.ինստիտուտի Մեխ. ֆակուլտետում:
Գոհար Արշակյան
Մեծ հետաքրքրությամբ ու սպասումով եմ ընթերցում համշենահայերի մասին յուրաքանչյուր հրապարակում, շնորհակալություն բոլոր հեղինակներին. նրանց միջոցով շատ հարցերի պատասխանն եմ գտնում, որ խորհրդային ժամանակաշրջանից բաց էին...այս հրապարակման շարքից հասկացա, որ համշենահայերենում ,,ծ''տառը հնչում է` ,, ձ'', վերջինս էլ` ,,ց,,: Ի դեպ նրանց խաղիկները` երգերն ինձ շատ հասկանալի էին, նրանցում հաճախ արևելահայերենի 2 բառը միաձուլված են` 1 բառ են կազմում, երբեմն առանց հոդակապի... այս խոսակցականն ինձ հիշեցրեց մեխմաթի դասընկերոջս` Արամ Անտոնյանի լուսահոգի մորը, ում մասին խոսելիս զավակները ,,մարս'' էին անվանում: Նրանք ապրում էին Ախալքալակի շրջանի Օռջա գյուղում, զուտ քրիստոնյա, խիստ ավանդապահ ընտանիք էին, իսկ նախնիները գաղթել էին Էրզրումից:Հիմա հասկացա, որ դարերի մեջ իսլամացած համշենահայերը նույն հայերն են` ավելի բնական վիճակում, ստիպված դավանափոխ եղած: Ինչն էլ նրանց պահել է ջարդերից:Իսկ տարբեր հավատները չեն կարող ջրբաժան լինել նույն ժողովրդի բեկորների միջև, նրանք հոգով ու մարմնով հայեր են և երևի պետք չէ այսօր բարձրաձայնել, քանզի թուրքը քաղաքակրթության մեջ դեռ մեծ ճանապարհ ունի անցնելու...
Pierre Y
The Hopa Hamshens are probably better off where they are...Just imagine them trying to make a go of it in Armenia, preserving their way of life, etc...They'd be crushed by an oppressive bureaucracy and greedy capitalists.
goher
Es karcum em vor ete gone Russastani hamshecinerin darci chberven, apa kareli e moranal nranc hay linelu masin. Ays probleme nax ev arach petk eanhangstacni mer ekexecu hayrerin.
HEYIS
MEROG EN SRANG HAY ARMATNEROV

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter