HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ովքե՞ր են իրական կեղծողները

Երեւանի Հովսեփ Էմինի 52 հասցեի տանը հարակից 916,6 քմ մակերեսով հողամասի սեփականաշնորհման գործընթացը վերածվել է քրեական պատմության: Եղբայրներ Գուրգեն եւ Արսեն Միրզոյաններին այս պատմությունը սպառնում է 4-8 տարվա ազատազրկմամբ:

Գուրգեն Միրզոյանը պատմում է, որ 1953 թ. կառուցված պապենական տունը ժառանգել են իր մայրն ու մորաքույրները, իսկ 1997 թ. նվիրել իրեն ու եղբոր տղային՝ 79/31 հարաբերակցությամբ: Հետագայում ինքը, կատարելով համապատասխան պետական վճարումները, հարակից հողամասը (916,6 քմ մակերեսով) գնել է, որից 44 քմ-ն տրամադրել է եղբորը՝ բիզնես նպատակներով օգտագործելու համար:

2008 թ. Արսեն Միրզոյանը, իբրեւ անչափահաս որդու օրինական ներկայացուցիչ, հողամասում բաժիններն առանձնացնելու պահանջով դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Սակայն կարճ ժամանակ անց դատարանը, հաշվի առնելով եղբայրների միջեւ կնքված հաշտության համաձայնությունը, գործը կարճել է: Կողմերը համաձայնվել են, որ Արսենի անչափահաս որդուն պատկանում է հողամասի 1/20-րդ, իսկ Գուրգեն Միրզոյանին՝ 19/20-րդ մասը՝ ըստ կադաստրի «Արաբկիր» տարածքային ստորաբաժանման տրամադրած սխեմայի: Այս վճիռը ստացել է օրինական ուժ:

«Դիմեցի կադաստր, բայց սկզբից ձգձգում էին, հետո հրաժարվեցին հողամասի նկատմամբ գրանցել սեփականության իրավունքս: Եղբորս ամուսնալուծված կինն էր բողոքում, թե իբր հողամասը հավասար՝ 50/50 մասնաբաժնով պետք է լինի, իբր թե 1997թ. այդպես է եղել, եւ դատարանի ներկայիս վճիռը կեղծ էր: Բայց 1997թ. հողամաս չկար, ես հետո եմ այն գնել, 1997-ին միայն տունն է եղել»,- ասում է Գուրգեն Միրզոյանը:

2008 թ. նոյեմբերին վարչական դատարանը վճռել է կադաստրի Արաբկիր տարածքային ստորաբաժանմանը պարտավորեցնել հողամասի 19/20 մասնաբաժնի նկատմամբ գրանցել Գուրգեն Միրզոյանի սեփականության իրավունքը: Մի քանի օր անց այս վճիռի եւ Գուրգենի համապատասխան դիմումի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունը հարուցել է կատարողական վարույթ: Այնուհետեւ վարույթն ավարտվել է, հետո վերսկսվել եւ այսպես տարիներ շարունակ՝ մինչեւ 2011 թ.: ԴԱՀԿ-ին կադաստրի Արաբկիրի ստորաբաժանումից հայտնել են, թե ոստիկանությունը տվյալ գործն առգրավել է:

Այս ընթացքում Արսենի կինը ոչ միայն դատարաններ է դիմել, այլեւ իրավապահ մարմիններին: Դատական ատյանները ոչինչ չեն փոխել, իսկ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժինը հարուցել է քրեական գործ: Այստեղ պարզել են, որ դատարան ներկայացված փաստաթղթերում հողամասի բաժնեմասին վերաբերող «19/20» եւ «1/20» գրառումները կադաստրում առկա սեփականության իրավունքի վկայականի բնօրինակում բացակայում են:

Նախաքննության ընթացքում կադաստրի համապատասխան պատասխանատուները ցուցմունք են տվել, որ նշված սխալ տեղեկանքները տրամադրելիս որեւէ միտում չեն ունեցել, սխալմունքը պարզապես անուշադրության եւ ծանրաբեռնվածության հետեւանք է: Քննիչ Հ. Հովհաննիսյանն էլ որոշել է համաներման ակտի հիման վրա վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:

Քննիչը միաժամանակ եզրակացրել է, որ Գուրգեն Միրզոյանը վերաքննիչ դատարան է ներկայացրել կադաստրի ստորաբաժանման կողմից տրված փաստաթղթերի պատճեները, հետեւաբար՝ նրա գործողություններում բացակայում են փաստաթղթեր կեղծելու եւ կեղծ փաստաթուղթ օգտագործելու հատկանիշները: Հենց այս հիմքով էլ 2010 թ. փետրվարին քրեական գործի հարուցումը մերժվել է:

Արսենի կինը դիմել է նաեւ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին: Սակայն նույն հիմքով՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, քրեական գործի հարուցումը կրկին մերժվել է:

«Կեղծ հիմքով Շենգավիթի եւ Զեյթունի քննչական բաժիններում գործ հարուցեցին ու կարճեցին: Կարճելու որոշումները չի էլ բողոքարկվել, դատախազությունն էլ չի վերացրել, այսինքն՝ դրանք եւս ստացել են օրինական ուժ: Բայց ես դիմում էի կադաստր, ու էլի հրաժարվում էին սեփականության իրավունքս գրանցել: Հետո պատճառաբանեցին, թե իբր դիմում չեմ գրել, բայց սուտ է, անգամ ԴԱՀԿ-ին էի նորից դիմել, ո՞նց չեմ գրել»,- ասում է Գուրգեն Միրզոյանը:

Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչ Կ. Մկրտչյանը, փաստաթղթեր կեղծելու եւ կեղծ փաստաթուղթ օգտագործելու փաստով հարուցված քրեական գործը կարճելուց մոտ 2 ամիս անց (2011 թ. հունվարին), որոշել է հարուցել նոր քրեական գործ՝ խարդախության փորձ կատարելու մեղադրանքով: Քննիչ Մկրտչյանն այս անգամ հանգել է այն հետեւության, որ Միրզոյան եղբայրները, օգտագործելով կեղծ փաստաթղթեր, փորձել են տիրանալ Արտակ Միրզոյանին (Արսենի որդուն) պատկանող հողամասի բաժնեմասին:

«Այս քրեական գործի բովանդակությունը, հիմքը լրիվ նույնն է, ինչ նախորդ անգամ կարճվածները: Բայց այս դեպքում ծաղկեցրին, ուռացրին, ու մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկեցին դատարան»,- նշում է Գուրգենը:

Գործն այժմ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է՝ Արմեն Խաչատրյանի վարույթում:

«Մենք 10-15 դիմում ենք գրել կադաստրին, որպեսզի գործի նյութերը ծանոթանալու համար տրամադրի, մերժել են: Քննիչն էլ միայն էլեկտրոնային արխիվն էր տվել: Դատարանին միջնորդեցինք, փաստաթղթերի պատճեները տրամադրեցին միայն այն ժամանակ, երբ վկաները հարցաքննվել էին: Խնդրեցինք նրանց նորից լրացուցիչ հարցաքննել, դատավորը մերժեց»,- պատմում է Գուրգենը եւ շեշտում, որ Էլեկտրոնային եւ իրական արխիվների մեջ տվյալների էական տարբերություն կա:

«Եղբայրս, որպեսզի վարձակալության պայմանագիր կնքեր իր բիզնեսը ծավալելու համար, 3 անգամ դիմել էր կադաստր ու միասնական տեղեկանք վերցրել, որոնցում հողամասի մասնաբաժինը նշված է 1/20 եւ 19/20: Այսինքն՝ կադաստրի այս տեղեկանքները հաստատում էին, որ մենք ոչինչ չենք կեղծել: Հետո, բնականաբար, ճնշման տակ, կադաստրի աշխատակիցներն ասացին, թե երկու անգամ էլ սխալմունք են թույլ տվել եւ մասնաբաժինները գրելիս օգտվել են ոչ թե արխիվից, այլ մեր տրամադրած փաստաթղթից,- պատմում է Գուրգենը,- բայց կա նաեւ 3-րդ տեղեկանքը, որը ժամանակագրությամբ առաջինն է եւ որի մասին ոչ ոք ձայն չէր հանում: Իսկ երբ դատարանը մեզ փաստաթղթերը տրամադրեց, պարզվեց, որ դրանում մասնաբաժինների մասին ոչ մի նշագրում չկա»:

Գուրգեն Միրզոյանը վերոնշյալ երկու՝ «սխալմունքով» գրված տեղեկանքների թափանցիկ պատճենը դնում է 3-րդ տեղեկանքի վրա, եւ ձեռագիր գրառումներն ամբողջությամբ համընկնում են:   

«Տարբերությունն այն է, որ թափանցիկ պատճեում չափաբաժինները կան, 3-րդ տեղեկանքում՝ ոչ: Այսինքն՝ երրորդ՝ իրական տեղեկանքը գործից հանել են, իբր թե սխալմունքով գրված մյուս տեղեկանքի բնօրինակը պատճենահանել, համակարգչային ծրագրով դրանից հողամասի մասնաբաժինները, կադաստրային համարը եւ ամիս-ամսաթիվը ջնջել են եւ գրել իրենց ուզած համարն ու ամիս-ամսաթիվը: Նույն կերպ վարվել են նաեւ համապատասխան դիմումի հետ, դրա համար էլ ոչ այդ դիմումի, ոչ էլ 3-րդ տեղեկանքի բնօրինակը գործում չկա»,- ասում է Գուրգենը:

Ըստ նրա՝ վերոնշյալ կեղծիքը կատարվել է կամ կադաստրի, կամ էլ ոստիկանության աշխատակիցների կողմից. «Դրա համար էլ «Խարդախության» հոդվածի ամենածանր կետով են ինձ ու եղբորս մեղադրում, բայց չեն ձերբակալել: Այսինքն՝ իրենք էլ վստահ չեն իրենց քայլերի վրա»:

Մեկնաբանություններ (1)

Նազիկ
Պ-ն Արարատ Դավթյան,շատ ուրախ եմ,որ ցանկանում եք անելանելի վիճակում գտնվող մարդկանց օգնել:Բայց լավ կլիներ քաղաքացիների մեջ տարբերություն չդնեիք:Ես չէի պատկերացնում,որ Հետքի լրագրողները կարող էին տարբերակում դնել դիմողների մեջ և սեփական հայեցողությամբ հոդվածներ տպագրել:Ես այդպես էլ չհասկացա պատճառը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter