HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարոյի այգին

Եթե սովորական հրաշքների նկատմամբ թերահավատ ես, խորհուրդ եմ տալիս Մեղրի գնալ, այցելել Կարո Կարապետյանի ձիթենու այգին, որն արդեն հաղթահարել է Մեղրիին ոչ հատուկ այս տարվա խստաշունչ ձմեռվա բոլոր դժվարությունները և զարթոնք է ապրում: 

Տարիներ առաջ, ինչպես և շատերը, Կարոն ևս մանրածախ առևտրով էր զբաղվում, չէր հավատում, որ հողը կարող է բարեկեցություն ապահովել: Շփվելով տարբեր մատակարարների հետ` տեսնում էր, որ պարբերաբար որոշ ներկրվող ապրանքներ  դժվարությամբ են իրացվում, որովհետև դրանց արտադրությունն արդեն իսկ երկրում էր կազմակերպվում: Այդ ընթացքում նա ձիթապտղի` զեյթունի, պահածոյացված հազարավոր տուփեր էր «ցրում»  խանութներին և հաշվարկում, որ այն սպառողին հասնում է մի քանի անգամ թանկ գնով: Ու խորհրդակցելով մասնագետների հետ, որ հնարավոր է Մեղրիում ձիթապտղի այգի հիմնել, Կարոն թողնում է առևտուրը և որոշումից 12 տարի անց արդեն 6 հա ձիթապտղի այգի ունի:

«Դժվարություններ շատ եմ կրել, -պատմում է Կարոն,-2002 թվականին դեռևս նորատունկ այգու ծառերի մեծ մասը ցրտահարվեց, առիթից օգտվեցի և դիմեցի Մեղրի այցելած երկրի այն ժամանակվա նախագահ Ռ.Քոչարյանին` խնդրելով,որ արտոնյալ վարկ տրամադրեն այգին վերջնականապես կործանումից փրկելու համար, խոստացավ, բայց այդպես էլ որևէ պատասխան չստացա»:

Եվ քանի որ Կարոն հաստատ էր իր որոշման մեջ, վաճառեց տարիների ընթացքում առևտրով մայրաքաղաքում և Աբովյանում ձեռք բերած բնակարանները և 2011թվականին ստացավ առաջին բերքը` 5.5 տոննա ձիթենու պտուղ:

«Ամենահեշտն իրացումն էր, -ասում է Կարոն, -համային և արտաքին որակական հատկանիշերով մեր բերքն ավելի որակյալ է, քան ներկրվող պահածոյացվածները, մանավանդ, որ տեխնոլոգիական առումով դժվարություն չկա տնային պայմաններում պահածոյացնելու համար, ուստի շատ կարճ ժամանակում սպառվեց բերքը: 

Այս տարի, սակայն, Կարոն և եղբոր ընտանիքը, ում հետ համատեղ են մշակում այգին, որոշել են ստացված բերքի պահածոյացումը ևս տեղում կազմակերպել: Լրացուցիչ վարկային միջոցներ չի ուզում ներգրավել, չնայած համոզված է, որ վարկային ռեսուրսների նպատակային օգտագործումը խնդրի լուծման հաջողություններից մեկն է, ինչպես, օրինակ, ինքը ՔԱՐԴ-ից ստացած  վարկով ամբողջովին ոռոգելի դարձրեց վարձակալված այգին.

«Քմահաճ բույս է, դրա համար մտածեցի, որ մաքուր խմելու ջրով պիտի ջրվի այգին, և չնայած կարող էի Արաքսի ջուրն օգտագործել, բայց հսկայական ծախս կատարեցի, որ բարձր բերքի բոլոր պայմաններն ապահովված լինեն»,-ասում է Կարոն և հավելում, որ Մեղրիի հողը անսպառ աղբյուր է բարեկեցիկ ապրելու համար, բայց տարիների ընթացքում մարդիկ հարմարվել էին հանքարդյունաբերությունում, մաքսատանը, սահմանապահ կայազորում աշխատելուն, դրա համար որոշ ժամանակ հողն աչքաթող էին արել և սոցիալական պայմանները վատացել էին:

Նրա խոսքով, եթե պետությունը շարունակի վերջին տարիների գյուղատնտեսության նկատմամբ ցուցաբերած ուշադրությունը, աջակցությունը, ապա  հողը ոչ  միայն կկերակրի մարդուն, այլև բարեկեցիկ ապրելու լավագույն միջոցներից մեկը կդառնա:

Մեկնաբանություններ (7)

Ս.Կ.Կ և Վ.Օ.Ս
Նշանակություն չունի, թե ինչպիսին են մարդու նպատակները, մտադրությունները, համոզմունքները, նրան դատելու են… ըստ իր գործերի։
Հովնան
Կեցցեք, Կարո ջան, իսկական հայը դուք եք, իսկ ստախոս նախագահները կուգան ու կերթան: Ապրեք, Սուսաննա և Հետք, էս հոդվածը առնվազն մի քանի կարևոր ու դրական սահմանադրական փոփոխություն արժեր: Իսկ թե ինչ արժի պարոն Կարոյի և իր ընտանիքի հերոսական աշխատանքը` էլ չեմ ասում:
karen
շատ ապրի Կարոն, իր արտադրանքի անունը որ ասեք, ես էլ միայն դա կառնեմ:
mahmouzian
again .hetq thank you .we will start a small fruits grove this spring in karigah.and this news is very encouraging.thanks+
Ա. Թ.
Շատ հետաքռքիր է--Կարոյի այգին--վերնագիրը ես կարդացել էի որպես Կարոտի այգին;ՈՒ թեև դա տեսողական վրիպակ է եղել, բայց ես ուզում եմ հենց այդպես էլ ընկալել, այդ այգին ինձ համար արևմտահայերի կորցրած ձիթենիների այգիների վերընձյուղումը թող լինի;
Գոհար Արշակյան
Իրոք, որ երկար սպասված հրաշք է...
Ա. Թ.
Շնորհակալություն, Հետք, որ այսպիսի լուսավոր տեղեկություն ես տվել; Թող դրանք ավելի ու աոելի շատանան; Եթե լավ մարդիկ ու լավ գործերը չլինեին , կյանքը վաղուց մեռած կլիներ;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter