HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Նադյա Ռայթ. «Ինձ գրավում է պատմության գաղտնիքներից գլուխ հանելը»

Ավստրալաբնակ ուսուցչուհին հետազոտում է Սինգապուրի ու Մալայզիայի հայերի պատմությունը

Սինգապուրում հայերի թիվը որեւէ ժամանակահատվածում երբեք չի հասել 100-ի: Հայերը Սինգապուրում կազմել են մի փոքրիկ խումբ, որի` անձը հաստատված անդամների թիվը 1820-ից 2002 թ. հասել է 656 հոգու: Այս 656 հոգուց միայն 184-ն է մնացել Սինգապուրում ավելի քան 25 տարի, եւ միայն 12 հայ ընտանիքի թոռներն են Սինգապուրում ծնվել:

«Սինգապուրի հին համայնքի վերջին հայը մահացավ 2009 թ.: Կասեի, որ այնտեղ պետք է որ ապրի 40-ից քիչ հայ, ներառյալ տարագիրները եւ միայն մասամբ հայերը: Առաջին հայը, որ Հայաստանից Սինգապուր եկավ` բնակվելու, մի բժիշկ էր, որի ընտանիքն այնտեղ մեկ տարի անցկացրեց 2002 թ.` մինչ Երեւան վերադառնալը: Ես գիտեմ ընդամենը մի քանի տարագիր հայերի մասին, ովքեր Մալայզիայում են ապրում»,- «Հետքին» գրում է Նադյա Ռայթը (Nadia Wright):

Նա միջնակարգ դպրոցի` թոշակի անցած ուսուցչուհի է, որի հոբբին Սինգապուրի ու Մալայզիայի հայերի պատմությունն ուսումնասիրելն է: Նադյա Ռայթն ապրում է Ավստրալիայում եւ շուտով Մելբուրնի համալսարանից կստանա պատմության դոկտորի աստիճան:

Նադյան ծնվել է Նոր Զելանդիայում: Նրա մայրը` Վարսնիկ Դեկմեջյանը (Varsnik Deukmedjian), հայ էր, իսկ հայրը` Ջեք Մեյկլը (Jack Meikle)` նոր զելանդացի, ով Վարսնիկին հանդիպել էր Եգիպտոսում: Նադյայի մայրական տատն ու պապը Ցեղասպանության ժամանակ գաղթել էին Ամասիայից եւ, ի վերջո, հաստատվել Ալեքսանդրիայում:

«Ուստի, ես միշտ գիտեի իմ հայկական արմատների մասին: Սակայն Նոր Զելանդիայում հայերն այնքան քիչ էին, որ ես այդպես էլ երբեք չսովորեցի լեզուն` բացի մի քանի բառից: Ես միշտ հետաքրքրվում էի հայերով, քանի որ մայրս չէր ուզում խոսել այն մասին, թե ինչ է պատահել իր ընտանիքին: Ըստ էության, ես ոչ մի ուրիշ հայի չեմ հանդիպել մինչեւ մոտ 16 տարեկան. մայրս կարդացել էր, որ Ֆրանսիայից մի հայ է եկել մոտակա քաղաք, եւ ջանադրաբար կազմակերպեց, որ նա այցելի մեզ: Ուստի, կարծում եմ` զարմանալի չէ, որ երբ ես Սինգապուրում էի, հետաքրքրվեցի, թե ինչու են հայերը հաստատվել այնտեղ»,- ասում է Նադյա Ռայթը:

Նա երբեք չի եղել Հայաստանի Հանրապետությունում: «Կուզենայի գնալ, բայց ինձ ավելի ձգում է Ամասիան` իմ տատի ու պապի ծննդավայրը»,- ասում է Նադյա Ռայթը:

Սինգապուրի հայերի պատմությունը նա որոշեց հետազոտել 1985 թ., երբ ամուսինը` Փիթր Ռայթը (Peter Wright), այնտեղ աշխատանքի նշանակվեց: Հետազոտություններն ընդգրկեցին նաեւ Մալայզիան, քանի որ հայերի հետ առաջին կապերն ապահովում էին Մալակկայի ու Պինանգի (որոնք այժմ Մալայզիայի նահանգներ են) վաճառականները: Այդ քաղաքներից, ինչպես նաեւ Հնդկաստանից ու ներկայիս Ինդոնեզիայի տարածքից հայերը գաղթել էին Սինգապուր:

Բոլոր հայերն էլ Սինգապուրում հաստատվել են մինչեւ Ցեղասպանությունը: Սինգապուրում հայկական համայնքի ներկայությամբ պայմանավորված` տեղական թերթերը շատ մանրամասն են լուսաբանել 1880-ականների, 1909-ի եւ 1915-ի ցեղասպանությունները:

Հայերը, որոնք բիզնես սկսելու նպատակով հաստատվել էին Պինանգում ու Սինգապուրում, չէին եկել պատմական Հայաստանից, այլ Պարսկաստանից, Հնդկաստանից կամ Ճավա կղզուց:

Վաղ շրջանի հայ վաճառականները ինտեգրվում էին Մալակկայի, Պինանգի ու Սինգապուրի եվրոպական համայնքներին: Սրանք բրիտանական գաղութներ էին: Հայերը ձուլվում էին սոցիալապես ու տնտեսապես, եւ 19-րդ դարում շատ խառնամուսնություններ եղան հիմնականում եվրոպացիների հետ: Ծնված երեխաները երբեմն եվրասիացի կամ բրիտանացի էին համարվում` կախված կողակցի ռասսայից ու սոցիալական դիրքից:

1960-ականներին Սինգապուրում մոտ 60 հայ ու մասամբ հայ էր մնացել: «Ես խոսել եմ մարդկանց հետ, ում տատերից կամ պապերից մեկը հայ էր, բայց նրանք չէին ընդունում դա: Կարծում եմ, որ այսօր շատ երիտասարդ սինգապուրցիներ չգիտեն, թե ով է հայը, եւ ոմանք դեռ պնդում են, որ հրեաներ են: Այնուամենայնիվ, քանի որ Սինգապուրի փոքրամասնությունների ծագման նկատմամբ հետաքրքրություն է արթնացել, ավելի շատ մարդիկ են փնտրում իրենց արմատներն ու գտնում հայ նախնիների»,- ասում է Նադյա Ռայթը:

Նա մի քանի ամսագրային հոդվածների հեղինակ է եւ «Վանդա Միսս Ջոաքիմ. Սինգապուրի ազգային ծաղիկը եւ Ագնեսի ու Ռիդլիի ժառանգությունը» (“Vanda Miss Joaquim: Singapore’s National Flower & the Legacy of Agnes & Ridley”) գրքի համահեղինակ:

2003 թ. հրատարակվեց նրա գիրքը` «Հարգված քաղաքացիներ. Սինգապուրում եւ Մալայզիայում հայերի պատմությունը» (“Respected Citizens: the History of Armenians in Singapore and Malaysia”): Ըստ գրքի` հայերն իրենց կյանքի ընթացքում ոչ միայն հարգված քաղաքացիներ դարձան, այլեւ Սինգապուրի խորհրդանիշներից 4-ը նրանց են պարտական իրենց գոյությամբ:

Սինգապուրի ազգային ծաղիկը ստացել է Աշխեն Հովակիմյանը

Աշխարհի առաջին աճեցված Վանդա (Vanda) հիբրիդը ստացել է Աշխեն Հովակիմյանը (Ashkhen Hovakimian) կամ անգլերենով` Ագնես Ջոաքիմը (Agnes Joaquim) 1880-ականներին: Աշխենը ծնվել էր Սինգապուրում 1854 թ.: Ծաղիկը, որը նրա պատվին կոչվեց Վանդա Միսս Ջոաքիմ (Vanda Miss Joaquim), հայտնի է նաեւ որպես Սինգապուրական խոլորձ (օրխիդեա):

Վանդա Միսս Ջոաքիմը դարձավ Սինգապուրում, Ֆիլիպիններում եւ Հավայիում (այժմ` ԱՄՆ նահանգ) ամենատարածված ու շատ ծաղկող խոլորձներից: Այն ավելի ու ավելի շատ էին պատվիրում Եվրոպայից, եւ ծաղիկն արտահանվում էր` ապահովելով շահութաբեր առեւտուր: Ագնեսը ստացել է խոլորձների, այլ ծաղիկների եւ մրգերի համար նախատեսված մրցանակներ:

1899 թ. Ծաղիկների շոուում (Flower Show), որին մասնակցում էին բազմաթիվ հրաշալի խոլորձներ, Ագնեսի ծաղիկը առաջին տեղը զբաղեցրեց որպես ամենահազվագյուտ խոլորձ, եւ նրա ձեռքբերումը հրապարակավ գնահատվեց: Այս հաջողությունից 3 ամիս անց նա մահացավ քաղցկեղից:

1947 թ. Վանդա Միսս Ջոաքիմն ընտրվեց որպես ամենահարմար խորհրդանիշ նորաստեղծ Առաջադիմական կուսակցության (Progressive Party) համար: 1981 թ. 40 հավակնորդից Վանդա Միսս Ջոաքիմն ընտրվեց որպես Սինգապուրի ազգային ծաղիկ:

Իր գրքում Նադյա Ռայթը գրում է, որ Ագնեսը ոչ միայն ստացավ առաջին Վանդա հիբրիդը, այլեւ, ըստ էության, աշխարհում առաջին կինն է, ով հիբրիդային խոլորձ է աճեցրել:

Սարգիս եղբայրները եւ նրանց հյուրանոցները դարձան Սինգապուրի ֆոլկլորի մաս

Այսօր Սինգապուրի «Ռեյֆլս հոթելը» (“Raffles Hotel”) միջազգային «Ռեյֆլս» հյուրանոցների մեծ շղթայի մաս է կազմում: Հյուրանոցը բացվել է 1887 թ., այն կառավարում էր Տիգրան Սարգիսը (Tigran Sarkies):

Սարգիս եղբայրները` Մարտինը, Տիգրանը, Ավետը եւ Արշակը, ովքեր եկել էին Պարսկաստանի Սպահան քաղաքից, դարձան Արեւելքի առաջատար հյուրանոցատերերը:

Պինանգում (“The Eastern and the Oriental Hotel” եւ “The Crag Hotel”) եւ Սինգապուրում գտնվող նրանց հյուրանոցները մոտ 50 տարի թելադրող դեր ունեին Սթրեյթս Սեթըլմենտսի (նախկին բրիտանական գաղութ, որի տարածքների մեծ մասն այժմ մտնում է Մալայզիայի կազմի մեջ) հյուրանոցային բիզնեսում, իսկ Ռանգունում (այժմ` Մյանմարի ամենամեծ քաղաքը) նրանք ղեկավարում էին հայտնի «Սթրենդ հոթելը» (“Strand Hotel”):

Եղբայրներն իրենց հյուրանոցն անվանեցին Սինգապուրի հիմնադիր Սթեմֆորդ Ռեյֆլսի (Sir Stamford Raffles) պատվին, որի արձանը բացվել էր ավելի վաղ այդ տարի` թագուհի Վիկտորյայի հոբելյանի ճոխ տոնակատարությունների ժամանակ:

«Ռեյֆլս հոթելի» հռչակն իր գագաթնակետին հասավ, երբ 1899 թ. բացվեց դրա` Վերածննդի դարաշրջանի ոճի շենքը: Շուտով «Ռեյֆլս հոթելն» անվանեցին Սինգապուրի «առյուծներից» մեկը: Այն նկարագրում էին որպես ամենահոյակերտ հյուրանոց, որն ունի Ասիայում լավագույն ճաշասրահը (“Straits Times”, 1900): Ամենաճոխ պարահանդեսները եւ ճաշկերույթները հյուրընկալվում էին «Ռեյֆսլում», եւ հյուրերի թվում էին թագավորական ընտանիքի անդամներ եւ այլ հանրաճանաչ մարդիկ:

1899 թ. «Ռեյֆլսը» միակ հյուրանոցն էր Սթրեյթս Սեթըլմենտսում, որ ոչ միայն էլեկտրականություն արտադրող իր սեփական շոգեմեքենան ուներ, այլեւ 10.000 գալլոնանոց ցիստեռն, որն ապահովում էր մշտական ջրամատակարարում:

1931 թ. Սարգիս եղբայրները սնանկացան, եւ «Ռեյֆլս» հոթելը տնօրինման հանձնվեց այլ մարդու: Բայց հյուրանոցը շուտով ոտքի կանգնեց եւ շարունակեց լինել Սինգապուրի կյանքի անբաժան մասը: Սա տեղի ունեցավ ոչ միայն հայազգի տերերի, այլեւ անձնակազմի բազմաթիվ հայ անդամների շնորհիվ, ովքեր եւ ձեւավորել էին «Ռեյֆլսի» հեղինակությունը:

Շատ ճանապարհորդներ Արեւելքի մասին իրենց պատմություններում անդրադարձել են «Ռեյֆլսին», իսկ նախկին բնակիչները վերհիշում էին այնտեղ անցկացրած անմոռանալի երեկոները: Սարգիս եղբայրները եւ նրանց հյուրանոցները դարձան տեղական ֆոլկլորի մաս:

«Ինչպես մոտ 100 տարի առաջ, այսօր էլ «Ռեյֆլս» հոթելը խորհրդանիշ է: 1987 թ. ճանաչվելով որպես ազգային հուշարձան` հյուրանոցը հիմնովին վերանորոգվեց ու թարմացվեց եւ վերաբացվեց 1991 թ., որպեսզի վերագտնի իր տեղը որպես աշխարհի լավագույն հյուրանոցներից մեկը»,- ասում է Նադյա Ռայթը:

Սբ. Գրիգոր Լուսավորիչը գովազդվում է որպես Սինգապուրի տեսարժան վայրերից մեկը

1835 թ. կառուցված հայ առաքելական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Church of St Gregory the Illuminator) Սինգապուրի ամենահին քրիստոնեական եկեղեցին է եւ տարածաշրջանում կանգուն մնացած հայկական ընդամենը 2 եկեղեցուց մեկը (մյուսը Ռանգունում գտնվող Սբ. Հովհաննես Մկրտիչ (Church of St John the Baptist) հայ առաքելական եկեղեցին է):

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1830-ականներին Սինգապուրում ապրող 10 հայ ընտանիքի պատվերով: Եկեղեցու կառուցման համար հսկայական գումար ծախսվեց, որը նվիրաբերեցին տեղի հայկական փոքր համայնքը եւ Հնդկաստանի ու Ճավայի հայերը:

Համայնքը 1905 թ. նաեւ քահանայի տուն կառուցեց եկեղեցու տարածքում եւ վճարեց քահանային, որն ուղարկվել էր Նոր Ջուղայից: Նադյա Ռայթի խոսքերով` երբ եկեղեցուն նայում ես դրսից, քիչ բան կտեսնես, որ կվկայի դրա հայկական ծագման մասին: Աշտարակը, որի վրա սկզբում գմբեթ կար, փոխվել է, եւ երեք կողմից սյունասրահներ են ավելացվել: Սակայն եկեղեցու ներսի դիզայնը հստակորեն ցուցադրում է հայ ավանդական եկեղեցիներին բնորոշ շատ գծեր:

Այժմ Սբ. Գրիգոր Լուսավորիչը գովազդվում է որպես Սինգապուրի տեսարժան վայրերից մեկը: Եկեղեցում հազվադեպ տեղի են ունենում հայկական եկեղեցական արարողություններ, այն պսակադրության հայտնի վայր է եւ հյուրընկալում է մշակութային միջոցառումներ:

Եկող մարտին եկեղեցում տեղի են ունենալու 175-ամյակին նվիրված տոնակատարություններ:

«Սթրեյթս թայմսը» տարածաշրջանի ամենահին անգլալեզու օրաթերթերից է

«Սթրեյթս թայմսի» (“The Straits Times”) կայքի համաձայն` ներկայումս այն ամենաշատ ընթերցվող թերթն է Սինգապուրում եւ անգլալեզու ամենահին օրաթերթերից մեկը` տարածաշրջանում: Այնուամենայնիվ, թերթն իր կայքում չի տեղեկացնում, թե ով է այն հիմնադրել:

1845 թ. առաջատար վաճառական, հայ համայնքի ճանաչված անդամ Քաչիկ Մոսեսը (Մովսեսյան, Catchick Moses (Movsessian)) հիմնադրեց «Սթրեյթս թայմս» թերթը:

Նրա ընկեր Մարտիրոս Աբգարը (Martyrose Apcar) տպագրական սարքավորումը պատվիրել էր Անգլիայից, սակայն նրա «Աբգար ընդ Քամփընի» (“Apcar and Company”) ընկերությունը փլուզվեց:

Նրան այս վիճակից դուրս հանելու համար Քաչիկը սկսեց տնօրինել տպագրական սարքավորումը եւ Ռոբերթ Վուդսին (Robert Woods) խմբագիր նշանակեց: Սակայն այս նախաձեռնությունը ֆինանսապես չարդարացրեց իրեն, եւ 1946 թ. Քաչիկը թերթը վաճառեց Ռոբերտ Վուդսին:

«Ինձ գրավում է պատմության գաղտնիքներից գլուխ հանելը եւ նոր տեղեկատվություն ու վկայություններ գտնելը: Ամենից հաճելին շնորհակալանքի ու գնահատանքի այն նամակներն են, որ իմ հետազոտությունների համար ստանում եմ ընթերցողներից: Որոշ մարդիկ տեղյակ չէին այն դերի մասին, որ հայերը խաղացել են Սինգապուրի պատմության մեջ: Մինչդեռ ուրիշները երջանիկ էին իմանալ իրենց սեփական ընտանիքի պատմությունը»,- «Հետքին» գրում է Նադյա Ռայթը:

Նա Սինգապուրի ու Մալայզիայի մոտ 44 հայ ընտանիքի պատմություն է ուսումնասիրել:

Մեկնաբանություններ (2)

ANNE SHIRLEY RAJAN
I AM ANNE SHIRLEY RAJAN, I WAS BORN IN WHITE CALCUTTA, MY MAMA SHIRLEY FLORENCE MACGIBBON, MY MAMA'S MAMA REGINA FLORENCE MACGIBBON, MY MAMA'S MAMA'S MAMA MARY J JOHANNES CARAPIET, IS THE DAUGHTER OF MR AND MRS CARAPIET IS THE DAUGHTER OF CATCHICK MOSES I FEEL LIKE MOURNING AND MISSING THEM ARISTARCHUS SARKIES AND ANGEL RAFAEL RAFFLES, WHEN EDDY/EDDIE JACK THE RIPPER CAME IN THE FORM AS PRINCE ALBERT EN PRINCE GEORGE AND MASS KILLED THEM ALL AS TWO EVIL MEN AND A PIGHEART AT HOME THERE'S THERE IS NO ALCOHOLIC DRINKS FOR THE WIVES, BECAUSE THEY DRINK THE BLOOD OF THE SAINTS, I AM JOHANNES THE BELOVED DISCIPLE AND THE APOCALYPS TOO.
ANNE SHIRLEY RAJAN
I AM ANNE SHIRLEY RAJAN, MY IS MAMA SHIRLEY FLORENCE MACGIBBON (RAJAN),MY GREAT GRANDMA IS MARY AND ELEAZAR JOHANNES-CARAPIET, MY GRANDMA IS REGINA FLORENCE MACGIBBON JOHANNES, MY AUNT RIPSY, MY AUNT MARY, MY AUNT ROWENA, MY AUNT VIOLET, AND MY UNCLE BROTHER SON OF REGINA WHO WENT STRAIGHT TO HEAVEN, THE DIASPORA OF ARMENIA IS IN THEIR BLOODS, UNCLE ARNOLD A. ANDREWS FIRST COUSIN OF EMPRESS QUEEN GODESS ANNET JOHANNES APCAR ABGAR V ANAHIT, CASTLE ANI,GOD THE ALMIGHTY ANNIE NIKKI JANE NOORTJE ISMENE PATRICE LUCABELLA MATTHEW DANNY ELEAZAR, WENDY LISA ANNIE IRENE PENNY HENRY HENRI AND MANY MORE BELOVED FAMILY MEMBERS, EMPRESS QUEEN MARY AND EMPEROR KING ELEAZAR JOHANNES CARAPIET JOHANNES SEMBAT 111 SAINT SARKIES SARKIS, CATCHICK AND MARY AND ROSE AND MARY MOSES, ARISTARCHUS SARKIES AND ANGEL RAFFAEL RAFFLES, THE DIASPORA OF ARMENIA, VALERIE, ANITA, ROBERT, WITH LOTS OF LOVE AND KISSES GOD BLESS REGINA AND ANNIE, GOD THE ALMIGHTY AND ALL OUR BELOVED ONES GOD THE ALMIGHTY

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter