Մաշտոցի պուրակի (Գլխավոր պողոտա-զբոսայգու) կառուցապատման իրավական հարցերի ամփոփում
ա/ 28.11.2007 թվականին Երեւանի քաղաքապետի թիվ 5074-Ա որոշմամբ հաստատցել է Երեւանի Կենտրոն թաղային համայնքի գոտիավորման նախագիծը` դրա անբաժանելի մասը կազմող հավելվածների հետ միասին (ներառյալ` կառուցապատման էսքիզը): Գլխավոր պողոտա-զբոսայգում իրականացվող կրպակների կառուցապատման համար Երեւանի քաղաքապետի կողմից տրված թիվ 01/18-49502-1064-1 շինարարության թույլտվությունը հակասում է գոտիավորման նախագծին հետեւյալ հիմնավորումներով`
ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ` «Հողային հարաբերությունների կարգավորման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները` 1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում եւ հաստատում են համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը, քաղաքաշինական գոտիավորման նախագիծն ու հողերի օգտագործման սխեման, ինչպես նաև սահմանում եւ փոփոխում են հողերի նպատակային և գործառնական նշանակությունը` կառավարության սահմանած կարգով»:
Հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն «2. Հողամասը տրամադրելու համար` մինչև այն տրամադրելու մասին որոշում ընդունելը, հողամասի սահմանները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախապես որոշվում են տեղանքում և քարտեզի վրա: Պետական կամ համայնքային սեփականության հողերի օտարման կամ օգտագործման տրամադրման դեպքում համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերի հատակագծերը հաստատում են համայնքների ղեկավարները: 3. Հողամասի հաստատված հատակագիծը հողամասի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթերի անբաժանելի մասն է»:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված է, որ «Կառուցապատողները պարտավոր են` գ) քաղաքաշինական գործունեություն (…) իրականացնել բացառապես հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան»:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի համաձայն` «15. համայնքների հաստատված (…) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի փոփոխությունները (ներառյալ` կառուցապատման փուլերը) կատարվում են այդ փաստաթղթերի հաստատման համար սույն օրենքով եւ սույն օրենքի կիրարկումն ապահովող օրենսդրական այլ ակտերով նախատեսված կարգով: 33. Գլխավոր հատակագծերի և գոտիավորման նախագծերի կազմը, բովանդակությունը, ինչպես նաև դրանց մշակման, փորձաքննության, հաստատման եւ փոփոխման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Ի կատարումն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի եւ այլ իրավական ակտերի պահանջների` 14 մայիuի 2001 թվականին ընդունվել է «Բնակաայրերի տարածքների գոտիավորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եւ փոփոխման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 408 որոշումը, որի համաձայն` «2. Բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագիծը (...) քաղաքաշինական ծրագրային փաuտաթուղթ է, որով uահմանվում են բնակավայրերի փաuտացի եւ հեռանկարային oգտագործման ու կառուցապատման նկատմամբ պարտադիր պահանջները` կենuագործունեության բարենպաuտ միջավայրի ձեւավորման նպատակով: 8. Գոտիավորման նախագծում, ըuտ առանձին գոտիների, uահմանվում են հողoգտագործման եւ կառուցապատման թույլատրելի oգտագործման (կառուցապատման) տեuակները: 14. Գոտիավորման նախագծով առանձին գոտիների համար uահմանված թույլատրելի oգտագործման (կառուցապատման) անհրաժեշտ պահանջների, գոտիների uահմանների, ինչպեu նաեւ ամբողջ նախագծի փոփոխությունները կատարվում են uույն կարգին համապատաuխան»:
Նույն որոշման հավելվածի համաձայն` «Գոտիավորման նախագիծը բաղկացած է գրաֆիկական եւ տեքuտային մաuերից: Բնակավայրի, դրա նախագծային շրջանների, թաղամաuերի եւ առանձին հատվածների գոտիավորման նախագծերի գրաֆիկական մաuերում տարածքի փաuտացի oգտագործման հիմքի վրա ցույց են տրվում տարածքի գործառական գոտեւորումը` ըuտ oգտագործման տեuակների, տարածքի ծավալատարածական գոտեւորումը` ըuտ կառուցապատման չափորոշիչների տեuակների, եւ դրանց տարբերակող նշանները եւ այլն:
Գոտիավորման նախագծերի տեքuտային մաuը ներկայացվում է առանձին հոդվածների եւ աղյուuակների տեuքով: «Կառուցապատման չափորոշիչներ» բաժնում ամրագրվում են առանձին գոտիների կառուցապատման չափորոշիչները` հարկայնությունը, կառուցապատման տոկոuը եւ խտությունը, կանաչապատ, ոչ կանաչապատ մակերեւույթների համամաuնությունները եւ այլն: Յուրաքանչյուր գոտի ներկայացվում է առանձին տարբերությամբ, որտեղ ներկայացվում է գոտում թույլատրելի oգտագործման (կառուցապատման) մանրամաuն ցուցակը` համապատաuխան բնութագրերով»:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն` «5. Իրավական ակտով սահմանվող առանձին բաղկացուցիչ մասերը` կանոններ, կանոնադրություններ (…) գրաֆիկներ, քարտեզներ, գծապատկերներ եւ այլն, ձեւակեպվում են հավելվածների ձեւով, իսկ իրավական ակտերի համապատասխան մասերը պետք է հղում պարունակեն այդ հավելվածներին»:
Վերը նշված իրավական ակտերի վերլուծությունից հետեւում է`
1/ Կենտրոնի գոտիավորման նախագիծը համալիր քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որով սահմանված է առանձին գոտիների հողoգտագործման եւ կառուցապատման տեuակները` ըստ նպատակային եւ գործառնական նշանակության, հողամասի իրավական ռեժիմի:
2/ Գոտիավորման նախագիծը կազմված է գրաֆիկայից եւ տեքստային մասից եւ ունի համապատասխան գոտու թույլատրելի օգտագործման (կառուցապատման) մանրամասն բնութագրեր: Այսինքն, գոտիավորման նախագիծը մեկ ամբողջական իրավական ակտ է եւ կազմված է բուն իրավական ակտից (տեքստից) ու դրա անբաժանելի մասը կազմող հավելվածներից` գրաֆիկայի/քարտեզի տեսքով:
3/ Գոտիավորման նախագիծը հանդիսանում է հաստատված քաղաքաշինական ծրագրային (եւ ոչ թե ճարտարապետաշինարարական) փաստաթուղթ, որն օրենքով սահմանված կարգով հաստատվում է քաղաքապետի որոշմամբ` անցնելով ՀՀ կառավարության 02.05.2003թ. թիվ 625-Ն որոշմամբ սահմանված նախագծման առաջադրանք կազմելու, uխեմաները մշակելու, հասարակական լսումների, փորձաքննության, համաձայնեցման ու հաuտատման վերաբերյալ բոլոր ընթացակարգերը: Դրանում կատարվող բոլոր փոփոխությունները եւս պետք է իրականացվեն նույն ընթացակարգով, ինչպես որ ընդունվել եւ հաստատվել է գոտիավորման նախագիծը:
բ. Այգում իրականացվող կառուցապատումը հակասում է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված` տվյալ տարածքի համար օրենքով եւ գոտիավորման նախագծով սահմանված` հողի գործառնական նշանակությանը:
Երեւանի քաղաքապետի 28.11.2007թ. թիվ 5074-Ա որոշմամբ հաստատված Երեւան քաղաքի Կենտրոն թաղային համայնքիտարածքի գոտիավորման նախագծի եւ դրա մասը կազմող գրաֆիկական հավելվածների համաձայն, Գլխավոր պողոտա-զբոսայգու` Մաշտոցի պողոտայի եւ Կողբացու փողոցի միջեւ ընկած այգու գործառնական նշանակությունը սահմանված է որպես ընդհանուր օգտագործման տարածք:
ՀՀ հողային օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն «Հողային հարաբերությունների պետական կարգավորումը ներառում է` 4) հողային ֆոնդի` ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի եւ գործառնական նշանակության դասակարգումը: 9) առանձին նպատակային նշանակության հողերի համար հատուկ իրավական ռեժիմի և օգտագործման նկատմամբ սահմանափակումների սահմանումը»:
Հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված է, որ` «3. Հողամասի իրավական կարգավիճակը ներառում է դրա նկատմամբ սահմանված կարգով գրանցված (...) նպատակային նշանակությունը», իսկ 7-րդ հոդվածի համաձայն` «4. Հողամասի գործառնական նշանակությունը նորմատիվ իրավական ակտերով, քաղաքաշինական ու հողաշինարարական փաստաթղթերով ամրագրված ֆիզիկական, որակական և նորմատիվային հատկանիշների համալիրն է, որը ներառում է հողամասի թույլատրված օգտագործումների եւ դրանց փոփոխությունների շրջանակը»:
Նույն օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն` «1. Հողամասի թույլատրված օգտագործումը հողամասի օգտագործումն է դրա նպատակային եւ գործառնական նշանակությամբ, ներառյալ` սահմանված իրավունքները և սահմանափակումները: Հողամասի թույլատրված օգտագործումը սահմանվում է նորմատիվ իրավական ակտերի, հողերի օգտագործման սխեմաների, հողաշինարարական այլ փաստաթղթերի, գլխավոր հատակագծերի ու քաղաքաշինական գոտիավորման նախագծերի հիման վրա»:
Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` «6. Խառը կառուցապատման (ըստ գործառնական նշանակության) հողեր են համարվում բնակելի, հասարակական կառուցապատման, ընդհանուր օգտագործման հողերի այնպիսի համադրությամբ կազմավորված տարածքները, որտեղ դրանցից որևէ մեկը գերակշիռ նշանակություն չունի: 7. Ընդհանուր օգտագործման (ըստ գործառնական նշանակության) հողեր են համարվում բնակավայրերի այն հողատարածքները, որոնք զբաղեցված են փողոցներով, հրապարակներով, զբոսայգիներով եւ հանրության կողմից օգտագործվող այլ տարածքներով»: Նույն սահմանումն է տրված նաեւ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով` «6) բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ)»:
Հողային օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «3. Քաղաքաշինական նպատակներով համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերը օգտագործվում են գլխավոր հատակագծերով, քաղաքաշինական գոտիավորման նախագծերով, հողերի օգտագործման սխեմաներով սահմանված նպատակներով եւ փուլերով»:
Հողային օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն` «2. Տեղական ինքնակառավարման մարմինները հողամասերը տրամադրում են սույն օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերին, քաղաքաշինական գոտիավորման նախագծերին ու հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան»:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.1-րդ հոդվածի համաձայն` «Տարածքների գոտիավորումը (այսուհետ` գոտիավորում) սահմանում է համայնքի կամ դրա առանձին հատվածների տարածքների, հողամասերի եւ այլ անշարժ գույքի օգտագործման պարտադիր պահանջները, դրանց իրավական ռեժիմին, նպատակային ու գործառական նշանակությանը, թույլատրված օգտագործումներին համապատասխան:
Պետական եւ համայնքային սեփականության հողամասերի (...) կառուցապատումը, ճարտարապետահատակագծային առաջադրանքում (...) եւ այլ պարտադիր պահանջների սահմանումն իրականացվում են գոտիավորմամբ սահմանված նորմերի հիման վրա` հողամասերի նպատակային ու գործառնական նշանակությանը, դրանց օգտագործման իրավական ռեժիմին եւ թույլատրված օգտագործումներին (կառուցապատումներին) համապատասխան:
Գոտիավորմամբ սահմանված պահանջներին հակասող քաղաքաշինական գործունեությունն արգելվում է»:
Նույն օրենքի 14.2-րդ հոդվածի համաձայն` «Գոտիավորումն իրականացվում է հիմնական (բազային) և օժանդակ գոտիների առանձնացման սկզբունքով: Օժանդակ են համարվում` ա) գոտիավորումը` ըստ գործառական նշանակության, հողատեսքերի եւ թույլատրված օգտագործումների` գոտու տարածքի ընդհանուր մակերեսի նկատմամբ դրանց սահմանային չափաբաժինների ամրագրմամբ: Օժանդակ գոտիավորմամբ սահմանված պահանջները չեն կարող հակասել համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերով սահմանված հիմնական (բազային) գոտիավորման պահանջներին»:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` «15. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն), որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի եւ քաղաքաշինական կանոնադրության պահանջները (...)»:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 22.1.-րդ հոդվածի համաձայն` «1. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) փաստաթուղթ է, որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմանները (…): 7. Համայնքի գլխավոր հատակագծով եւ գոտիավորման նախագծով սահմանված պահանջներին հակասող ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումն արգելվում է»:
30 հոկտեմբերի 2008 թվականի «Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին եւ կազմությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 13-18-Ն որոշման համաձայն, ընդհանուր օգտագործման տարածք են համարվում բնակչության հանգստավայրեր հանդիսացող անտառները, անտառապուրակները, զբոսայգիները, զբոսապուրակները, այգիները կամ պարտեզները, ճեմելիքները: Նույն որոշման 8-րդ կետով սահմանված է զբոսայգու հասկացությունը եւ դրանով զբաղեցված հողատարածքի գործառնական նշանակությունը` «զբոսայգի կամ պարկ` ծառուղիներով, ջրային մակերեսներով, խաղահրապարակներով, քանդակներով, ճարտարապետական փոքր ձևերով, զվարճանքի կառույցներով բնական կամ արհեստական կանաչապատ տարածք` զբոսանքի, հանգստի, ժամանցի եւ այլնի համար: Զբոսայգիներն ըստ նշանակության լինում են մշակույթի եւ հանգստի, մանկական, մարզական, զբոսանքային, հուշահամալիրային»:
29 օգոստոսի 2002թ. «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1473-Ն որոշման համաձայն` «16. Եթե կառույցի գործառական նշանակության նախատեսվող փոփոխությունը հանգեցնում է հողամասի գործառական կամ նպատակային նշանակության փոփոխության, ապա կառույցի գործառական նշանակության փոփոխությանն առնչվող առաջադրանքի նախագիծն ուժի մեջ է մտնում հողամասի նպատակային կամ գործառական նշանակությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխելուց հետո: 20. Հայտը կարող է մերժվել, եթե` ա) կառուցապատողը հայտում ամրագրել է այնպիսի ցուցանիշներ (պայմաններ), որոնք հակասում են տվյալ տարածքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի պահանջներին»:
ՀՀ կառավարության 29.08.2002թ. թիվ 1473 որոշմամբ հաստատվել է «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» կարգը, որի 10-րդ կետի համաձայն` «Առաջադրանքով սահմանված ճարտարապետահատակագծային պահանջները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 408 որոշմամբ սահմանված կարգով մշակված եւ հաստատված գոտեւորման նախագծերով տվյալ գոտու թույլատրելի օգտագործմանը»:
Վերը նշված իրավական ակտերի վերլուծությունից հետեւում է`
1/ Հողամասի թույլատրելի օգտագործում է համարվում հողամասի նպատակային եւ գործառնական նշանակությամբ օգտագործումը (այդ թվում` կառուցապատումը):
2/ Հողամասի գործառնական նշանակությունը սահմանվում է նորմատիվ իրավական ակտերով, քաղաքաշինական ու հողաշինարարական փաստաթղթերով` գլխավոր հատակագծերի ու քաղաքաշինական գոտիավորման նախագծերի հիման վրա:
3/ Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերը կարող են օգտագործվել բացառապես գլխավոր հատակագծերով, քաղաքաշինական գոտիավորման նախագծերով, հողերի օգտագործման սխեմաներով սահմանված` հողերի իրավական ռեժիմին, նպատակային եւ գործառնական նշանակությանը համապատասխան:
4/ Քաղաքային զբոսայգիները (Գլխավոր պողոտա-զբոսայգին քաղաքաշինական ծրագրային բոլոր փաստաթղթերի, կառավարության որոշումների համաձայն հանդիսանում է ընդհանուր օգտագործման հանրային զբոսայգի) հանդիսանում են «Ընդհանուր օգտագործման» հողատարածք, որոնք, օրենքի համաձայն, կարող են օգտագործվել բացառապես մշակույթի եւ հանգստի, մանկական, մարզական, զբոսանքային, հուշահամալիրային նպատակներով: Ընդհանուր օգտագործման զբոսայգու տարածը առեւտրի նպատակով օգտագործելու համար տրամադրվել չի կարող: Դրա համար նախ պետք է օրենքով սահմանված կարգով փոխվի հողատարածքի նպատակային նշանակությունը:
5/ Եթե կառույցի գործառական նշանակության նախատեսվող փոփոխությունը հանգեցնում է հողամասի գործառական կամ նպատակային նշանակության փոփոխության, ապա կառույցի գործառական նշանակության փոփոխությանն առնչվող առաջադրանքի նախագիծն ուժի մեջ է մտնում հողամասի նպատակային կամ գործառական նշանակությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխելուց հետո:
6/ Գլխավոր պողոտա-զբոսայգում առեւտրի համար նախատեսված կրպակների կառուցմամբ փոխվում է հողատարածքի նպատակային նշանակությունը, այն դարձնելով «Խառը կառուցապատման» հողատարածք, որտեղ ընդհանուր օգտագործման հողերի հետ մեկտեղ կարող են իրականացվել հասարակական նշանակության շինությունների կառուցապատում:
7/ Տրված շինարարական թույլտվությունն անօրինական է, քանի որ պետական եւ համայնքային սեփականության հողամասերի կառուցապատման համար, ճարտարապետահատակագծային առաջադրանք եւ շինարարության թույլտվություն կարող էր տրվել բացառապես գոտիավորմամբ սահմանված նորմերի հիման վրա` հողամասերի նպատակային ու գործառնական նշանակությանը, դրանց օգտագործման իրավական ռեժիմին եւ թույլատրված օգտագործումներին (կառուցապատումներին) համապատասխան: Համայնքի գլխավոր հատակագծով եւ գոտիավորման նախագծով սահմանված պահանջներին հակասող ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումն արգելվում է:
գ/ Հիմնավորված չէ Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարության նպատակահարմարությունը:
Քաղաքի գլխավոր ճարտարապետի իրավասությունները իրավաբանորեն հստակ սահմանված չեն: Վերջինիս իրավասությունների մեջ չի գտնվում ինքնագլուխ փոփոխել գոտիավորման նախագծով եւ դրա մասը կազմող հաստատված հատակագծերով սահմանված` հողի գործառնական նշանակությունը:
Հողային օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն` «3. Պետական եւ համայնքային նշանակության հողաշինարարությունն իրականացվում է համապատասխանաբար պետական եւ համայնքային բյուջեների միջոցների հաշվին: 4. Հողաշինարարությունն իրականացվում է գիտականորեն հիմնավորված, քննարկված եւ հաստատված հողաշինարարական փաստաթղթերի հիման վրա»:
Ինչպես վերեւում մեջբերվեց` «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի համաձայն` 15. համայնքների հաստատված (…) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի փոփոխությունները (ներառյալ` կառուցապատման փուլերը) կատարվում են այդ փաստաթղթերի հաստատման համար սույն օրենքով եւ սույն օրենքի կիրարկումն ապահովող օրենսդրական այլ ակտերով նախատեսված կարգով:
ՀՀ կառավարության 21.12.1998թ. N812 որոշում «Բնակելի, հաuարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաuտատման եւ փոփոխման կարգը հաստատելու մասին» կարգի 5-րդ կետի համաձայն` «Պետական կամ համայնքի բյուջեի (այդ թվում` վարկային եւ դրամաշնորհային) միջոցների հաշվին, ինչպեu նաև դրանց ներգրավմամբ իրականացվող oբյեկտների նախագծման դեպքում պարտադիր կազմվում են oբյեկտի նախահաշվային փաuտաթղթերը»:
ՀՀ կառավարության 15.05.2003թ. թիվ 698-Ն որոշմամբ Երեւանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող զբոսայգիների, պուրակների ու այգիների տարածքները կառուցապատման իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրվել է «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերությանը` տվյալ հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով: Բացառություն է արվել այլ անձանց արդեն իսկ տրված տարածքների եւ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մարզամշակութային կենտրոն» համալիրի համար:
«Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ն ստեղծվել է 24.01.2003թ. Երեւան քաղաքի Կենտրոնի թաղապետի թիվ 03 որոշմամբ: 31.01.2003թ. հաստատվել եւ 01.12.2009թ. Երեւանի քաղաքապետի թիվ 375-Ա որոշմամբ փոփոխվել է ընկերության կանոնադրությունը, որի 1.1. կետի համաձայն «Ընկերության միակ բաժնետերը Երեւանի ավագանին է, որի անունից հանդես է գալիս Երեւանի քաղաքապետը»: 2.1. կետի համաձայն` «Ընկերության ստեղծման նպատակն է տնտեսական գործունեության (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կենտրոն վարչական տարածքի կանաչապատում) իրականացնելու ճանապարհով շահույթ ստանալը»:
Վերը նշված իրավական ակտերի վերլուծությունից հետեւում է`
1/ «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ն շահույթ հետապնդող կազմակերպություն է, որի շահույթը պատկանում է Երեւան քաղաքի համայնքին եւ ղեկավարվում քաղաքապետի կողմից: Այս կազմակերպությանը կառուցապատման իրավունքով տրվել է Երեւանի Կենտրոն թաղային համայնքի գրեթե բոլոր հանրային կանաչ տարածքները: Վերջինս ստացել է Երեւանի Կենտրոն թաղային համայնքի զբոսայգիների, պուրակների ու այգիների մեծ մասի տարածքների կառուցապատման իրավունք:
2/ Որպես Երեւանի համայնքին պատկանող տարածք` Գլխավոր պողոտա-զբոսայգում իրականացվող կառուցապատման աշխատանքները հանդիսանում են համայնքային նշանակության հողաշինարարություն, որն իրականացվում է համայնքային բյուջեների միջոցների հաշվին:
3/ Համայնքին պատկանող տարածքում եւ հայանքի միջոցներով իրականացվող կառուցապատման համար նախ պետք է օրենքով սահմանված կարգով կազմակերպվեին գիտական քննարկումներ, հիմնավորվեր տվյալ հողատարածքի գործառնական նշանակության փոփոխման անհրաժեշտությունը եւ նոր հաստատվեին հողաշինարարական փաստաթղթերը:
4/ Պետք է օրենքով սահմանված կարգով փոխվեր տվյալ հողատարածքի գործառնական նշանակությունը:
5/ Քանի որ կառուցապատումն իրականացվում է համայնքի միջոցների հաշվին (ընկերության կանոնադրության համաձայն, վերջինիս միակ բաժնետերը Երեւանի ավագանին է, որի անունից հանդես է գալիս Երեւանի քաղաքապետը), պարտադիր կերպով պետք է հիմնավորվեին կատարվող ծախսերը, կազմվեին կառուցվող oբյեկտի նախահաշվային փաuտաթղթեր, հայտարարվեր մրցույթ: Նշված գործողություններից որեւէ մեկը չի կատարվել:
դ/ Կառուցված կրպակները հանդիսանում են 2-րդ կատեգորիայից բարձր դասակարգում ունեցող օբյեկտներ, քանի որ զբաղեցնում են 300քմ.-ից ավելի հողատարածք (605քմ.), որի վերաբերյալ քաաքաշինական նախագծային փաստաթղթերը ենթակա են պարտադիր քաղաքաշինական փորձաքննություն:
13.12.1011թ. տրվել է հ.01/18-07/2-49502-966-1 ճարտարապետահատակագծային առաջադրանքը: 15.12.2011թ. համաձայնեցվել են հ.01/18-05/2-49502-1054-1 նախագծային փաստաթղթերը եւ նույն օրը տրվել է շինարարության 01/18-49502-1064-1 թույլտվությունը:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` «Կառուցապատողները պարտավոր են` զ) ապահովել իրենց քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:
ՀՀ կառավարության 06.05.2010թ. թիվ 711 որոշում «Քաղաքաշինական փաuտաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» կարգի 2-րդ կետի համաձայն, «Քաղաքաշինական փաuտաթղթերի փորձաքննության հիմնական նպատակը ընտրված նախագծային լուծումների համապատաuխանության ապահովումն է Հայաuտանի Հանրապետության oրենuդրության եւ նորմատիվատեխնիկական փաuտաթղթերի պարտադիր պահանջներին»:
ՀՀ կառավարության 06.05.2010թ. «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 711-Ն որոշման համաձայն` «3. Քաղաքաշինական փաստաթղթերը, մինչեւ դրանց սահմանված կարգով համաձայնեցումն ու ընդունումը, ենթակա են փորձաքննության»: Այս կարգի համաձայն, քաղաքաշինական փորձաքննության ենթակա չեն միայն ռիսկայնության I-ին կատեգորիայի դասակարգում ունեցող օբյեկտները (աշխատանքները): Այդ աշխատանքների սպառիչ ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 02.02.2002թ. թիվ 91 որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության» կարգի 2-րդ հավելվածում: Դրանք ներառում են գերազանցապես վերանորոգման աշխատանքներ` կտուրների եւ ծածկերի վերանորոգում, դռների ու լուսամուտների փոխում, ներքին հարդարում եւ այլն:
ՀՀ կառավարության թիվ 711-Ն որոշման 25-րդ կետի համաձայն, ռիսկայնության 3-րդ կատեգորիայի դասվում են մինչեւ 300քմ. մակերես ունեցող «առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային սպասարկման շենքերն ու շինությունները (...)»:
Վերը նշված իրավական ակտերի վերլուծությունից հետեւում է`
1/ Ռիսկայնության 1-ին կատեգորիայից բարձր դասակարգում ունեցող օբյեկտների կառուցման համար քաղաքաշինական փաստաթղթերը ենթակա են քաղաքաշինական փորձաքննության:
2/ Գլխավոր պողոտա-զբոսայգում կառուցված առեւտրային կրպակները դասվում են ռիսկայնության այնպիսի կատեգորիայի օբյեկտների շարքին, որի համար օրենքի ուժով պահանջվում է քաղաքաշինական փորձաքննության, ինչը չի արվել:
3/ Փաստաթղթերի քաղաքաշինական փորձաքննություն չի իրականացվել, քանի որ, ինչպես բխում է Երեւանի քաղաքապետարանից ստացված գրությունից, ընդամենը երկու օրվա ընթացքում կատարվել են ծավալուն եւ երկարատեւվ գործընթաց պահանջող բոլոր գործողությունները: Սրանից հետեւում է, որ փաստաթղթերի քաղաքաշինական փորձաքննություն չի կատարվել, քանի որ ճարտարապետահատակագծային առաջադրանքի ձեռք բերումից հետո պետք է իրականացվեր նախագծայն փաստաթղթերի մշակում (նախագծային կապալի պայմանագրի կնքում, նախագծման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների ապահովում), հետո` նախագծայն փաստաթղթերի փորձաքննություն(ներ) եւ միայն դրանից հետո` նախագծայն փաստաթղթերի համաձայնեցում եւ շինարարության թույլտվության ստացում:
ե. Կառուցապատված տարածքում կառուցված կրպակները հանդիսանում են հիմնական շինություններ:
ՀՀ կառավարության 24.09.2001 թվականի «Ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգը հաստատելու մասին» թիվ 896 որոշման 2-րդ կետով սահմանված է, որ ոչ հիմնական շինությունները կենցաղային, արտադրական, կոմունալ, առևտրի, սպասարկման, ինչպես նաև այլ նպատակներով օգտագործվող շինություններ են, որոնք տեղադրվում են հողի մակերեսին (հողի մակերեսի բարեկարգման ծածկույթի վրա), հողի մեջ չունեն հիմքեր, չեն պահանջում թաց շինարարական պրոցեսներ եւ անհրաժեշտության դեպքում կարող են անջատվել հողից` առանց էական վնաս հասցնելու հողի ծածկույթին, այդ շինությանը կամ դրա առանձին մասերին: Նույն որոշման 4-րդ կետի համաձայն, «Ոչ հիմնական շինությունը պետք է լինի հանելու կամ տեղափոխելու համար ապամոնտաժվող տարրերից հավաքվող կամ տարածական կայունություն ունեցող ամբողջական միավոր` բացառելով շինարարական աշխատանքներում թաց պրոցեսը»:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` «Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները»:
Նշված նորմերից բխում է, որ ցանկացած պարագայում ոչ հիմնական (ժամանակավոր) շինության համար բետոնապատման որեւէ աշխատանք պետք է բացառվի: Մաշտոցի պուրակում կառուցվող շինություններն իրականում կառուցվում են թաց շինարարական պրոցեսի միջոցով` հաստ բետոնե հարթակների վրա, ինչի հետևանքով դրանք հանդիսանում են ոչ թե ժամանակավոր, այլ հիմնական շինություններ:
Վերը նշված իրավական ակտերի վերլուծությունից հետեւում է`
1/ Գլխավոր պողոտա-զբոսայգում կառուցված առեւտրի կրպակները ունեն բետոնե հաստ շերտ, որը ստացվել է թաց եղանակով կառուցապատման արդյունքում:
2/ Ոչ հիմնական շինության պարագայում բացառվում է շինարարական աշխատանքներում թաց պրոցեսը (բետոնապատում եւ այլն):
2/ Իրավական ակտերը մեկնաբանվում են ոչ թե ըստ տարատեսակ ճարտարապետների եւ այլոց ենթադրություններով, այլ օրենքի տառացի` քերականական իմաստով:
զ/ Գլխավոր պողոտա-զբոսայգու տարածքը հանդիսանում է ընդհանուր օգտագործման կանաչ տարածք, որի գործառնական նշանակությունը կարող է փոխվել միայն քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում (Կենտրոնի գոտիավորման նախագիծ) օրենքով սահմանված կարգով փոփոխություններ կատարելով, իսկ դա կարող է իրականացվել օրենքին համապատասխան բնապահպանական եւ այլ փորձաքննություններ իրականացնելու պարագայում: Զբոսայգում կառուցապատման իրավունքի տրամադրումը առանց օրենքով սահմանված կարգով հողի գործառնական նշանակության փոփոխման եւ բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն անթույլատրելի է:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» ենթակետով սահմանվում է, որ քաղաքաշինության ոլորտում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա են սահմանային չափը գերազանցող շենքեր, կառույցներ, համալիրներ և այլ նախատեսվող գործունեություններ: ՀՀ կառավարությունը 30.03.1999 թվականին ընդունել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերի մասին» թիվ 193 որոշումը, որի 7-րդ կետի համաձայն` քաղաքաշինության ոլորտում 1500 քառ. մետր կառուցապատման մակերեսով սահմանային չափը գերազանցող մակերեսի կառուցապատման գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Փորձաքննության ենթակա են նաև սույն հոդվածի 1-ին կետում թվարկված այն նախատեսվող գործունեությունները, որոնց ցուցանիշները չեն հասնում սահմանային չափերին, բայց իրականացվելու են այնպիսի տարածքներում, որոնց կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` «Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ապահովել քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունը: Հրապարակված քաղաքաշինական ծրագրերի եւ նախագծերի քննարկմանը եւ որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Նույն օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` «Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են զանգվածային լրատվության միջոցներում հրապարակումներով, հասարակական քննարկումներով, ծրագրերի եւ նախագծերի ցուցադրման միջոցառումներով իրազեկել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կենսագործունեության միջավայրի, տարածքի գոտիավորման եւ քաղաքաշինական նախատեսվող այլ փոփոխությունների մասին»:
ՀՀ կառավարության 28.20.1998 թվականի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» թիվ 660 որոշմամբ, որով կարգավորված են` «3.2. Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծման առաջադրանքների եւ 3.2. Սահմանված կարգով հաստատված գոտևորման նախագծեր ունեցող տարածքներում կառուցվող օբյեկտների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բնապահպանական փորձաքննության ենթակա քաղաքաշինական օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծերի մասին հասարակայնության իրազեկման դեպքերն ու կարգը (...)» սահմանող դրույթներ:
Երեւանի քաղաքապետարանի 23.02.2012թ. թիվ 03/կ-364 գրության համաձայն կառուցապատվող շինությունների մակերեսը կազմելու է 605քմ.:
Վերը նշված իրավական ակտերի վերլուծությունից հետեւում է`
1/ Գլխավոր պողոտա-զբոսայգու տարածքում առեւտրի կրպակներ կարող էին կառուցվել միայն հողի գործառնական նշանակությունը «Ընդհանուր օգտագործման» նշանակությունից «Խառը կառուցապատման» նշանակության հողերի փոխելուց հետո:
2/ Հողի գործառնական նշանակությունը կարող է փոխվել միայն օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի փոփոխման պարագայում:
3/ Ճարտարապետահատակագծային առաջադրանքով որպես կառուցապատման համար հատկացված տարածքի չափ է սահմանված 1.0981քմ. մակերես ունեցող տարածք: Թեեւ Երեւանի քաղաքապետարանի պնդմամբ կառուցապատվող շինությունների մակերեսը կազմելու է 605քմ., սակայն դա չի կարող հիմնավորում հանդիսանալ, քանի որ կառուցապատումն իրականացվում է առեւտրի կրպակների կառուցման համար անթույլատրելի գոտում:
3/ Զբոսայգում քաղաքաշինական գործունեությանն առնչվող ողջ գործընթացում խախտվել են կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկվելու, քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը մասնակցելու՝ հասարակայնության իրավունքները:
է/ Եւ վերջում`
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսդրությունը խախտելու համար քաղաքաշինական գործունեության սուբյեկտները կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով»:
Վերը նշված իրավական ակտերի վերլուծությունից հետեւում է. ինչ-որ մեկը/ոմանք այս ամենի ու մնացած ամեն ինչի համար պետք է պատասխան տան…
Արթուր Գրիգորյան
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել