HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Օտարալեզու դպրոցների հարցը կարող է հասնել Եվրոպական դատարան

Հայաստանում օտարալեզու դպրոցների հնարավոր բացման խնդիրը դատարանում է: «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ նախատեսող փաթեթի՝ Ազգային ժողովում հայտնվելուց հետո «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարել էր, որ փաթեթի դեմ պայքարելու է օրինական բոլոր միջոցներով, այդ թվում՝ դատական:

Քաղաքացիական նախաձեռնության անդամ, «Մաշտոց» միավորման անդամ Գարեգին Ղազարյանը մինչև դեկտեմբերի 13-ը դիմելու է Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու Վերաքննիչի որոշումը:

Հոկտեմբերի 22-ին Գարեգին Ղազարյանը հայցադիմում էր ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Կրթության և գիտության նախարարության, Կառավարության և Ազգային ժողովի՝ պահանջելով անօրինական լինելու հիմքով չեղյալ համարել և հետ վերցնել հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև փոփոխություններ և լրացումներ կատարել ԿԳՆ-ի «Սովորողների ընդունելության» գործող կարգում:

Հայցադիմումում Գարեգին Ղազարյանը նշել էր, որ առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական փաթեթը կոպտորեն խախտում է «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի մի շարք դրույթներ, այդ թվում՝ 10-րդ հոդվածը, Սահմանադրության նախաբանը և 12-րդ հոդվածը, ինչպես նաև Ազգային անվտանգության հայեցակարգի համապատասխան հիմնադրույթները:

Ըստ հայցադիմումի՝ օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է ապօրինի քվեարկությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի խախտումով, որովհետև քվեարկված վերջնական նախագծերը գրավոր իրավական փաստաթղթերի տեսքով նախապես չէին բաժանվել պատգամավորներին: Փաթեթի առնչությամբ սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում անցկացված խորհրդարանական (հասարակական) լսումների ժամանակ ևս խախտումներ են եղել, քանի որ այդ լսումներն անցկացվել են՝ առանց քննարկման առարկա որոշակի գրավոր նախագծի:

Ըստ հայցադիմումի՝ դեռ մինչ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը հայ ծնողների հազարավոր երեխաներ հաճախել կամ հաճախում են Հայաստանում ապօրինի «բազմացված» օտարալեզու (հիմնականում ռուսալեզու) ուսուցմամբ դասարաններ՝ դրանով իսկ խախտելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը, Սահմանադրությունը և «Լեզվի մասին» օրենքը:

«Օգտվելով, հատկապես, գերատեսչական «սողանցքից»՝ ի դեմս ՀՀ կրթգիտնախի մշակած «Սովորողների ընդունելության» կարգի (հայ ծնողն այդ անօրինական իրավունքն է ստանում, օրինակ, միայն ՌԴ քաղաքացի լինելու կամ ռուսաստանյան հաշվառում ունենալու համար), ինչն, ինքնին հակասելով Հիմնական օրենքին և «Լեզվի մասին» ՀՀ օրենքին, իր հերթին ոտնահարվել, սահմանազանցվել ու չարաշահվել է բազմիցս»,- նշել էր Գարեգին Ղազարյանը:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 27-ին մերժել է ընդունել հայցադիմումը: Դատարանը մերժումը պատճառաբանել է նրանով, որ Գարեգին Ղազարյանի ներկայացրած պահանջը նյութաիրավական չէ, և, որպես այդպիսին, դատարանում ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա վեճ չէ, իսկ հայցը ներկայացնողը սուբյեկտիվ նյութական իրավունքի ենթադրյալ կրող չէ:

Մինչդեռ Գարեգին Ղազարյանը համոզված է, որ որպես հայոցվոր՝ սուբյեկտիվ նյութական իրավունքի ենթադրյալ կրող է, և իր հայցապահանջն էլ նաև նյութաիրավական պահանջ է: Գարեգին Ղազարյանը համարում է, որ լինելով ՀՀ քաղաքացի ու մշտական բնակիչ՝ պետության թե նյութական, թե իրավական մասն է, ու Հայաստանի խախտված, խախտվող ու խախտվելիք նյութական իրավունքներն ու համապատասխան նյութաիրավական պահանջները նաև իրենն են:

Նա ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, որը նոյեմբերի 22-ին բողոքն ընդունել է վարույթ: «Եթե հայցապահանջիս ընդունումը, քննությունը և բավարարումն անհնար են ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով, ապա միգուցե հնարավոր են և անհրաժեշտ ՀՀ քրեական դատավարության կարգով, առավել ևս որ՝ վիճարկվող օրինագծերի պատրաստումը, «առաջին ընթերցմամբ ընդունումը» և հետագա ընթացավորումը ենթադրում են, չասելու համար պարտադրում, քրեական գործերի հարուցում (և դատաքննություն) ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ «Պետական դավաճանությունը», 304-րդ՝ «Վնասարարությունը», 308-րդ՝ «Պաշտոնական լիազորությունները չարաշահելը» հոդվածներով նկարագրված հատկանիշներով»,- վերաքննիչ բողոքում նշել է Գարեգին Ղազարյանը: Այս մասին նա նաև գրել է ՀՀ գլխավոր դատախազին հոկտեմբերի 22-ին ուղղած դիմումում:

Վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Ա.Թումանյան) նոյեմբերի 29-ին մերժել է Գարեգին Ղազարյանի բողոքը՝ այն համարելով անհիմն, և օրինական ուժի մեջ թողել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Վերաքննիչ դատարանն իր որոշումը հիմնավորել է այսպես. իրավական ակտ է համարվում համապատասխան մարմինների կողմից, իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր փաստաթուղթը, որը չեղյալ է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ:

«Մինչդեռ քննարկվող պարագայում Գարեգին Ղազարյանը պահանջ է ներկայացրել օրինագծերը չեղյալ ճանաչելու մասին, որոնք՝ 1. իրավական ակտ համարվել չեն կարող, 2. չեղյալ կարող են ճանաչվել (իրավական ակտ լինելու դեպքում) իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ»,- համարում է Վերաքննիչ դատարանը:

Եթե Վճռաբեկ դատարանը ևս մերժի Գարեգին Ղազարյանի դիմումը, ապա նա կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Ինչքան էլ ամոթալի լինի ինձ համար, իմ հարազատ պետության համար, բայց ստացվում է, որ ստիպված պիտի դիմենք նաև օտար դատարաններ: Իրավական բոլոր կարգի հնարավոր-անհնար ատյանները պիտի անպայման օգտագործենք»,- «Հետքին» ասաց նա:

Եթե օրինագիծն օրենք դառնա, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը դրա սահմանադրականությունը վիճարկելու է Սահմանադրական դատարանում: «Բայց գերխնդիրն այն է, որ օրենք չդառնա, որովհետև օրենք դառալուց հետո ահավոր դժվար է լինելու դա հետ բերելը»,- նշեց Գարեգին Ղազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter