HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զբոսաշրջության կիզակետ Շինուհայրում աղբահանումը առաջնային չի համարվում

Մի քանի տարի առաջ ոչ ոք չէր համարձակվի անգամ երազել, որ Սյունիքի Շինուհայր գյուղի կենտրոնական փողոցը կարող է բարեկարգվել, բայց «Տաթեւի թեւեր» ճոպանուղու կառուցման աշխատանքների շրջանակներում նաեւ այդ ճանապարհը ասֆալտապատվեց, քանի որ աշխարհի ամենաերկար ճոպանուղի տանող ճանապարհն անցնում է գյուղի կենտրոնով:

«Ճոպանուղու շահագործումից հետո գյուղի կյանքն ինչ-որ չափով աշխուժացել է, մանավանդ ամռան ամիսներին աշխույժ եռուզեռ է ճոպանուղի տանող ճանապարհին»,- ասում է շինուհայրցի Հովիկ Խաչատրյանը: Նա նկատել է, որ վերջին տարիներին մարդիկ քիչ ավելի բարեկեցիկ կյանքով են սկսել ապրել, բայց զբաղվածության խնդիրը դեռեւս անլուծելի է մնում գյուղում: Նախկինում Շինուհայրի ռետինե կոշկեղենի գործարանում մի քանի հարյուր մարդ էր աշխատում, եւ արտադրությունը շինուհայրցիների ապրուստի հիմնական միջոցն էր, չնայած նրան, որ գյուղը հարյուրավոր հեկտարներով վարելահող ուներ, բերքառատ այգիներ:

Համայնքի ղեկավար Սմբատ Երեմյանի խոսքով Շինուհայրում այսօր վարելահողերի հազիվ 60%-ն է մշակվում: Համայնքապետի համար էլ է անհասկանալի, որ չնայած վերջին տարում գյուղատնտեսության զարգացումը խթանելու համար կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում, այնուամենայնիվ, մարդիկ հողի հետ առանձնակի հույս չեն կապում: «Ճոպանուղուց հետո շատերն  են դիմում, խնդրելով աջակցել ագրոտուրիզմի զարգացմանը: Հիսունից ավելի մարդ սեփական առանձնատներում հյուրանոցային պայմաններ ստեղծելու համար վարկային միջոցներ ներգրավելու ցանկություն է հայտնել»,- ասում է համայնքի ղեկավարը:

Այն, որ ճոպանուղին կարող է բարեփոխել շինուհայրցիների կյանքը, կարծես թե կասկած չի հարուցում, զարմանալին, սակայն այն է, որ մարզի զբոսաշրջության համարյա կիզակետ դարձած գյուղում, բացի կենտրոնական փողոցի բարեկարգումից, որեւէ այլ քայլ չի ձեռնարկվել, որը կարող էր Շինուհայրում գիշերելու ցանկություն ունեցող զբոսաշրջիկի աչքը շոյել: Ավելին, արդյո՞ք հենց կենտրոնական փողոցի հարեւանությամբ այգու գոմաղբի կուտակումները, ճանապարհի եզրերում նկատվող աղբի բուրգերը կարող են հրապուրել ճոպանուղու համբավի համար հազարավոր կիլոմետրեր ճանապարհ կտրած եվրոպացուն:

Խոսելով Սյունիքի ամենամեծ համայնքում աղբահանության կատարման մասին, համայնքի ղեկավար Սմբատ Երեմյանը եւս իր մտահոգությունն է հայտնում, որ դեռեւս այդ ուղղությամբ լիարժեք աշխատանքներ չեն իրականացվել: Գյուղի տարբեր թաղամասերի սեփական առանձնատների բնակիչներն աղբահանությունը կատարում են գրեթե տարերային, լավագույն դեպքում ոմանք մի քանի հարյուր, անգամ մեկ-երկու կիլոմետր ճանապարհ են կտրում, որպեսզի կենցաղային աղբը մոտակա ձորը հասցնեն, կամ այն լցնում են հենց իրենց այգին, իսկ գյուղի բազմաբնակարան շենքերի բնակիչների համար աղբահանության հիմնական միջոցն աղբը տնից հանելն ու ուր պատահի լցնելն է:

Սմբատ Երեմյանի խոսքով համայնքային իշխանությունը եւս մտահոգ է աղբահանության կազմակերպման խնդրով, փորձում են դիմել միջազգային կազմակերպություններին, որպեսզի նրանց օգնությամբ գոնե գյուղի կենտրոնական փողոցներում աղբամաններ տեղադրեն: Ինչ վերաբերում է համայնքային խնդիրների լուծման գործում տեղական բյուջեից բացի այլ միջոցներ ներգրավելուն, անշուշտ, խրախուսելի է, որ այս օրերին համայնքում «Քաունթերփարթ Ինթերնեշնլի» աջակցությամբ համայնքապետարանի դահլիճի, սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Համայնքապետի վկայությամբ կարիքի գնահատումը կատարվել է ավագանու որոշմամբ, այնուամենայնիվ, տարօրինակ է, որ աղբահանության կազմակերպման խնդիրը պակաս կարեւոր է դիտվել այս դեպքում: Մոտ 3,7 մլն դրամը չէ՞ր կարող արդյոք աջակցել խնդրի լուծմանը, մանավանդ, որ ըստ համայնքի ղեկավարի կատարած հաշվարկների, թիթեղյա մեկ աղբարկղն արժե 40 հազար դրամ:

Որքան էլ համայնքապետը պնդում է, թե համայնքի բյուջեի 4,5 մլն դրամ հողի հարկը, 700 հազար դրամ գույքահարկը բավարար չեն համայնքային որեւէ խնդիր լուծելու համար, այնուամենայնիվ, համայնքում իրականացվող ծրագրերում ներդրում կատարելիս նպատակահարմարության չափանիշերը պիտի որ գնահատվեն ելնելով ընդհանուրի շահերից: Այս դեպքում թերեւս անհրաժեշտ չէր լինի ընդամենը վեց տարի առաջ գյուղի կենտրոնական փողոցում լուսավորություն անցկացնելուց հետո այժմ եւս դոնորների դուռը թակել` լուսավորման ցանցը փոխելու համար (ծրագիրը կմեկնարկի ապրիլին): Այս անգամ էլ, կարծես թե, աղբահանության խնդիրը առաջնահերթերի ցանկում տեղ չի գտել:

Շինուհայրի կենտրոնական խանութի աշխատակցին` Սարգիս Հայրապետյանին հարցրի, թե «Տաթեւի թեւեր» ճոպանուղու կառուցումից հետո առեւտուրը որքանո՞վ է աշխուժացել, դժգոհեց. «Տուրիստի կերածն ի՞նչ է որ, հազիվ մի տուփ պեչենի են առնում, մեկ  էլ` հանքային ջուր:

Դու էն ասա, որ ես նաեւ փոստում եմ աշխատում, ոչ թերթ ստացող կա, ոչ էլ մի բարի նամակ. փոստի մեծ մասը դատարանների ծանուցագրեր են, կամ ջրմուղից, կամ բանկերից, արդեն նաեւ՝ ճանապարհային ոստիկանությունից տուգանքների հաշիվներ...»:

Վատ չէր լինի համայնքային իշխանության հասցեով բնապահպանների զգուշացումներ էլ ստացվեին, հակառակ դեպքում վայ թե էդ պեչենին առնողն էլ չգա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter