HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Կոշում» դատապարտյալին խրախուսում են, բայց բնութագրում վատ

Մոտ 3 տարի առաջ ԶԱԳՍ-ի աշխատակիցը Հակոբի եւ Քրիստինայի ամուսնությունը գրանցել է հենց «Կոշի» գաղութում: Նրանց առաջնեկն արդեն 3,5 ամսական է, բայց փոքրիկ աղջիկը առաջիկա ամիսներին պետք է մի քանի փուլով վիրահատության ենթարկվի. նա ծնվել է «նապաստակի շրթունքով» եւ «գայլի երախով»:

Հակոբը դեռ հույս ունի, որ դստեր վիրահատություններին ներկա կլինի, կինն ասում է, որ ինքը դրա համար ամեն օր աղոթում է, իսկ «Կոշի» ղեկավարությունը դատապարտյալին բացասական է գնահատում՝ ի չիք դարձնելով երիտասարդ ամուսինների սպասումները:

33-ամյա Հակոբ Կլեչյանը 2005թ. դեկտեմբերին գողության համար դատապարտվել է: «Ինձ շառով են դատել»,- ասում է նա: Իսկ Քրիստինան մանրամասնում է. «Հակոբը ռեմոնտ է անում, կաֆել խփում: Ինքը շատ լավ անձնավորություն է, ուղղակի խմելու հետ սեր է ունեցել: Հարուստ մարդու տանը գործ է արել, գումարը չեն տվել, ինքն էլ կաֆել-մետլախ է վերցրել: Դա բնութագրել են որպես գողություն ու 2,5 տարով դատել»:

Դատապարտվելուց 7 ամիս հետո Հակոբ Կլեչյանը ՀՀ անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ ազատ է արձակվել, սակայն մոտ 1,5 տարի անց կրկին հայտնվել ճաղերի հետեւում: Այս անգամ, ըստ մեղադրական եզրակացության, Հակոբը ոգելից խմիչքի ազդեցության տակ նստել է տաքսի, բայց մինչեւ պատվիրած վայր հասնելը դանակի սպառնալիքով վարորդին մեքենայից իջեցրել է՝ նրանից վերցնելով նրա ունեցած 3000 դրամը եւ 5000 դրամանոց բջջային հեռախոսը: Քիչ անց՝ իրեն հետապնդող ոստիկաններից խույս տալու ժամանակ, Հակոբը ավտոմեքենան վթարի է ենթարկել:

Այս ամենի համար Կլեչյանը դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման: «Բայց ով լսում է, որ էդքան տվել են, զարմանում ա: Երեւի տուժողը Լֆիկն էր (ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան - հեղ.), Լֆիկի տաքսի ծառայությունը՝ «Կայզերը», դրա համար էլ էդքան խիստ դատեցին»,- ասում է Հակոբը:

Պատժի կեսից ավելին նա արդեն կրել է եւ իրավունք ստացել պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու: Դրա համար անհրաժեշտ է նաեւ քրեակատարողական հիմնարկի՝ «Կոշի» ղեկավարության դրական բնութագիրը: Սակայն վերջինս արդեն երկու անգամ Հակոբին բացասական է բնութագրել: Սա այն դեպքում, երբ նույն ղեկավարությունը Հակոբ Կլեչյանին 3 անգամ խրախուսել է:

«Արդեն 4,5 տարի է՝ նստած եմ, ու այս ընթացքում նույնիսկ բանավոր նկատողություն չեմ ստացել: Հակառակը, ես արհեստավոր տղա եմ ու մտածելով, որ կարող եմ վաղաժամկետ ազատվել, շատ-շատ բաներ եմ սարքել՝ բաղնիքները, զուգարանները, անձնական տեսակցության վայրը… Հարցնում եմ՝ ինչո՞ւ եք մերժում, ասում են՝ մենք շատ ենք ուզում քեզ ազատել, բայց չենք կարող, որովհետեւ վերեւից հրաման ունենք ծանր հոդվածներով դատապարտվածներին չազատել: Սիրուն էլ չի, որ ես ինչ-որ մեկի ազատությանը վայիս լինեմ, բայց մարդիկ կան, որ նույն ծանր հոդվածներով ազատվում են»,- ասում է Հակոբ Կլեչյանը:

Վերջինս իրեն վատ բնութագրելու համար նույնիսկ 3 օր հացադուլ է հայտարարել: Ի վերջո, ըստ Հակոբի, ՔԿՀ-ի ղեկավարությունը պարզաբանել է, որ վատ բնութագիրը պայմանավորված է ոչ թե իր վարքագծով, այլ այն հոդվածով, որով ինքը դատապարտվել է:

«Ես էլ ասում եմ՝ հոդվածը բնութագրել պետք չէ, որովհետեւ Քրեական օրենսգիրքն այն արդեն բնութագրել է՝ համարելով ծանր: Եվ նույն օրենսգրքում գրված է, որ կոնկրետ իմ դեպքում պատժի կեսը կրելուց հետո կարող եմ վաղաժամկետ ազատվել: Հիմա եթե մենք հանցագործ ենք կոչվում օրենսգիրքը խախտելու համար, իսկ իրենք օրենսգրքի գրածը չեն անում, դա խախտում չէ՞, իրենց կարելի՞ է»,- հարցնում է դատապարտյալ Կլեչյանը:

Ի պատասխան «Հետքի» հարցմանը՝ Քրեակատարողական վարչությունից պարզաբանել են, որ դատապարտյալը բնութագրվում է դրական, երբ ընթացիկ գնահատման արդյուքները բարձր են, ռիսկայնությունը՝ «ցածր» կամ «միջին», իսկ Հակոբ Կլեչյանը գնահատվել է բացասական, քանի որ վարքի ընթացիկ գնահատման արդյունքերը եւ ռիսկայնության աստիճանը գնահատվել են «միջին»:

«Ինչ վերաբերվում է դատապարտյալի խրախուսված լինելու հանգամանքին, ապա տվյալ դեպքում պատժի կրման ընթացքում 3 խրախուսանքի առկայությունը էական նշանակություն չի ունեցել, քանի որ խրախուսվում են կոնկրետ դեպքերի կապակցությամբ, իսկ բնութագրվում պատժի կրման ամբողջ ընթացքում դրսեւորած վարքագծի համար»,- նշված է ՔԿՀ-ի պատասխանում:

Հակոբ Կլեչյանն այլ կարծիքի է: Նա նշում է, որ ՔԿՀ-ում բնութագրումների չափանիշերը, իսկ կոնկրետ իր դեպքում տրված գնահատականների պատճառները բոլորովին այլ են. «Որովհետեւ ես տեր չունեմ, իսկ իրենց իրականում մարդու բնութագիրը, վարքը հետաքրքիր չէ»: Հակոբի կինն էլ՝ Քրիստինան, խնդրում է «ներում շնորհողներին» փոխանցել, որ «եթե օրենքը թույլ է տալիս, պետք չէ չազատելու համար տարբեր պատճառներ գտնել»:

«Երեխան խնդիրներ ունի, ես չեմ աշխատում, եւ ապրելու գումար չկա: Խնդրում եմ, որ ամուսինս ազատվի, գա, երեխային միասին կմեծացնենք եւ երջանիկ կապրենք: Ինքն էլ նման բաներ չի անի. խոստացել է: Ես զգում եմ՝ ինքը փոխվել է, թողեք թող տուն գա»,- ասում է երիտասարդ կինը:

Մեկնաբանություններ (3)

Yeranuhi
Հարցս ուղղում եմ Tigran-ին...ինչին հավատանք ու ինչը փոխենք???? հավատանք, որ Լֆիկ Սամոն մի օր կփոխվի, թե հավատանք, որ հավի գողության համար մարդուն 10 տարով չեն դատապարտի????
Tigran
Հավատանք որ փոխենք.........
Arsen
Ծանոթ չեմ այս մարդուն և չեմ կարող ասել վաղաժամկետ ազատ արձակել նրան թե ոչ, սակայն կարող եմ ասել, որ իրականում ատ մեծ ժամկետ են նշանակել մեր դատական համակարգը: Հավ գողացողին 10 տարի, մարդասպանին և կաշառակերին ով մեջք ունի 0 տարի: Հավատանք որ փոխենք, իսկ երբ նույն Կայսերի տերերի ասում են մենք համ միլիցա ենք, համ դատավոր համ էլ դատախազ երևի հենց դա ի նկատի ունեն ում ինչքան սրոկ ուզենան կտան իսկ իրանք միտ անմեղ են ինչ էլ անեն: Հավատանք որ փոխենք Իհարկե :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter