HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Տորոնտոցի նկարիչը նշանավոր նախնիների է փնտրում իր հայկական տոհմածառում

«Դավիթ Արաթունը ուրախ է տեղեկություններ փոխանակել այլ տոհմաբանների, հատկապես նրանց հետ, ովքեր հետաքրքրված են բրիտանական պերերի դասով, 1650-1850-ին Յամայկայի հին շոտլանդացիներով կամ 1500-1950 թթ. Հնդկաստանում կամ Իրանում բնակվող հայ «վաճառական իշխաններով»»: Այս մասին նշվում է Դավիթ Արաթունի (David Arathoon) կայքում (www.davidarathoonstudio.com): Դավիթ Արաթունը հայտնի տորոնտոցի նկարիչ է (Կանադա): Նրա Արաթուն ազգանունը ծագում է հայկական Հարությունյան ազգանունից:

«Ես ինձ 99.9%-ով հայ եմ զգում եւ միշտ էլ շատ-շատ լավ եմ իմացել իմ հայկական արմատների եւ իմ ծագումնաբանության մասին: Սակայն ես շատ բան չգիտեի իմ անգլիացի ապուպապերից մեկի մասին, ով հայ կնոջ հետ էր ամուսնացել: Նա կապ ուներ պերերի դասի հետ, եւ նրա ընտանիքը սերում էր Եվրոպայի եւ Բրիտանիայի թագավորներից: Նա Կարլոման (Charlemange) թագավորի անմիջական շառավիղն էր: Այսպես է եղել, եթե թագավորական տոհմերի մասին արձանագրությունները, որոնցից բոլորն էլ կարող են օգտվել, ճշմարիտ են»,- «Հետքին» գրում է Դավիթ Արաթունը: Նրա անունը կարելի է գտնել բրիտանական պերերի դասին, ինչպես նաեւ Եվրոպայում թագավորական ընտանիքների ծագումնաբանությանը նվիրված www.peerage.com կայքում:

Դավիթ Արաթունը ծնվել է Կալկաթայում (Հնդկաստան): Նա մկրտվել է հայկական Սբ. Նազարեթ եկեղեցում, որը 300 տարվա պատմություն ունի: Մոտ 2 տարի սովորել է Կալկաթայի Դավիդյան դպրոցում: Նա ընդամենը 5 տարեկան էր, երբ ընտանիքը նախ գնաց Անգլիա, իսկ հետո՝ Տորոնտո: Դավիթի եւ հայրը՝ Դավիթ Էդվարդ Արաթունը (David Edward Arathoon), եւ մայրը՝ Էրոլին Ռոզ Մալքոլմը (Errolynn Rose Malcolm) (Մալքոլմ ազգանունն առաջացել է հայկական Մելքոմյանից), ծնվել են Կալկաթայում: Այժմ նրանք նույնպես Կանադայում են ապրում:

«Մալքոլմների ընտանիքն աշխատում էր «Իսթ Ինդիա» ընկերությունում դեռ վաղ 1700-ականներին: Նրանք բրիտանացիների համար մի տեսակ «միջնորդներ» էին պարսիկների հետ գործարքներում: Նրանք նաեւ թարգմանիչներ եւ դիվանագետներ էին տարբեր դատարաններում, այդ թվում նաեւ Կոստանդնուպոլսում, որտեղ իմ Մալքոլմ նախնիներից մեկն ամուսնացավ Ժակոբ Ռուսոյի (Jacob Rousseau) դստեր հետ: Ժակոբ Ռուսոն փիլիսոփա գրող Ժան-Ժակ Ռուսոյի (Jean Jacques Rousseau) կուզենն էր (ենթադրում եմ, որ հավանաբար Պարսկաստանում իր կուզենին այցելելուց հետո էր, որ Ժան-Ժակ Ռուսոն ներշնչվեց եւ սկսեց հայկական հագուստ կրել, ինչպես կարելի է տեսնել նրա դիմանկարների մեծ մասում)»,- գրում է Դավիթ Արաթունը:

Ընտանիքների պատմությունն ուսումնասիրող տոհմաբան Լիզ Չեյթրը (Liz Chater), որը մասնագիտացած է Հնդկաստանում եւ Հեռավոր Արեւելքում հայերի պատմության ուսումնասիրության մեջ, օգնել է Դավիթ Արաթունին նոր տեղեկություններ գտնել իր տոհմածառի վերաբերյալ: Նկարիչն ասում է, որ Կալկաթայի հայերն անհամեմատ ավելի կապված են իրար՝ Լիզ Չեյթրի հետազոտությունների շնորհիվ:

Կալկաթացի հեղինակ ու պատմաբան Մեսրոպ Հակոբ Սեթը (Mesrovb Jacob Seth) Դավիթ Արաթունի տատի տատի կուզենն է: Նրանք կիսում էին տոհմածառի Մանուկ ճյուղը, ինչպես եւ Չեյթրների ժառանգներից ոմանք: Նրա «Հայերը Հնդկաստանում» գրքի՝ Կալկաթային նվիրված գլխի մի մեծ մաս առնչվում է վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում նկարչի անմիջական եւ ոչ անմիջական նախնիներին: 35 տարի է պահանջվել, որ ավելի քան 40.000 նախնուց եւ որոշ դիմանկարներից բաղկացած տոհմածառն ամբողջանա, եւ այս հետազոտությունը դեռեւս ընթացքի մեջ է:

Նկարիչը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում իր նախնիներին ու նրանց պատմությունները եւ արտացոլում իր նկարներում: Նա մեծ հաճույք է ստանում պատմական կերպարներ նկարելուց եւ իր համար է այդ ամենը նկարում: Սակայն դրանք այնքան մեծ պահանջարկ ունեն, որ նկարն արդեն նախապես վաճառված է լինում, մինչ Դավիթ Արաթունը կհասցնի ավարտել այն:

Օրինակ՝ նրա «Ծաղիկներ Ջաստիսիայի համար» (Flowers for Justicia) նկարը հարգանքի տուրք է նրա նախնիներից մեկի նավի վրա ձերբակալված տղամարդկանց եւ մի կնոջ: Նրանց պետք է Սիդնեյ կամ Վիրջինիա ուղարկեին՝ ազատազրկման պատիժը կրելու, եւ նավի անունը Ջաստիսիա էր:

«Կտավի վրա եղած յուղաներկն այն նյութն է, որի միջոցով ես լավագույնս եմ արտահայտում ինձ: Ես այլ միջավայրերում էլ եմ աշխատել, այդ թվում՝ մանրաթել, լուսանկար, քանդակ, սակայն նախընտրում եմ նկարչության չմիջնորդավորվածությունը: Սիրում եմ յուրաքանչյուր պատկերի մեջ ներարկել իմ սեփական իրականության զգացումը, որը տարբեր է բոլոր նկարիչների համար: Կարծում եմ՝ ամեն գործ ինքնանկար է»,- գրում է Դավիթ Արաթունը:

Նա նկարում է եւ ներսում, եւ դրսում, սակայն չի աշխատում, երբ եղանակը վատ է: «Գիտեմ որոշ նկարիչների, որոնք նկարել են անձրեւի, փոթորիկի, ձյունամրրիկի ժամանակ եւ այլն, բայց ես այդպես չեմ անում: Ես սիրում եմ լսել իմ հավանած երաժշտությունը եւ երբեմն նույնիսկ մի բաժակ գինի վայելել, երբ աշխատում եմ»,- ասում է նկարիչը:

Դավիթ Արաթունն ավարտել է Օնտարիոյի արվեստի քոլեջն (Ontario College of Art) ու Համբերի քոլեջը (Humber College) եւ գեղարվեստ սովորել՝ մասնագիտանալով գույների տեսության մեջ: Դեղինն առանձնանում է գույների շարքում: Ուստի, երբ նա ուզում է, որ նկարի տվյալ հատվածն առանձնանա, ավելի շատ դեղին է օգտագործում:

«Ես գույնը գիտականորեն եմ օգտագործում, բայց նաեւ կարող եմ խորհրդանշական ձեւով օգտագործել: Օրինակ՝ դեղինը մեր մշակույթում կարող էր նշանակել Աստված կամ արեւի լույս: Կարմիր գույնը կարող է սեր նշանակել, իսկ կանաչը՝ նախանձ, բայց երբ ես կարմիրն ու կանաչն օգտագործում եմ կողք-կողքի, այս գույները կբարձրացնեն իրար, ինչպես ուժեղ կետադրական նշան՝ կտավի վրա: Ես օգտագործում եմ իմպրեսիոնիստական ներկապնակ եւ խուսափում եմ մաքուր սեւից եւ այն փոխարինում եմ մորեգույնի, մուգ կանաչի, կապույտի կամ շագանակագույնի տարբեր խառնուրդներով: Իմաստ կա նրանում, որ տարածքը մուգ է՝ առանց հարթ լինելու, որը կարող է պատահել, եթե սեւ գույնն օգտագործվի ուղիղ ներկի տուփի միջից»,- ասում է նկարիչը:

Դավիթ Արաթունը համազգային հաջողության է հասել բազմաթիվ անհատական եւ խմբակային ցուցահանդեսներով մասնավոր եւ հանրային պատկերասրահներում՝ աշխատելով ավելի քան 25 տարի: Նրա նկարները կարելի է գտնել բազմաթիվ կորպորատիվ եւ մասնավոր հավաքածուներում Կանադայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Հոնգկոնգում եւ այլ երկրներում:

Նրա նկարները պահվում են շատ տներում եւ հասարակական վայրերում («Vintage», «Queenգs Landing Hotel Niagara on the Lake» եւ «Holiday» հյուրանոցներ, «Toronto» եւ «Movenpick» ռեստորաններ, Առեւտրի խորհուրդ, Համբեր քոլեջ, ինչպես նաեւ բազմաթիվ հիվանդանոցներ):

Նկարիչը հաճախ է ճամփորդում՝ նկարելու գեղեցիկ թեմաներ գտնելու համար: Ամենից շատ սիրում է աշխատել Ֆրանսիայում եւ Անգլիայում: «Բայց ես ինձ կապված եմ զգում Կանադային: Գեղեցիկ ամառ է, եւ սա շատ մեծ երկիր է, որը պետք է բացահայտել: Ասում են՝ մեր տեղական Օնտարիո լիճը Հայաստանից 4 անգամ մեծ է»,- գրում է Դավիթ Արաթունը:

Նա երբեք չի եղել Հայաստանում: «Մի օր սիրով կգնայի՝ գուցե նկարելու կամ ցուցահանդես կազմակերպելու, եթե հնարավորություն լինի: Նախ հարկ կլինի ամեն ինչ համաձայնեցնել արվեստի դիլերի կամ գեղարվեստով զբաղվող որեւէ կազմակերպության հետ: Հայաստանն իմ նախնիների տունն է, եւ այնտեղ գնալը նման կլինի հոգեւոր ճամփորդության»,- ասում է նա:

Դավիթ Արաթունն իր վերջին կտավներից ամենից շատ հավանում է «Գիշերվա կարապը» նկարը, որը, նրա խոսքերով, «գործ է՝ արված հանուն արվեստի»: Նա նաեւ նկարազարդել է փողոցի աղբարկղերը: Ծրագրի նպատակն էր արվեստն ավելի մոտեցնել հանրությանը եւ ուշադրություն հրավիրել թափոնների վերամշակման խնդրին: Նա մրցանակի է արժանացել իր քաղաքն ապրելու համար ավելի նպաստավոր միջավայր դարձնելու գործում ունեցած ներդրման համար:

Դավիթ Արաթունի նկարները մոտ 100.000 դոլար են հավաքել տարբեր բարեգործական ծրագրերի համար: 1995 թ. նկարիչը սեփական նախաձեռնությամբ հիմնեց «Հաղորդագրություն շշի մեջ» անունը կրող ամենամյա դրամահավաք ծրագիրը, որի շրջանակներում մոտ 1 մլն դոլար է հավաքվել անբուժելի հիվանդների խնամքի համար:

«Մինչ այդ ես վաճառել էի իմ արվեստանոցի նկարների սահմանափակ տպաքանակը՝ մեր տեղական հիվանդանոցներից մեկին օգնելու համար: Ես ընտրեցի իրիսների պատկերը, ծաղիկ, որը խորհրդանշում է պարտքերի ներում: Իրիսը նաեւ հունարեն նշանակում է ծիածան, որը խորհրդանշում է մարդու հետ Աստծու դաշինքը մեծ ջրհեղեղից հետո: Կոնկրետ այս բարեգործության համար մոտ 25.0000 դոլար հավաքեցի միայն Ամանորի ժամանակ եւ մտածեցի, որ ավելի լավ է ավելի հաջող գաղափար գտնեմ, քան տպված նկարներս ամբողջ օրը վաճառելը: Չափազանց մեծ կարիք կար ավելի շատ փող հատկացնել պալիատիվ բուժօգնությանը»,- ասում է Դավիթ Արաթունը:

«Հաղորդագրություն շշի մեջ» դրամահավաք ծրագրի համար նա Տորոնտոյի այն ժամանակվա քաղաքապետ Բարբարա Հոլի (Barbara Hall) եւ հայտնի կանադացի գրող-ակտիվիստ Ջուն Քոլվուդի (June Callwood) կողմից «Հերոս» մրցանակի է արժանացել:

Ջուն Քոլվուդը նկարչին նաեւ նամակ եւ շնորհակալական բացիկ է ուղարկել 1994 թ. Նելսոն Մանդելայի երդմնակալության ելույթից վերցված հետեւյալ խոսքերով. «Եվ հենց մենք թույլ ենք տալիս, որ մեր սեփական լույսը վառվի, մենք ինքնաբերաբար այլ մարդկանց էլ ենք թույլ տալիս նույնն անել: Հենց մենք ազատվում ենք մեր սեփական վախերից, մեր ներկայությունը մեխանիկորեն ազատում է մյուսներին»:

Ջուն Քոլվուդը շնորհակալություն էր հայտնում նկարչին երկար տարիներ հիվանդանոցներին տրամադրած կամավոր օգնության համար: «Սրանք ներշնչանքի բառեր են, որոնք լավ ուղեցույց են կյանքն ապրելու համար»,- ասում է Դավիթ Արաթունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter