HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պաշտպանության բանակում աճել են թոքաբորբի, կրճատվել` թոքախտի, դիզինտերիայի ու հեպատիտի դեպքերը

Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի պետ, փոխգնդապետ Հրաչ Եգորյանն ասում է, որ այս տարի, նախորդների համեմատ, ավելացել են սուր շնչառական հիվանդությունները: Ըստ նրա՝ դրա հիմնական պատճառը եղանակային վերջին կտրուկ փոփոխություններն էին: Իսկ ահա ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն ասում է, որ այս տարի մասնավորապես թոքաբորբի դեպքերի աճը բացատրվում է հիվանդության նոր տեսակով, որի դեմ պատվաստումը հարկավոր է ներառել համապատասխան ծրագրերում: Հոսպիտալի պետի փոխանցմամբ՝ եթե հիմնականում ցուրտ եղանակներին նկատվում է շնչառական հիվանդությունների ակտիվացում, ապա գարնանն ու ամռանը շատանում են ինֆեկցիոն երեւույթները:   

Նախարարի հրամանի համաձայն՝ ջերմություն ունեցող զինծառայողները պետք է իզոլացվեն եւ անցնեն հետազոտում: Եգորյանն ասում է, որ բարձր ջերմություն ունեցողներին հոսպիտալում հետազոտելուց հետո որոշում են՝ բուժումը կազմակերպել այդտե՞ղ, թե՞ զորամասում:

Այս օրերին, ըստ պետի, հիվանդների թիվը սովորական է՝ ինչպես լինում է հիմնականում: Փոխգնդապետը նշում է, որ զինվորները հիմնականում բողոքում են ճնշման տատանումներից, գլխացավից, ատամնացավից, լինում են նաեւ ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ: Ջրի հետ կապված խանգարումները, Եգորյանի հավաստմամբ, ոչ թե միկրոբների, այլ ջրի աղային կազմի տարբերության հետեւանք են: Այսինքն՝ զորամասի տարածքի ջրի աղային բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է այն ջրից, որը նախկինում՝ քաղաքացիական կյանքում, օգտագործել է զինվորը: Իսկ միկրոբների վերաբերյալ փոխգնդապետը նշում է, որ պարբերաբար կատարվում են նմուշառումներ, ստուգվում է ջրի կազմը՝ վարակներից զերծ մնալու համար:

Հոսպիտալի միջանցքներում փակցված են փոխգնդապետ Եգորյանի եւ նախարար Հակոբյանի բջջային հեռախոսահամարները՝ «վստահության հեռախոս» վերտառությամբ: Նման բան կա բոլոր զորամասերում: Փոխգնդապետն ասում է, որ իրեն հիմնականում ծնողներն են զանգում, հարցնում են, թե երեխան ինչ խնդիր ունի, նաեւ հետաքրքրվում են որոշակի դեպքերում խնամքի համար նախատեսված վերականգնողական արձակուրդով:

Հրաչ Եգորյանը Ստեփանակերտի հոսպիտալի պետ է 2005 թվականից, սակայն ծառայության մեջ է 90-ականներից: Ասում է, որ եթե տարիներ առաջ տուբերկուլյոզով (թոքախտ) հիվանդների թիվը զգալի էր, վերջին 10 տարում այն կրճատվել է անգամներով, նույնը վերաբերում է դիզինտերիային, հեպատիտին: «Դեղնախտ (հեպատիտ B) վերջին տարիներին չեմ հիշում»,- նշում է Եգորյանը: Իսկ ընդհանուր վիճակի դրական միտումները նա կապում է զինծառայողների կենցաղային պայմանների, թիկունքային ապահովման, սննդի ու ջրի որակի բարելավման հետ: Այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ հիվանդին տեղափոխում են Երեւան: Դրանք այն դեպքերն են, երբ, օրինակ, անհրաժեշտ է լինում երկարատեւ բուժում,  կամ համալիր փորձաքննության կարիք կա:     

Իսկ հարցին, թե արդյոք նախորդ տարվա համեմատ աճել է վիրավորների թիվը, Հ. Եգորյանը  խուսափողական պատասխան է տալիս. «Զգալի աճ չէի ասի… Ինձնից ավելի լավ գիտեք…»: Միաժամանակ շեշտում է, որ իր բուժանձնակազմի մեղքով մահացության դեպքեր չեն եղել, սակայն մյուս հոսպիտալների համար խոսելու պատասխատվություն չի ստանձնում:

Հոսպիտալում բոլոր բժիշկները բարձրագույն կրթությամբ մասնագետներ են, որոնց մեծ մասը Երեւանի բժշկական համալսարանն է ավարտել, որոշներն էլ՝ Ռուսաստանի ակադեմիաները: Բժիշկներն ու բուժքույրերը անցնում են նաեւ վերապատրաստման դասընթացներ: Փոխգնդապետ Եգորյանը հավաստիացնում է, որ հոսպիտալը չունի ոչ հավելյալ մասնագետների, ոչ դեղի, ոչ էլ մեքենաների խնդիր: Ավելին՝ հիմնական մասնագետներից՝ վիրաբույժ, վնասվածքաբան, թերապեւտ, վերականդանացման բժիշկ, 3-4 հոգի ունեն:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter