HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Բնապահպանական խնդիրներն ու դրանց լուծումները՝ կուսակցությունների նախընտրական ծրագրերում

Բնապահպանները ահազանգում են Հայաստանում բնապահպանական բազմաթիվ խնդիրների մասին. Թեղուտի, Քաջարանի, Ջերմուկի հանքերի շահագործում, անտառների ոչնչացում, Երևանի անապատացում և այլն: Արդյոք այս խնդիրները տեղ գտե՞լ են կուսակցությունների նախընտրական ծրագրերում, և խորհրդարան մտնելու համար պայքարող ուժերն ինչպե՞ս են պատկերացնում բնապահպանության ոլորտում առկա խնդիրների լուծումները:

Ստորև ներկայացվում են կուսակցությունների նախընտրական ծրագրերի՝ բնապահպանությանը վերաբերող դրույթները:

«Բարգավաճ Հայաստան»

«Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ծրագրի՝ բնապահպանությանը վերաբերող բաժինը վերնագրված է «Բնությունը մեր ընդհանուր տունն է»: Այդ բաժինը շատ կարճ է, գրված հռչակագրային ոճով, դրանում չի նշվում Հայաստանում առկա բնապահպանական որևէ խնդիր և որևէ քայլ, որը կուսակցությանը նախատեսում է անել բնապահպանության վիճակը բարելավելու ուղղությամբ:

Ահա «Բնությունը մեր ընդհանուր տունն է» բաժինն ամբողջությամբ. «Բնությունն այն կենսական միջավայրն է, որը յուրաքանչյուր մարդ պարտավոր է պահպանել, վերականգնել և խնամքով օգտագործել, շրջակա միջավայրի հետ վարվելով այնպես, ինչպես կվարվեր իր սեփական տան հետ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անհրաժեշտ է համարում այս պարզ ճշմարտության արմատավորումը ինչպես պետական քաղաքականության, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու գիտակցության մեջ և իր հնարավորությունների սահմաններում աշխատելու է այս ուղղությամբ: Մենք կարևորում ենք երկրի տնտեսական զարգացումը, սակայն դեմ ենք, որ տնտեսական զարգացումնը տեղի ունենա շրջակա միջավայրի անդառնալի կորուստների, երկրի բնապահպանական անվտանգության մակարդակի նվազման և բնական ռեսուրսների անխնա շահագործման հաշվին»:

«Ժառանգություն»

«Բնական պաշարների ողջամիտ ու անվտանգ օգտագործում և շրջակա միջավայրի պահպանությունը» «Ժառանգության» նախընտրական ծրագրի վերջին գլուխն է:

Առաջին ձեռնարկությունը, որի մասին նշվում է այդ բաժնում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: «2007թ.-ից ի վեր, երբ ընդունվել է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տեղադրել է ավելի քան 55 մլն տոննա թափոններ, որի համար պարտավոր էր, սակայն չի վճարել Հայաստանի Հանրապետությանը 1,3 տրլն դրամ կամ շուրջ 4 միլիարդ դոլար: Այս պարտքը լիովին բավարար է, որպեսզի այս ձեռնարկությունն ազգայնացվի, իսկ Հայաստանի ազգային հարստության անխնա շահագործումից նրա ստացած տարեկան հարյուր միլիոնավոր դոլարների հասնող շահույթը այսուհետ ուղղվի պետական բյուջե»,- նշվում է ծրագրում:

Իսկ Սոթքի և Մեղրաձորի ոսկու հանքերը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը, որը 2004թ.-ից ի վեր արդյունահանել է գրեթե 1 մլն տոննա հանքանյութ և շրջակա միջավայրում տեղադրել նույնքան 1-ին կարգի թափոններ, ըստ նախընտրական ծրագրի, պետք է ՀՀ պետբյուջե մուտքագրեր 48 մլրդ դրամ գումար, որից շուրջ 14 միլիարդը՝ վերջին տարվա համար:

Պաշտոնապես գրանցված մյուս 12 պոչամբարի «տեղադրման» համար դրանց մայր հանքերը շահագործող տնտեսվարող սուբյեկտները 2011թ. արդյունահանման ծավալները պահպանելու դեպքում 2012թ.-ին պարտավոր են պետությանը վճարել ևս ավելի քան 20 մլրդ դրամ:

Մեկ այլ՝ «Արդար կառավարում, օրինականության հաստատում, արդարադատություն և պայքար կոռուպցիայի դեմ» բաժնում նախընտրական ծրագրում նշված է, որ միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Հրազդան, Աբովյան քաղաքներում և Սյունիքի մարզի Սվարանց գյուղում գտնվող երեք երկաթահանքերի հետ կապված ապօրինի, ստվերային գործարքների վերանայման շնորհիվ հնարավոր է պետբյուջե վերադարձնել ավելի քան 266 մլրդ դրամ գումար:

Նախընտրական ծրագրով նախատեսվում է «պետական ձեռնարկությունների և հանքավայրերի` ապօրինի, չհիմնավորված ցածր գներով, պետությանը հասցված խոշոր չափերի վնասով իրականացված մասնավորեցումների վերանայում, ազգայնացում և նոր մասնավորեցում` բաց, թափանցիկ մրցույթների հիման վրա, որի արդյունքում բյուջետային հավելյալ եկամուտների ապահովում»:

Ուստի, «Ժառանգությունը» 16 կետով թվարկում է այն առաջնային օրենսդիր և գործադիր քայլերը, որոնք պատրաստվում է կատարել: Այդ քայլերից են, օրինակ.

- Բնապահպանական ցանկացած նորմի խախտման դեպքում կիրառել վարչական խստագույն միջոցներ՝ տույժեր և տուգանքներ, ինչպես նաև քրեական պատասխանատվության միջոցներ:

- Ապահովել գործող օրենքի լիարժեք կիրառում ՀՀ տարածքում հաշվառված 470 հանքարդյունաբերական օբյեկտների շահագործման արդյունքում գոյացող «դատարկ ապարների» տեղահանման և տեղադրման համար դրանց շահագործող տնտեսվարող սուբյեկտներից բնապահպանական վճարների լիարժեք գանձման նպատակով:

- Ապահովել «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրառում՝ պահանջվող շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց, ինչի հաշվին հանքարդյունահանողներից բնապահպանական վճարների ամբողջական գանձման արդյունքում արդեն 2013թ.-ին առնվազն 428 մլրդ դրամ (շուրջ 1,1 մլրդ ԱՄՆ դոլար) կմուտքագրվի պետբյուջե, ընդ որում, դրա մի մասը՝ գույքի և բաժնեթղթերի ձևով:

- Վճռականորեն կասեցնել հայրենի բնության ինքնատիպ կենդանական աշխարհն ամլացնող համատարած որսագողությունը և անօրինական անտառահատումները:

- Անհապաղ միջոցներ ձեռնարկել հանրապետության, այդ թվում՝ Երևանի անապատացման վերահաս վտանգը կանխելու համար:

«Ժառանգության» նախընտրական ծրագրով նախատեսվում է ընդունել բնական պաշարների արդյունավետ օգտագործման մասին ՀՀ օրենք, վերացնել բնապահպանության ոլորտը և բնական պաշարամիջոցների շահագործումը կարգավորող օրենսդրական ակտերում առկա հակասություններն ու տարընթերցումները, խստացնել բնապահպանության ոլորտի պահպանման և կարգավորման հիմնախնդիրների լուծմանն ուղղված նորմատիվային-իրավական պահանջները, հիմնել բնապահպանական ոստիկանություն՝ չարաշահումներին արագ արձագանքելու կամ դրանք կանխելու հիմնական առաքելությամբ:

Նախընտրական ծրագրում թվարկվում են բնապահպանության ոլորտը կարգավորող մի շարք օրենքներ, որոնցում կուսակցությունը նախատեսում է փոփոխություններ ու լրացումներ անել, մասնավորապես՝ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին», «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին», «Թափոնների մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին», «Սևանա լճի մասին», «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքները, «Ջրային օրենսգիրքը», «Անտառային օրենսգիրքը», «Ընդերքի մասին օրենսգիրքը» և այլն:

Հայ ազգային կոնգրես

Հայ ազգային կոնգրեսից «Հետքին» հայտնեցին, որ նախընտրական ծրագիր պետք է դիտարկել մինչ այժմ ՀԱԿ-ի հրապարակած տարբեր ծրագրերը՝ Սոցիալ-տնտեսական ծրագիրը, Գյուղատնտեսության խթանմանն ուղղված հրատապ միջոցառումները, ՀՀ արդյունաբերության զարգացման ծրագիրը (2012-2022թթ.), Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ-ծրագիրը և այլն:

ՀԱԿ-ի՝ բնապահպանությանը վերաբերող ծրագիրը կոչվում է Էկոլոգիական անվտանգության հայեցակարգ, որը 69 էջանոց փաստաթուղթ է: Հայեցակարգը սուր քննադատում է ոլորտում վարվող քաղաքականությունը:

«Վերջին տարիներին կատարված համատարած ծառահատումները, բնական ռեսուրսների անխնա շահագործումը, օգտակար բնական պաշարների վրա տոտալ և անվերահսկելի հարձակումը ամբողջությամբ հյուծել են հայրենի բնությունը՝ երկրում ստեղծելով էկոլոգիական պայթյունավտանգ իրավիճակ»,- նշվում է Էկոլոգիական անվտանգության հայեցակարգում:

Ծրագրում գրված է, որ վերջին տարիներին բնության վերականգնման համար չի իրականացվել որևէ շոշափելի աշխատանք, իսկ բնապահպանական վճարները ծախսվել են բնության վերականգնման հետ որևէ աղերս չունեցող նպատակներով: Ներկայում Հայաստանում այլևս գրեթե չեն մնացել տարածքներ, որտեղ արտադրվող գյուղմթերքը էկոլոգիապես մաքուր և առողջության համար անվտանգ լինի: Մարդիկ ուտում են թունաքիմիկատներով և ծանր մետաղներով հագեցած մրգեր ու բանջարեղեն: Շրջակա միջավայրի անվերահսկելի աղտոտման հետևանքով թունավորվում են հոսքաջրերը, որոնցով ոռոգվում է հողը:

Էկոլոգիական անվտանգության հայեցակարգի զգալի մասը վերաբերում է հատկապես հանքարդյունաբերության խնդիրներին, «քանի որ հենց այդ ոլորտին է բաժին ընկնում շրջակա միջավայրի աղտոտման հիմնական մասը»:

Ըստ հայեցակարգի՝ Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրներից են բնական պաշարների անկանոն և անվերահսկելի գերշահագործումը, հանքանյութի ոչ արդյունավետ իրացումը, թափոնները հարկման դաշտից թուրս թողնելը, թունավոր արտանետումների չեզոքացման, թափոնների վերամշակման մեխանիզմների բացակայության պատճառով շրջակա միջավայրի տարերային աղտոտումը, բնական պաշարների շահագործման և կառավարման համակարգում տիրող անպատժելիության մթնոլորտն ու կոռուպցիան:

Հայաստանի էկոլոգիական իրավիճակը պարտադրում է բարձիթողի վիճակը կանոնակարգելու համար դիմել կտրուկ քայլերի, որոնցից է. «Պետական և համայնքային անտառների զանգվածային հատումը արտադրական, այդ թվում՝ հանքի շահագործման նպատակով պետք է անվերապահորեն բացառվի»:

Ըստ ՀԱԿ-ի հայեցակարգի՝ ցանկացած պարագայում պետք է արգելվի բնական պաշարների այնպիսի շահագործումը (օրինակ՝ բաց եղանակով հանքարդյունահանում), երբ օրենքով նորմավորված, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման միջոցով կհիմնավորվի, որ նշված գործունեությունը հանգեցնում է անտառների ոչնչացման կամ դեգրադացիայի, կարող է հանգեցնել տվյալ կամ հարակից տարածքում բնակվող բնակչության զանգվածային տեղահանման կամ միգրացիայի կամ այլ բացասական սոցիալական ազդեցության (ծանր հիվանդություններ, գենոֆոնդի փոփոխություն և այլն), անհամատեղելի է հանգստի և առողջարանային օբյեկտների բնականոն գործունեության հետ, գերազանցում է օդային ավազանի և ջրային ռեսուրսների, թափոնների տեղաբաշխման համար սահմանված վայրերի աղտոտման թույլատրելի սահմանային չափը, հանգեցնում է Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների թվաքանակի նվազեցմանը և այլն:

Անդրադառնալով Թեղուտի հանքավայրի շահագործմանը՝ հայեցակարգը նշում է, որ այն պետք է թողնել հաջորդ սերունդներին, քանի որ հանքի շահագործումը չպետք է ուղեկցվի բնական պաշարների անհամաչափ ոչնչացմամբ: Իսկ Թեղուտի պարագայում առկա տեխնոլոգիաները թույլ չեն տալիս հանքավայրը շահագործել՝ առանց անտառապատ տարածքներին, հոսքաջրերին և բնության այլ բաղադրիչներին անհամաչափ վնաս պատճառելու, նաև հանքահումքի լիարժեք կորզում իրականացնել:

Ըստ հայեցակարգի՝ ներկայում Հայաստանում գործում է շուրջ 500 հանքարդյունահանող ձեռնարկություն, որից 22-ը մետաղական հանքավայր է: Եվս մոտ 300-ը լիցենզավորման փուլում է, որից 10-ը կրկին մետաղական հանքավայր է: ՀԱԿ-ը համարում է, որ «երկրի բնական պաշարների վրա այսպիսի տոտալ հարձակումը վաղուց արդեն անցել է շահագործման անթույլատրելի կրիտիկական չափը»:

«Հարկ է նշել նաև, որ իրականում այսօր Հայաստանում հանքարդյունաբերություն՝ որպես այդպիսին, չկա, այլ կա հանքի օգտակար հանածոների արդյունահանում և այդ հանածոների արտահանում դեպի զարգացած երկրներ: Այս քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ ազգային պաշարները շատ արագ սպառվում են, մինչդեռ հանրությունը դրանից, ըստ էության, ոչինչ չի ստանում, բացի ոչնչացված և աղտոտված բնական միջավայրից և առողջության կորստից»,- նշվում է Էկոլոգիական անվտանգության հայեցակարգում:

Մեկ այլ խնդիր է այն, որ ներկայում ընդերքի շահագործման համար անհրաժեշտաբար տրամադրվող, վերականգնվող բնական պաշարները հանքարդյունաբերողին են տրամադրվում ոչ թե դրանց շուկայական, այլ կադաստրային արժեքով, ինչի հետևանքով այդ բնական պաշարների համար վճարումները կազմում են ծիծաղելիորեն ցածր թվեր: Օրինակ՝ Armenian Coppar Program ընկերությունը օգտակար հանածոյի արդյունահանման նախագծով Թեղուտի հանքավայրի մոտ գտնվող Շնող գետի տնտեսական արժեքը գնահատել է ընդամենը 175 հազար դրամ: Մինչդեռ օգտագործվող բնական պաշարները կապիտալ են, որը պետք է հաշվարկվել ոչ թե կադաստրային, այլ շուկայական գնով:

Պաշտոնական տվյալներով՝ վերջին տարիներին բնապահպանական և բնօգտագործման վճարների (ԲԲՎ), այդ թվում՝ ռոյալթիների տեսքով պետական բյուջեի մուտքերը կազմում են ՀՆԱ-ի ընդամենը 0.25-0.27 %-ը: Կառավարության որոշումներով սահմանվող բնօգտագործման վճարներով պետական բյուջե մտնում է հանքի օգտակար հանածոների արժեքի մոտ 20-21 %-ը: Իրականում, սակայն, ըստ ՀԱԿ-ի հայեցակարգի, բնօգտագործման վճարներից պետբյուջե կատարվող մուտքերը չեն գերազանցում օգտագործվող բնական պաշարների արժեքի 2 %-ը, ինչի մասին է վկայում նաև ԲԲՎ-ի ու ՀՆԱ-ի հարաբերակցությունը:

«Մնացած ամբողջ հասույթը գտնվում է ստվերում: Այս առումով հարկ է նշել, որ աշխարհի երկրների մեծ մասում պետական բյուջե վճարվում է օգտակար բնական պաշարների արժեքի եկամուտների 50-92 տոկոսը,- նշում է ՀԱԿ-ը և շարունակում: Բնօգտագործման նոր քաղաքականության պայմաններում պետական բյուջե պետք է մուտք արվի հանքի օգտակար հանածոների արժեքի 50-70 տոկոսը՝ ելնելով արդյունահանվող բնական պաշարի շահութաբերության ցուցիչից»:

Ելնելով վերոնշյալից, ըստ հայեցակարգի, պետք է իրականացվեն մի շարք նվազագույն գործողությունները, որոնցից են, օրինակ. անտառային հողերի տարածքում հանքի շահագործումը կարող է իրականացվել բացառապես շահագործման փակ եղանակով (հորատանցքի միջոցով), եթե պահպանվում են բնապահպանական մյուս սահմանափակումները, պետք է արգելվի Հայաստանի միջազգային պայմանագրերի խախտմամբ շրջակա միջավայրին անհամաչափ վնաս հասցնող ցանկացած գործունեություն՝ ներառյալ արդեն իսկ սկսված և խոշոր ներդրումներ իրականացված նախագծերը (օրինակ՝ Թեղուտի հանքի շահագործումը)՝ օրենքին տալով հետադարձ ուժ, պետք է օրենքով սահմանված սեղմ ժամկետներում վերանայվեն բնական պաշարներ շահագործող բոլոր կազմակերպություններին տրված հանքային իրավունքները և տրամադրվեն հանքային նոր իրավունքներ, պետք է արմատապես վերանայել «բացառիկ գերակա հանրային շահ» եզրույթի իրավական նշանակությունը՝ դա հասկանալով որպես պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող հանրային առաջնահերթությունը և ոչ թե մասնավոր սեկտորի նյութական շահը:

ՀԱԿ-ի առաջարկած այլ միջոցառումներից են հետևյալները. պետք է հնարավորինս վերականգնվի Երևանի «նախասրճարանային» արտաքին տեսքը: Քաղաքային բոլոր այգիները, պուրակները, քաղաքային մշակույթի համար նշանակություն ունեցող օբյեկտները բերվելու են իրենց նախնական տեսքին: Էկոլոգիական գոտիներում ծանր կոնստրուկցիաներով կառուցված և մշակութային արժեք չունեցող բոլոր շինությունները (այդ թվում՝ զվարճանքի կենտրոններն ու խանութները, բնակելի տներն ու առանձնատները, «Հաղթանակ» զբոսայգում կառուցված «Գոլդեն փալաս» հյուրանոցը և այլն) պետք է անվերապահորեն ապամոնտաժվեն, հնարավորության սահմաններում հատված այգիները պետք է վերականգնվեն, քաղաքաշինական նախագծերում պետք է ներառել կանաչ գոտիների պարտադիր նվազագույն չափ՝ կառուցապատվող տարածքի 20 %-ից ոչ պակաս տարածքով: Հայաստանում պետք է կառուցվի հիդրոակումուլյացիոն կայան, և Սևանից բաց թողնված ջուրը երկրորդ անդամ շրջանառվի և այլն:

Էկոլոգիական անվտանգության հայեցակարգում նշվում է նաև ոլորտում խախտումներ անելու դեպքում պատասխանատվություն կրելու մասին: Ըստ այդմ, նախատեսվում է էապես խստացնել էկոլոգիական իրավախախտումների դիմաց պատասխանատվության միջոցները՝ դրանք տեղափոխելով քաղաքացիաիրավական օրենսդրության դաշտ:

«Պետք է նաև ծանրացվեն շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվության չափերը, սահմանվեն նոր պատժատեսակներ ՀՀ քրեական օրենսգրքի՝ շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների բաժնում: Հատուկ տեխնիկայի կիրառմամբ, մասնավորապես ուղղաթիռով որսը՝ որպես կենդանական աշխարհի նկատմամբ իրականացվող բարբարոսություն, պետք է քրեականացվի»,- նշվում է Էկոլոգիական անվտանգության հայեցակարգում:

շարունակելի

Մեկնաբանություններ (5)

Kar
Chishta GERAZANC krutiamb marda petq ayl voch GNVAC Diplomov, stugeq ev khamozveq... Erevi da er HHK-i amena xelaci xekavar@ bnapahpanutian volorti hamar:)))))))))))))) Verevum chishta grvac vor GELIN drel eq Vochxari hoti pahak!
Valodya
Ha tox gren bayc nayac ov naxarar klini ev ardioq hayreniqi zgacmunq unecox mard klini
Sam &Yuro
Ayt volorti korupcian veracreq inchpes vor arvec BHK naxarar unecox naxararutiunnerum ev xndirner@ kveranan. Isk hima GELIN berel u nshanakel en vochxari hotin pahak
Vik
Arajin herdin lav kird ev gerazanc krdutiamb naxarara petq nshanakel isk cragir ov el ases kgri. De hima et cragir@ tveq nerkais naxararin meka ban chi poxvi, vortev der ir artasahmani DXIAK@ kisata sarqvac:) aynpes vor naxntrakan cragir kam heqiatner mi greq
Vlad
De HHK-n bnapahpanutian volorti hamar aveli lav teknacu chuner qan Bulkin u dra hamar el xndirner@ aysaqn shatacel en verjin tarinerum. Vardani jamanak ayskan hasarakakan hncexutiun chkar che.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter