HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորի մարզադաշտը ֆուտբոլի ֆեդերացիային է նվիրաբերվել Վիկտոր Դալլաքյանի միջնորդությամբ

Մարզական համալիր և ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու նպատակով Վանաձոր համայնքի ավագանին քաղաքի տարբեր հատվածներում գտնվող`43937.2 և 6954.0 քմ մակերեսով, համայնքի սեփականություն հանդիսացող երկու հողամաս անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Նույն որոշմամբ` նշված հողամասերի վրա կառուցվելիք շենք-շինությունները սեփականության իրավունքով պատկանելու են ֆեդերացիային: Որոշումն այժմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից վիճարկվում է դատական կարգով: Հայց է ներկայացվել ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի և ավագանու` այն հիմքով, որ խախտվել է բնակիչների համայնքային սեփականության իրավունքը, և նրանք ապօրինաբար զրկվել են իրենց համայնքային հողամասերից: Օրենքով` ավագանին իր լիազորությունների շրջանակում կարող է օտարել համայնքին պատկանող գույքը կամ տրամադրել օգտագործման: Այդ դեպքում պարտավոր է սահմանել օտարման գին կամ օգտագործման վարձավճար, ինչը տվյալ դեպքում չի արվել: Փաստորեն, ավագանին գերազանցել է իր լիազորությունները, քանի որ չի կարող անվարձահատույց օտարել համայնքին պատկանող գույքը:

Օրենքով`պետությանը պատկանող հողերն առանց մրցույթի, անհատույց (մշտական) օգտագործման են տրամադրվում միայն բարեգործական, հասարակական կազմակեպություններին և հիմնադրամներին: Տվյալ դեպքում անտեսվել է նաև այն հանգամանքը, որ ֆուտբոլի ֆեդերացիան բարեգործական կազմակերպություն կամ հիմնադրամ չէ, այլ սովորական սպորտային հասարակական կազմակերպություն: Նշանակում է` նշված հողամասերը նվիրաբերվել են ֆեդերացիային:

«Հետքի» հարցերին պատասխանում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:

Պարոն քաղաքապետ, ճշտենք` Վանաձորի մարզադաշտը հատկացվե՞լ է ֆեդերացիային, թե՞ նվիրաբերվել:

Ուրեմն գիտեք ինչ, ոչ մի կազմակերպություն, նույնիսկ քաղաքապետարանը իրավունք չունի ոչ համայնքային սեփականության վրա գումարներ ծախսելու: Բայց արվում է այսպես: Տեսեք, շատ շենքեր վերցրեցինք մեր բալանսը, մեր ֆինանսական միջոցները դրեցինք, ամրացրեցինք, կառուցեցինք, հետո սեփականաշնորհեցինք ժողովրդին: Նույնը մենք մարզադաշտը նվիրաբերում ենք, նրանք լրիվ, ամբողջությամբ կառուցում են և սեփականության իրավունքով տալիս մեզ:

Պայմանագրում ժամկետներ չեն նշվել:

Դե 3 տարի ժամանակով էինք տվել: Բայց հիմա քանի որ էդ 3 տարվա տարիուկեսը…

Մարզադա՞շտը նկատի ունեք` 3 տարով:

Եվ մարզադաշտը, և… ճիշտն ասած ժամկետները հստակ չեմ հիշում:

Դատական հայցի հիմքը հենց դա է, որ մարզադաշտը ֆեդերացիային է տրվել անհատույց, մշտական օգտագործման իրավունքով:

Մենք նմանատիպ շատ-շատ կառույցներ էդպես արել ենք, որ սկզբում տալիս ենք, հետո լրիվ, ամբողջությամբ կառուցելուց հետո նրանք նորից վերադարձնում են մեզ: ՖԻՖԱ-ն երբեք չի գալու Վանաձորում մարզադաշտ պահի: Նա ոչ շահագործման գումարներ ունի կառուցելուց հետո, ոչ էլ պահպանման խնդիր: Նա կառուցում է, կառուցելուց հետո նվիրում համայնքին, դրանից հետո համայնքը արդեն և շահագործման խնդիրները, և մարզադաշտի պահպանման խնդիրները վերցնում է լրիվ համայնքային բյուջեի վրա և համայնքով շահագործում:

Դա կա՞ պայմանագրով ամրագրված:

Դա ներքին պայմանավորվածություն է: Դե… հիմա փաստորեն մինչև էս տարվա վերջը պետք է դա լրիվ վերակառուցվեր: Բայց քանի որ մինչև հիմա էլ դատական պրոցեսում է, չի վերակառուցվի:

Մարզադաշտը ֆեդերացիային է հատկացվել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ:

Նաև, նաև Վիկտոր Դալլաքյանի: Ես ինքս էլ եղել եմ Հայրապետյան Ռուբենի մոտ, խնդրել նրան, որ մեր մարզադաշտն էլ հանրապետության մի շարք մարզադաշտերի նման վերակառուցի:

Իսկ ՏԻՄ մարմինը իրավասություն ունի՞ անհատույց, անժամկետ հատկացումների:

Ուրեմն, ամբողջ համայնքի ունեցվածքի տերը համայնքի ավագանին է, ոչ թե քաղաքապետը: Համայնքի ավագանին համաձայնվել էր, որ տա վերանորոգվելու, վերակառուցվելու և հետ հանձնվելու պայմանով: Քաղաքապետը միանձնյա երբեք իրավունք չունի համայնքի գույքը որևէ 1-ին տրամադրելու, նույնսիկ այգիների, պուրակների վարձակալական իրավունքը տալիս է ավագանին: (Նկատենք, սակայն, որ ՏԻՄ մասին օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ավագանու որոշումը կնքում է համայնքի ղեկավարը- հեղ.):

Մինչդեռ «Արցախ» պուրակի դեպքում ավագանու որոշում չի եղել:

Դա լրիվ ուրիշ բան է: Դա ոչ թե նվիրել ենք, ոչ թե անհատույց ենք տվել, այլ աճուրդային վաճառքով մենք դա վաճառել ենք, բայց նպատակային, միմիայն «Կինոմոսկվայի» կոլեկտիվին: Դա տրվել է, որպեսզի կինոթատրոն կառուցվի, ոչ թե սրճարան կամ այլ բան:

Հաստատեցիք, որ «Արցախ» պուրակի աճուրդի վերաբերյալ որոշումը միանձնյա եք կայացրել:

Համայնքի ավագանին տարածքների աճուրդային վաճառքի իր իրավասություններից մեկը նոտարական հաստատմամբ տվել է Վանաձորի քաղաքապետին, որպեսզի ամեն հողակտորի համար քաղաքապետը չմտնի ավագանի և ավագանու էդքան անդամներին հավաքի, բերի և քննարկի: Յուրաքանչյուր տարի ավագանին իր այդ իրավասությունը տալիս է քաղաքապետին:

Եվ ամեն տարի՞ է վերահաստատվում Ձեր` ավագանուց փոխառած այդ իրավասությունը:

Ամեն տարի: Կարող է նաև ավագանին այդ իրավասությունը չտա: Ասի` յուրաքանչյուր հողակտոր կամ յուրաքանչյուր տարածք երբ որ ուզում եք աճուրդի դնել, պարտադիր մտեք ավագանի, ավագանին թույլ կտա, կանեք, թույլ չի տա, չեք անի:

Վերջին ավագանու նիստի ժամանակ հայտարարեցիք, որ կվերանայեք «Մոսկվա» կինոթատրոնի հետ առուվաճառքի պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին որոշումը, և եթե պարզվի, որ երկարաձգման ժամկետն էլ է լրացել, կլուծեք պայմանագիրը նրա հետ: Հիմա՞ էլ եք պնդում:

Իհարկե: Մենք նորից իրանց կհրավիրենք էստեղ ու կտեսնենք, կամ ասենք 1-2 ամսվա ընթացքում պիտի սկսվի և 1-2 տարվա ընթացքում շինարարությունը ավարտվի, կամ չեղյալ ենք համարում և իրենց գումարները հետ վերադարձնում:

Այսինքն` հնարավոր է` պայմանագրի գործողության ժամկետը դարձյալ երկարաձգվի:

Դա քննարկման արդյունքում: Կամ կարող է գան ասեն` գիտեք ինչ, թող մնա մեր սեփականությունը, մենք ամբողջ «Արցախի» տարածքը բարեկարգենք, շահագործենք 2-3 տարի, 2-3 տարի հետո եթե հնարավորություն կունենանք, կկառուցենք, եթե չենք ունենա, էդ ժամանակ չեղյալ կհամարենք:

Լուս.՝ Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter