HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հրադադարից ի վեր Արցախում գրանցվել է ականներից և չպայթած զինամթերքից 258 պատահար

Դեկտեմբերի 14-ին Արցախի Հին Թաղլար գյուղի (Հադրութի շրջան) բնակիչ, 13-ամյա Արթուր Խուդաթյանը կասետային ռումբ է գտել գյուղից դուրս, վերցրել է այն և փորձել բացել կացնով տան բակում: Ռումբը պայթել է:

«Ներկայումս Արթուրը Ստեփանակերտի հիվանդանոցում է: Մեծ բարեբախտություն է, որ նա կենդանի է: Կասետային ռումբը հավանաբար ամբողջությամբ չի պայթել, քանի որ եթե այն ամբողջությամբ պայթեր, գրեթե անկասկած է, որ Արթուրը հիմա մահացած կլիներ»,- «Հետքին» ասաց Լեռնային Ղարաբաղում «Հալո թրասթ» (HALO Trust) ականազերծման ծրագրի ղեկավար Ռոլի Քլարկը:

Անցյալ տարի Հին Թաղլարի դպրոցում Արթուրը մասնակցել է «Հալո թրասթի» ականներից եկող վտանգի նվազեցմանն ուղղված դասընթացին: 2003-ից 2010 թթ. 40.388 երեխա և 77.543 մեծահասակ է ուսուցանվել այս դասընթացի շրջանակներում, որի նպատակն է բարձրացնել ականներից և չպայթած զինամթերքից եկող վտանգի վերաբերյալ տեղեկացվածությունը: Դասընթացը ներառված է Արցախի դպրոցների ուսումնական ծրագրերում և ստանում է տեղական իշխանությունների լիակատար աջակցությունը:

Այնուամենայնիվ, թեև դասընթացը կանխում է պատահարները, միևնույն է` որոշ երեխաներ ձեռք կտան զենքին, երբ տեսնեն այն: Երեխաների համար ականները և մյուս զինամթերքը առանձնապես վտանգավոր են (բոլոր զոհերի և վիրավորների 25%-ը երեխաներ են), քանի որ նրանք բնականից հետաքրքրասեր են և երբ գետնին տեսնում են մի առարկա, որը հետաքրքիր տեսք ունի, վերցնում են այն ու սկսում խաղալ:

Արթուրի հետ կատարվածը 6-րդ պատահարն է այս տարի Արցախում և 4-րդը` վերջին երկու ամսվա ընթացքում: 1995-ից ի վեր Արցախում գրանցվել է ականներից և չպայթած զինամթերից 258 պատահար, որոնց հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 329 մարդ: Ըստ «Հալո թրասթի»` սա մեկ քաղաքացիական անձին բաժին ընկնող զոհերի թվով ամենաբարձր ցուցանիշներից է աշխարհում: Արցախում ամենամեծ թվով պատահարներ տեղի են ունեցել 1995 թ. (33 պատահար), իսկ ամենաքիչ թվով` 2009-ին (4 պատահար):

27-ական պատահար տեղի է ունեցել 1999-ին և 2004-ին: Սա պատահարների ամենաբարձր ցուցանիշն է 1995-ից ի վեր: Ռոլի Քլարկի խոսքերով` սա բացատրվում է այն փաստով, որ 1999 և 2004թթ. միջազգային շուկայում ցորենի գինը բարձրացավ, և ավելի շատ գյուղացիներ սկսեցին մշակել չհետազոտված տարածքներ և տուժեցին ականներից ու չպայթած զինամթերքից:

Գյուղացիները ռիսկի մեկ այլ խումբ են: Որոշ դեպքերում նրանք մշակում են բերրի դաշտեր` իմանալով, որ դրանցում հակատանկային ականներ կան, քանի որ այլ կերպ չեն կարողանում պահել իրենց ընտանիքները: Վերջին 2-3 տարում շատ են պատահարները, երբ տրակտորները պայթում են հակատանկային ականներից:

«Հալո թրասթը» Արցախում սկսել է աշխատել 2000 թ.-ից: 2000 թ.-ից ի վեր ավելի քան 60.000 ական, կասետային ռումբ և այլ չպայթած զինամթերք է հայտնաբերվել և ոչնչացվել: Հայտնաբերված և ոչնչացված ականների 2/3-ը հակահետևակային է, իսկ 1/3-ը` հակատանկային է: Արցախում գտնված բոլոր ականները և կասետային զինամթերքը խորհրդային արտադրության է:

Մինչև այժմ բոլոր ականապատ դաշտերի գրեթե 80 %-ը (3,992 հեկտար) և կռվի դաշտի 70 %-ը (20,609 հեկտար) ականազերծվել է: Այնուամենայնիվ, դեռևս մնում են ականապատված դաշտեր, օրինակ, Արցախի արևելյան սահմանի երկայնքով ձգվող շրջանների մեծ մասում և Լաչինի միջանցքի շուրջ, քանի որ ազատագրված տարածքներում ականազերծում իրականացնելու համար տրվող ֆինանսավորումը սահմանափակումներ ունի:

Այս պահին «Հալո թրասթը» 3 դոնոր ունի: Բրիտանական և ամերիկյան կառավարությունների կողմից տրվող ֆինանսավորումը չի թույլատրվում օգտագործել ազատագրված տարածքներում աշխատանքներ անելու համար: «Ջուլիա Բըրկ հիմնադրամ» (“The Julia Burke Foundation”) մասնավոր բարեգործական կազմակերպությունից ստացվող ֆինանսավորումը «Հալո թրասթին» հնարավորություն է տալիս ականազերծել ազատագրված տարածքների ականապատ դաշտերը: «Ջուլիա Բըրկ հիմնադրամը» «Հալո թրասթին» ֆինանսավորում է վերջին 3 տարում: Մինչև այդ` 2002-2009թթ., ազատագրված տարածքներում դաշտերի ականազերծումը ֆինանսավորում էր Հոլանդիայի կառավարությունը:

Արցախում «Հալո թրասթը» 210 աշխատող ունի: Նրանք բոլորը տեղացի հայեր են: Ականազերծողներն ամսական ստանում են մոտ 400 դոլար աշխատավարձ: 10 տարվա ընթացքում 6 ականազերծող է վիրավորվել աշխատելիս, բայց զոհեր, բարեբախտաբար չեն եղել: 2010-ին «Հալո թրասթի» ֆինանսավորումը 1,9 մլն դոլար է, իսկ 2011թ. համար այս պահին առկա ֆինանսավորումը 1,5 մլն դոլար է, քանի որ 2011-ի հունվարին Անգլիայի կառավարության ֆինանսավորումն ավարտվում է: 400.000 դոլարի պակասի պատճառով 65 ականազերծող կզրկվի աշխատանից, և 250 հեկտար ականապատ դաշտ չի ականազերծվի հաջորդ տարի:

10 տարվա ընթացքում «Հալո թրասթի» ամենամեծ ֆինանսավորողներն են եղել USAID-ն, «Ջուլիա Բըրկ հիմնադրամը», Հոլանդիայի և Անգլիայի կառավարությունները: ՀՀ-ի և Արցախի կառավարություններն այս ընթացքում չեն ֆինանսավորել Արցախում ականազերծման աշխատանքները, բայց Հայաստանի որոշ մասնավոր հիմնադրամներ, ինչպես նաև ԱՄՆ-ում հայկական սփյուռքը ֆինանսավորել են:

«Հալո թրասթին» 10 մլն դոլար է անհրաժեշտ` ականապատ դաշտերի մնացած 20 %-ն ականազերծելու համար: Դա 5 տարի կտևի: Ռոլի Քլարկի խոսքերով` իրենք ֆինանսավորում են փնտրում հնարավոր բոլոր աղբյուրներից:

«Հալո թրասթն» ականազերծման աշխատանքներ է արել նաև հնավայրերում: Կազմակերպությունը մաքրել է Տիգրանակերտի հնավայրի մոտ եղած ականապատ դաշտերը: Այս տարի նրանք մաքրել են Գանձասար եկեղեցու զառիթափին եղած կասետային զինամթերքը: Ինչ վերաբերում է Գանձասարի պատի մեջ խրված չպայթած ականին, ապա այն, Ռոլի Քլարկի խոսքերով, վտանգավոր չէ, քանի որ դատարկ է, դրա մեջ պայթուցիկ չկա:

««Հալո թրասթին» Ղարաբաղ հրավիրեցին 1995 թ.` հրադադարից հետո: Սկզբում մենք 18 ամիս տևողությամբ ծրագիր էինք անում, որի նպատակն էր հայ զինվորականներին սովորեցնել ականազերծել ականապատ դաշտերը: Գնալուց հետո պարզ դարձավ, որ խնդիրը շատ մեծ էր, և 2000թ. Ղարաբաղի իշխանությունները մեզ հետ հրավիրեցին»,- ասաց Ռոլի Քլարկը:

Ադրբեջանը միշտ խիստ դեմ է եղել, որ Արցախում ականազերծում իրականացվի, և հաճախ հայտարարություններ է անում Արցախում ականազերծման վերաբերյալ` առանց որևէ հիմնավորում բերելու այդ առարկություններին: «Հալո թրասթը» չի գործում Ադրբեջանում, Ադրբեջանի իշխանությունները դա չեն ցանկանում:

«Հալո թրասթն» ավարտել է Լեռնային Ղարաբաղում ականապատ դաշտերի և չպայթած իրեր պարունակող տարածքների համակողմանի հիմնական ուսումնասիրությունը, որը ճշգրիտ պատկերացում է տալիս, թե դեռևս ինչ ծավալի ականազերծման աշխատանքների կարիք կա: Ռոլի Քլարկի խոսքերով` դեռևս չականազերծված տարածքների քարտեզները հանրային բաց տեղեկատվություն են:

«Ամբողջ տեղեկատվությունը, որ «Հալոն» ունի, հանրային է: Այնպես որ, որևէ գաղտնիք չկա: Խնդիրն այն է, որ ականները, որոնք չեն մաքրվել, զինվորական նշանակության չեն: Դրանք պարզապես խոչընդոտում են գյուղատնտեսությանը: Եվ ամբողջ տեղեկատվությունը ստացվում է տեղացիներից»,- ասաց Ռոլի Քլարկը:

Նրա խոսքերով` պատերազմի դեպքում «Հալո թրասթը» պետք է չեզոք դիրք բռնի: «Եթե պատերազմ լինի, ապա «Հալոն» ոչ մի գործ չի ունենա կռվի կան որևէ այլ բանի հետ»,- ասաց Ռոլի Քլարկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter