HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Բնապահպանական խնդիրներն ու դրանց լուծումները՝ կուսակցությունների նախընտրական ծրագրերում - 2

«Բնապահպանական խնդիրներն ու դրանց լուծումները՝ կուսակցությունների նախընտրական ծրագրերում» հոդվածում ներկայացրել էինք «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության» և Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ծրագրերի՝ բնապահպանությանը վերաբերող դրույթները:

Ստորև ներկայացվում են խորհրդարանական ընտրությունների մասնակցող մյուս 6 ուժի նախընտրական ծրագրերի՝ բնապահպանությանը վերաբերող բաժինները:

Հայ հեղափոխական դաշնակցություն

Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական ծրագրում «Շրջակա միջավայրի պաշտպանություն» 5 կետից բաղկացած ենթաբաժինն ընդգրկված է «Մարդու կայուն զարգացում» բաժնում, ինչից կարելի է ենթադրել, որ ծրագիրը մարդու կայուն զարգացման անհրաժեշտ պայման է համարում շրջակա միջավայրի վիճակը:

Նախընտրական ծրագիրը խոստանում է, որ տնտեսական նախագծերը կիրականացվեն բացառապես շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության փորձաքննության և համապատասխան եզրակացության առկայության դեպքում, և դրանց արդյունքները պետք է հասանելի լինեն հանրությանը:

Բնապահպանության ոլորտում կուսակցությունը նախատեսում է կատարել հետևյալ քայլերը. «Կներդրվի թափոնների և աղբի հետագա կուտակումները սահմանափակող ընթացակարգ: Նոր թափոնների կուտակում կարող է իրականացվել միայն առկա թափոնների և աղբի համապատասխան կառավարման մեխանիզմների գործադրման դեպքում (վերամշակում, վնասազերծում, մեկուսացում, արտահանում և այլն):

Կսահմանափակվի ժամանակակից էկոլոգիական նորմերին չհամապատասխանող տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստան: Կխրախուսվի էլեկտրատրանսպորտի գործունեությունը, կկառուցվեն մետրոյի նոր կայարաններ: Կսահմանափակվի բեռնատար մեքենաների երթևեկությունը Երևանի մեծ կենտրոնում:

Կարգելվի քաղաքացիների առողջությանը վնասող և սահմանված նորմերի (աղմուկի, փոշու, արտանետումների) խախտումով աշխատող կազմակերպությունների գործունեությունը:

Կվերականգնվեն, կընդլայնվեն կանաչ տարածքները և ջրային ավազանները, հանրային զբոսայգիների քանակը և մակերեսը`զերծ պահելով դրանք առևտրային շահագործումից»:

Իսկ «Սոցիալ-տնտեսական քաղաքականության ուղղություններն ու թիրախները» բաժնում կուսակցությունը, ի թիվս այլ քայլերի, նախատեսում է, որ «պետական-մասնավոր համագործակցությամբ, բնապահպանական ժամանակակից պայմանների ապահովմամբ, կկառուցվեն մետալուրգիական գործարաններ` հանքանյութից վերջնական արտադրանք թողարկելու նպատակով»: Թե ինչպես են ապահովվելու բնապահպանական ժամանակակից պայմանները, չի նշվում:

Հարկաբյուջետային քաղաքականություն բնագավառում ՀՅԴ-ն խոստանում է հանքարդյունաբերության ոլորտում կիրառել գերշահույթի հարկման լիարժեք քաղաքականություն:

Իսկ քաղաքաշինության ոլորտում նախընտրական ծրագրով նախատեսվում է օրենքով արգելել թույլտվությունների տրամադրումը Երևանի կենտրոնում բնակարանային շինարարություն իրականացնելու համար: «Բարեկարգման ենթակա տարածքները կվերակառուցվեն բացառապես հանրային տարածքների` այգիների, ջրավազանների և այլն»,- նշվում է ՀՅԴ նախընտրական ծրագրում:

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախընտրական ծրագրում չկա բնապահպանական խնդիրներին վերաբերող և լուծում առաջարկող որևէ բաժին:

Ծրագրի «Պետական կառավարման ոլորտում» բաժնում միայն նշվում է, որ ավելի քան 120 մլրդ դոլարի արժողությամբ գնահատված ընդերքի հարստությունը պետք է տնօրինի սեփականության պետական հատվածը և «հատուկ պետական ծրագրով խորը վերամշակում ապահովող ձեռնարկությունների ստեղծմամբ» ստանա որակյալ արտադրանք: Խնդրի բնապահպանական կողմի մասին խոսք չկա:

Հայաստանի կոմունիստական կուսակցություն

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրում կա 20 կետ, սակայն դրանցից և ոչ մեկը չի անդրադառնում երկրում բնապահպանության վիճակին:

Միայն 3-րդ կետում կուսակցությունը նշում է, որ պետք է ազգայնացնել բոլոր ռազմավարական ճյուղերը՝ այդ թվում նաև հիշատակելով հանքային հարստությունները և ընդերքը:

Սակայն հանքային հարստությունների և ընդերքի շահագործման մասին որևէ խոսք չկա:

Հայաստանի հանրապետական կուսակցություն

Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրի «Շրջակա միջավայրի պահպանման ուժեղացված վերահսկողություն» բաժնում նախատեսում է ոլորտում կատարել հետևյալ քայլերը.

«Մարդու առողջության պահպանման և կյանքի որակի բարձրացման համար ուժեղացնելու ենք պետության վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ՝ օդի, ջրի որակի, կանաչ տարածքների, աղբամշակման բարձր չափանիշների սահմանմամբ:

Պատշաճ բնապահպանական մոտեցումները լինելու են քաղաքաշինական կամ գործարար նախագծերի իրականացման պարտադիր պայման:

Շարունակելու ենք Uևանա լճի էկոլոգիական հավաuարակշռության վերականգնումը և պահպանությունը:

Իրականացնելու ենք կեղտաջրերի կենuաբանական մաքրման կայանների հիմնանորոգում ու կառուցելու ենք նորերը:

Ընդլայնելու ենք բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը և կատարելագործելու ենք դրանց կառավարման մեխանիզմները:

Նոր մոտեցումներով ենք հանդես գալու հաuարակության բնապահպանական իրազեկության բարձրացման և էկոլոգիական կրթության ու դաuտիարակության հարցերում»:

ՀՀԿ նախընտրական ծրագրում գրված է ոչ միայն բնապահպանության ոլորտում առաջարկվող միջոցառումների, այլև արդեն գրանցված արդյունքների մասին: Այդ արդյունքներն են. «Պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը 2007թ. համեմատ ավելացել է 76.3 հազ. հա-ով: Սևանա լճի ջրի մակարդակը 2011թ. կազմել է 1900.13 մետր` 2007-2011թթ. բարձրանալով 169 սմ-ով: Հանրապետության անտառածածկույթն ընդլայնվել և վերականգնվել է 14481.4 հա-ով: Ստեղծվել են «Արփի լիճ» և «Արևիկ» ազգային պարկերը, «Ջերմուկի ջրաբանական», «Հանքավանի ջրաբանական», «Զանգեզուր» և «Զիկատար» պետական արգելավայրերը: Ընդլայնվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքը»:

Ինչպես տեսնում ենք, ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում բնապահպանության ոլորտում առաջընթացի օրինակները շատ մասնավոր են՝ կոնկրետ թվերով և անուններով: Իսկ ահա ոլորտում խնդիրներին անդրադառնալիս ծրագիրը ավելի ընդհանրական դրույթներ է առաջարկում. որևէ խոսք չկա, օրինակ, Թեղուտի, Քաջարանի, Ջերմուկի հանքերի շահագործման կամ Երևանի հանրային կանաչ տարածքների ոչնչացման մասին:

«Միավորված հայեր»

«Միավորված հայեր» կուսակցության նախընտրական ծրագրի՝ բնապահպանությանը վերաբերող միակ դրույթը հետևյալն է. «Էկոլոգիական ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ պետական հոգատարության հստակեցում և ազգաբնակչության բնապահպանական կուլտուրայի դաստիարակում»:

Ծրագիրը բնապահպանությանը նվիրված բաժին չունի, և այս միակ դրույթն էլ ընդգրկված է «Պետական կառավարման ոլորտում» վերնագրված բաժնում: Թե ինչպես է կուսակցությունն իրականացնելու «պետական հոգատարության հստակեցում և ազգաբնակչության բնապահպանական կուլտուրայի դաստիարակում», չի նշվում:

«Օրինաց երկիր»

ՕԵԿ-ի նախընտրական ծրագրում բնապահպանությանը նվիրված բաժինը վերնագրված է «Բնապահպանությունը և շրջակա միջավայրը»: Այս բաժինը բավականին ընդհանրական է, դրանում խոսվում է ընդհանուր ուղղությունների մասին, որոնք պետք է իրականացնել, և դարձյալ չի նշվում, թե կուսակցությունն ինչ դիրքորոշում ունի, օրինակ, արդեն իսկ շահագործվող կոնկրետ հանքերի և ոչնչացվող անտառների, հանրային զբոսայգիների հարցում և իշխանության գալու դեպքում ինչ կանի այդ հանքերն ու անտառները:

Ահա ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի՝ բնապահպանությանը նվիրված մասն ամբողջությամբ. «ՕԵԿ-ը գտնում է, որ մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը պահանջում է հետևյալ առաջնահերթ քայլերի իրականացումը`

-բնապահպանական անվտանգության հայեցակարգի մշակում և ընդունում,

-հասարակական բնապահպանական փորձաքննության իրականացման օրենսդրական մեխանիզմների ապահովում,

-Սևանա լճի պահպանման և էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագրերի իրականացում,

-անտառների պահպանության, օգտագործման և վերականգնման ծրագրերի կենսագործում,

-Երևանի և մյուս խոշոր քաղաքների «կանաչ գոտիների» պահպանում,

-«կանաչ ճարտարապետություն» սկզբունքի` պուրակների, զբոսայգիների և այլ կանաչ տարածքների պահպանման համար օրենսդրական պաշտպանության իրավական միջոցների կիրառում,

-հանքավայրերի օգտագործման բնապահպանական պահանջների կիրառում, հասարակական բնապահպանական փորձաքննության ապահովում,

-թափոնների վերամշակման ձեռնարկությունների ստեղծում, ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների ներդրում,

-շրջակա միջավայրի պահպանման և դրանց պահանջների խախտման փոխհատուցման եվրոպական առավել առաջադեմ փորձի ներդրում և կենսագործում,

-երեխաների բնապահպանական ուսուցման և դաստիարակության իրականացում»:

Մեկնաբանություններ (1)

Kar
Բնապահպանական փուչիկ :))) Sa el kardaceq http://www.ecolur.org/hy/news/electionspoliticsecology/ecological-balloon/3771/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter