Քարինջեցիներն ու մարցեցիները դժգոհ են. կուսակցություններն իրենց հիշում են միայն ընտրությունից ընտրություն (վիդեո)
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները Լոռու մարզի Քարինջ և Մարց գյուղերում առ այսօր նախընտրական քարոզչություն չեն իրականացրել: Այստեղ շատ ընտրողներ մայիսի 6-ին ընտրական տեղամաս կմտնեն չկողմնորոշված:
Մարցի և Քարինջի գյուղացիները դժգոհում են, որ կուսակցություններն իրենց հիշում են միայն ընտրությունից ընտրություն, քանի որ 5 տարվա ընթացքում նրանք չեն մտել իրենց գյուղեր և չեն հետաքրքրվել իրենց հոգսերով:
Մինչ ընտրությունների մասին խոսելը Քարինջի գյուղամիջում նստած գյուղացիներից Ամատունի Մաղաքյանը մեզ ասաց. «Յոլա ենք գնում: Դե, գյուղում ամենքը մեկին են ընտրում, ես ինչ գիտեմ»:
Քարինջեցիների կարծիքով՝ «իրան օրում Հանրապետական կուսակցությունը Քարինջում չի հաղթի»: Այստեղ նույնպես գյուղացիների հետ նախընտրական հանդիպում է ունեցել միայն Կարեն Սարիբեկյանը:
«Թուրքն ասել էր՝ Հայաստանն առանց հայերի, չէ՞. հիմա իրենք են դատարկում Հայաստանը: Ուր գնացին չիմ: Դատարկվում են: Ջահելները գյուղից գնում են, ընդի էլ չի լավը, գնում են դատարկ գալի»,- ասում է Մաքսիմ Պողոսյանը:
Քարնջեցի Վահան Պողոսյանը կարծում է՝ «որն էլ գա իշխանության, նույն զարգացումը, նույն բանը պետք է լինի: Հենց տհենց, որովհետև տհենց ա: Ժողովուրդը հիասթափվել ա»:
«Հետքի» զրուցակից քարինջեցիները կարծում են, որ իրենց գյուղում քվեներ կստանան նաև «Ժառանգություն», Դաշնակցություն կուսակցությունները և ՀԱԿ-ը: «Ճիշտը խոսանք, մեր գյուղը կուսակցություններին չի սիրում: Չսիրելու պատճառը գիտեք որն ա, որ կուսակցությունները մեր գեղին հիշում են միայն ընտրությունների ժամանակ: Էս 5 տարվա մեջ մի կուսակցություն էլ ա չեկավ, ասի, հլա գնանք տենանք էս գեղըմը ինչ ա կատարվում: Բայց եթե ընտրություն ա, բոլորն էլ գալիս են: Մենք սենց թե նենց համոզված ենք, որ ում էլ ընտրենք, մեզ հմա գործ անող չեն»,- ասում է Վահան Պողոսյանը:
«Կարող ա զինվորականներին թողան ում ուզում են ընտրեն: Բոլորին էլ տանելու են հանրապետական ընտրեն»,- համոզված ասում են մեր գյուղացիները:
«Ընտրություններին կուսակցությունները պտի գան իրենց ծրագիրը ներկայացնեն, ոչ թե գան խնդրեն, թե ինձ ընտրի»,- դժգոհում է Վահանը:
Գյուղամիջում մի տուփ «կիլկի» պահածո ուտող ու խմող քարինջեցիների կարծիքով էլ Քարինջում կընտրվի նա, որ իրենց հաց կտա:
Մարցեցի Քյարիմ Աղաջանյանը սպասում է՝ իրեն ասեն, թե որ կուսակցությանը պետք է ընտրի: Ապրիլի 23-ին նա գյուղամիջում «Հետքին» ասաց, որ մայիսի 6-ին ընտրելու է թիվ 31 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, հանրապետական Կարեն Սարիբեկյանին:
Քյարիմը, սակայն չգիտեր, թե ինչու և որ լավ գործի համար է ընտրելու նախկին պատգամավորին: «Ես չգիտեմ, ես ստեղ չեմ ելել: Դե հմի, ես ինչ գիտեմ: Քեզ պես մինն ասել ա նրան ընտրի, ես էլ նրան եմ ընտրելու: Դուք էլ ունեք, ասեք, ձեր ասածին էլ կընտրենք»,- ասում է Քյարիմը:
Նա ընտրություններին մասնակցող որևէ կուսակցությունից տեղեկություն չուներ. «Էդ ծանոթ չեմ, դուզն ասած: Բայց որին ցանկանաք, դուք ասեք, նրան էլ կընտրենք»:
Այդուհանդերձ, Քյարիմն ասաց, որ Մարցի գյուղապետի ցուցումով չի գնա ընտրության. «Չէ հա, գյուղապետն ինձ ինչի տեղ ա դնում, որ ես իրեն ասելով գնամ ընտրության»:
«Լավ էլ կողմնորոշված են, բան ա ասում են: Օրինակ՝ հենց վերցնենք ինձ: Ես Հանրապետականի ճանապարհն եմ ընտրել: Ես բողոքող հանրապետական եմ: Ուղղակի շատ մոտիկ մարդ է եղել, ասել է՝ գիտես ինչ, ընդունվի Հանրապետական, էլի, դրանից քեզ ոչ վնաս կա, ոչ բան»,- ասում է Մարցի բուժքույր Գայանեն:
Վերջինս ուզում է օգտակար լինել գյուղին, այդ պատճառով օրերս Քարինջ եկած Կարեն Սարիբեկյանին մոտեցել և գյուղի բուժկետի վերաբերյալ պահանջներ է ներկայացրել: «Ուղղակի ցավը էն է, որ էդ բոլոր պահանջները միայն կարողանում ենք ընտրությունից առաջ ասել, մնացած ժամանակները իրենք շատ չեն հասանելի»,- ասում է Գայանեն:
Նախընտրական անցած օրերին մարցեցիների հետ ընդհանրապես որևէ կուսակցություն չի հանդիպել: «Այդ պատճառով էլ Քյարիմն ասել է, ում ասեք' ես նրան եմ ընտրելու: Էդ մեկին են տեսել, էդ մեկն էլ իրենց խոստացել է սարի ճամփեն սարքի, գյուղն էլ նրան պետք է ընտրի»,- ասում է Գայանեն:
Նրա կարծիքով՝ քանի որ դաշնակցական Դավիթ Լոքյանը Լորուտում հէկ է կառուցել, որտեղ Քարինջից մոտ 20 ընտանիք է աշխատում, Մարցում որոշ ձայներ կստանան դաշնակցականները, իսկ ՀԱԿ-ը իր ստացած քվեներով 3-րդ տեղն էլ չի զբաղեցնի:
Ըստ մարցեցիների՝ կուսակցությունները դեռևս ոչինչ չեն բաժանել, բայց գյուղում ակնկալիքներ կան: «Իշխում է այն կարծիքը, որ վերջում ով փողը կտա, նրան էլ կընտրեն»,- ասում է Գայանեն:
Նրա կարծիքով՝ Մարցում ընտրողները բաժանվում են 3 խմբի. «Լրիվ կողմնորոշվածներ, որոնց ինչքան ուզում են փող տան, նրանք կարող է փողն էլ վերցնեն, բայց գիտեն՝ ում են ընտրելու: Կան ընտրողներ, ովքեր մինչև ընտրության վերջին պահը սպասում են, թե ով է իրենց մոտենալու՝ գրպանը լիքը: Կա ընտրողների մի խումբ էլ, ովքեր միայն աշխատանք ստանալու պահով են գնում այս կամ այն կուսակցության հետևից»:
Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանի կարծիքով՝ գյուղում ընտրողների ամենաշատ քվեները կստանան Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, ընդդիմադիրներից' «Ժառանգությունը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել