Պատերազմը մնաց և ա'յս երեխաների` գրադով «նոտագրված» ու...անավարտ մանկությամբ
-1993 թվականի հունվարի 26-ն էր: Ցուրտ, գորիսյան մառախլապատ օր էր: Առավոտ շուտ զգացի, որ ես շտապ պիտի հիվանդանոց հասնեմ: Իմ 3-րդ հղիությունն էր: Ես արդեն 2 աղջիկ ունեի: Մենք այդ օրերին ընտանիքով Քարահունջ գյուղում՝ իմ հայրական տան պադվալում էինք մնում: Լենինի փողոցը, ուր այնժամ վարձակալությամբ ապրում էինք, մշտապես գրադի բերանում էր: Քանի~ անգամ եմ հղի վիճակում ես էլ մտել մահճակալի տակ, քանի~ անգամ են ինձ ուշքի բերել…
Գորիսի բանտի կողքով անցնելիս, հրետակոծություն սկսվեց: Սարսափից համարյա անգիտակից ինձ հասցրին ապաստարանում տեղավորված հիվանդանոց: Երեխաս ծնվեց մոմի լույսի, հրետակոծության դղրդյունի տակ. մեկ հիշում եմ, որ ասացին՝ տղա’ է, մե’կ էլ նաշադիրնի սպիրտի հոտն եմ հիշում…,-հայացքը որդու՝ Ռոբերտի պատից կախ լուսանկարին սառած, պատմում է Ալվարդ Ալավերդյանը:
***
…Ավելի քան 4 տարի ես համարձակություն չէի հավաքում զրույցն այս սկսել: Չէի կարողանում սկսել, չնայած այս ընտանիքն իմ ամենամոտ դրկիցն է, և ես ակամա մասնակիցն էի նրանց պատուհասած դժբախտության ողջ չարաբաստիկ ընթացքի: Իսկ, Ռոբերտը, չնայած մեր անհամատեղելի տարիքներին, իմ ամենահասկացող… ընկերներից էր…
Զրույցն այս չէի համարձակվում սկսել, որովհետև, վաղուց ինձ հանգիստ չտվող այս զրույցը պիտի ծավալվեր ոչ միայն Ռոբերտի մասին:
Նրանք 4-ն էին՝ իրար ուղղակիորեն կից, ոչ ավել, քան 20 մ շառավղով, 4 բնակելի շենքերի /Գետափնյա թաղամաս, թիվ 3, 12, 13, 14 /, հիմնականում հրետակոծության շրջանում ծնված կամ վաղ մանկություն ունեցած մանկական ընկերներ /համադասարանցիներ Նարե Խաչատրյան և Լիլիթ Գրիգորյան, Ռոբերտ Մաթևոսյան, Էդիկ Օհանյան/ և…Եվ` «քաղցկեղ» դատավճիռ…
***
Սկզբում Նարեն էր…Այդժամ նա թաղամասում գտնվող Սերո Խանզադյանի անվան թիվ 6 դպրոցի 7-րդ դասարանում էր սովորում: Հիվանդ էր արդեն 2 տարի: Երկրորդ վիրահատությունը չհասցրին… «Այդքա~ն քնքշանք, այդքա~ն նրբություն, այդքա~ն հմայք մի փոքրամարմին աղջնա՞կի մեջ…Նրա սովորելը, նա ասմունքը, նրա շարադրություները, նրա ձեռքի աշխատանքները,-հիշում է պատկից հարևանուհի, բուժաշխատող Եկատերինա Հայրապետյանը:-Նա ծաղիկների սիրահար է: Տեսնել էր պետք նրա հրճվանքը, երբ նա խոտերի արանքում մի պստլիկ ծաղիկ էր գտնում ու կանչում. «Մա~մ, պուճուր ծաղիկը»: Սիրտս նորից է ճմլվում, երբ հիշում եմ, թե նա ինչպես էր ողջ մարմնով տենդագին դողում, երբ սկսվում էր հրետակոծությունը:
Ոչ ոք ճշգրիտ չի կարող ասել, թե ինչու նրա երևակայությամբ լեցուն գլխում՝ հենց ուղեղիկում, բույն դրեց այդ հիվանդությունը, բայց չեմ կարծում նաև, թե այդ սթրեսը հենց այնպես կշրջանցեր զգայուն այդ արարածին»:
***
«Նարեն ու Լիլիթն իմ աշակերտուհիներն էին: Շատ տարբեր ու հրաշք աղջնակներ էին: Ես նրանց առաջին ուսուցչուհին էի ու նրանց գիտեի նաև որպես մեր թաղամասի երեխաների,-պատմում է Անահիտ Վարդևանյանը:-Նարեն տարիքին անհամեմատ զուսպ, հավասարակշված, խոսուն աչքերով, գերշնորհալի երեխա էր… Նարեի դեպքից հետո ես հաճախ էի այցելում նրա մայրիկին՝ Լիրային: Այդ օրը նրա մի բաց տետրի առջև նստած, լուռ հեկեկում էր: Նա տետրն անխոս դեպի ինձ մեկնեց: Նարեն իր հուշատետրում գրել էր. «Վաղը նորից Երևան ենք գնալու: Ու նորից՝ հիվանդանոց: Ես Գորիսին, մեր տանը, իմ դպրոցական պայուսակին պիտի երկա~ր-երկա~ր նայեմ…Մայրիկս կարծում է, թե ես ոչինչ չգիտեմ: Ուրախ եմ, որ նա այդպես է կարծում…»: Նա «Երևան»-ն ու «հիվանդանոց»-ը մգացրել-սևացրել էր…»:
Իսկ Լիլիթն էլ…Լիլիթն էլ իսկական…Լիլիթ էր՝ պայծառ, ժտերես, կյանքով լի, վարդագույն այտերով…Բայց երկուսի աչքերի խորքում էլ միշտ տագնապի, մտահոգության պես մի բան կար…Ես էլ չեմ կարող ասել, թե որտեղից սկիզբ առան նրանց աղետալի հիվանդությունները, ինչը նպաստեց. չէ՞ որ ամեն երեխա իր գենետիկ…այցեքարտն ունի, իր ընտանիքը, իր օրն ու առօրյան, նաև ընտանեկան սթրեսների իր առիթները… Բայց որ պատերազմը խորշակեց նրանց մանկության դալար մարմին-հոգիները, դա փաստ է: Քանի-քանի անգամ մեր քաղաքն ապրեց այդ դժոխային սարսափը: Իսկ արկերի տարափը մեր դպրոցի վրա. ի~նչ կատարվեց այդ օրը. դպրոցը զինվորական հոսպիտալ էր հիշեցնում՝ երեխաներին փնտրող ծնողների, հարազատների վայնասունով, դպրոցն օղակած շտապ օգնության մեքենաներով: Դաս էր ու հենց դասասենյակների միջով անցան անտերները…
Լիլիթի մոտ ամեն ինչ կայծակի պես սկսվեց,- արցունքները խեղդել փորձելով, պատմում է մայրը՝ Սաթենիկը:- Նա սկսեց գանգատվել ազդրից դեպի աճուկային շրջան տարածվող ցավերից: Ում հարցնում էի, ասում էին, որ հասունացման հետ կապված երևույթներ են, որ «մծանուկ ա»…Ախտորոշումից խենթացած, առաջինը աչքիս առաջ եկավ այն պահը, թե ոնց էր մեր պատուհանից 10 մ հեռու ընկած գրադի ալիքը տան մեջ շպրտել Լիլիթին, թե հետո ո~նց էր նա ամեն մի ձայնից վեր թռչում ու ճչում…
Լիլիթիս վշտին չդիմացան ամուսինս, նրա համար բառացիորեն մարտնչած հորեղբայրը…»:
***
Թաղամասի մեծ ու փոքրին սիրելի, էլի երկու քույրերի միակ եղբայր Էդիկն արդեն / էլի հասունացման տարիքի շեմին/ Երևանում բուժման տևական կուրս էր անցել ու…ապաքինվել: Էդիկի մայրը՝ Անահիտը, ամբողջ «Չերյոմուշկա»-ով՝ Գետափնյա թաղամասով, մատաղ բաժանեց. որդու մոտ 2 տարի շարունակ չէր հայտնաբերվում քաղցկեղի բջիջը: Հրետակոծություններից մեկի ժամանակ արկը՝ 3 պանել ծակելով, մտել-անցել էր նաև Էդիկենց բնակարանով…
Էդիկի ուրախությունը դեռ չմարսած, Ռոբերտի ռենտգեն քննությունից նորից ջուր մաղվեց թաղամասի վրա. պարզվեց, որ ոտքի ու աճուկային շրջանի տևական ցավերի սրացումը մրսածության, աճման շրջանի հետ կապված փոփոխությունների, «զոռի» հետ կապ չուներ: Էլի նույն ախտորոշումով՝ Երևան, էլի տևական կուրսեր, էլի աներևակայելի ծախսեր…Որքա~ն էր նա ջանում ամեն կերպ խնայել քույրերին ու մորը, որքա~ն էր փորձում նրանց վախվորած հայացքների ուղեկցությամվ կարգավորել խախտված քայլքը…Հիշողությանս մեջ են մահվանից րոպեներ առաջ, նրա նվաղած ձայնով արտաբերած բառերը. «Ախր, ես այնպես էի ուզում ապրել, ես ո՞ւմ էի ինչ արել, որ…»:
Ռոբերտին հաջորդեց արդեն… «բուժված» Էդիկը…
…Էդիկի մայրը՝ երբեմնի ժպտերես ու ամենահաս բուժքույր Անահիտը, երբ լսեց լուսանկարի մասին իմ խնդրանքը, այնպիսի մտայնության մեջ ընկավ, որ, մեղավորության զգացումով, էլ չպնդեցի. այդ պատճառով հոդվածում չկա միայն սլացիկ հասակով, հստակ ու գեղեցիկ դիմագծերով, բարի աչքերով էդիկի լուսանկարը…
***
«Եթե տարիներ առաջ ընդամենը կասկածում էին, որ սթրեսը կարող է քաղցկեղածին գործոն լինել, ապա վերջին տարիներին հեղինակավոր ամենատարբեր կառույցների ու անհատների հիմնավոր հետազոտությունները հաստատեցին, որ սթրեսն իրոք, լուրջ գործոններիցն է,-զրույցի ժամանակ փաստեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժնի պետ Գրիգոր Բադալյանը:-Այլևս անհերքելի գործոններից են քիմիական քաղցկեղածին նյութերի առկայությունը մթնոլորտում, միջավայրում, սննդում, ծնողների, առանձնապես` մոր օրգանիզմում:
Երեխաների մոտ հիվանդությունը հիմնականում ի հայտ է գալիս կամ 2-4 կամ 10-12 տարեկանում, երբ սեռական հասունացման շեմին նրանց օրգանիզմում հորմոնալ փոփոխություններ են կատարվում: Հիմնականում հանդիպում են լեյկոզը, ավշային հանգույցների և գլխուղեղի քաղցկեղը»:
Խոսելով Հայաստանում քաղցկեղի աշխարհագրության մասին, Գ.Բադալյանը նկատեց, որ այս առումով գիտական լուրջ վիճակագրություն չկա, քանի որ դրա համար հստակ ու մեծ թվեր են պետք, իսկ, ընդհանուր առմամբ, Սյունիքից, մասնավորաբար Գորիսից, դեպքեր, ցավոք, քիչ չեն արձանագրվում: Այս առումով, տարբեր ժամանակ տարբեր կայունացումներ են նկատվում, կար ժամանակ, որ այդպիսի տարածք էր Գյումրին՝ երկրաշարժից անմիջապես հետո…
Իսկ ինչ վերաբերում է պատերազմին, մի՞թե կարող է լինել ավելի զարհուրելի սթրես թե’ վերարտադրողական տարիքի, թե’ առավել ևս՝ հղի կնոջ, թե’ մանկան համար: Իսկ զենքերը, տարածքի աղտոտվածությունը անհայտ քիմիական նյութերով…Պատահական չէր հետպատերազմյան տարիներին մեզ մոտ երեխաների աննախադեպ հոսքը Արցախից ու սահմանամերձ մյուս տարածքներից»:
***
Պատերազմն այդպես էլ հիշողություն չդարձավ. եկավ, խոշտանգեց ու ծանր-ծանր մնաց:
Մնաց` մխացող ցավով, և ա’յս 4 երեխաների`գրադով նոտագրված ու վերջակետված մանկությամբ, նրանց հարազատների` տարբեր կերպ մարմին առնող սթրեսներով, Նարեի, Լիլիթի, Ռոբերտի, Էդիկի քույրիկների պահ տալիք գենետիկ հիշողության ակունքներում, ծնողների` հանուն «հանունների» ապրելու պարտավորվածությամբ…
Իսկ սատանային ականջալուր տաք գլուխները դեռ պատերազմներ են մոգոնում…
Լենա Հովսեփյան
Գորիս
Հոդվածն արտատպված է medialab.am-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել