HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

ՕՎԻՐ-ի պետը 100 հազարավոր բացակա անունների գոյությունը չի բացառում. դրանք քվե չե՞ն դառնալու

Ազգային ժողովի ընտրություններին մնացել է 2 օր, եւ ամենաքննարկվողը թերեւս ընտրացուցակների թեման է: Պատճառը ոստիկանության հայտարարած տվյալն է, ըստ որի, Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 482 հազար 238 է: Այս ընթացքում, ուսումնասիրելով անճշտությունները, ոստիկանությունն ընտրացուցակներում կատարել է ավելի քան 3800 փոփոխություն եւ ուղղում: Բայց միեւնույն է՝ ընտրացուցակները շարունակվում են բնորոշվել իբրեւ խայտառակ ուռճացված:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նախագահ Սարգսյանին ուղղված բաց նամակում, հենվելով բացառապես գործող վիճակագրության թվերի վրա, մանրամասն վերլուծել է, որ ՀՀ բնակչությունը լավագույն դեպքում 2 մլն 756 հազար 500 է՝ անցյալ տարվա մարդահամարով հրապարակված թվից ավելի քան կես միլիոնով պակաս: Իսկ կիրառելով բնակչության հաշվարկման մեթոդներից մեկը՝ Բագրատյանը ցույց է տվել, որ նույնիսկ վերոնշյալ 2 մլն 756 հազար 500-ը իրականությունից կարող է շատ հեռու լինել, եւ որ պաշտոնական վիճակագրությունը ավելի քան 1 մլն 56 հազար մարդու բացակայությունը երկրից թաքցնում է:

Մամուլն արդեն անդրադարձել է բնակչության հաշվարկման պարզ մեթոդներից մեկին, որի կիրառման դեպքում քաղաքակիրթ ցանկացած երկրի պարագայում (ուր մարդկանց թիվը կեղծելու ոչ մի շարժառիթ չկա) ստացված արդյունքը գրեթե նույնությամբ կհամապատասխանի տվյալ երկրի բնակչության՝ պաշտոնապես հայտարարած թվին («ՀԺ»-17.04.2012 թ.): Հայաստանում պաշտոնական վիճակագրությամբ 2011 թ. մահացել է 28 հազար մարդ, իսկ կյանքի միջին տեւողությունը 73 տարի է: Վերոնշյալ մեթոդաբանությամբ եթե նշված թվերը բազմապատկենք, կստանանք անցյալ տարվա ընթացքում ՀՀ բնակչության քանակը՝ 2 մլն 44 հազար մարդ: Այսինքն՝ տվյալ մեթոդի կիրարկմամբ եւս մարդահամարը մոտ 1 միլիոնով բնակչության թիվն ավելացրել է:

Անցյալ տարի՝ մարդահամարի ժամանակ (հոկտեմբերի 12-ի դրությամբ), հաշվեգրված բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 3 մլն 285 հազար 767 մարդ, իսկ առկա բնակչության ցուցանիշը՝ 2 մլն 871 հազար 509 մարդ:

Հրանտ Բագրատյան Ստյոպա Սաֆարյան Հմայակ Հովհաննիսյան Ահարոն Ադիբեկյան

«Ու եթե այս թվի պարագայում հայտարարում են, որ 2 մլն 482 հազար մարդ ընտրելու իրավունք ունի, նշանակում է՝ ազգս հոգեվարքի մեջ է: Չի կարող բնակչության կառուցվածքում 18 տարին չլրացած, այսինքն՝ ընտրելու իրավունք չունեցող անձանց թիվը կազմել 10-15 տոկոս: Վերցրեք ցանկացած երկիր. իրականում այն 30-35 տոկոս է»,- ասում է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Իսկ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը հավելում է, թե նույնիսկ այն դեպքում, երբ ընդունենք, որ անչափահաս անձինք բնակչության կառուցվածքում քիչ են, ընտրողների թիվը 73,2 տոկոսից չի կարող անցնել. «Սա հնարավոր առավելագույնն է. ընտրողների թիվը կկազմի 2 մլն 101 հազար, որից դեռ պետք է հանվեն մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ, որոնք մեծ քանակություն են կազմում: Այսինքն՝ 2 մլն 101 հազարը հիպոթետիկ հնարավոր ամենամեծ, ծայրահեղացված թիվն է»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նույնպես նշում է, որ պաշտոնական տվյալներն իրականությանը չեն համապատասխանում. «Օրինակ՝ Դիլիջանում պաշտոնապես ապրում է 15,6 հազար մարդ, բայց քաղաքն իրականում հազիվ 10-11 հազար բնակչություն ունի: Հրազդանի բնակչությունը 53 հազար է, բայց աղբ հավաքում են 43 հազարի հաշվով: Սա ամենաստույգ թիվն է՝ իմանալու, թե Հայաստանում ինչքան բնակչություն կա: Պաշտոնականը ուղիղ 20 տոկոսով ավել է»:

Սոցիոլոգն ասում է, որ տարբեր ապրանքների սպառման, կոմունալ վճարումների՝ լույսի, ջրի վարձավճարուների ցուցանիշները հաշվարկելով պարզել է՝ «ամենալավատեսական թվով՝ ՀՀ բնակչությունը 2,7 մլն է, իսկ ընտրողների օպտիմալ թվաքանակը 2 մլն է, որից լավագույն դեպքում ընտրությանը կմասնակցի 1 մլն 200 հազարը»:

ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանը նշում է, թե բնակչության կամ ընտրողների որեւէ թվի նկատմամբ չի կարող 100 տոկոսանոց վստահություն հայտնել, «որովհետեւ մեթոդաբանությունները կարող են տարբեր լինել, բայց չի կարող հաշվարկը կես միլիոնի չափով իրարից տարբերվել»: Նա չի կարող ասել, թե ընտրողների ո՞ր թիվն է առավել իրատեսական, քանի որ «դա ոչ ճաշակ է, ոչ նախասիրություն, ոչ էլ գաղափարախոսություն»:

«Դա մաթեմատիկա է: Եթե ես չեմ հաշվել, ո՞նց կարող եմ որեւէ թվի նկատմամբ իմ տեսակետը ներկայացնել»,- ասում է Սեյրանյանը եւ ավելացնում, թե կարող է կարծիք հայտնել միայն ընտրական ցուցակների վերաբերյալ. դրանք շատ թերություններ ունեն. «Բացմաթիվ բաներ ենք հայտնաբերել՝ թյուրիմացություններ, թյուրըմբռնումներ, հավելագրումներ, կրկնվող անուններ, մահացածների անուններ, մեկ տան վրա մի քանի մարդու գրանցումներ եւ այլն»:

«Ժառանգության» ներկայացուցիչ, թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանը, ելնելով թիվ 1 եւ թիվ 2 ընտրատարածքներում առկա ցուցակների տվյալներից, ասում է՝ դրանցում ընդգրկված մարդկանցից առնվազն 30 տոկոսը գոյություն չունի:

«Մեկ ամիս առաջ ես ինքս դիմեցի դատախազությանը՝ խնդրելով նյութեր նախապատրաստել եւ ուսումնասիրել ցուցակների՝ արհեստականորեն ուռճացված լինելու հանգամանքը, որովհետեւ դա ակնհայտ է: Բայց քար լռություն է եղել դատախազության կողմից, ավելին՝ հետո ստացել եմ մի զավեշտալի նամակ, որ ցուցակներով զբաղվում է ոստիկանությունը»,- ասում է Սաֆարյանը:

Նա եւս կարծում է, որ Հայաստանում ընտրողները մոտ 2 միլիոն են, իսկ վերջիններիս թվի ուռճացումը պայմանավորում է մեկ հանգամանքով. «Իշխանություններն ավել մարդկանց անունները որպես քվե փորձելու են օգտագործել իրենց ձայներն ավելացնելու համար»:

Սակայն սոցիոլոգ Ադիբեկյանը վստահ է, որ այս անգամ ՀՀԿ-ին չի հաջողվելու պահուստային ձայներն օգտագործել, որովհետեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պարզապես դա թույլ չի տա: Ըստ Ադիբեկյանի՝ ԲՀԿ-ն թեեւ կամուրջները չի այրում, բայց, այնուամենայնիվ, գնում է մյուս ափ. «Հետեւաբար՝ ԲՀԿ-ն պետք է դիստանցավորվի ՀՀԿ-ից, ցույց տա, որ իրենք նույնը չեն, հնարավորինս հակադրվի, բայց ոչ այնքան շատ, որ հետագայում հետ չգա»:

ԲՀԿ առաջնորդն էլ, սոցիոլոգի խոսքերով, կարողացավ անձնական ինչ-որ բաներ, ներքին արգելքներ վերջնականապես հաղթահարել եւ հայի՝ «ես ուրիշից ինչով եմ պակաս» մտածելակերպից ելնելով՝ Ծառուկյանն էլ կարող է մտածել՝ «ինչ վատ նախագահ կամ վարչապետ կլինեմ ես»:

«Նախորդ ընտրություններում ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն ավելի կոալիցիա էին, իրենց հարաբերություններն ավելի մեղմ էր, կարող է պայմանավորվեին՝ իրար զիջում ենք, չենք նկատում, բան չենք անում: Հիմա բավականին սուր պայքար է ամեն ձայնի համար... Կարելի է լուրջ քաղաքական խաղեր տանել եւ փորձել գալ իշխանության»,- ընտրախախտումների դեմն առնելու ԲՀԿ-ի պատճառներն է մանրամասնում Ադիբեկյանը:

«Իհարկե, ԲՀԿ-ն, օգտագործելով այն հնարավորությունները, որոնք սահմանված են Ընտրական օրեսգրքով, փորձելու է վերահսկել ընտրությունների ընթացքը: Սակայն այդ վերահսկողության հնարավորությունները չեն բավարարի, եթե ընտրությունների մասնակիցների վերաբերյալ չհաջողվի ստանալ ճշգրիտ տեղեկություններ»,- ասում է ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ տեղը զբաղեցնող Հմայակ Հովհաննիսյանը: Նա ընդգծում է՝ ոչինչ հենց այնպես չի արվում, ու եթե 400-500 հազարով ընտրողների թիվն ավելացվել է, հասարակությունն իրավունք ունի կասկածներ տածել՝ «ՀՀԿ-ն պահուստային ձայները գործի կդնի, եթե քաղաքական մենաշնորհը պահպանելու անհրաժեշտ քվեներ չստանա»:

«Թերացումները, իհարկե, կարող են մի քանի հազար լինել՝ 10 հազար, 20 հազար, բայց չի կարող, ասենք, 500 հազարի թերացում լինել: Ուրեմն, դա ռեալ այն պատկերն է կամ թիվը (2 մլն 482 հազար ընտրող), որ կա: Կոնկրետ փաստարկված կամ հիմնավորված չեն իրենց ասածները, թե ինչու է այդքան թիվ  ավելացել: Ընդամենը քաղաքական հայտարարություն են անում»,- հակադարձում է ՀՀԿ-ական ներկայիս պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Վերջինիս կարծիքով՝ այսօրվա իշխանությունների ունեցած վստահությունը ընդդիմախոսներին խուճապի է մատնել, ինչն էլ առիթ է դարձել «նման պրովակացիոն հայտարարություններ անելու»:

«Տեսնելով, որ քարոզչության ժամանակ որեւէ խոչընդոտ, խնդիր, հակաօրինական քայլեր չեն եղել, փորձում են այդ կերպ հող նախապատրաստել հետագա գործողությունների համար կամ քարոզարշավի հետ կապված միջազգային կառույցների աչքերին թոզ փչել,- ասում է ՀՀԿ-ական Սահակյանը եւ շեշտում,- եթե կան կոնկրետ փաստեր, մենք պատրաստ ենք այդ թերացումները վերացնել: Ընդամենը հայտարարություններ անել պետք չէ»:

Ի տարբերություն ՀՀԿ-ական պատգամավորի՝ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը չի բացառում, որ ընտրացուցակներում կարող են առկա լինել անգամ կես միլիոն այնպիսի մարդկանց անուններ, ովքեր Հայաստանում չեն:

Հովհաննես Քոչարյան Հովհաննես Սահակյան Սպարտակ Սեյրանյան

«Ընտրացուցակներում ընտրողների թիվն աճել է, որովհետեւ քաղաքացիների շատ քիչ տոկոսն է, որ Հայաստանից մշտապես դուրս գալուց առաջ ռեգիստրում հաշվառումներից դուրս է գալիս: Այսինքն՝ տարիների ընթացքում հաշվառումների թիվը շատացել է, սակայն պակասել է հաշվառումներից դուրս եկողների թիվը: Դրա համար տպավորություն է ստեղծվում, որ թիվը արհեստականորեն է մեծացել, մինչդեռ ամեն ինչ բնականոն է,- պարզաբանում է Հովհաննես Քոչարյանը,- ընդհանրապես հաշվառումից հանելը «Ռեգիստրի մասին» օրենսդրությունն արգելել է, եւ իրավաչափ մեկ դեպք կա, երբ մենք իրավասու ենք մարդուն հաշվառելուց հանել: Երբ 6 ամսից ավելի անընդմեջ դրսում ապրելով՝ տվյալ անձը այդ մասին հայտնում է ՀՀ հյուպատոսական ծառայությանը: Բայց չէ՞ որ մեր քաղաքացիներն օրենքով իրենց վրա դրված պարտականությունը պատշաճ չեն կատարում, որպեսզի մենք ամեն հայտարարություն տվողին հաշվառումից հանենք»:

Անձնագրային եւ վիզաների վարչության պետի ներկայացմամբ՝ այսօր անձը չի կարող առանց հաշվառման անձնագիր ստանալ, երկարեցնել դրա վավերականության ժամկետը, անձնագրում օտարերկրյա պետությունների վավերականության նշումները կատարել եւ այլն: Արդյունքում հաշվառման շահագրգռությունն աճել է, իսկ հաշվառումից դուրս գալունը՝ նվազել:

«Սա նոր բան է, 2008-2009 թթ. սկսված գործընթաց: Նախկինում այսպիսի բան չի եղել: Ուղղակի մեր հանրային կարծիքը նման հարցերի շուրջ բավարար ինֆորմացիայի հիման վրա չի ձեւավորվել: Դրա համար տպավորություն է ստեղծվում, թե ինչ-որ աննախադեպ բան է տեղի ունեցել»,- ասում է Քոչարյանը:

Նախկին վարչապետ Հրատ Բագրատյանի բնորոշմամբ՝ ռեգիստրի այս նոր քաղաքականության հետեւանքով նույնիսկ այն դեպքում, երբ երկրում ընտրողների թիվը զգալիորեն կնվազի, ցուցակներում դրանք ամեն տարի 10-յակ, անգամ 100 հազարով կարող են ավելանալ:

«Եթե մարդը ՀՀ ռեզիդենտ չէ (Հայաստանում չի բնակվում), պետք է կարգ սահմանվի, եւ նա գա ու հաստատի, որ ուզում է քվեարկել: Այսինքն՝ մարդկանց անունները ցուցակներում մեխանիկորեն պահելը բացարձակապես սխալ է: Եվ երբ փաստ կա, որ անձն ավելի քան 6 ամիս բացակայում է, ՀՀ համապատասխան մարմինները պետք է գտնեն այդ մարդուն եւ ճշտեն նրա ռեզիդենտի կարգավիճակը: Ահա այս գործողություններն են, որ պետությունը ոչ օրենքով է անում, ոչ էլ իրավապահ մարմիններն են աշխատում»,- ասում է Բագրատյանը:

ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, Կոմկուսը, ՀԴԿ-ն եւ «Ժառանգությունը» ընտրությունների ժամանակ երկրից բացակա անձանց փոխարեն քվեարկելը բացառելու միտումով ԱԱԾ-ին առաջարկել են մայիսի 6-ից մինչեւ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար սահմանված ժամկետի ավարտը նշված կուսակցությունների մեկական ներկայացուցչի հնարավորություն ընձեռնել օգտվել ՍԵԿՏ համակարգից: Սա, ըստ դիմումատուների, թույլ կտա ստուգել իրենց տեղեկություններով քվեարկության մասնակցած քաղաքացու վերաբերյալ համակարգում առկա տվյալները, եթե տվյալ քաղաքացին ընտրել է այն տեղամասում, որի արդյունքերը անվավեր ճանաչելու դիմում է ներկայացվել կամ ներկայացվելու: ԱԱԾ-ն դեմ չէ եւ արդեն քննարկում է հարցի տեխնիկական կողմը:

Բացի «Ժառանգությունից»՝ վերոնշյալ 5 կուսակցությունները եւ ԲՀԿ-ն երեկ հայտարարել են, թե, կարեւորելով ընտրությունների անցկացման պատշաճ վերահսկողությունը, որոշել են միավորել իրենց հնարավորությունները եւ համատեղ ջանքերով հնարավորինս մեծաքանակ ընտրական տեղամասերում իրականացնել քվեարկության գործընթացի եւ արդյունքների ամփոփման տեսանկարահանում: Յուրաքանչյուր մասնակից կուսակցության վստահված անձի կատարած տեսանկարահանումը ըստ պահանջի պետք է տրամադրվի մյուս մասնակից կուսակցությանը:

Իսկ վաղը Սահմանադրական դատարանը կքննարկի քվեարկությանը մասնակցած անձանց ստորագրած ցուցակների գաղտնիության օրենքի սահմանադրականության հարցը: Այսինքն՝ հնարավոր է, որ ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի (որի մեջ մտնում են ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը») առաջարկն ընդունվի, եւ քվեարկությունից անմիջապես հետո ընտրատեղամասերում փակցվեն մասնակիցների ստորագրությամբ ցուցակների պատճենները:

«Սրանով կփակվի հնարավորությունը օգտվել ուռճացված թվերից եւ խեղաթյուրել ընտրություններին մասնակցած քաղաքացիների թվաքանակը, որովհետեւ պարզ կերեւա, թե ովքեր են մասնակցել ընտրությանը,- համոզված է Հմայակ Հովհաննիսյանը,- Ընտրական օրեսգիրքը պահանջում է ընտրությունների մասնակցության գաղտնիություն, ինչը սահմանադրական դրույթ չէ: Սահմանադրությունը նախատեսում է միայն քվեարկության գաղտնիություն: Չէ՞ որ ընտրողը ոչ թե դիմակով, այլ բացեիբաց է գնում ընտրության, եւ մասնակցությունը չի էլ կարող գաղտնի լինել»:

Ի՞նչ կորոշի ՍԴ-ն, կամ դրանից ու վերը հիշատակված գործողություններից ի՞նչ կփոխվի՝ պարզ կլինի մի քանի օրից: Մինչ այդ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը հորդորում է. «Լավը մտածենք, որ լավ լինի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter