HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Անհասցե շինարարը` հանրային շահառու

Կառավարության որոշմամբ` Կոզեռն թաղամասը նույնպես ընդգրկվել է «բացառիկ գերակա հանրային շահի» տարածքում, որի շահառուն այս դեպքում «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն է:

Ընկերության հիմնադիրները ամուսիններ Սամվել Մայրապետյանը եւ Գոհար Քյալյանն են: Վերջինս Բժշկական համալսարանի նախկին ռեկտորն է, իսկ Մայրապետյանը հանրությանն ավելի շատ հայտնի է որպես «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր:

Սակայն Սամվել Մայրապետյանը լայն գործունեություն է ծավալում նաեւ շինարարության ոլորտում: Նա Կենտրոն համայնքում մի շարք նորակառույցների սեփականատեր է, Հյուսիսային պողոտան կառուցապատողներից, այժմ էլ պետք է իրացնի այս պողոտայի հարեւանությամբ գտնվող նախկին «Պիոներ» կինոթատրոնի տարածքը, իրականացնի Նալբանդյան, Պուշկին եւ Աբովյան փողոցներով ու Սախարովի հրապարակով սահմանափակված տարածքի օտարումը, բազմահարկ շենքեր կառուցի Կենտրոնի այլ հատվածներում եւս:

Այս ամենը Մայրապետյանին վերապահվել է Կառավարության որոշումներով (N 108-Ն, 977-Ն, 168-Ն եւ այլն), որոնք բոլորն էլ միանշանակ կարելի է դասել «էլիտար» որոշումների շարքին: Քանզի տարիներ շարունակ նմանատիպ որոշումներով «ազգային էլիտայի» ներկայացուցիչներին հնարավորություն է տրվում, պետական լծակներն օգտագործելով, Երեւանի կենտրոնում շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռք բերել տարածքներ, կառուցել էլիտար շենքեր ու խիստ շուկայական գներով վաճառել` ստանալով աստղաբաշխական եկամուտներ:

«Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն, որով Մայրապետյանը ստանձնում է «պետական կարիքների» հոգածությունը, պետության 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա: Այս խոշոր ընկերության տվյալները` հասցեն ու հեռախոսահամարները, տեղեկատվական ծառայություններում («ԱրմենՏել», «Արեգ», «Սփյուռ») չգիտեն: Իրացվող տարածքների բնակիչներին ընկերության ուղարկած առաջարկ-փաթեթներից դրանք նույնպես բացակայում են:

Իսկ պետության կողմից ՍՊԸ-ի հետ «շփվող» լիազոր մարմինը` քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը (ԾԻԳ), պաշտոնապես տեղեկացնում է, որ «Լոկալ Դիվելոփըրզի» իրավաբանական հասցեն Տերյան 71-ն է:

Այս հասցեում, սակայն, նման ընկերություն չկա: 71 շենքի կողքին տեղակայված խանութի աշխատակիցն ասում է, որ ընկերության անունն արդեն անգիր է արել ու նաեւ հոգնել անընդհատ հարցնողներին կրկնելուց` նման ընկերություն այս շենքում երբեւէ չի էլ եղել:

Կոզեռնցի Սուրեն Մելքոնյանը, որ հիշյալ հասցեով անպատասխան նամակներ է հղել Սամվել Մայրապետյանին, նշում է, որ «Լոկալ Դիվելոփըրզն» ընդհանրապես հավատ չի ներշնչում, եւ չկա ոչ մի հավաստիք, որ վաղը բնակիչները կարող են ստանալ իրենց սեփականության դիմաց ընկերության գնահատած թեկուզ չնչին գումարը: Բնակիչները քաղաքապետարանից նույնպես մինչ օրս չեն կարողանում ստանալ իրենց գրավոր հարցումների պատասխանները` ֆինանսական ինչպիսի՞ հնարավորություններ ունի կառուցապատողը: ԾԻԳ-ն ուղղակի տրամադրել է 2009 թ. փետրվարին Երեւանի քաղաքապետարանի եւ «Լոկալ Դիվելոփըրզի» միջեւ կնքված պայմանագրի պատճենը, ըստ որի` քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետը 2015 թ. հունվարի 1-ն է:

«Թե կոնկրետ ինչ պետք է կառուցվի, պետք է նշված լինի պայմանագրի հավելվածներում, որոնք, փաստորեն, մեզ չեն տալիս, բայց պարտավոր էին ի սկզբանե տրամադրել»,- ասում է կոզեռնցի Սամվել Սարգսյանը:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանի խոսքերով` հիշյալ պայմանագիրը պարզապես անվավեր է. նախ` դրանում առկա չէ կողմերից մեկի` ձեռք բերող «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի կնիքը, երկրորդ` այն նոտարական վավերացում չի ստացել, ինչպես պահանջում է հենց նույն պայմանագրի կետերից մեկը: Բաղդասարյանը չի բացառում կոռուպցիայի առկայությունն այն իրողությունում, որ պետությունը, փոխանակ ինքը գներ իրացվող հատվածը, բնակչին փոխհատուցեր, հետո տարածքը վաճառեր, բոլոր իրավունքները զիջել է մասնավոր ընկերությանը: Այն դեպքում, երբ վերջինս վաղը կարող է պարզապես սնանկանալ կամ, ինչպես փորձն է ցույց տալիս, ձգտելու է ամեն ինչ անել, որ քիչ տա, բայց ստանա շատ:

Այս սկզբունքի կիրառությամբ դեռ Հյուսիսային պողոտայի կառուցապատումից «Լոկալ Դիվելոփըրզն» աչքի է ընկել: Այսօր էլ Ս. Մայրապետյանն առաջնորդվում է դրանով ու նույնիսկ իր ընկերոջն օտարվող ունեցվածքի դիմաց առաջարկում է ինքնարժեքից մի քանի անգամ ցածր գումար: Անտեսելով հողատարածքի առկայությունը` նա Ալֆրեդ Կզարթմյանին Պուշկինի փողոցում գտնվող եռահարկ առանձնատան համար առաջարկել է 66 մլն 300 հազար դրամ: Մինչդեռ Փորձաքննությունների ազգային բյուրոն նույն առանձնատունը գնահատել է 100 մլն 516 հազար դրամ, իսկ ամբողջ ունեցվածքը` 700 քմ մակերեսով հողատարածքով, մոտ 364 մլն դրամ:

Այս տարվա հունվարի 10-ին Կոզեռնում արկղով ծրարներ են բերել ու բնակիչներին կանչելով` պատվիրել` ջոկեք, թե որն ումն է: «Լոկալ Դիվելոփըրզը» դրանցով բնակիչներին ուղարկել է 2010 թ. դեկտեմբերի 30-ով թվագրված (ժամկետը լրանալուց 1 օր առաջ) պայմանագրի նախագծեր, ըստ որոնց` «Արաքս 80» կազմակերպությունն արդեն գնահատել է նրանց ունեցվածքը:

«Քաղաքացիներից մեկն ունի 67 քմ հողատարածք եւ 49 քմ մակերեսով շինություն: Նրան առաջարկել են 2 մլն 900 հազար դրամ: Մեկ ուրիշն էլ 27 քմ հող եւ բնակարան ունի: Նրան էլ առաջարկել են 1 մլն 300 հազար դրամ: Էդ մարդը տուն ունի, ապրում է, այդ գումարով ի՞նչ է անելու»,- հարցնում է Սեդրակ Բաղդասարյանը:

«Մեր տուն ոչ ոք չի եկել, ոչ մի արձանագրություն չեն կազմել, չափագրումներ չեն արել. ինչի՞ հիման վրա են գնահատում կատարել: Մենք մինչ օրս պահանջում ենք ներկայացնել գնահատման հաշվետվությունը, բայց թե ՍՊԸ-ն, թե պետական ատյանները պատասխան չեն տալիս»,- ասում է Սուրենի կինը` Լիլի Կարապետյանը:

Նրանց 146 քմ մակերեսով սեփականաշնորհված հողատարածքի եւ 108,9 քմ շինությունների (տուն, ստուդիա, ավտոտնակ) դիմաց «Լոկալ Դիվելոփըրզն» առաջարկել է 11 մլն 845 հազար դրամ` ներառած գնահատման արժեքին ավելացրած 15% հավելավճարը:

«Փաստորեն, եթե նույնիսկ շինություններն էլ հանենք, ստացվում է, որ մեզ 1 քմ-ի դիմաց առաջարկել են 250 ԱՄՆ դոլար: Սա ինքնարժեքից առնվազն 6-7 անգամ ցածր է: Հետո` տարբեր ընտանիքների տարբեր առաջարկներ են արել, ոմանց` նույնիսկ շահավետ, եւ չես հասկանում, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում»,- հավելում է Լիլի Կարապետյանը: Հունվարի 13-ին կոզեռնցիները Կառավարության շենքի մոտ կազմակերպել էին հերթական ակցիան, որի ժամանակ կոզեռնցիների դիրքերից էր հանդես գալիս «Համայնք եւ իրավունք» ՀԿ նախագահ Սամվել Մկրտչյանը:

«Քանի որ անշարժ գույքի այսօրվա շուկայական արժեքը բավականին ցածր է` կապված երկրի տնտեսական ծանր վիճակով, ուստի, որպեսզի մենք չտուժենք, ես փորձեցի եւ «Լոկալ Դիվելոփըրզի» ու Կառավարության հետ ձեռք բերեցի համաձայնություն, որպեսզի մեզ գումարով չփոխհատուցեն: Դա անձամբ իմ նախաձեռնությունն է: Արդյունքում գումար հասկացությունը դուրս եկավ, որովհետեւ ցանկացած գնահատող պետք է գնահատեր միայն դատարկ հող. տներն այնպիսի վիճակում են, որ ավել բան չէր կարող գնահատվել»,- ասում էՍամվել Մկրտչյանը:

Նա շեշտում է, որ ՍՊԸ-ն «այսօր բնակիչներին բավականին լավ պայմաններ է առաջարկում»` սեփական բնակտարածքը փոխհատուցելով նույն տեղում կառուցվելիք շենքում համարժեք բնակտարածքով: Ավելին, ավտոտնակը կամ նկուղը զբաղեցրած մակերեսի 1/2-ով կփոխարինվեն բնակտարածքով, իսկ դատարկ հողակտորը` 1/3-ով: Այսինքն` 300 քմ տարածքով հողամասի սեփականատերը կստանա 100 քմ մակերեսով բնակարան:

Սակայն կոզեռնցիներից ոմանք, գումարային փոխհատուցումից բացի, այլ առաջարկ մինչ օրս չեն ստացել: Սարգսյանների ընտանիքը, ինչպես իրենց հարեւանները, վերջիններիս թվում են:

«Մեր հողատարածքն ամբողջությամբ սեփականաշնորհված է` մոտ 460 քմ, իսկ շինությունը` 359: Մեզ առաջարկել են 17 մլն 480 հազար դրամ` ներառյալ 15% հավելավճարը: Բայց այդ գումարն առաջարկում են միայն մեր տան 78,52 քմ-ի դիմաց, մնացածի մասին, չգիտես ինչու, խոսք չկա»,- ասում է Սամվել Սարգսյանը եւ հավելում, որ «կոզեռնցիները նախանձախնդիր չեն, կարող են այլ թաղամասերում էլ բնակվել, միայն թե փոխհատուցումը համարժեք լինի»:

«Խոշորները փորձում են փոքրերի հաշվին շահեկան իրավիճակում հայտնվել: Ասում է` ունեմ 700 քմ հողատարածք, ինձ թող տա 700 քմ շենք-շինություն: Այդպիսի պահանջը տրամաբանությունից դուրս է»,- նշում է «Համայնք եւ իրավունք» ՀԿ նախագահ Մկրտչյանը եւ ընդգծում, որ իրացման գոտում 147 տնատիրությունից միայն 46-ն է դեմ առաջարկված պայմաններին, ընդ որում` «բողոքավոր» է դրանց միայն կեսը. մյուսները «դիվանագիտություն են անում»: Սակայն նշյալ «բողոքավորներն» էլ ասում են, որ Սամվել Կարապետյանն իրականում «Լոկալ Դիվելոփըրզի» ներկայացուցիչն է. «Նա տարիներ առաջ բնակիչների շահերը պաշտպանելու պատրվակով չգիտես որտեղից հայտնվել է, տարօրինակ կերպով թաղամասում դարձել սեփականատեր, հիմա էլ մարդկանց վախեցնում է, որ եթե չհամաձայնվեք, կզրկվեք նաեւ եղածից»:

«Ես «Լոկալ Դիվելոփըրզի» հետ բացարձակ կապ չունեմ: Կոզեռնում ունեմ 160 քմ սեփականություն եւ այն բացահայտ գնել եմ քաղաքացուց, ոչ թե նվեր ստացել: Ալամ աշխարհը գիտի` փողը տվել եմ, առել,- վստահեցնում է Մկրտչյանը:- Այո, ես մարդկանց խորհուրդ եմ տալիս համաձայնվել, որովհետեւ իրատեսորեն այսօր ոչ մի կոզեռնցի չի գնում իր գույքը գնահատելու: Որովհետեւ եթե գնահատեց, այն արժենալու է չնչին գրոշներ»:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն էլ նշում է, որ գնահատող կազմակերպությունները մեծ վերապահումով են վերաբերվում օտարման գոտիներին, քանզի շատ լավ տեղյակ են, թե ինչպես մի քանի կազմակերպություն լիցենզիայից զրկվեց` Հյուսիսային պողոտայում բնակիչների ունեցվածքն օբյեկտիվորեն գնահատելու համար: Բայց, այնուամենայնիվ, նա շեշտում է, որ Կոզեռնում նախկին իրադարձությունները չեն կրկնվի. նախ` հիմա «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենք ունենք, եւ այն լիովին հնարավորություն է տալիս ձեռք բերողի առաջարկները չընդունել ու առաջ քաշել սեփական արդարացի պայմանները: «Շատ կարեւոր է, որ քաղաքացիները տեղյակ լինեն իրենց իրավունքներից եւ իմանան, թե ինչպես կարող են պաշտպանվել»,- ընդգծում է Բաղդասարյանը:

Ինքը` Սամվել Մայրապետյանը, ըստ էության, ընդունել է, որ քաղաքացիների բնակարանների համար շուկայականից ցածր գին է առաջարկում: «Ինչո՞ւ» հարցին ի պատասխան` նա լրագրողներից մեկին ասել է, որ «դրանք խարխուլ են, հին են, տուն չեն»: Մայրապետյանը զարմացել է, թե ինչու պետք է կոզեռնցիներին վճարի նաեւ իրենց սեփականաշնորհած հողերի համար, այն դեպքում, երբ վերջիններս սեփականաշնորհելու համար դրամ չեն ծախսել: «Քստիկներով գնացին նախագահի մոտ, սեփականություն ստացան»,- նշել է «Լոկալ Դիվելոփըրզի» հիմնադիրը:

«Անամոթությունը հասել է այն աստիճանի, որ անօրինականությունը ներկայացվում է որպես օրենք, որին զուգահեռ աշխատում են ներդրված «Փանջունիներ», – վարչապետին հասցեագրված բաց նամակում գրել են կոզեռնցիները:- Ո՞վ պետք է տեր կանգնի օրենքին, որը մինչեւ այսօր չի պահպանվում: Եվ, ի վերջո, ոչ ոք շուկայում ինքնակամ, իր որոշած գնով չի վերցնում ապրանքը` առանց վաճառողից գինը հարցնելու` վաճառողի բուռը խցկելով իրական արժեքից մի քանի անգամ ցածր գին եւ սպառնալիքներով հեռանում` համարելով առեւտուրը կայացած»:

Նամակագիրները նշել են, որ ձեռքի տակ չունեն Կոզեռնում իրականացվելիք ծրագիրը, որ կարողանան ստույգ հաշվարկել իրացնողի ստանալիք եկամուտը: Սակայն մոտավոր հաշվարկներով` այն կկազմի մոտ 200 մլն ԱՄՆ դոլար, մինչդեռ Մայրապետյանն իբրեւ փոխհատուցում առաջարկվող պայմաններով կծախսի առավելագույնը 8 մլն դոլար: Կառավարությունը Կոզեռն թաղամասը բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելը հիմնավորել է նրանով, որ «Երեւանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ եւ հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը, որի փոխարեն կկառուցվեն բազմաֆունկցիոնալ միջին եւ բարձր հարկայնությամբ շենքեր եւ շինություններ, որոնք ապահովելու են նոր բնակարանային ֆոնդ, ինչպես նաեւ հասարակական տարածքների ավելացում»:

Իսկ Կառավարության մոտ ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիա անցկացնող կոզեռնցիները տարակուսում են, թե ինչպես է ստացվել, որ իրենց «տան կողքը կառուցված «Արմենիա» հեռուստաընկերության խմբագիր Արտեմ Սարգսյանի, «ՍԱՍ» սուպերմարկետների սեփականատեր Արտակ Սարգսյանի կամ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի դղյակներն իրացման գոտում չեն հայտնվել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter