HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դատարանի կեղծ վճիռ. հեղինակը փաստաբա՞նն է

Փաստաբան Կարինե Ավանեսյանի կողմից խարդախություն եւ փաստաթղթերի կեղծիք կատարելու փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ: Տուժող է ճանաչվել Սուսաննա Համբարձումյանը, թեեւ քննիչն իր որոշման մեջ անդրադարձել է նաեւ փաստաբանի գործունեության մեկ այլ դրվագին, ինչի պատճառով տուժել է նաեւ Գուրգեն Հակոբյանը:

«Քննիչ Անդրանիկ Վարդանյանը փաստաբանի մասով ոչինչ չի անում, շուտով 1 ամիսը կլրանա, որ գործը հարուցվել է, բայց նրան մեղադրանք առաջադրված չէ: Փոխարենն ինձ հետ այնպես կոպիտ է խոսում, ասես մեղադրյալը ես եմ: Վերջին անգամ նույնիսկ սպառնաց, որ ինձ բերման կենթարկի»,- ասում է տուժող Սուսաննա Համբարձումյանը:

«Ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս. ով ինչ իմ անձի վերաբերյալ ասում է, թող գա ինձ ասի: Ես լավ գիտեմ՝ ում ինչ եմ ասել, ու հաստատ լրագրողների մոտ ինչ-որ բան մեկնաբանելու կարիք չկա»,- «Հետքի» հետ զրույցում ասաց քննիչ Անդրանիկ Վարդանյանը՝ հրաժարվելով գործի վերաբերյալ որեւէ տեղեկություն տրամադրել:

 Սուսաննա Համբարձումյանը 2006թ. դիմել է փաստաբան Կարինե Ավանեսյանի օգնությանը՝ իր մահացած ամուսու Վրաստանում ունեցած տան նկատմամբ դստեր ժառանգության իրավունքը ճանաչելու խնդրանքով: Փաստաբան Ավանեսյանը խոստացել է, որ խնդիրն անպայման կլուծի եւ իբրեւ վարձատրություն Սուսաննայից ստացել 1000 ԱՄՆ դոլար՝ պայմանով, որ հետագայում, երբ ժառանգության հարցը կլուծվի, կստանա նաեւ տան արժեքի 10 տոկոսը:

«Տարիներ շարունակ ոչ մի բան չէր անում, զանգում էի, հեռախոսը չէր վերցնում, գրասենյակի պատերի տակ պահակ էի կանգնում: 1000 անգամ ասել եմ՝ եթե ոչ մի բան չես անում, իմ փաստաթղթերն ու փողը վերադարձրու: Բա՝ չէ, դու արխայն մնա, քո աղջիկն իմ երեխան է, պետք է անպայման ես այդ հարցը կարգավորեմ»,- հիշում է Սուսաննա Համբարձումյանը:

Արդեն 2009թ. Սուսաննան մեկնել է Մոսկվա՝ բուժման նպատակով: Նրա պատմելով, երբ վերադարձել է, փաստաբանն ասել է, որ մեկնել է Թբիլիսի եւ պարզել, որ պետք է այստեղ՝ Երեւանում, դատարանի միջոցով ճանաչվի երեխայի ժառանգականության իրավունքի, ինչի հիման վրա էլ նոր կարող են Վրաստանում խնդիրները կարգավորել:

«Ասաց՝ վկաներ բեր, ես էլ հարեւաններիս տարա, նրանց հարցեր տվեց ու պատմածները գրի առավ: Ինձ էլ ասում էր՝ դու վատառողջ ես, դատին չպետք է մասնակցես, քեզ հանգիստ է պետք,- շարունակում է Սուսաննան,- երբ նորից մեկնեցի Մոսկվա՝ բուժումս շարունակելու, երեխայիս հարեւանների հետ կանչել է դատարան: Բայց սպասել, սպասել են, Կարինեն դուրս է եկել, թե ամեն ինչ լավ է, գնացեք տուն, ձեր ներկայությունը պարտադիր չեղավ, դատավորը հավատացել է»:

Սուսաննայի խոսքերով՝ Հայաստան ժամանելուց որոշ ժամանակ անց Կարինե Ավանեսյանը, ի վերջո, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ վճիռը փոխանցել է իրեն: Դրանում առկա է դատավոր Սիմիզար Հովսեփյանի կնիքն ու ստորագրությունը, նույնիսկ նշված է, որ վճիռը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ:

«Բայց էլի նույն պատմությունն էր, Կարինեն ոչինչ չէր անում, իսկ ես նրան չէի կարողանում գտնել: Ստիպված ուրիշ փաստաբան վարձեցի, որպեսզի Վրաստանում երեխայիս շահերը պաշտպանի,- պատմում է Սուսաննա Համբարձումյանը: Նա դիմել է Արաբկիրի դատարան՝ Սիմիզար Հովսեփյանի կայացրած վերոնշյալ վճռի բնօրինակը ստանալու խնդրանքով: Սակայն պարզվել է, որ դատարանը նման գործ երբեւէ չի քննել:

«Ես նման դատավճիռ Սուսաննային չեմ տվել: Նա ուղղակի հանելուկային կին է: Եթե ինքը կարողանում է այդքանն անել, իմ պարտքը լինի, ես դա անպայման կպարզեմ, թե նման վճիռ իրեն որտեղից»,- «Հետքին» ասում է փաստաբան Կարինե Ավանեսյանը: 

Ըստ նրա՝ ինքը 2005-20006թթ. մեկ այլ գործով Սուսաննայի շահերը դատարանում բոլորովին անվճար պաշտպանել է: Իսկ հիշյալ գործով թեեւ ստացել է ընդամենը 1000 դոլար, բայց այս ընթացքում արդեն իսկ նույն գործի շրջանակներում ծախսել է 1500 դոլար, ինչը փաստաբանը կապում է իր «լավություն անելու» հատկանիշի հետ:

«Ի՞նչ է, ուզում եք ցանկը բերեմ, թե ինչքան մարդկանց եմ լավություն արել եւ քանիսի համար եմ անվճար գործեր արել»,- նեղսրտում է փաստաբան Ավանեսյանը:

«Ստացվում է, որ ես այդ հազար դոլարը հիմնավորելու համար կեղծիք եմ արել, մենակ թե Սուսաննան գոհ մնա իմ աշխատանքից: Աբսուրդ է: Լավ է, որ քննություն է գնում, թող պարզեն, թե այդ դատավճիռը որտեղից»,- ասում է փաստաբանը:

Դրվագ II

Փաստաբան Կարինե Ավանեսյանի հարազատ քույրը ժամանակին՝ ԽՍՀՄ տարիներին, աշխատել է Գուրգեն Հակոբյանի հետ: Վերջինիս որդին սպանության համար դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Գործն անցել է դատական բոլոր ատյաններով: Փաստաբան Ավանեսյանը, ուսումնասիրելով դատավճիռները եւ գործի նյութերը, Գուրգենին ասել է, թե ոչ նախաքննության, ոչ էլ դատավարության ընթացքում հաշվի չեն առել, որ սպանությունը կատարվել է աֆեկտի տակ:

«Լավ փաստարկներ բերելով՝ համոզեց, որ կարող ենք վճիռը բողոքարկել: Ասաց՝ որոշ մարդկանց հետ խոսել եմ, հնարավոր է նոր երեւան եկած հանգամանքներով դիմել Վճռաբեկին եւ գործն ուղարկել նորից առաջին ատյան, որտեղ, հաշվի առնելով աֆեկտի գոյությունը, համաներումով իրեն մինչեւ 2010-ի փետրվարի 15-20-ը կազատենք»,- պատմում է Գուրգենը:

Նրա խոսքերով՝ 2009թ. նոյմեբերին Կարինե Ավանեսյանին 7000 ԱՄՆ դոլար է տվել, դեկտեմբերին՝ 22 հազար, կարճ ժամանակ անց՝ եւս 14 հազար: Բոլոր դեպքերում փաստաբանը նշել է, թե պահանջվող գումարը շատ շտապ է՝ դատավորին եւ դատախազին կաշառք տալու համար:

«Փետրվարն անցավ, անընդհատ ասում էր՝ սպասիր, կլինի: Արդեն ապրիլին ասաց՝ դատավորների կոլեգիայում դատավորներից մեկը դեմ է, մենք էլ հիմա սպասում ենք, որ նա արձակուրդ գնա, նոր հարցը կքվեարկվի: Իբր դեմ դատավորը Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահն էր: Ասում եմ՝ Կարինե, եթե նա դեմ է, ո՞նց կարող է այդ գործը լինել: Ասում է՝ դու չես հասկանում, ինքը փոքր մարդ է, Վճռաբեկ դատարանի նախագահը՝ Արման Մկրտումյանը, ասել է, որ գործը կանի»,- հիշում է Գուրգեն Հակոբյանը:

Հետո, ինչպես նա է ասում, սկսվել է «անհասանելիության» փուլը. ոչ մի կերպ չի կարողացել Կարինե Ավանեսյանին գտնել, իսկ եթե գտել է, ապա միայն վերջինիս քրոջ միջոցով: «Ասում էր, եթե կասկածում ես, փողերդ կարող եմ հետ տալ, ինչո՞ւ չես համբերում: Ընենց բաներ էր ասում՝ մի բան էլ դու էիր վատ զգում, -պատմում է Գուրգենը: - Արդեն 2010-ի հեկտեմբերին՝ համարյա 1 տարի անց, ասացի՝ չէ, դու հաստատ խաբում ես, փողերս հետ տուր: Ասում էր՝ տվել եմ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի օգնականին, ուզո՞ւմ ես էդ մարդուն կանչեմ, փողոցում հանդիպենք»:

Փաստաբան Ավանեսյանը 22 հազար դոլարի դիմաց Գուրգեն Հակոբյանի հետ «Յունիլոյեր» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ի անունից պայմանագիր է կնքել առ այն, որ պետք է կազմի վճռաբեկ բողոք, պաշտպանի նրա որդու շահերը ՀՀ դատական բոլոր ատյաններում, իսկ գործով ցանկալի արդյունքին չհասնելու դեպքում պարտավորվում է ամբողջ գումարը վերադարձնել:

Փողի մյուս մասի վերաբերյալ փաստաբանը, իբրեւ ՀՀ քաղաքացի Կարինե Ավանեսյան, 2010 թ. հունիսին Գուրգենին տվել է ձեռագիր ստացական՝ պարտավորվելով 1 ամսվա ընթացքում գումարը չվերադարձնելու դեպքում վճարել նաեւ Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված տույժ-տուգանքները:

Գուրգեն Հակոբյանը նշում է, որ փաստաբան Ավանեսյանն այդ ստացականը տվել է, թե տես, գումարիդ մասով մի անհանգստացիր, ուղղակի համբերել է պետք: Իսկ նշված 1 ամիսը իրականում եղել է ոչ թե գումարի վերադարձման, այլ որդուն ազատ արձակելու համար հերթական անգամ սահմանված վերջնաժամկետը:

«Ոչ, այդ ստացականը ես Գուրգենին տվել եմ ինձ պարտքով տրված գումարի դիմաց,- վստահեցնում է Կարինե Ավանեսյանը,- ձմռանը ես նրանից մաս-մաս 21 հազար դոլար էի պարտքով վերցրել՝ կարճ ժամկետով: Քանի որ գիտեի, որ նա այդ գումարն ավանդից էր տվել, տոկոսներ էր կորցնում, ես էլ չէի կարողանում շուտ վերադարձնել, ինձ շատ վատ էի զգում: Ասացի՝ այս ամիսների ընթացքում ինչքա՞ն ես տուժել, ստացականում ինչքա՞ն գրեմ: Ասաց՝ 24 հազար գրիր: Ես էլ այդքան գրեցի՝ 3 հազար դոլար ավել»:

Փաստաբանը նշում է, որ եթե Գուրգենի որդին հրաժարվի իր ծառայություններից, ինքը 22 հազար դոլարը կվերադարձնի: Նույն կերպ պատրաստակամ է հետ տալ նաեւ «իրեն պարտքով տրված» գումարը:

«Ես դա քննիչի մոտ էլ եմ գրել, ոչ մի կաշառքի մասին խոսք չի եղել. 22 հազարն իմ վարձատրությունն էր, մնացածը, քանի որ մենք շատ մտերիմ ենք, Գուրգենն ինձ լավություն է արել՝ պարտք է տվել»,- ասում է Կարինե Ավանեսյանը: Նա զարմանքով է արձագանքում հարցին՝ արդյոք 22 հազար դոլարը փաստաբանական ծառայության համար շատ չէ՞:

«Ինչո՞ւ է շատ, ես այնքան փաստաբաններ գիտեմ, որ 50, 30 կամ 15 հազար դոլար են վերցնում, նայած գործ»,- ասում է Ավանեսյանը: Նա հստակ պատասխան չունի, թե ինչո՞ւ են վերոնշյալ անձինք իր դեմ բողոքում. «Ես չեմ կարող ասել՝ Սուսաննան ինչու է սկսել բողոքել, բայց ես դա անպայման կպարզեմ: Իսկ Գուրգենը մտածում եմ, որ միգուցե պարտքը ժամանակին չեմ վերադարձրել, գործը ձգվել է, դրա համար»:

Գուրգեն Հակոբյանը նույնպես դժգոհում է ոստիկանության Արաբկիրի բաժնում ընթացող նախաքննությունից: Նա նշում է, թե քիչ է իրեն տուժող չեն ճանաչել, մի բան էլ քննիչ Անդրանիկ Վարդանյանը եւ վերջինիս վերադաս՝ քննչական բաժնի պետ Սասուն Եղիազարյանն իրեն համոզում են 41 հազար դոլարը վերադարձնելու պահանջով քաղաքացիական հայցով մտնել դատարան:

«Բայց ինձ համար ավելի կարեւոր է քրեական գործը, որովհետեւ Կարինե Ավանեսյանը շատերին է խաբել ու ինչքան ազատության մեջ մնա, այնքան շատ մարդկանց կխաբի»,- ասում է Գուրգենը:

 Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Սուսաննա Համբարձումյանից ստացված դիմումի հիման վրա պալատի խորհուրդը հարուցել է կարգապահական վարույթ: Բայց հաշվի առնելով, որ նույն փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կարգապահական հանձնաժողովը որոշել է վարույթը կասեցնել, մինչեւ խնդրի վերջնական լուծումը: Այս որոշումը Պալատի խորհրդի առաջիկա նիստում դառնալու է քննարկման առարկա:

«Բացառված է, որ Կարինե Ավանեսյանը փաստաբանական արտոնագրից զրկվի, որովհետեւ, եթե անգամ նա ամենածանր հանցագործությունը կատարած լինի, Պալատի խորհուրդն իրավասու չէ դադարեցնել նրա արտոնագրի գործողությունը, մինչեւ դատարանը չճանաչի փաստաբանի մեղքը՝ մեղսագրվող արարքը կատարելու մեջ»,- ասում է Ռուբեն Սահակյանը:

Վերջինս մանրամասնում է, որ փաստաբանի արտոնագրի գործողությունը կարող է դադարեցվել նաեւ այն դեպքում, երբ վերջինս 1 տարվա ընթացքում 3 անգամ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

«Հետեւաբար, միայն Սուսաննա Համաբարձումյանի դիմումի հիման վրա, եթե անգամ փաստաբան Ավանեսյանին ենթարկենք կարգապահական պատասխանատվության, արտոնագրի գործողության դադարեցում կիրառել չենք կարող»,- ասում է Փաստաբանների պալատի նախագահը եւ տեղեկացնում, որ անցյալ շաբաթ Կարինե Ավանեսյանի դեմ ստացել են արդեն երկրորդ բողոքը: Իսկ մինչ այդ նման բան երբեւէ չի եղել:  

Մեկնաբանություններ (10)

Ես կողմնակից եմ փաստաբան Կարինե Ավանեսյանի
Ես ճանաչում եմ փաստաբան Կարինե Ավանեսյանին, ինձ համար նա արդարության խորհրդանիշն է: Ինչպես և շատերին, նա ինձ էլ է օգնել` մատուցելով ինձ անվճար փաստաբանական ծառայություն: Նա միշտ օգնում է թույլերին, բարի գործեր է կատարում` չվերցնելով ոչ մի լումա: Եթե փաստաբանը ասում է, որ Սուսաննա Համբարձումյանի գործով թեեւ ստացել է ընդամենը 1000 դոլար, բայց այս ընթացքում արդեն իսկ նույն գործի շրջանակներում ծախսել է 1500 դոլար, դա լրիվ համապատասխանում է իրականությանը: Ս.Համբարձումյանի կողմից ներկայացրած մեղադրանքը լրիվությամբ կեղծիք է:
Վ.Շ.
Պետք է սրան դատել, որ մնացածները մի քիչ փաստաբանի նման պահեն իրենց:
Կ.Ավանեսյանից տուժած Մարդ
Հարգելի Փաստաբան.....պարոն Սահակյանը ամեն գնով կկոծքի այս գործը, եթե իհարկե հետք-ի և այլ ՆՈՐՄԱԼ թեթերի լրագրողները հետամուտ չլինեն այս գործին: Բանը նրանում է , որ եթե սկսեն զրկել փաստաբաններին այսպիսի դեպքերից հետո, ապա պարոն Սահակյանը կզրկվի ԳՈՐԾ ԱՆՈՂ իր փաստաբաններից:
Փաստաբան
Հարգելի խմբագրություն, իմ ներկայացրած մեկնաբանության մեջ ես նշել էի ՀՀ օրենքը, մինչդեռ կայքում արդեն տեղադրված մեկնաբանության մեջ բացակայում է բառերը, խնդրում եմ ուղղել մեկնաբանությունը: Շնորհակալություն:
Փաստաբան
Հարգելի պարոն Սահակյան, ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 10-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի հիմքով ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը կարող է մինչև հինգ տարի ժամկետով կասեցնել Կ.Ավանեսյանի փաստաբանի արտոնագրի գործողությունը: Գործեք:
Գևորգ Արմենակյան
Այսքանից հետո սրան պիտի դատել, սա չարություն չի..սա արդարության պահանջ է: Շատ լավ կլինի ,որ մեր Հետք-ի խմբագրությունը մինչև վերջ հետամուտ լինի այս անձնավորությոան : Ինչու և ոչ անց կացվի լրագրողական հետաքննություն:
Էմմա
Այս սրիկայի մասին արդեն a1plus - ում են գրել: Օգւտն ինչ ..Կարինեն ԿՊԼՍՏԱ:
Վահե
Ժողովուրդը ասում է``` Լավ փաստաբանը նման է այլմոլորակայինի, ասում են թէ կան գոյություն ունեն , բայց դեռ ոչ մեկին չեն հանդիպել: Ես էլ եմ տուժել Կ.Ավանեսյանից, մի երեք տարի տարավ բերեց, ինձանից դրամ վերցրեց, իբր փող եր տալու դատավորին, հետո երբ գլխի ընկա որ խաբում է մի կերպ...ՄԻ ԿԵՐՊ փողերիս մեծ մասը ետ բերեցի, այնպես որ նա դեռ ինձ էլ է պարտք; Մոսկվայից որ գամ դա էլ եմ պահանջելու: Եթե դատավորները կոռումպացված չլինեին, ապա Կ.Ավանեսյանի նմանները չէին կարողանա այսպես գործել: Դե ժողովուրդը գիտի որ դատավորները փող են վերցնում, Կարինեն էլ դա օգտագործում է:
Մի խումբ քաղաքացիներ
Սուսաննա Համբարձումյանը գժվել եր , որ կեղծ դատավճիռ ստեղծեր??? Պարզից էլ պարզ է թէ օվ է դա առել .... և հետո Ռուբեն սահակյանը ասում է թէ Կ.Ավանեսյանին չէնք կարող զրկել լիցենզիայից...դե ուրեմն պետք է փոխել լիցենզիայից զրկելու կանոնակարգը տվյալ դեպքերի համար:
Էմմա
Ռուբեն Սահակյանը չգիտի թէ ինչ այլանդակություններ են կատարում իր փաստաբանները????? Ես էլ եմ Կարինե Ավանեսյանի տուժածներից, բայց չեմ բողոքում որովհետև իմաստ չունի: Իմիջայլոց ՀՀ դատավորները այնքան ՎԱՏԸ չեն ինչքան նրանց ներկայացնում են Կարինեի նմանները, դատավորներին իբր կաշառք տալու նպատակով ավելի մեծ գումարներ են կորզում մարդկանցից, ինչքան իրոք տալիս են դատավորներին: Ստացվում է , որ եթե ըստ հարցումների դատարանները համարվում են ամենակոռումպացված համակարգը, դրանում մեծ ավանդ ունեն Կարինե Ավանեսյանի նմանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter