HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Կառավարության «աճպարարությունը» կամ ինչպես է «իրականությունը նենգափոխվում»

Ժամանակին Երեւանի կենտրոնից «օտարված» քաղաքացիների գանգատներով Եվրադատարանը շարունակում է որոշումներ եւ վճիռներ կայացնել, իսկ ՀՀ կառավարությունը, փաստաբան Վահե Գրիգորյանի բնորոշմամբ, շարունակում է դիմել զանազան աճպարարությունների:

«Արդյունքում մարդիկ դեռ անտուն են, ու մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, մեր կառավարությունը չի գիտակցում՝ ժամանակն է քաղաքացու խախտված իրավունքները վերականգնել»,- ասում է Վահե Գրիգորյանը: Իսկ նրա գործընկեր Արթուր Գրիգորյանը, ելնելով իր վստահորդների գործերի հետ կապված զարգացումներից, հավելում է. «ՀՀ կառավարությունը փորձում է թյուրիմացության մեջ գցել Եվրադատարանին՝ իրականությունը նենգափոխելու միջոցով»:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է անցյալ տարվա նոյեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած 6 որոշումներին, որոնք ընդունվել են՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության միակողմանի առաջարկությունները: Ըստ այդմ, կառավարությունը սեփական նախաձեռնությամբ պարտավորվել էր հատուցել վերոնշյալ 6 ընտանիքի կրած բոլոր վնասները՝ խոստանալով նրանցից 3-ին փոխհատուցում տրամադրել գումարի, մյուս 3-ին՝ բնակարանի տեսքով:

Տարիներ առաջ, երբ այս ընտանիքներն իրենց տներից բռնի տեղահանվեցին, կառուցապատողները տեղահանվողներին, որպես «համարժեք» փոխհատուցում, հատկացրին որոշակի գումար (13-ից 33 հազար ԱՄՆ դոլարի չափով): Հիմա, համաձայն Եվրադատարանի որոշումների, այն 3 ընտանիքները, որոնք փոխհատուցումը պետք է ստանան գումարով, պարտավոր են վերադարձնել նախկինում իրենց տրված փոխհատուցումը:

Մյուս 3 ընտանիքների պարագայում, որոնք որպես փոխհատուցում պետք է ստանան բնակարան, նման պահանջ՝ անգամ որեւէ լումա վերադարձնելու մասին, Եվրադատարանի որոշման մեջ չկա: Ու չնայած այս հանգամանքին՝ կառավարությունը նշյալ որոշումները մեկնաբանում է հետեւյալ կերպ. եթե ուզում եք ձեզ խոստացված բնակարանները ստանալ, կառուցապատողից նախկինում ստացած փողը վերադարձրեք:

«Պետական կարիքների» անվան տակ, երբ հարյուրավոր բնակիչների Երեւանի կենտրոնից վտարվեցին, պետությունը պաշտպանում էր բացառապես կառուցապատողների՝ մի քանի մասնավոր ընկերությունների շահերը: Հայաստանյան դատարաններում ոչ մի դատավոր հօգուտ բնակիչների որոշում չկայացրեց. բոլորը միաբերան վճռում էին, որ կառուցապատողները գործում են օրենքի շրջանակներում: Բայց արդեն Եվրադատարանում ՀՀ կառավարությունն արդեն չի էլ առարկում, որ նշված գործընթացներում բնակիչների նկատմամբ կատարվել են անօրինականություններ:

Վահե Գրիգորյան Արթուր Գրիգորյան

Թերեւս, կառավարությունն ի սկզբանե գիտեր, որ խախտում է իր քաղաքացիների իրավունքները: Բայց նաեւ շատ լավ գիտեր, որ ընդամենը նրանց մի մասն է կարողանալու հասնել Եվրադատարան: Ու հիմա այդ մի մասի գործերով էլ, քաղաքացիներից պահանջելով կառուցապատողին վերադարձնել ժամանակին վճարված գումարները, ըստ էության, կառավարությունը շարունակում է պաշտպանել նույն՝ էլիտար բնակարանաշինությամբ գերշահույթներ ստացած ընկերությունների շահերը: Սակայն արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանն այլ կարծիքի է:

«Այստեղ ոչ թե շահերի, այլ իրավաբանության խնդիրն է: Կառավարության մոտեցումը միասնական է բոլոր գործերով, եւ հիմա մենք արդարացի չենք համարում, որ մեկի մասով, օրինակ՝ նույն այդ 6 որոշումներից 3-ով, տրամադրվելիք փոխհատուցումից հանվի նախկինում վճարված գումարը, իսկ մյուս 3 գործերով այդ գումարները փոխհատուցումից չհանվեն»,- ասում է Ռուբեն Մելիքյանը:

Նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի տեղակալն է եւ մանրամասնում է, որ կառավարությունն իր միակողմանի առաջարկությամբ 3 ընտանիքին բնակարաններ է խոստացել որպես վերջիններիս կրած բոլոր ծախսերի եւ ծախքերի փոխհատուցում. «Մենք նկատի ենք ունեցել, որ այն բոլոր փոխհատուցման միջոցները, որ նախկինում այդ ընտանիքներին տրամադրվել են, պետք է վերադարձվեն»:

Ըստ Մելիքյանի՝ բնակիչներն իրենք այս ամենի մասին շատ լավ իմացել են, քանի որ մինչ այդ՝ դեռ բանակցությունների ընթացքում, վերջիններիս առաջարկվել է բնակարան տրամադրելու 2 տարբերակ. կամ նախկինում ստացած գումարը չեք վերադարձնում եւ ստանում եք բնակարան, որը մակերեսով հավասարազոր է ձեր առաջվա տանը, կամ էլ տրամադրվելիք նոր բնակարանը նախկին տնից մակերեսով մեծ է լինում, բայց վերադարձնում եք այն ժամանակ ստացած գումարը:

«Եթե քաղաքացին ուներ 57 քմ մակերեսով բնակարան, եւ հիմա պետությունն առաջարկում է առնվազն 2 անգամ ավելի մեծ տարածք՝ 117 քմ մակերեսով բնակարան, արդյոք չե՞նք կարող ասել, որ ավելի մեծ բնակտարածքն իրենով փոխհատուցում է քաղաքացու կրած բոլոր վնասները»,- նշում է արդարադատության փոխնախարարը:

Սեդրակ Բաղդասարյանը մեկն է նրանցից, որ իբրեւ փոխհատուցում պետք է ստանա բնակարան: Նա վստահեցնում է, որ ոչ իրենց առջև, ոչ էլ Եվրադատարանի առաջարկության մեջ գումարի վերադարձման պահանջ կառավարությունը չի դրել: Ավելին, Բաղդասարյանը պատմում է, որ նման պայման առաջ է քաշվել միայն 2008 թվականին: Այն ժամանակ իրենց առաջարկել են բնակարան հատկացնել Բուզանդ-Եզնիկ Կողբացի խաչմերուկում կառուցվելիք էլիտար շենքում:

«Մենք չհամաձայնվեցինք, որովհետեւ այդ գումարը, ըստ էության, էլ չկա. ո՞նց վերադարձնենք: Ես 7 տարի է՝ իրենց պատճառով վարձով եմ ապրում, տնից տուն տեղափոխվում: Բա գլխի չե՞ն ընկնում՝ բնակարանների վարձավճարները ես ու իմ նմանները որտեղի՞ց ենք վճարում,- ասում է Ս. Բաղդասարյանը եւ հավելում,- 2008-ին կոնկրետ ինձ առաջարկում էին 140 քմ մակերեսով բնակարան: Հիմա պետք է հատկացնեն 117,5 քմ մակերեսով: Եթե ավելի մեծ մակերեսից հրաժարվեցի նաեւ այն պատճառով, որ գումարը չվերադարձնեմ, հիմա ինչո՞ւ պետք է 117 քմ-ի պարագայում համաձայնվեի, տրամաբանությունը ո՞րն է»:

«2008թ. այդ շենքը, որից բնակարաններ պետք է տրամադրվեին, կառուցված չէր, եւ իրականում այդպես էլ չի կառուցվել: Իսկ հիմա մենք ռեալ ունենք բնակարան եւ կարող ենք գնալ ու տեսնել այն»,- հակադարձում է փոխնախարար Ռուբեն Մելիքյանը եւ կարծիք հայտնում, որ այն ժամանակ բնակիչները գումարը վերադարձնելու պայմանը չեն ընդունել, «որովհետեւ երաշխիք չկար, որ շենքը կկառուցվեր»:

«Բայց չէ՞ որ երաշխիքը պետությունն էր, ընդ որում՝ նա գառանտ էր կանգնում Եվրադատարանի առջեւ: Բա եթե մենք համաձայնվեի՞նք, այսինքն՝ ստացվում է, որ այս պետությանը չի՞ կարելի հավատալ»,- հարցնում է Սեդրակ Բաղդասարանը եւ ավելացնում, թե հենց այդպես է՝ «հավատալ պետք չէ, քանի որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս իր ներկայացուցիչների, խաբում է անգամ միջազգային դատարանին»: Բաղդասարյանի շահերի պաշտպան Արթուր Գրիգորյանն էլ մանրամասնում է, թե կոնկրետ ինչը նկատի ունի, երբ ասում է՝ ՀՀ կառավարությունը, նենգափոխելով իրականությունը, փորձում է Եվրադատարանին մոլորեցնել:

Անցյալ տարեվերջին ընդունված Եվրադատարանի որոշմամբ՝ կառավարությունը պարտավորվել է «Գրիար» ՍՊԸ-ի կառուցած շենքից բնակարաններ հատկացնել Բաղդասարյանների, Ղարիբյանների եւ Ղասաբյանների ընտանիքներին: Կառավարությունը նույնիսկ Եվրադատարան է ուղարկել վերջիններիս անուններով կազմված սեփականության իրավունքի վկայականները՝ հավատացնելով, որ եթե ընտանիքներն իրենց համաձայնությունը տան, բնակարաններն անմիջապես կդառնան նրանց սեփականությունը:

Սակայն, համաձայն Կադաստրի պետական կոմիտեի տրամադրած տեղեկանքի, նույն բնակարանները վաղուց սեփականության իրավունքով պատկանում են բոլորովին այլ անձանց: Ավելին, նշյալ «այլ անձինք» այդ բնակարանների սեփականատերն են եղել դեռեւս այն ժամանակ, երբ կառավարությունը Եվրադատարանի հետ բանակցել է նույն բնակարանները բնակիչներին տրամադրելու շուրջ:

Մեկ տարի առաջ՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարման ընթացքը» թեմայով միջազգային համաժողովի ընթացքում, Սեդրակ Բաղդասարյանը ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվեց, թե ինչպես են իրենց «Գրիարի» կառուցած շենքից տրամադրվելու առաջարկվող բնակարանները, երբ դրանք «Գրիարն» արդեն վաճառել է: Այդ շրջանում դեռեւս ոչինչ որոշված չէր, եւ կառավարությունը, փաստորեն, վաճառված բնակարանների վերաբերյալ Եվրադատարանի հետ դեռ բանակցում էր: Կոստանյանը հարցը շրջանցեց, իսկ արդեն «Հետքի» նույն հարցին ի պատասխան՝ շատ վստահ ասաց. «Եթե առաջարկել ենք, ուրեմն տալու ենք»:

«Իսկ ինչպե՞ս եք տալու, կամ ինչպե՞ս էր կառավարությունը Եվրապական դատարանին խոստանում բնակիչներին տրամադրել ուրիշի սեփականությունը»: Այս հարցերի առնչությամբ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի տեղակալ Ռուբեն Մելիքյանը պարզաբանում է, թե Եվրադատարանը դանդաղ աշխատող մարմին է, բանակցությունները երկար են տեւել, եւ այդ ընթացքում «Գրիարը» բնակիչներին առաջարկվող բնակարանները վաճառել է:

«Բայց միեւնույն ժամանակ այդ բնակարանների համարժեք բնակարանները հենց այսօր կան: Դրանցից մեկը նույնիսկ մի փոքր ավելի մեծ է, քան մենք առաջարկում էինք: Մեկը, օրինակ, կողքի բնակարանն է, մյուսը՝ մեկ հարկ վերեւ-ներքեւ, այսինքն՝ իրենց մակերեսով չտարբերվող բնակարաններ են, եւ մենք չենք կարծում, որ դա համարժեք փոխհատուցում չէ: Եթե բնակիչները համաձայնվեն, կարող ենք անմիջապես տրամադրել»,- ասում է փոխնախարար Մելիքյանը:

Նրա խոսքերով՝ կառավարությունը մեխանիզներ չունի, որ կառուցապատողին պարտադրեր չվաճառել խոստացված կոնկրետ տները: Մյուս կողմից, սակայն, կառավարությունը մեխանիզմներ գտել է, արդյունքում, կառուցապատողը, ըստ Մելիքյանի, պարտավորվել է փոխհատուցումները տրամադրել սեփական միջոցներով: Սա առանձին եւ ուշագրավ թեմա է, ինչին հաջորդիվ «Հետքը» կանդրադառնա:  

Մինչ այդ նշենք, որ բնակիչներն արդեն դիմել են Եվրադատարանին եւ խնդրել, որ իրենց գանգատները վերականգնվեն քննարկման ենթակա գործերի ցուցակում, եւ դատարանն այլեւս չքննարկվի բնակարանի տրամադրման տարբերակը: Տուժողները պահանջում են իրենց կրած վնասները փոխհատուցել միայն գումարի տեսքով:

Ռուբեն Մելիքյանը չի ժխտում, որ կառավարության դիրքորոշումը կարող էր ավելի հստակ լինել, եւ իրենք կարող էին միակողմանի առաջարկության մեջ հստակ նշել գումարի վերադարձման պայմանը:

«Բայց մենք ազնիվ ենք եղել եւ դատարանին անմիջապես տեղեկացրել ենք, որ առկա է իրավաբանական մոտեցումների տարբերություն: Եվ ոչինչ մեզ չի խանգարում, որպեսզի ասենք՝ հարգելի դատարան, խնդրում ենք շարունակեք,- նշում է փոխնախարար Մելիքյանը եւ ընդգծում,- մենք այլ մոտեցում չէինք կարող ունենալ, ինչը փաստվում է նաեւ մյուս երեք որոշումներից երկուսով, որտեղ հստակ նշվում է գումարների վերադարձման մասին»:

Նշյալ երեք որոշումներից մեկով՝ Երանոսյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, Եվրադատարանը որոշել է, որ կառավարությունը փոխհատուցումը պետք է հատկացնի գումարի տեսքով: Որոշման մեջ դատարանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը առաջարկել է փոխհատուցման 2 տարբերակ՝ գումարի վճարում կամ բնակարանով/բնակարաններով ապահովում:

«Ինչ վերաբերում է երկրորդ տարբերակին (բնակարանով ապահովում), ապա դատարանը համոզված չէ, որ սա ընդունելի առաջարկ է, քանի որ բնակարանով ապահովելու պարտավորությունը կատարվել է դիմողին արդեն վճարված գումարը վերադարձնելու պայմանով: Այսպիսով, այդ պարտավորվածությունը չի կարող համարվել միակողմանի, քանի որ դրա կատարումը հիմնված է մյուս կողմի կողմից հստակ, լրացուցիչ պահանջների կատարման վրա»,- արձանագրել է Եվրադատարանը:

Պարզվում է՝ Ռուբեն Մելիքյանն այս որոշումից տեղյակ չէ, մինչդեռ այն իր իսկ նշած 3 որոշումներից մեկն է:

Առաջին լուսանկարում՝ Գեւորգ Կոստանյանը (ձախից) եւ Ռուբեն Մելիքյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter