HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Գողթանիկի դպրոցը պետք է վերանորոգել. «Մի աշակերտն էլ է մարդ»

Վայոց ձորի Գողթանիկ գյուղի դպրոցից ստացած առաջին տպավորությունն այն էր, որ այն չգործող կառույց է: Բայց պարզվեց, որ  դպրոցն իր այդ տեսքով ամեն օր ընդունում և ճանապարհում է աշակերտների: Հեռավոր գյուղի անպատուհան կրթական հաստատությունը աչքից հեռու է, բայց գտնելու դեպքում կարող է խորհրդանշել Հայաստանում կրթության խարխուլ վիճակը:  

Անձրևը ճիշտ ժամին էր գալիս և ցույց էր տալիս, որ տանիքն անսարք է.  թաց առաստաղից ջուրը կաթում ու թրջում էր  հատակը, ավելի ճիշտ՝ բետոնը: Դասարաններից մեկի առաստաղը ճեղքված էր, և անցքից կարելի էր տեսնել պատից այն կողմ գտնվող մարզադահլիճը:

Դպրոցը վերջին անգամ 2002թ.-ին է վերանորոգման նման մի բան տեսել:  Տնօրենը` Անահիտ Ասատրյանը, պատմում է, որ միջազգային մի կազմակերպությունից եկան (կազմակերպության անունը չի հշում-Մ.Մ.), սպիտակեցրին պատերը, փոխեցին մի քանի դռներ ու գնացին. 10 տարի է, ինչ դպրոցով ոչ ոք չի հետաքրքրվում:

Թեև Գողթանիկում ընդամենը 18 աշակերտ կա, սակայն տնօրենը այդ դեպքում էլ չի կարողանում արդարացնել պետության անհոգատար վերաբերմունքը դպրոցի նկատմամբ : «Ախր մի աշակերտն էլ է մարդ»,-ասում է նա:

Իսկ եթե իրենք` ուսուցիչները, չառաջնորդվեին «մի աշակերտն էլ է մարդ» սկզբունքով, ապա դպրոցը գուցե փակվեր, որովհետև դասարաններից յուրաքանաչյուրն ունի մեկ-երկու աշակերտ: Կարելի է ասել, որ Գողթանիկի աշակերտները գնում են անհատական պարապմունքների, ոչ թե դպրոց: Տնօրենի խոսքով՝ ուսուցիչների համար ձանձրալի է ամբողջ դասաժամի ընթացքում մեկ հոգու հետ աշխատելը, բայց այլընտրանք չկա:  «Աշակերտները քիչ են: Հեռավոր գյուղերում բնակչությունը ծերացած է, ոչ թե չկա, այլ ծեր է: Երիտասարդությունը գյուղից գնում է. եթե երիտասարդ չկա, բնականաբար երեխա էլ չկա»,- ասում է Անահիտ Ասատրյանը:

Թե ուսուցիչների, թե աշակերտների քիչ լինելու պատճառով Գողթանիկի դպրոցում դասարանները կոմպլեկտավորվում են. օրինակ` 1-ին և 2-րդ դասարանցիները միասին են դաս անում: Ուսուցիչները մեկ դասաժամ են պարապում երկու դասարանի աշակերտների հետ ու թեև այդ ընթացքում աշխատում են երկու տարբեր ծրագրերով, սակայն ստանում են մեկ դասաժամի գումար:

Դպրոցն ուսուցիչներ ունի ոչ բոլոր առարկաներից: Արդյունքում, օրինակ, կենսաբանության մասնագետը արդեն քսան տարի նաև հայոց լեզու է դասավանդում, անգլերենի մասնագետը պարապում է նաև ռուսերեն, ինքը` տնօրենը, քիմիայի ուսուցչուհի է, բայց դասավանդում է նաև մաթեմատիկա:

Երբ կրթության և գիտության նախարարությունից ներկայացուցիչներ են գալիս դպրոց ստուգումներ անցկացնելու, տնօրենի խոսքով, չեն զարմանում, որ իրենց ուսուցիչները նաև ոչ մասնագիտական առարկաներ են դասավանդում: «Իրենք գիտեն՝ ինչ վիճակ է»,- ասում է տիկին Ասատրյանը: Նրա կարծիքով` այլընտրանք չկա, քանի որ Եղեգնաձորից համապատասխան մասնագետները չեն հասնի գյուղ դպրոցում աշխատելու համար: «Երեսուն կիլոմետր կտրեն, որ պարապեն վեց ժա՞մ: Վեց ժամի փողն էլ մի 20 հազար դրամ է անում: Տրանսպորտին էլ պետք է օրական տան 800 դրամ: Ո՞վ կգա»,- ասում է նա:  

Կրթական հաստատություններում ոչ մասնագիտական առարկա դասավանդելը անօրինական է, և ենթադրվում է, որ կրթության նախարարության կողմից պետք է մշակվի այլընտրանք: Պետության հովանավորությամբ համապատասխան մասնագետներին վճարելն ու Եղեգնաձորից Գողթանիկ տեղափոխելը ոչ միայն այլընտրանքային է, այլև պարտադիր, սակայն տնօրենը պետությունից առայժմ  խնդրում է վերանորոգել  դպրոցի տանիքն ու տեղադրել պատուհաններ:

Ուսուցիչներն իրենց միջոցներով ավազ էին գնել, լցրել էին դպրոցի բակում, որ առաջիկայում «տանիքը մի քիչ կարգի բերեն»: Պատուհանների հարցն էլ են ուզում լուծել, քանի դեռ եղանակը տաք է. որտեղ որ ապակին երկշերտ է, հանում են մի շերտը և ծածկում բացակա պատուհանների տեղերը:  «Չնայած դա էլ չի հերիքում, շատ տեղեր կան դեռ, որտեղ ապակի չկա: Խոսքը հատկապես մարզադահլիճի և միջանցքների մասին է: Դե քանի որ միջանցքներում ապակիներ չկան, ձմռանը դասասենյակներում էլ է շատ ցուրտ  լինում և հնարավոր չի լինում տաքացնել»: Սակայն աշակերտները, տնօրենի խոսքով, գրեթե չեն բացակայում: «Հենց ցավն այն է, որ երեխաները տանը չեն ուզում մնալ ու միշտ գալիս են դասի, որովհետև ոչ մի այլ հետաքրքիր զբաղմունք չունեն: Միակ  տեղը, որտեղ նրանք և ուսում են ստանում, և հետաքրքիր է, դպրոցն է. էստեղ են երեխաները իրար տեսնում, մեկը մի թաղամասից է, մեկը՝ մի ուրիշ, ու եթե  չգան դպրոց,  ամբողջ օրվա ընթացքում իրար չեն  տեսնելու: Բնականաբար ձգտում են գոնե էդ օրերին իրար հանդիպել, խաղալ»,- ասում է Անահիտ Ասատրյանը:    

Դպրոցը վեցերորդ դասարան չունի, իսկ շրջանավարտները երկուսն են: «Կգա մի օր, երբ գյուղում երեխաներ չեն լինի, և հետևաբար դպրոցի վերանորոգումն էլ էական չի լինի,- ասում է տիկին Ասատրյանը,- մեր գյուղում, իհարկե, կան երիտասարդներ, բայց ոչ մեկն էլ չի ամուսանանում ու մնում էստեղ, որովհետև ապրելու պայմաններ չկան: Ամեն անգամ հեռուստացույցով լսում ենք, որ հեռավոր գյուղերին օգնություն են տալիս՝ սերմացու, անտոկոս վարկ, բայց մինչև հիմա ոչ մի բան էլ չենք տեսել»: 

Անահիտ Ասատրյանը մինչև ամուսնանալն ու Գողթանիկ տեղափոխվելը ապրել է Երևանում: Այն ժամանակ, իր խոսքով, գյուղի մասին ավելի լավ կարծիք ուներ. «Մտածում էի` հաճելի տեղ է, կարելի է գնալ, հանգստանալ, լավ բնություն ունի, հիմա 20 տարի է, էստեղ եմ ապրում ու տեսնում, թե ինչքան ծանր է: Չեմ ասում, որ բոլոր գյուղերում է դժվար ապրելը. դե, կան գյուղեր, որոնք քաղաքին մոտ են, էնտեղ վիճակը համեմատաբար լավ է»:

«Իսկ ես քաղաքը չեմ սիրում». Արգիշտի Նազարյան

Թեև Անահիտ Ասատրյանը զրույցի ընթացքում կանխագուշակեց, որ շուտով Գողթանիկում երիտասարդ չի մնալու, բայց նրա որդին՝ Արգիշտին, չի պատրաստվում ապրել քաղաքում: Նա սովորում է Երևանի պետական մանկավարժական համալսարանում և միաժամանակ պատմություն է դասավանդում գյուղի դպրոցում:

«Ես երկու տարեկանից այս գյուղում եմ ապրում: Շատ եմ սիրում մեր գյուղը: Փոքր եղբայրս հիմա Երևանում է ապրում, բայց ես չեմ ուզում գնալ: Դպրոցը ավարտելուց հետո ընդունվել եմ Մանկավարժական համալսարան, մի տարի սովորեցի, գնացի բանակ, հիմա եկել եմ, դեռ շարունակում եմ սովորել, չորրորդ կուրսում եմ, հեռակայում եմ և համատեղ աշխատում եմ էստեղ»,- պատմում է Արգիշտին: Դպրոցում շրջելիս նա ոչ այնքան ցանկանում էր ցույց տալ փլված տանիքն ու թաց հատակը, որքան իրենց պատրաստած պաստառները, գրադարանը, միջոցառումների համար նախատեսված փոքր սենյակը: «Ես քաղաքը չեմ սիրում: Քաղաքի աղմուկը ինձ դուր չի գալիս, էստեղ շատ լավ է, ու հետո էստեղի բնակչությունն էլ է լավը, ամեն ինչով իրար կօգնեն, կհասնեն իրար,  մարդկանց եմ սիրում, կապված եմ իրենց հետ,- ասում է Արգիշտին,- բացի դրանից, ծնողներս էլ էստեղ են ապրում, ճիշտ է, իրենք էլ են երբեմն համոզում, որ գնամ քաղաք, բայց ես ինձ գյուղից դուրս չեմ պատկերացնում: Որ գնում եմ համալսարանի քննությունները տալու, չէ՞, հաջորդ օրը արդեն էստեղ եմ»:

 Նրան քաղաքում դուր չի գալիս «երիտասարդների պահվածքը», իսկ ավելի ստույգ՝ «լպիրշությունը»: «Ներողություն եմ խնդրում, բայց քաղաքի և գյուղի երեխային չես կարող համեմատել. ես չեմ հասկանում՝ ինչպես են ուսուցչին կանչում պատի հետևը հարցեր պարզաբանելու, էստեղ նման բան չկա»,- ասում է Արգիշտին:

Նա դպրոցի ավարտական դասարանի դասղեկն է և պատրաստվում է իր երկու շրջանավարտների համար «Վերջին զանգ» կազմակերպել: «Երբ դպրոցում միջոցառում է, գյուղի համար տոն է լինում,- ոգևորությամբ պատմում է նա,- տարիքավոր մարդիկ էլ են շատ  ուրախանում: Ամեն ինչ  էլ անում ենք, որ մեր էրեխեքի համար լավ լինի»:

Թեև տիկին Ասատրյանը զրույցի ընթացքում մտահոգություն հայտնեց, թե ոչ մի աղջիկ չի ուզում ամուսնանալ գյուղի երիտասարդների հետ, որովհետև «ապրելու պայմաններ չկան», բայց Արգիշտիի ապագա ծրագրերի, այդ թվում ընտանիք կազմելու վայրը Գողթանիկն է: Այնպես որ, եթե տնօրենի հետ զրույցից հետո դպրոցը գրեթե «փակվել էր», ապա Արգիշտին «բացեց» և արդիական դարձրեց վերանորոգման խնդիրը:

Մեկնաբանություններ (3)

Արման
Ցավօք սրտի,ոչ մեր մեծահարուստները ոչ էլ մեր իշխանությունը մի պարզ տրամաբանություն չեն հասկանում,որ եթե չկա կայացած համայնք ,ապա երբեք չի կարօղ լինել հզեր և պաշտպանված երկիր.Ցանկացած հզոր երկիր ունի նաև հզոր գյուղատնտեսություն, իսկ մեր երկիրը գրեթե գյուղատնտեսություն չունի,այսպես անտեսված մանալով, այս ամեը,ի վերջո մեր երկիրը կդարձնի ավերակ.Մեր երկրւմ շատ այսպիսի դպրոցներ կան որոնք նորոգման կարիք ունեն և այս ցավալի իրավիճակը կարելի է նմանեցնել մարտի դաշտում բազմաթիվ ծանր վերքերով վիրավորված մի զինվորի,որին մեկ վիրակապը երբեք չի փրկի:
Դավիթ Գյուլզադյան
Ողջույն, Էդիկ ջան։ Ժամանակ առ ժամանակ հետևում եմ քո սուր դիտարկումներին։ Ուրախ եմ ազնիվ մտահոգություններիդ համար, նույնքան էլ տխուր՝ մեր ցավատանջ վիճակի համար։ Դպրոցի ներքին և արտաքին խարխուլ վիճակների նույնացումդ ցնցող է, որովհետև շատ է իրական, և մեր իրականությունն է դա։ ,,Կոմպլեկտ,, կոչված դասարանների գոյությունը՝ ոչինչ՚ խորհրդային ժամանակներում էլ նման բան կար։ Ձորագէսի ութամյա դպրոցում ես ունեցել եմ այդպիսի դասարաններ, որոնց հետ աշխատելը հեշտ չէր, բայց հաղթահարելի էր։ Ցավն ուրիշ տեղ է։ Ընտրությունների համար թափված շռայլության չնչին մի մասով կարելի էր ոչ միայն այդ դպրոցը վերաշնչավորել, այլև Գողթանիկի պես տասնյակ գյուղեր ծաղկեցնել։ Իսկ կրթության գլխավոր պատասխանատուն ,,գլոբա՜լ,, խնդիրներ է լուծում՝ ,,գլոբալ,, քյանդրբազությամբ։ Սրանի՞ց ու սրանցի՞ց պիտի պետության և ազգի բարօրության ակնկալիք ունենանք... Քա՛ջ կաց, եղբա՛յր, տրտնջանք թե հոխորտանք, գործն է մնայունը, նաև՛ քո գործը, որի անտեղիության մտայնությամբ են հիմա էլ փորձում թևաթափ անել հուժկու հոգիներին։ Կարոտով, սիրով և խորին հարգանքով՝ ընկերդ ու բարեկամդ՝ Դավիթ
Սիրանուշ
Ընտրություններին թափված շռայլություններն, այդ թվում ընտրակաշառքների բաժանումը, իրենք հենց այնպես չեն արել ու հիմա այդ գումարը հետ են ստանում հետընտրական թանկացումներով, չգիտեմ՝ գլխ․ Փոստի շենքը վաճառելով․․․ իսկ գյուղը շենացնելով ո՞նց կարող էին իրենց գումարը հետ ստանալ․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter