HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակի»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը շարունակում է դատի տալ եւ իբրեւ փոխհատուցում հսկայական գումարներ պահանջել հայաստանյան թերթերից: Հիմա էլ նախկին նախագահի կինը եւ ավագ որդին' Բելլա եւ Սեդրակ Քոչարյաններն են դատարան հայց ներկայացրել, այս անգամ' «Ժամանակ» օրաթերթի դեմ:

Օրաթերթն այս տարվա սեպտեմբերին եւ հոկտեմբերի սկզբին տպագրած 3 հրապարակումով հայտնել էր, որ Բելլա Քոչարյանը ներգրավված է դեղորայքի բիզնեսում, Քոչարյանների ընտանիքին է պատկանում «911» դեղատների ցանցը, ու հենց նրանք են հովանավորում դեղերի շուկայում գործող «Քոմսթար», «Լիկվոր» եւ «Ֆարմատեքս» ընկերություններին:

Բացի դրանից' Քոչարյաններն ադամանդի հանքեր ունեն Նամիբիայում, իսկ վերջերս Սեդրակ Քոչարյանը նմանատիպ հանք է ձեռք բերել Հնդկաստանում:

Թերթը նաեւ գրել էր, թե իրականում բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերության «մեջքին կանգնած է» Սեդրակ Քոչարյանը:

Բելլա եւ Սեդրակ Քոչարյանների ներկայացուցիչը սկզբում նամակ է գրել «Ժամանակի» խմբագրությանը' նշելով, թե հիշյալ հրապարակումներում տեղ են գտել «ոչ ստույգ տեղեկություններ», եւ խնդրել է հերքել «փաստացի անճշտությունները»:

Սակայն, չբավարարվելով տպագրված հերքումով, Քոչարյանները դիմել են Կենտրոնի դատարան:

«Թերթը հավաստում է, թե հրապարակել է համապատասխան հերքում: Սակայն որպես այդպիսին ներկայացվող հոդվածն իրավական տեսակետից պաշտոնական հերքում, առավել եւս' տարածած կեղծիքի դիմաց ներողություն համարել չի կարելի»,- մեկնաբանել է Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Ինչ որ պահանջել են, ես արել եմ. հերքման տեքստ են ուղարկել, տպագրել ենք: Բայց իրենք (Քոչարյանները) կրկնակի են վիրավորվել, որ ես հիշեցրել եմ, թե ինչն եմ հերքում: Իսկ ես պարտավոր եմ հիշեցնել, որովհետեւ եթե լուրը տպագրվել է սեպտեմբերի սկզբին, իսկ հերքումը' հոկտեմբերին, ես ընթերցողին պետք է ասեմ, թե որ լուրն եմ հերքում»,- մանրամասնում է «Ժամանակի» գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:

Վերջինս 2006 թ. դատապարտվել էր 3,5 տարվա ազատազրկման' զինվորական ծառայությունից խուսափելու համար փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:

Ու չնայած առողջական խնդիրներին, տարբեր անձանց ու կառույցների բազմաթիվ միջնորդություններին' Բաբաջանյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց պատժաչափը լրանալուց ընդամենը 44 օր շուտ:

«Ինձ ազատազրկեցին խորհրդարանական ընտրություններից առաջ: Այդ ժամանակ, երբ ես քոչարյանական ռեժիմի կողմից ենթարկվում էի քաղաքական հալածանքների եւ ինձ հետ տարատեսակ պայմանավորվածություններ էին փորձում ձեռք բերել, ես չընկրկեցի»,- ասում է Ա. Բաբաջանյանը եւ պարզաբանում, որ գլխավոր դատախազությունում իրեն կանգնեցրել են երկընտրանքի առաջ' կամ ազատազրկվում է, կամ էլ թերթը փակում եւ Հայաստանը լքում:

Նրա խոսքերով' «ազատ խոսքի բռնաճնշման նույն գործելաոճը» շարունակվում է նաեւ այսօր, միայն այն տարբերությամբ, որ դարձյալ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ' այս անգամ որոշվել է թերթը փակել' ֆինանսապես ծնկի բերելով:

Բելլա եւ Սեդրակ Քոչարյանները հայցադիմումում նշել են, թե «Ժամանակի» վերոնշյալ' «ստահոդ, ասեկոսեների վրա հիմնված» հրապարակումներն ընթերցողների շրջանում սենսացիա ստեղծելու եւ շահույթ ստանալու նպատակ են հետապնդել, եւ դրանք արատավորում են իրենց պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը:

Ուստի, հայցվորները պահանջել են օրաթերթին պարտավորեցնել հերքում տպագրել եւ հատուցել վիրավորանքի ու զրպարտության միջոցով հասցված վնասը' 6 մլն դրամի չափով:

«Ես ուզում եմ հասկանալ' ի՞նչ պատճառահետեւանքային կապ կա մեր տպագրածի եւ վիրավորանքի, զրպարտության միջեւ: Այդ հրապարակումներում վիրավորանքի տարր անգամ չկա,- տարակուսում է Արման Բաբաջանյանն ու հավելում,- փաստորեն, մոտավորապես ստացվում է այսպես. եթե Քոչարյանների անունն այս կամ այն ընկերության հետ կապվում է, միանգամից այդ ընկերության համբավն ընկնում է, շահույթը' պակասում: Իրենց իսկ հիմնավորումներն են դրա մասին վկայում»:

Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի կարողություններին ժամանակ առ ժամանակ անդրադարձել է նաեւ արտասահմանյան մամուլը:

Օրինակ' տարվա սկզբին ռուսական լրատվամիջոցները գրեցին, որ ՀՀ երկրորդ նախագահի հարստությունը կազմում է 4 մլրդ ԱՄՆ դոլար:

Ընդ որում' զուգահեռ ներկայացվեց նաեւ Քոչարյանների ունեցվածքի կոնկրետ ցուցակը: Իսկ այդ տվյալներն արտատպողները նույնիսկ կիրառում էին «ավազակ», «թալանչի» բառերը' պարզաբանելով, թե այլ կերպ հնարավոր չէ, 10 տարի նախագահի պաշտոնում աշխատելով, դիզել նման կարողություն:

Պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը վիրավորելու համար Քոչարյաններն այս դեպքում արտասահմանյան ԶԼՄ-ներին դատի չտվեցին: Նրանք նույնիսկ հերքում տպագրելու պահանջ չներկայացրին: Փոխարենը, ըստ էության, թիրախ են դարձրել սեփական երկրի լրատվամիջոցները:

Անցյալ տարեվերջին Ռ. Քոչարյանի կրտսեր որդու' Լեւոն Քոչարյանի հայցադիմումով «Հայկական ժամանակ» օրաթերթից բռնագանձվեց 3 մլն դրամ:
Թերթը գրել էր, որ կրտսեր Քոչարյանն «Ամանորից օրեր առաջ Դուբայում տեղի ոստիկանության կողմից հարբած վիճակում ձերբակալվել է' հասարակական վայրում անկարգություններ անելու համար»:

««Հայկական ժամանակ» օրաթերթի կողմից տարածած անհիմն եւ չստուգված տեղեկությունները հիմք են դարձել օգտագործել ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի որդու' Լեւոն Քոչարյանի անունը ՀՀ վարկանիշը գցելու, վարկաբեկելու եւ միջազգային հանրության առաջ հայերին որպես «խուլիգան» ու «հանցագործ» ներկայացնելու եւ համանման որակներով պիտակավորելու համար, ինչը, անխոս, դիպչում է ՀՀ հանրային շահերին եւս»,- հայցադիմումում նշել էր հայցվոր կողմը եւ դատարանին խնդրել «ՀԺ»-ին պարտավորեցնել փոխհատուցել ավելի քան 16 մլն դրամ' իբրեւ պատճառված նյութական եւ բարոյական վնաս:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ, սակայն, կրտսեր Քոչարյանը «ՀԺ»-ից հատուցում ստացավ միայն իրավունքների պաշտպանությանն ուղղված ծախսի համար:

«Ժամանակ» օրաթերթի դեմ հայցադիմումում փաստաբանական ծառայության համար ճիշտ նույն չափի գումար' 3 մլն դրամ են հաշվարկել նաեւ Բելլա եւ Սեդրակ Քոչարյանները: 6 մլն-ի մյուս կեսը նրանք պահանջում են վիրավորանքի ու զրպարտության համար:

Չնայած «ՀԺ»-ի դառը փորձին' «Ժամանակի» խմբագիր Բաբաջանյանը վստահ է, որ իրենք հաղթելու են: Կենտրոնի դատարանում առաջին նիստն արդեն նշանակվել է' եկող տարվա հունվարի 20-ին: Գործը քննելու է Ա. Մելքումյանը' նույն դատավորը, ով լսել է «ՀԺ»-ի դեմ ներկայացված հայցը:

«Իմ ուղերձն եմ հղում բոլոր բռնապետներին. ազատ խոսքն այլընտրանք չունի, եւ դրանով է պայմանավորված լինելու Հայաստանում որեւէ դրական փոփոխություն»,- ասում է Արման Բաբաջանյանը:

Նրան առաջին հերթին ցավ է պատճառում հարցի «բարոյաքաղաքական եւ քաղաքացիահոգեբանական» կողմը. «Որ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը պաշտոնաթողությունից 2 տարի անց էլ ազատ խոսքի սակավ միջոցները ճնշելու խնդիր է հետապնդում' գործի դնելով իր ընտանիքի անդամներին»:

Հ.Գ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնի կապակցությամբ մամուլում հարց բարձրացվեց. ինչո՞ւ Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում հիմնադրամի' նույնիսկ Արցախում իրականացվելիք ծրագրերի համար կազմակերպվող դրամահավաքին:

Քոչարյանների արձագանքը կարծես թե չի ուշացել. նախկին նախագահ Քոչարյանի գրասենյակի տնօրեն Վիկտոր Սողոմոնյանն արդեն հայտարարել է, որ «Ժամանակ» օրաթերթի դեմ ներկայացված հայցապահանջի ողջ գումարը «դատարանի որոշակի որոշման պարագայում» կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին կամ հանրապետության մանկատներից որեւէ մեկին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter