HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեղրիում արդյունաբերությունը կուլ է տվել գյուղատնտեսությունը»

Խորհրդային շրջանում Մեղրիի պահածոների գործարանը տարածաշրջանում սննդի արտադրության բնագավառում զգալի ավանդ ուներ:

Տարիների ընդմիջումից հետո գործարանը վերագործարկվել է 1997 թվականին եւ տարեկան թողարկում է մոտ 80 տոննա արտադրանք: Մինչեւ վերջին տարիները ձեռնարկության առաջնային խնդիրն իրացումն էր, որի լուծման համար գործարանի տնօրենը փորձում էր գովազդի միջոցով իրացման շուկա գտնել, ներգրավել տարբեր ներդրողների միջոցները: Տարիների ընթացքում պատրաստի արտադրանքն իրացվում էր ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում: Հայաստանում իրացվում էր արտադրանքի 25 տոկոսը: Այսօր, սակայն, ինչպես հաստատեց գործարանի տնօրեն Գրիշա Գրիգորյանը, պատկերը փոխվել է: «Մեղրիում արդյունաբերությունը կուլ է տվել գյուղատնտեսությունը: Գործարանը կանգնել է լուրջ խնդրի առաջ, որովհետեւ դժվարացել է հումքի ապահովումը: Եթե նախկինում պատրաստի արտադրանքն ամիսներով մնում էր պահեստներում, այսօր բոլորովին հակառակն է»,- ասում է տնօրենը:

Գ. Գրիգորյանն ափսոսանքով նշում է, որ երբեմնի գյուղատնտեսական տարածաշրջանը դարձել է արդյունաբերական կենտրոն. «Սկզբում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, ապա եւ ոսկու հանքարդյունաբերությամբ զբաղվող ձեռնարկությունը «խլել են» Մեղրիի ողջ աշխատուժը. երկու ձեռնարկություններում միասին աշխատում է մի քանի հարյուր մարդ, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում: Իսկ ոսկու հանքարդյունաբերությունում ընդգրկված մոտ 120 աշխատակից ստանում է անվճար սնունդ: Գուցե եւ բնական է, որ մարդը ձգտում է դեպի բարձր վճարվող աշխատանք, քանի որ կոմբինատում կամ ոսկու հանքերում աշխատողի աշխատավարձը համեմատելի չէ գյուղատնտեսությունից ստացվող եկամտի հետ: Արդյունքում, եթե շահում է մարդը, ապա մեծապես տուժում է մինչեւ այժմ գյուղատնտեսական մթերքների, մասնավորապես պտղի արտադրության մեջ զգալի կշիռ ունեցող գյուղատնտեսությունը»:

Նրա հավաստմամբ՝ պահածոների գործարանում միջին աշխատավարձը կազմում է 40-50 հազար դրամ: Տնօրենը մտադիր է աշխատակիցներ հավաքագրել մարզի այլ տարածաշրջաններից, քանի որ տեղում աշխատուժի պակաս կա:

Թերեւս ուրախալի է, որ գործազրկության մերօրյա պայմաններում Մեղրիում այդ խնդիրը, կարծես թե, լուծված է, բայց, այնուամենայնիվ, համաձայնվելով գործարանի տնօրենի հետ՝ պետք է ափսոսալ, որ գյուղատնտեսությունը կամաց-կամաց տեղը զիջում է արտադրությանը հենց այս տարածաշրջանում: Այդ պատճառով է տարեցտարի կտրուկ նվազում նաեւ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների թիվը, տասնյակ հեկտարներով դաշտերը մնում են անմշակ:

«Այն, որ մարդկանց կենսամակարդակը բավական բարձրացել է Մեղրիում, նաեւ ինձ է գոհացնում,- շարունակում է իր մտահոգությունը կիսել Գրիշա Գրիգորյանը,- սակայն ցավ եմ ապրում, որ պտղի, հատապտղի հայրենիք Մեղրիի բերքը մնում է անմշակ: Հարմարվելով արտադրությանը՝ մարդիկ կարծես թե հետաքրքրված չեն անգամ իրենց այգիների պտղի վերամշակմամբ: Նախորդ տարիներին գործարանը համեմատաբար ցածր գնով բնակչությունից 5-6 տոննա հատապտուղ էր մթերում, այսօր՝ հազիվ 1 տոննա:

Հումքի մթերումը լուրջ խնդրի առջեւ է կանգնեցրել պահածոների գործարանի տնօրինությանը, որովհետեւ վտանգի տակ է դրվում արդեն իսկ ձեռք բերված գործընկերների պայմանագրային պարտավորությունների կատարումը:

«Ձեռնարկությունը 20 տոննա թզի ջեմի պատվեր է ստացել արտասահմանից, սակայն կասկածում եմ, որ կկարողանանք այդքան հումք ապահովել»,- ասում է տնօրենը:

Պտղի մթերման գործը համեմատաբար աշխուժանում է սեպտեմբերին, երբ մարդկանց դպրոցահասակ երեխաների համար որոշակի լրացուցիչ ծախսեր են անհրաժեշտ, սակայն դա փոքր ծավալ է ապահովում եւ էական դերակատարություն չի ունենում պահածոների արտադրության համար անհրաժեշտ հումք ապահովելու գործում:

«Դժվարանում եմ ասել, թե ելքը որն է, հասկանում եմ նաեւ, որ շուկայական հարաբերություններում որեւէ մեկին չես կարող թելադրել, թե ինչով զբաղվի կամ որ ոլորտում, բայց կարծում եմ՝ ափսոս է, որ Մեղրիում գյուղատնտեսությունը նահանջ է ապրում»,- եզրափակում է տնօրեն Գրիշա Գրիգորյանը:

Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter