HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհավասար հնարավորություններ՝ հավասար պայմաններում

«Որ ինձ սպանեն էլ, ես ուրիշ դպրոցում չեմ սովորի,- կտրուկ ու նաեւ զայրացած հայտարարում է տասներկուամյա Նարինեն, որն այս տարի Սիսիանի հատուկ դպրոցում փոխադրվել է յոթերորդ դասարան:- Ութերորդը կավարտեմ, կգնամ վարսավիրություն կսովորեմ, բայց ուրիշ դպրոցում չեմ սովորի»:

Հասկանալ կարելի է ֆիզիկական թերություն ունեցող աղջկան, որը, ըստ իրեն, նախկինում սովորել է հանրակրթական դպրոցում, բայց միշտ ետ է մնացել դասընկերներից, որոնք շարունակ ծաղրել են իրեն: Հետո տեղափոխվել է հատուկ դպրոց, որտեղ թեպետ ուսումնական ծրագրով ինքը բավական առաջ է, մի քիչ անհետաքրքիր է, բայց հանգիստ է. համադասարանցիների մի մասը եւս առողջական խնդիրներ ունի եւ, ամենակարեւորը, ո՛չ հեգնանքով, ո՛չ էլ կարեկցանքով են վերաբերվում իրեն:

Նարինեի հետ Սիսիանի հատուկ գիշերօթիկ դպրոցում սովորում է եւս 115 երեխա, ովքեր առողջության հետ կապված խնդիրներ ունեն: Հաշվի առնելով որոշ ընտանիքների սոցիալական պայմանները՝ դպրոցում սովորում են նաեւ անապահով ընտանիքների եւ ծնողազուրկ երեխաներ: Դպրոցի տնօրեն Սպարտակ Մակարյանի հավաստմամբ՝ մանկավարժների, դայակների, բժշկական անձնակազմի հոգատարության շնորհիվ դպրոցի սաները, տարրական կրթությանը զուգահեռ, նաեւ մասնագիտական որոշ հմտություններ են ձեռք բերում: Ըստ տնօրենի՝ հրատապ է առողջական խնդիրներ ունեցող երեխաների առանձին դասագրքերի հարցը: Հատուկ դպրոցում աշակերտները հայերեն սկսում են սովորել 3-րդ, իսկ օտար լեզու` 5-րդ դասարանում, բայց նույն դասագրքերով, ինչ մյուս հանրակրթական դպրոցների առաջին դասարաններում:

Ըստ համապատասխան կրթական ծրագրերի՝ դպրոցը խնդիր ունի երեխաներին ութամյա կրթություն տալ՝ ապահովել տարրական գիտելիքներով: Դրան զուգահեռ, պայմաններ են ստեղծվել որոշ արհեստների յուրացման համար:

Երբ խոսք է լինում հատուկ դպրոցի խնդիրների մասին, տնօրենը նկատում է, որ թեպետ իրենք բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում են, որպեսզի առանց այն էլ հոգեբանական բարդույթներ ունեցող երեխաներն ուշադրության կենտրոնում լինեն, այնուամենայնիվ, պետությունը, կարծես թե, առանձնահատուկ ուշադրություն չի դարձնում դպրոցին: Դպրոցի 115 աշակերտի, յոթանասունից ավելի մանկավարժի, սպասարկող անձնակազմի համար տարեկան հատկացվում է 64 միլիոն դրամ, որը ներառում է թե՛ ուսուցիչների աշխատավարձը, թե՛ պետական հարկերը, եւ թե՛ երեխաների մեկ օրվա սննդի գումարը՝ 972 դրամ գիշերող դպրոցականների, 500 դրամ՝ չգիշերող դպրոցականների համար:

«Երեխաներին գիշեր-ցերեկ խնամելու համար ամսական ընդամենը 20 հազար դրամ աշխատավարձ ենք ստանում,- դժգոհում է դայակներից մեկը,- դպրոցն ավարտելու առթիվ ուզում ենք քեֆ կազմակերպել, ամենքս 200 դրամ ենք հավաքել, ոնց հաշվում ենք, չի ստացվում: Կարծում եք հե՞շտ է ամբողջ օրը էս խեղճ ու կրակ երեխաների հետ աշխատելը: Դժվարություններ, իհարկե, կան,- ասում է դպրոցի բուժքույրը,- բայց ուշադիր ենք երեխաների նկատմամբ: Դպրոցը կես հաստիքով երկու բժիշկ ունի, ովքեր թեպետ չեն գիշերում, այնուամենայնիվ, երբ անհրաժեշտ է լինում, դայակները կանչում են: Մեզ մոտ կամ հիվանդ, կամ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են սովորում, վերջիններիս համար դժվար է, իհարկե, հոգեբանական առումով միասին նույն դասարանում սովորել: Նրանք էլ, մյուսների նման, ստիպված են հատուկ ծրագրով սովորել` անկախ իրենց ընդունակություններից, բայց գոնե այդ երեխաներն օրական երեք անգամ ճաշելու հնարավորություն ունեն: Մի քանի տարի առաջ մի երեխայի ձմեռային արձակուրդներին տուն էին տարել, երկու շաբաթ անց մահացավ. հիվանդացել էր կարմրուկով, չէին կարողացել նորմալ սննդով ապահովել, մեզ մոտ լիներ, կօգնեինք, ոտքի կկանգներ»:

Տնօրեն Սպարտակ Մակարյանի տեղեկացմամբ` վերջին չորս տարվա ընթացքում դպրոցի երեք մասնաշենքերը հիմնովին վերանորոգվել են Կարագյոզյան բարեգործական հիմնադրամի ներդրումներով, նրանց աջակցությամբ նաեւ խոհանոցի, ճաշարանի գույք է ձեռք բերվել, արհեստագործական կրթություն ստանալու համար որոշ միջոցներ` կարի մեքենաներ եւ այլն:

«Ես նկատել եմ,- պատմում է հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Կամո Տեր Պետրոսյանը,- որ այնտեղ, որտեղ բարեգործական կազմակերպությունները որեւէ աշխատանք են սկսում, պետական կառույցները ձեռքերը լվանում են: Չորս տարի առաջ մենք ընտրեցինք այս դպրոցը` տեսնելով անմխիթար վիճակը, խոստացանք հիմնովին նորոգել, բարեկարգել, դրան զուգահեռ այլ կազմակերպություններ պետք է նախաձեռնեին ջեռուցման խնդիրը, սակայն նրանց խոսքն այդպես էլ օդում մնաց, եւ այս հիվանդ, անօգնական երեխաները մնացին վառարանների հույսին: Ստիպված` այժմ սկսել ենք նաեւ ջեռուցման համակարգի կառուցումը»:

Դպրոցն, իսկապես, առաջին հայացքից նորոգ ու բարեկարգ է, սակայն այն ավելի շատ զորամաս է հիշեցնում. սառը, թող որ ներկված պատերին մի քանի նկարներ են, որոնք մանկական կրթօջախ չեն հիշեցնում:

Թեպետ ամառային արձակուրդները չէին սկսվել, քննությունների շրջան էր, այնուամենայնիվ, դասասենյակներում անկողինները հանված էին, որոնց վրա դժգույն, անհրապույր, հավանաբար հիմնադրման օրից ի վեր նույն կեղտոտ ու խունացած ներքնակներն էին, որոնք կարող են առանց այն էլ թույլ առողջություն ունեցող երեխաների համար նոր խնդիրներ ստեղծել: Նույն անհրապույր ու սառը միջավայրն էր նաեւ դահլիճում: Նախորդ տարիներին ամերիկահայ մի բարերար երաժշտական գործիք է նվիրել, որը հազիվ թե կարողանա ջերմությամբ լցնել այդ սառն ու անկենդան պատերը:

Ինքս մանկավարժ չեմ, ոչ էլ` նյարդաբան, որպեսզի հասկանամ, թե ինչպիսի պայմաններ են անհրաժեշտ հոգեկան ու մտավոր խնդիրներ ունեցող եւ նրանց կողքին առողջ, բայց սոցիալապես անապահով պայմաններում ապրող երեխաների համար, սակայն մասնագիտական ունակություններ անհրաժեշտ չեն՝ հասկանալու, որ առանց այն էլ ճակատագրով դատապարտված եւ ոչ իրենց կամքով օրվա հացի խնդիր ունեցող կամ որբ երեխաներն առանձնահատուկ խնամքի, ուշադրության կարիք ունեն:

«Մեզ մոտ հիմնականում այն երեխաներն են, որոնց ծնողները նախկինում մեր շրջանավարտներն են եղել: Տարիներ շարունակ այսպես է: Այդ հիվանդությունների առաջացման պատճառը պետք է վերացնել, ինչը, հաստատ համոզված եմ, անապահով պայմաններից է,- հանդիպման վերջում ավելացնում է դպրոցի բուժքույրը:

Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter