HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Լեռնապատի գյուղապետը պարտվեց Վճռաբեկ դատարանի որոշմամբ

Վճռաբեկ դատարանը հօգուտ Լեռնապատի բնակիչ Բորիս Աշրաֆյանի է լուծել զրպարտության մեղադրանքով հարուցված հայցը: Աշրաֆյանը գյուղի 10 բնակիչներից մեկն է, որոնց դեմ գյուղապետ Վանո Եղիազարյանը հայցեր էր ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի դատարան՝ զրպարտության եւ վիրավորանքի մեղադրանքով: Լոռու մարզի դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը, որի վարույթում են գտնվել և գտնվում գյուղապետի հայցերով հարուցված 10 գործերը, ի թիվս մյուս գործերի, վճիռը կայացրել էր հօգուտ Վանո Եղիազարյանի:

Նշված գործով դատավոր Հովնանյանը վճռել էր պարտավորեցնել Բորիս Աշրաֆյանին վիրավորանք հասցնելու համար ներողություն խնդրել գյուղապետից, հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և նրանից հօգուտ Վանո Եղիազարյանի բռնագանձել 300 հազար դրամ (100 հազար` վիրավորանքի, 200 հազար` զրպարտության համար), ինչպես նաև 14 հազար դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար (հայցվոր Վանո Եղիազարյանը պահանջում էր հրապարակային ներողություն, հերքում, 3 միլիոն դրամ` 1 մլն վիրավորանքի, 2 միլիոն՝ զրպարտության համար, ինչպես նաև դատական ծախսերի փոխհատուցում):

Դատավոր Հովնանյանի վճիռը Բորիս Աշրաֆյանը բողոքարկել էր վերաքննիչ դատարան: Բողոքը մերժվել էր, և առաջին ատյանի վճիռը թողնվել էր օրինական ուժի մեջ: Բորիս Աշրաֆյանը վճռաբեկ բողոք էր ներկայացրել:

Ի տարբերություն ստորադաս դատարանների՝ Վճռաբեկ դատարանը վեճը լուծել է հօգուտ բնակչի:

Գյուղապետն իր հայցադիմումի համար հիմք էր ընդունել «Ժամանակ» օրաթերթում տպագրված «Էս թուրքին մեր միջից հանեք» վերնագրով հոդվածը, որտեղ Բորիս Աշրաֆյանը մասնավորապես նշել է. «Գազի գործով մարդիկ կային, որ ասեն, թե տունը հեռու ա, մի երկու ստոլբա ա տնգել, իրա համար գազ ա քաշել: Ես էլ որպես վարչական հանձնաժողովի հասարակական կազմակերպության նախագահ, դե էդ ժամանակվա, թե արի` տուգանում ենք. բա ի՞նչ ա եղել: Հետո ասեց` թե ապօրինի գազ ա քաշել: Արա, ուրախ չե՞ս, ապօրինին ո՞րն ա…2 ստոլբա ա տնգել մարդը, պիտի ուրախ լինես, որ ծախս չես անում, էն մարդը գազ ա տարել… Ու հետո, որ էս ցուցակը բացվեց օգնության, ես մնացել էի ապշած… Ասեց` բա դու էլ գրեիր, քեզ էլ կտայի: Ասի`ամոթ քեզ, էս գյուղում էլ սոված մարդ չկա՞ր, բացի հորիցդ, մորիցդ, փեսենոնցիցդ… Հոռոմսիմյան Նորիկը երեկ անցնում էր, ասում ա` ախպորս անունից 100.000 գրել են` մեռած մարդ ա, բայց իրա ստորագրությունը չի: Սա գայթակղվեց… Հիմա սա տեսախցիկ ու բանա դրել, թերթում գրել էին, թե ինչի՞ ես տեսախցիկ դրել, ասել էր, թե` գյուղում անասնագողությունը տարածված ա, դրա համար տեսախցիկ եմ դրել: Խի գյուղապետարանի մոտից անասուն են գողանու՞մ… Սա խայտառակություն է: Ափսոս էդ տղեն, բայց գայթակղվեց»:

Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները նշված տեքստի հետևյալ արտահայտությունները զրպարտություն են դիտել. «Հոռոմսիմյան Նորիկը երեկ անցնում էր, ասում ա`ախպորս անունից 100.000 գրել են` մեռած մարդ ա, բայց իրա ստորագրությունը չի», «Ասի` ամոթ քեզ, էս գյուղում էլ սոված մարդ չկար բացի հորիցդ, մորիցդ, փեսենոնցիցդ…»: «Արա» և «սա» արտահայտությունները դիտել են վիրավորանք: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վիճարկվող տեքստը գնահատելով արտահայտված մտքերի ամբողջության մեջ, եկել է եզրահանգման, որ վկայակոչված արտահայտությունները չեն կարող համարվել զրպարտություն և վիրավորանք: Մեջբերելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի`զրպարտության վերաբերյալ դրույթը` Վճռաբեկ դատարանը նշել է, որ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Մինչդեռ վիճարկվող տեքստում զրպարտություն որակված արտահայտությունները չունեն թվարկված հատկանիշներից առնվազն երկուսը: Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ օրենքը վերաբերում է փաստին, որոշակի կոնկրետ տվյալներին, որոնք չեն կարող լինել վերացական, ենթադրական, այլ պետք է ունենան կոնկրետ առարկայական դրսևորում: Իսկ վիճարկվող տեքստում փաստացի տվյալների մասին խոսք լինել չի կարող, քանի որ դրանք վերացական ու ենթադրական են: Նաև` դրանցով որևէ կերպ չի արատավորվում անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Դատարանն արձանագրել է նաև, որ Բորիս Աշրաֆյանի օգտագործած` «Ասի` ամոթ քեզ, էս գյուղում էլ սոված մարդ չկար, բացի հորիցդ, մորիցդ, փեսենոնցիցդ» արտահայտությունը գնահատողական դատողություն է, պատասխանողի սուբյեկտիվ գնահատականը` ուղղված համայնքի ղեկավարի գործունեության բարոյական կողմին, ուստի` նման պայմաններում այդ արտահայտության հավաստիության ապացուցումն ակնհայտորեն անհնարին է:

Անդրադառնալով վիրավորանք որակված արտահայտություններին և դրանք դարձյալ դիտարկելով ամբողջական մտքի համատեքստում` Վճռաբեկ դատարանը հանգել է հետևության, որ Բորիս Աշրաֆյանը չի կատարել վիրավորական, կտրուկ կամ անզուսպ արտահայտություններ, չի գերազանցել քննադատության ընդունելի սահմանը: Ընդ որում՝ դատարանն ամրագրել է, որ քննադատության այդ շրջանակն ավելի լայն է պաշտոնատար անձանց համար` ի տարբերություն ֆիզիկական անձանց:

Ըստ վճռաբեկ որոշման` գյուղապետի գործունեության քննադատության համատեքստում «արա» և «սա» արտահայտությունները չեն կարող համարվել վիրավորանք, քանի որ ուղղված չեն անձի պատիվը կամ արժանապատվությունը արատավորելուն: «Արա» բառն ունի օժանդակ բնույթ և արտահայտության մեջ չունի էական դերակատարում, «սա»-ն իր լեզվաբանական իմաստով ցույց է տալիս խոսողին մոտ կանգնած կամ խոսքի մեջ նոր նշված առարկա, անձ, երևույթ և կարող է վերաբերել նաև անձի:

Ուստի` Վճռաբեկ դատարանը վերջնական որոշում է կայացրել մերժել Վանո Եղիազարյանի հայցը:

Միաժամանակ` եթե գյուղապետի հայցապահանջով և ստորադաս դատարանների որոշմամբ` Բորիս Աշրաֆյանը պետք է փոխհատուցեր գյուղապետին իբր թե նրան վիրավորելու և զրպարտելու համար, ինչպես նաև նրա դատական ծախսերը, ապա Վճռաբեկ որոշմամբ` այժմ գյուղապետը պետք է իր բնակչին փոխհատուցի նրա կատարած 39 հազար դրամ դատական ծասը (19 հազար դրամ որպես վերաքննիչ բողոքի և 20 հազար դրամ որպես վճռաբեկ բողոքի համար վճարած պետական տուրքի գումար):

Լուսանկարում գյուղապետ Վ. Եղիազարյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter