HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Պետության հաշվին կառուցապատողները «փոխհատուցում են»

Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ուղարկվող գանգատները եթե բաժանեք մասերի, կարելի է առանձնացնել 3 հիմնական խումբ. 2003, 2008 թվականներին ընտրական գործընթացներով պայմանավորված վարչական ու քրեական հետապնդումներին վերաբերող գործեր եւ պետական կարիքների համար հանրային գերակա շահ ճանաչված տարածքներից օտարվածների գանգատներ:

«Հիմա մեր կառավարությունը բարդ վիճակում է, կարելի է ասել՝ Եվրադատարանը թնդանոթը միացրել է, եւ ալիքների նման մեր երկիր ուղարկվող այդ խումբ-խումբ գործերը հստակ ցույց են տալիս, թե իրավունքների պաշտպանության մակարդակը Հայաստանում ինչ աղետալի վիճակում է,- ասում է փաստաբան Վահե Գրիգորյանը:- Ընդ որում, հասել ենք այնտեղ, որ եթե Եվրադատարանը գործը վերցնում է քննության, ամենայն հավանականությամբ, իրավունքի խախտումը ճանաչվում է: Այս իմաստով գրեթե մոտենում ենք 100 տոկոսանոց ցուցանիշին: Եվրոպայի խորհրդում նման երկրներ շատ քիչ կան»:

Ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացված վճիռներով եւ որոշումներով ՀՀ կառավարությանը պարտադրվում է փոխհատուցել տուժողի կրած նյութական եւ բարոյական վնասը, եւ այդ բեռը, ըստ էության, ընկնում է մեր պետբյուջեի, այլ կերպ ասած՝ հարկատուներիս վրա: Սակայն պարզվում է, որ վերոնշյալ գործերից մի մասով, մասնավորապես՝ «պետական կարիքների» համար իրենց տներից զրկված քաղաքացիներին փոխհատուցումները տրամադրում են բացառապես կառուցապատողները:

Համենայնդեպս, արդարադատության փոխնախարար, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի տեղակալ Ռուբեն Մելիքյանը վստահեցնում է, թե անցյալ տարվա նոյեմբերին Եվրադատարանի կայացրած 6 որոշումները չհաշված՝ մնացած բոլոր գործերով իրացված տարածքների նախկին բնակիչներին փոխհատուցել են հենց կառուցապատողները:

«Ընդհանրապես, սեփականության իրավունքի հետ կապված գործերով պետությունը եւ կառուցապատողները եկել են համաձայնության, որ այս բոլոր գործերով փոխհատուցումները կկատարեն կառուցապատողները, այսինքն՝ կոնկրետ այն սուբյեկտները, որոնք տվյալ անձանց նախկին սեփականության գտնվելու վայրում այժմ ունեն սեփականություն»,- հավատացնում է փոխնախարար Մելիքյանը եւ շեշտում, որ մինչեւ հիմա նույնիսկ գումարային տեսքով փոխհատուցումները վճարել են դարձյալ կառուցապատողները:

«Հետք» - Իսկ ինչո՞ւ պետք է կառուցապատողները փոխհատուցումները տրամադրելու պարտավորություն ստանձնեին: Սա կառավարության եւ կառուցապատողների միջեւ ինչ-որ ստվերային գործարքների վկայությունը չէ՞:

Ռ. Մելիքյան - Ես չեմ կարծում, որ կարող ենք այդպիսի բան արձանագրել: Համենայնդեպս, պետությունը կարող էր առնվազն որոշ դեպքերում ռեգրեսիվ հայցով կառուցապատողների դեմ մտնել դատարան, որովհետեւ կառուցապատողները մասնակցել են այն գործընթացին, որով մարդիկ զրկվել են իրենց սեփականությունից:

«Հետք» - Այսինքն՝ ժամանակին կառավարությունն աչք է փակել ամեն ինչի վրա՝ կառուցապատողներին ասելով՝ եթե հանկարծ պատասխան տալու հարց եղավ, դուք եք տալու:

Ռ. Մելիքյան - Իմ պաշտոնավարման ընթացքում այդպիսի պայմանավորվածություն չի եղել, եւ ես չեմ կարող հիմա ինչ-որ դատողություն անել դրա մասին: Բայց, որպես իրավաբան, այդպիսի պարտավորություն ստանձնելը չեմ համարում անհիմն պարտավորություն:

Մելիքյանի նշած եւ բացառություն կազմող 6 որոշումներին «Հետքն» արդեն անդրադարձել է: Եվրադատարանի՝ անցյալ տարվա նոյեմբերին կայացրած հիշյալ որոշումներով բողոքաբերներից 3-ին ՀՀ կառավարությունը սեփական նախաձեռնությամբ խոստացել էր փոխհատուցել գումարի, մյուս 3-ին՝ բնակարանի տեսքով:

Գումարային փոխհատուցումը կառավարությունն իր առանձին որոշմամբ բնակիչներին արդեն տվել է պետական միջոցներից: Ընդ որում, այս 3 գործերն իրականում ամենեւին բացառություն չեն: Համաձայն Ֆինանսների նախարարության պարզաբանման՝ առայսօր չի եղել որեւէ գործ, որ Եվրադատարանի սահմանած փոխհատուցումները օտարված տարածքների նախկին բնակիչներին հատկացվեն կառուցապատողների հաշվին:

«…Մինչ օրս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ՀՀ քաղաքացիների գանգատներով կայացված որոշումների հիման վրա ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կառավարության որոշումներով ֆինանսավորվել է 2007 թ.` 1 մլն 892 հազար 200 դրամ, 2008 թ.` 15 մլն 504 հազար 500 դրամ, 2009 թ.` 19 մլն 134 հազար 900 ՀՀ դրամ և 2010 թ.` 15 մլն 391 հազար 800 դրամ»,- ի պատասխան «Հետքի» հարցմանը՝ գրել է ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանը:

Ստացվում է, որ վերջին 6 որոշումները չհաշված՝ միայն իրացման տարածքի նախկին բնակիչների գործերով պետությանը պատճառվել է ավելի քան 50 մլն դրամի վնաս, եւ առանձնապես խոշոր չափերով այս վնասի համար ոչ ոք, ոչ մի դատավոր նույնիսկ նկատողություն չի ստացել:

Ինչո՞ւ են պատասխանատուներն անպատիժ մնում

Փաստաբան Վահե Գրիգորյանը նկատում է, որ երբ որեւէ մանր կամ միջին բիզնեսի ներկայացուցիչ խուսափում է 3 կամ 1 միլիոն դրամի հարկային պարտավորությունը կատարելուց, անմիջապես ենթարկվում է քրեական հետապնդման, տնտեսվարող սուբյեկտների գործունեությունն էականորեն խոչընդոտվում է, եւ մարդը հայտնվում է բանտերում:

Վահե Գրիգորյան Ռուբեն Մելիքյան Արթուր Գրիգորյան

«Իսկ ո՞վ է պատասխան տալու այս տասնյակ, անգամ 100 հազարավոր եվրոների փոխհատուցումների համար, որ Եվրոպական դատարանի որոշմամբ կառավարությունը վճարում է,- հարցնում է Վահե Գրիգորյանը եւ հավելում:- Այս իմաստով գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը բացարձակապես մատնվել է անգործության»:

Ասվածի առնչությամբ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, հղում անելով ՀՀ օրենսդրության համապատասխան հոդվածներին, նշում է, որ «հետաքննության, նախաքննության, դատախազության մարմինների կամ դատարանի պաշտոնատար անձի պատճառած վնասը հատուցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը հետադարձ պահանջի իրավունք ունի այդ անձից, եթե վերջինիս մեղքը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Մյուս կողմից, ըստ Տռուզյանի պարզաբանման, դատախազությունը լիազորված է դատարանում պետական շահերի պաշտպանության հայցեր  հարուցել այն դեպքում, երբ այդ մասին միջնորդությամբ դիմել է իրավասու պետական մարմինը:

«Տվյալ դեպքում  դատախազությունը նման միջնորդություններ իրավասու պետական մարմիններից չի ստացել, իսկ հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի փաստ չի արձանագրվել»,- նշված է Սոնա Տռուզյանի գրավոր պատասխանում:

Վահե Գրիգորյանը հակադարձում է, որ մամուլի հրապարակումներն իրավապահների համար ինքնին հիմք են՝ ստուգելու, թե ինչու է վնաս հասցվել, եւ ով է դրա պատասխանատուն: Նրա գործընկեր Արթուր Գրիգորյանն էլ հավելում է, թե նման կերպ «ուղղակի իրավագիտության բուն հիմունքներն էլ են ուզում հօդս ցնդեցնել, որովհետեւ քաղաքացիաիրավական կատիգորիան՝ վնաս պատճառելը, երբեւիցե պարտադիր պայման չի համարել դատավճռի առկայությունը, որպեսզի հաստատի անձի մեղավորությունը որեւէ հանցագործության մեջ»:

«Ստացվում է, որ եթե որեւէ անձ որեւէ մեկ այլ անձի, այդ թվում նաեւ պետբյուջեին վնաս է պատճառել, եւ վնասն ակնհայտ է, մինչեւ նրան չդատապարտեն, եւ դատավճիռ չլինի, նրանից վնասը չե՞ն կարող պահանջել,- զարմանում է փաստաբան Արթուր Գրիգորյանը:- Եթե Եվրոպական դատարանը վճիռ է կայացնում, եւ պետական բյուջեն դրա հիման վրա գումար է հատուցում, վնասի առկայությունն արդեն փաստ չէ՞: Թե մի հատ էլ պետք է հիմնավորվի՝ վնասը պատճառվե՞լ է, թե՞ ոչ»:

Արթուր Գրիգորյանի կարծիքով, Եվրադատարանի վճիռների արդյունքում մեր պետությանը պատճառված վնասի հետեւում կանգնած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը պատկան մարմիններն ուղղակի մատնում են լռության, քանզի չեն ուզում, որ նման նախադեպի մասին անգամ խոսք լինի. «Որովհետեւ ում-ում, բայց դատախազությանը հասկանալի պատճառներով անկախ դատական համակարգը ձեռք չի տալիս»:

Այս տարվա ապրիլին ՀՀ կառավարությունը արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանին գործուղել էր Բրայթոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագայի վերաբերյալ բարձրաստիճան նախարարական համաժողովին մասնակցելու համար:

Մելիքյանը, հղում անելով համաժողովի շրջանակներում իր հանդիպումներին, նշում է. «Չեմ ուզում ասել՝ Եվրոպայի խորհրդի բոլոր 47 երկրներում, որովհետեւ բոլորի հետ չէ, որ խոսել եմ, բայց ում հետ խոսել եմ, փորձում են մեխանիզմներ գտնել, որ գումարները, որոնք տրամադրվում են որպես պետության կողմից հասցված վնասների հատուցում, վերադարձվեն: Սա ընդհանրական խնդիր է»:

«Այնքան էլ այդպես չէ, որովհետեւ որոշ երկրներում, օրինակ՝ Լատվիայում, հարցը լուծել են, եւ կա այսպես կոչված, պետության ռեգրեսիվ իրավունքի վերաբերյալ օրենք: Այն պաշտոնյայից, որը տվյալ խախտումը թույլ է տվել, պետությունը դիմում է դատարան եւ վնասները հետ պահանջում»,- հակադարձում է փաստաբան Արթուր Գրիգորյանը:

«Հիմա հարց է ծագում՝ եթե իրոք ուզում ենք ունենալ անկախ դատական իշխանություն, ապա առնվազն պետք է շատ բարձր չափանիշ սահմանենք, թե որ դեպքում կարող են այդ գումարները դատավորից բռնագանձվել,- շարունակում է փոխնախարար Մելիքյանը:- Այսօր մենք ունենք հետեւյալ չափանիշը, որ դա կարող է բռնագանձվել միայն այն դեպքում, երբ հաստատվի, որ դատավորը իմացել է, որ կոնկրետ գործողությունով խախտվում է իրավունքը, եւ դիտավորյալ այդ խախտումը կատարել է»:

Արթուր Գրիգորյանն էլ նկատում է, որ մոռացվում են շատ կարեւոր հասկացություններ: Օրինակ այն, որ դիտավորությունը մեղքի առկայության կարեւոր գործոն չէ. «Անզգուշությունն էլ է մեղքի տեսակ, որը կարող է դրսեւորվել, ասենք, անփութության եղանակով: Հիմա դիտավորյա՞լ է արել, թե՞ անփութորեն, համենայնդեպս, մեղավոր է, եւ սա վնասի հատուցման համար արդեն բավարար է»:

Ռուբեն Մելիքյանը շարունակում է, թե պետք է արժեքները հավասարակշռել, եւ ոչ մի դեպքում չի կարելի անկախ դատական համակարգ ունենալու անհրաժեշտությունը ստորադասել մեղավորներից վնասները բռնագանձելու պահանջին: Ըստ նրա՝ այսօր կիրառվող կարգապահական պատասխանատվության մեխանիզմն ավելի ճկուն է, երբ ակնհայտ եւ կոպիտ խախտում անելու համար հայտարարվում է նկատողություն կամ խիստ նկատողություն:

«Միաժամանակ այս մեխանիզմի կողքին մենք ունենք հետեւյալ պահանջը, որ եթե դատավորը ենթարկվում է կարգապահական պատասխանատվության, ապա նրա աշխատավարձից 6 ամիս կամ 12 ամիս տեւողությամբ 25 տոկոս պահումներ են արվում: Սա ինչ-որ կերպ փոխհատուցում է,- ասում է արդարադատության փոխնախարարը եւ հավելում,- իսկ եթե խախտման դիտավորության հաստատումից ավելի ցածր պահանջ դնենք, ապա հավաստիացնում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր այսօր ցանկություն ունեն դատավոր դառնալ, բարեխիղճ աշխատել, այլեւս այդ ցանկությունը չեն ունենա»:

«Կամ էլ այդ մարդիկ կսկսեն ավելի պատասխանատու դառնալ եւ դատավոր ու փարավոն հասկացությունները չեն նույնացնի: Էլ ամեն մեկը չի ձգտի դատավոր դառնալ ՝ ելնելով, օրինակ, նրանից, որ իր պապան էլ է դատավոր եղել կամ էլ հիմա դատախազ է,- նկատում է փաստաբան Ա. Գրիգորյանը:- Հենց այդ ռեգրեսիվ հայցերի շնորհիվ դատավորները կհասկանան, որ ունեն շատ պարտականություններ: Արդյունքում արդարադատությունը 100 տոկոսով կշահի»:

Մեկնաբանություններ (2)

Նազիկ
Ի՞նչ կարելի է սպասել մեր դատավորներից,եթե քաղ.դատ.օրենսգրքում նշվում են դատավորների միայն իրավունքները,իսկ պարտավորությունների մասին ոչինչ չի նշվում,դե նրանք էլ օգտվում են իրենց իրավունքներից և դատի ընթացքը տանում այն ուղղությամբ,որն իրենց է ձեռնտու:Արդյունքում տուժված քաղաքացին հայտնվում է ավելի անօգնական վիճակում,երբ ձեռքն են դնում դատավճիռը:Իսկ արդարադատության նախարարը հանդիսանում է վայ դատավորների փրկիչը,գործն այնքան է ձգձգում,որ պատժելիության ժամկետն անցնում է,և հրճվելով պատասխանում է,որ ժամկետն արդեն անցել է ու իրենք այլևս իրավասու չեն նրանց պատժելու:
Karen
Եթե այն ամենը, ինչ մեր կառավարությունն իրեն թույլ է տալիս Եվրոդատարանի հետ փոխհարաբերություններում, ամենօրյա կյանքում աներ հասարակ մահկանացուն, ապա նրան վաղուց խարդախության համար ազատազրկած կլինեին: Ով է ասել, որ ինչ որ չինովնիկ իրավունք ունի միջազգային դատարանին խաբել, թե կան ազատ բնակարաններ, որոնք կտրամադրվեն իրենց իսկ գործողություններից տուժած սեփականատերերին, իսկ հետո՝ դեմքի միամիտ արտահատությամբ վստահեցնել, թե գիտեք, տեղի է ունեցել թյուրիմացություն, այդ բնակարաններն իրականում վաճառվել են, թող Եվրոդատարանը որոշի, թե որքան փոխհատուցում պետք է նրանց վճարվի պետբյուջեի հաշվին: Այդ չինովնիկները հաստատ պետբյուջեն և իրենց գրպանային բյուջեն լրջորեն իրար են խառնել: Ով է հետաքննելու այս անհանդուրժելի փաստը, որը ոչ այլ ինչ է, քան վնասարարության հստակ հատկանիշ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter