HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վճռաբեկ դատարանը հստակեցրել է վիրավորանքի և զրպարտության մասին օրենքի դրույթները

Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանն ընդդեմ նույն գյուղի բնակիչ Բորիս Աշրաֆյանի՝  պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին՝  Լոռու մարզի ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների կողմից բավարարված հայցերը մերժելով՝  ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրեց նախադեպային որոշում վիրավորանքի և զրպարտության գործերով:

Արձանագրելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կիրառման առումով դատարաններում առկա է օրենքի միատեսակ մեկնաբանման անհրաժեշտություն, իր որոշման մեջ Վճռաբեկ դատարանը մեկնաբանել է նշված հոդվածի՝  պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող իրավական դրույթները: Նշված իրավական ակտն օրինական ուժի մեջ է մտել սույն թվականի մայիսի 11-ից:

Վճռաբեկ դատարանը սահմանել է վիրավորանքի և զրպարտության գնահատման չափանիշները՝  նշելով, որ վավերապայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վիրավորանքի կամ զրպարտության մասին խոսք լինել չի կարող: Ըստ այդմ՝ կոնկրետ արտահայտությունը վիրավորանք գնահատելու համար այն պետք է կատարված լինի հրապարակային ձևով, իրականում արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է նման նպատակ հետապնդի, այսինքն՝ պետք է անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Ընդ որում՝ այս փաստերի ապացուցման պարտականությունը դրված է հայցվորի վրա:

Նշված պարտադիր պայմաններին բավարարող արտահայտությունը վիրավորանք չի որակվի, եթե տեղեկատվությունը հիմնված է ստույգ փաստերի վրա կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: «Ստույգ փաստերն» այն փաստերն են, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ, կամ ապացուցման անհրաժեշտություն չունեցող, հանրահայտ փաստեր են:

Հստակեցվել է նաև «հրապարակային» հասկացությունը. այն կարող է դրսևորվել տպագրության, ԶԼՄ-ների, համացանցի, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով: Հրապարակային են առնվազն երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները, վերջիններս 3-րդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաեւ այն դեպքում, երբ 3-րդ անձը եւս կատարում է արտահայտություններ եւ ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ: Նման դեպքում առկա է վնասի համատեղ պատճառում:

Արտահայտությունները չեն կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի հասանելի չդառնան այլ անձանց:

Վճռաբեկ դատարանը տարբերակել է գնահատողական դատողությունն ու փաստը՝  նշելով, որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում վիրավորանքի և զրպարտության գործերի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա. ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին է, և նման պահանջն ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը:

Բայց միաժամանակ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել, որ գնահատող դատողությունն այնուամենայնիվ պետք է հիմնված լինի բավարար փաստական հիմքի վրա, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այդ հանգամանքը: Հակառակ դեպքում փաստական հիմքից զուրկ դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից:

Յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է ներկայացված փաստացի տվյալները գնահատել «գերակա հանրային շահի» տեսանկյունից՝  պատասխանելով հետևյալ հարցերին՝ արդյոք այդ տեղեկատվությունն ահրաժե՞շտ է եղել հանրության համար, արդյոք հասարակությունը հետևե՞լ է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասե՞լ է դրանց հետագա հրապարակմանը: Այս առումով Վճռաբեկ դատարանը նշել է, որ ԶԼՄ-ների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և հարցերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում՝  գաղափարների տարածման պարտականությունը: ԶԼՄ-ների այդ գործառութային պարտականությանն էլ զուգորդվում է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքին:

Զրպարտության գնահատման չափանիշներն են. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային, իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համաբավը, պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն՝  լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի, պետք է լինեն փաստացի, ոչ վերացական, այսինքն՝  կոնկրետ հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ:

Նշված պարտադիր պայմաններին բավարարող արտահայտությունը զրպարտություն չի որակվի, եթե տեղեկատվությունը վերաբերում է դատական կամ մինչդատական վարույթում գտնվող գործի հանգամանքներին կամ տեղ է գտել ապացույցներում, զրպարտության ենթարկվողի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից մեջբերված եզրահանգում կամ փաստ է, պայմանավորված է գերակա հանրային շահով:

Հատկանշական է, որ եթե տեղեկատվության՝ գերակա հանրային շահով պայմանավորված լինելու հանգամանքը բավարար է այն վիրավորանք չգնահատելու համար, ապա զրպարտության դեպքում անհրաժեշտ է նաև լրացուցիչ փաստական կազմի առկայություն:

Վճռաբեկ դատարանն անդրադարձել է վիրավորանքի և զրպարտության գործերով պատասխանատվությունից ազատվելու դեպքերին՝ նշելով երկու պայմանների դարձյալ միաժամանակյա առկայություն. անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները հրապարակային ելույթների, պաշտոնական փաստաթղթերի, հեղինակային ստեղծագործությունների, լրատվական գործունեություն իրականացնող ընկերությունների հրապարակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, տեղեկատվությունը տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին: Հակառակ դեպքում հրապարակողն ինքն է համարվում զրպարտող կամ վիրավորող:

Այս երկու պայմանների առկայությունը չի ազատի պատասխանատվությունից, եթե դատարավարության ընթացքում ապացուցվի, որ անձի մոտ առկա է եղել զրպարտելու դիտավորություն: Այդ դեպքում տեղեկատվությունը կրող աղբյուրը և այն հրապարակողը կրում են համապարտ պատասխանատվություն՝ որպես համատեղ վնաս պատճառողներ:

Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ տեղեկատվության աղբյուրի բացահայտումը պետք է կատարվի այն տարածելու հետ միաժամանակ: Տեղեկատվությունը տարածելիս աղբյուրի բացահայտումը նպատակ է հետապնդում այդ տեղեկատվության հասցեատերերի մոտ ապահովել տեղեկացվածություն այն մասին, որ զրպարտությունը կամ վիրավորանքը դուրս է գալիս կոնկրետ սուբյեկտից, այլ ոչ թե անմիջական հրապարակողից կամ անորոշ թվով սուբյեկտներից: Աղբյուրի բացահայտումը, կախված աղբյուրի տեսակից, կարող է ազդել հասարակական կարծիքի ձևավորման վրա: Մինչդեռ տեղեկատվության աղբյուրը դատական վարույթի ընթացքում բացահայտելը լիարժեք չի ապահովում զրպարտող կամ վիրավորող սուբյեկտի վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը:

Վիրավորանքի և զրպարտության դեպքերում իրավունքի պաշտպանության միջոցն ընտրում է տուժողը, որը մի դեպքում կարող է նախապատվություն տալ մեկամսյա ժամկետում ԶԼՄ-ին հերքման պահանջ ներկայացնելուն, մյուս դեպքում՝ դատական հայց ներկայացնելուն՝  վիրավորանքի կամ զրպարտության մասին հայտնի դառնալու պահից մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից մինչև վեց ամսվա ընթացքում: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ սրանք ողջամիտ ժամկետներ են, որոնց ընթացքում հայցվորը կարող է ակնկալել խախտված իրավունքների պաշտպանություն:

Սակայն Վճռաբեկ դատարանը նշել է, որ թեև պարտադիր պայման չէ արտադատական կարգով խախտված իրավունքի վերականգնման համար ԶԼՄ-ին դիմելը, այդուհանդերձ, դատարանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնեն՝ արդյոք մինչև դատարան հայց ներկայացնելը անձը դիմե՞լ է ԶԼՄ-ին՝ հերքում հրապարակելու պահանջով, և այդ պահանջին ԶԼՄ-ն որևէ ընթացք տվե՞լ է, թե՞ ոչ:

Փոխհատուցման չափ սահմանելու յուրաքանչյուր դեպքում էլ պետք է հաշվի առնել վիրավորանք և զրպարտանք կատարած անձի ֆինանսական վիճակը, և բացառել փոխհատուցման այնպիսի չափերի և ձևերի սահմանումը, որոնք կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ պատասխանող կողմի համար, առավել ևս եթե պատասխանողը զանգվածային լրատվության միջոց է: Սակայն մինչև նյութական փոխհատուցում սահմանելը պետք է նախապատվությունը տալ պատճառված վնասի վերականգնման ոչ նյութական միջոցներին՝ ներողություն, հերքում, պատասխանի հրապարակում:

Մեկնաբանություններ (1)

Sargis
Vchrabek datarann manrakrkit usumnasirele qaxaqacu ev mardu bari anvann veraberox hancagorcutyunnet nshanakutyunn barcr makardakov

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter