HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Յուրացում՝ առանց պաշտոնական լիազորությունները չարաշահելու. ՃՈ նախկին պետը դատապարտվեց

Այսօր Կենտրոնի դատարանը ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման: Նա մեղավոր ճանաչվեց «Առանձնապես խոշոր չափերով յուրացում» կատարելու մեջ, մինչդեռ սրանից զատ մեղադրվում էր նաեւ «Պաշտոնական լիազորությունները չարաշահելու» հիմքով:

Մարգար Օհանյանն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ դատարանում վերջին խոսքի հնարավորության ժամանակ պահանջել էր արդարացում: Դատավոր Մխիթար Պապոյանը, սակայն, մեղադրանքի մի մասն ապացուցված համարեց, ըստ որի՝ ՃՈ նախկին պետը կտրոնի տեսքով յուրացրել է 574 հազար 420 լիտր բենզին, այսինքն՝ մոտ 30 հազար 20 լիտրանոց կտրոն, ընդ որում՝ այս թիվը (30 հազար կտրոնների քանակը) կարող է մի քանի անգամ բազմապատկվել, եթե համարենք, որ յուրացվածների մեջ եղել են նաեւ 5 կամ 10 լիտրանոց կտրոններ:

«Որտե՞ղ են այդ կտրոնները, ո՞ւր է իրեղեն ապացույցը: Ցույց տվեք գեթ մեկ կտրոն կամ բենզինը: Այդքանն աննկատ հնարավոր չէ օգտագործել,- նիստերից մեկի ժամանակ հայտարարեց ՃՈ նախկին պետը եւ դիմելով մեղադրող-դատախազին՝ հարցրեց,- եթե իմ նախկին աշխատակիցներից գտնվի 3 մարդ եւ ասի, որ ես մարդ եմ սպանել, սակայն սպանվածը չկա, ինձ նորի՞ց կդատեք»:

Նախաքննական մարմինը ոստիկանության հաշվին լիցքավորված մեքենաների ցանկում ոչ Մարգար Օհանյանին, ոչ էլ նրա ազգականներին պատկանող մեքենաների համարանիշներ այդպես էլ չի հայտնաբերել: Բայց դատախազ Հարություն Հարությունյանը մեղադրական ճառում Օհանյանին հակադարձեց, որ թեեւ կտրոնները չեն գտել, յուրացման փաստն արձանագրել են: Մեղադրողը նշեց, որ իրեղեն ապացույց են նաեւ վկաների, կասկածյալների, մեղադրյալների ցուցմունքները:

Մինչդեռ դրանք, ըստ Օհանյանի, «սուտ եւ սարքովի են»: Հատկանշական է վկաներից հատկապես ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար Եղիշե Ենգիբարյանի ցուցմունքների պատմությունը: Դատարանում նա հայտարարեց, որ բենզինի պակասորդի մասին ինքը միայն լսել է, եւ իրականում կոնկրետ իր գլխավորած գումարտակում բենզինի պակաս լինելու խնդիր չի եղել: Սա էականորեն տարբերվում էր վկայի նախաքննական մեղադրող ցուցմունքներից, ինչի առնչությամբ Ենգիբարյանը պնդեց, որ իբրեւ հիմք ընդունվի դատարանում տված ցուցմունքը, քանի որ «ճիշտը դա է»:

Սակայն հաջորդ նիստին դատավոր Մխիթար Պապոյանը ընթերցեց Եղիշե Ենգիբարյանի՝ դատարանին հասցեագրած դիմումը, որով վերջինս արդեն խնդրում էր հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները, քանի որ «նախորդ դատական նիստում իմ ասածները կաշկանդվելու հետեւանք էին»:

Իհարկե, կային նաեւ վկաներ, որոնք դատարանում առանց «կաշկանդվելու» պնդեցին իրենց նախաքննական մեղադրող ցուցմունքները: Սակայն, ի տարբերություն նրանց, մյուս 3 ամբաստանյալները՝ Ստեփան Կարախանյանը, Արա Լեւոնյանը եւ Սամվել Մախմուրյանը, դատարանում ցուցմունք տալուց հրաժարվեցին:

Թերեւս պատճառն անցանկալի հարցերից խուսափելն էր: Իսկ որ այդպիսիք լինելու էին, միանշանակ է: Օրինակ՝ նախաքննության տարօրինակ դրվագներից մեկը վերաբերում է հենց Ստեփան Կարախանյանի եւ Արա Լեւոնյանի առերես հարցաքննությանը: Վերջինս պատմել է, որ Մարգար Օհանյանը բանավոր հանձնարարել է գումարտակներին քիչ բենզին տալ, իսկ կտրոնները փոխանցել իրեն, եւ որ այդ խոսակցությանը ներկա է եղել նաեւ Ստեփան Կարախանյանը: Սակայն Կարախանյանն ասել է, թե Լեւոնյանի պատմածը սուտ է, եւ Մարգար Օհանյանի մոտ նման քննարկում երբեւէ չի եղել:

Դատարանում ՃՈ նախկին պետ Օհանյանը հայտարարեց, որ Կարախանյանից, ի վերջո, ճնշումների կիրառմամբ անհրաժեշտ ցուցմունքները կորզվել են: Ավելին, վերջինիս նկատմամբ ճնշումներ են բանեցվել նույնիսկ այն ժամանակ, երբ նա բուժման նպատակով գտնվել է հիվանդանոցում:

«Դեռ Լեւոնյան Արայիկի մասին էլ չեմ ասում, թե նրա նկատմամբ ինչ ճնշումներ են եղել: Թող իրենք ասեն: Որ իրենք իրենց (Կարախանյանն ու Լեւոնյանը) չեն պաշտպանում, դա չի նշանակում, որ ես պարտավոր եմ իրենց պաշտպանել»,- դատարանում ասաց Օհանյանը:

Ըստ մեղադրանքի՝ Մարգար Օհանյանը Կարախանյանին, Լեւոնյանին եւ Մախմուրյանին ցուցում է տվել ճանապարհային ոստիկանությանը պակաս բենզին տրամադրել, բայց հաշվետվություններում ցույց տալ շատ: Հանձնարարականը կատարվել է, եւ «ավելացած» բենզինի կտրոնները տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանը հանձնել է անձամբ Օհանյանին:

Ստեփան Կարախանյանը մեղադրվում էր յուրացումներ կատարելու մեջ: Նա արդեն վերականգնել է իրեն վերագրվող, պետությանը պատճառված վնասը՝ մոտ 20 մլն դրամի չափով: Հատուկ քննչական ծառայությունը պարզել էր, որ 2011թ. ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինի կտրոններով լիցքավորվել են ոչ ոստիկանական մեքենաներ, ընդ որում՝ որոշ մարդիկ ամսական լիցքավորել են մինչեւ 26-27 հազար լիտր բենզին: Այդ մարդկանց շարքում եղել են նաեւ Ստեփան Կարախանյանի ազգականները:

Արա Լեւոնյանին եւ Սամվել Մախմուրյանին մեղադրանք էր առաջադրվել հանցագործության կատարմանն օժանդակելու համար: Դատախազ Հարություն Հարությունյանը դատարանին միջնորդել էր վերոնշյալ 3 անձանց դատապարտել պայմանական ազատազրկման՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս հանցագործության բացահայտմանը ակտիվորեն աջակցել են:

Օհանյանը եւս, ինչպես մեղադրողն էր իր ճառում նկատել, դրսեւորել էր «մեղքը քավելու ակնառու ապացույց»՝ վերականգնելով պետությանը պատճառած վնասի մեծ մասը: Նա արդեն մուծել է նաեւ վնասի չվերականգնված մասը՝ մոտ 19 մլն դրամը: Վերջինիս փաստաբանը հայտարարել էր, որ գումարը հավաքել են Օհանյանի ազգականները: Օհանյանն էլ դատարանում ասել էր, թե, այնուամենայնիվ, ՃՈ պետն ինքն էր, հետեւաբար, լինելով անմեղ՝ վնասը վերականգնել է, որովհետեւ դա իր «պատվի եւ արժանապատվության հարցն է»:

Մարգար Օհանյանին մեղադրանքն առաջադրվեց այն ժամանակվա ոստիկանապետ, ներկայումս ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի պաշտոնավարման օրոք: Նրանք վաղեմի ընկերներ էին, եւ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սարգսյանը պատմել է, որ մինչեւ վերջին պահը Օհանյանը վստահեցրել է, թե չարաշահումներից տեղյակ չէ՝ պնդելով ստուգումները շարունակել:

Նախկին ոստիկանապետը նույնիսկ նշել էր, որ եթե անհարմար չզգար, անձամբ դատավորին կխնդրեր Օհանյանին ազատ արձակել՝ փոխելով վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Այդ ընթացքում դատավորն արդեն մերժել էր ՃՈ նախկին պետի կալանավորումը փոխարինել գրավով:

Ավելի ուշ դատարանն իր այդ որոշումը վերահաստատեց՝ կրկին մերժելով Մարգար Օհանյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանի միջնորդությունը, իսկ Ալիկ Սարգսյանն արդեն հրաժարվեց իր երբեմնի ընկերոջը ազատության մեջ տեսնելու, այդ հարցը «բարոյական կողմից» դիտարկելու հորդորներից: Պատճառն այն էր, որ դատարանում ցուցմունք տալիս Օհանյանն իր դեմ հարուցված քրեական գործը կապեց Ալիկ Սարգսյանի հետ:

Ըստ նրա՝ 2011 թ. ապրիլից իր եւ նախկին ոստիկանապետի միջեւ ծագել է ծառայողական տարաձայնություն. ինքը համաձայն չի եղել Ալիկ Սարգսյանի կադրային քաղաքականության եւ որոշ աշխատանքների կազմակերպման հետ: Ոստիկանապետն էլ նշյալ տարաձայնությունը տեղափոխել է անձնական հարթություն: Արդյունքում ծնվել է «այս շինծու քրեական գործը»:

«Նույնիսկ իմ ընկերոջս, ընկերոջս տղային՝ սանիկիս, քեռուս տղային համակարգից հեռացրել են՝ միայն այն պատճառով, որ ստուգման ընթացքում, երբ գործը դեռ ՀՔԾ չէր ուղարկվել, եկել են մեր տուն... Իրենք իրենց տակը ման գալու փոխարեն ընկել իմ վրա են գործ ման գալիս»,- ասաց Մ. Օհանյանը:

Ալիկ Սարգսյանը «Ազատությանը» տված հարցազրույցում Օհանյանի ասածներն ամբողջությամբ հերքեց: Իսկ ՃՈ նախկին պետը շարունակում էր պնդել, թե ոստիկանապետն ուղղակի հրահանգել է պատժել բոլոր նրանց, ովքեր իր հետ կշփվեն, մինչեւ ինքը ներողություն խնդրելու համար չգնա ու չընկնի Ալիկ Սարգսյանի ոտքերը:

«Այ տղա, Օհանյան Մարգարին փակեցին, դու ո՞վ ես, ցուցմունք տուր, որ կաշիդ փրկես»,- ամբաստանյալների հետ իրավապահների խոսակցությունը դատարանում վերարտադրեց ՃՈ նախկին պետը: Նրա ասածները կամ կանխատեսումը այսօր կարծես թե իրականություն դարձան:

Դատավոր Մխիթար Պապոյանը վարվեց գրեթե այնպես, ինչպես մեղադրողն էր միջնորդել՝ Օհանյանի նախկին ենթականերին դատապարտելով պայմանական ազատազրկման: «Շեղումը» վերաբերում էր միայն Մարգար Օհանյանին: Դատախազը պահանջել էր վերջինիս ազատազրկել 8 տարով, դատարանն ազատազրկեց 6 տարի ժամկետով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter