HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Կարեն Ճշմարիտյանը կզբաղվի մարտկոցների արտադրությամբ

Նոյեմբերի 23-ին Երեւանում պաշտոնապես բացվեց մարտկոցներ արտադրող «Էլբատ» ձեռնարկությունը: Հայ-գերմանական «Էլբատ» ՓԲԸ-ի սեփականատերերն են առեւտրի եւ տնտեսական զարգացման նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը (24%), ձեռնարկության տնօրեն Սամվել Աբրահամյանը (25%) եւ «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը (51%): Հիշեցնենք, որ «Քրոնիմետ Մայնինգ»-ը հենց նախարար Ճշմարիտյանի օրոք է ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Վաճառքի պայմանագիրը 2004-ի դեկտեմբերին ստորագրել է Կարեն Ճշմարիտյանը:

Ի՞նչ կապ կա «Էլբատ» ՓԲԸ-ի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վաճառքի միջեւ: Ուղիղ կապ:

Այդ ժամանակահատվածում մի քանի ձեռնարկություններ են սեփականաշնորհվել, եւ դրանցում տարբեր պաշտոնյաներ ապահովել են իրենց մասնակցությունը:

Այս ընկերությունների խմբի մասին «Հետքը» առաջիկայում կներկայացնի իր հետաքննությունը:

Նշենք, որ «Էլբատը» տեղակայված է «Էլեկտրոն» ԲԲԸ-ի տարածքում: «Էլեկտրոնի» սեփականատերերն են Սամվել Աբրահամյանը (40%), Կարեն Ճշմարիտյանը (40%) եւ ձեռնարկության կոլեկտիվը (20%):

Նշենք եւս մեկ փաստ. «Էլեկտրոն» ԲԲԸ-ն սեփականաշնորհվել է 2005 թ. ուղղակի վաճառքի միջոցով: Գնորդը Սամվել Աբրահամյանն էր, իսկ նախարարը, ինչպես կռահեցիք, Կարեն Ճշմարիտյանն էր:

Ստացվում է, որ նախարարն ինքն իրեն ուղղակի վաճառել է «Էլեկտրոնը», որի բաժնեմասերի 40 տոկոսն այժմ տնօրինում է ինքը' արդեն ԱԺ պատգամավոր Ճշմարիտյանը: Երկրի ղեկավարներին մի հարց եմ ուղղում. սա կոռուպցիա չէ՞, պաշտոնական դիրքի չարաշահում չէ՞:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter