HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Թատերական քննադատը ծրագրում է հայկական բույսերի էլեկտրոնային հանրագիտարան ստեղծել

Գեղեցիկ ծաղիկ տեսնելիս մարդու առաջին արձագանքն է կռանալ ու պոկել այն: Րոպեներ անց ծաղիկը թառամում է, և մարդը մի կողմ է նետում այն: Իսկ Թամար Գալստյանի առաջին արձագանքն է լուսանկարել այդ ծաղիկն ու նկարը տեղադրել ինտերնետում, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել:

Թամարը մասնագիտությամբ թատերական քննադատ է, մոտ 3 տարի աշխատել է այդ մասնագիտությամբ, բայց փնտրում էր իր տեղը և գտավ էկոլոգիան, մասնակցեց էկոլոգիայի դասընթացների: Շատ բաներ ինքնուրույն է սովորել՝ տարբեր աղբյուրներից կարդալով:

Չորս տարի է` Թամար Գալստյանն այցելում է Հայաստանի տարբեր վայրեր ու լուսանկարում բույսերը: Նա Հայաստանում նկարել է մոտ 1000 տեսակի բույս: Թամարի համար հավասարապես կարևոր են և հետաքրքիր, հազվագյուտ բույսերը, և այն հասարակ խոտերը, որոնք մարդիկ տրորում ու անցնում են: Թամարը շատ է ափսոսում, որ հայաստանցիները բացարձակապես չգիտեն, թե ինչ տեսակի բույսեր, ծաղիկներ են աճում իրենց շուրջ: Եվ բույսերի նկարներն ու դրանց մասին տեղեկատվությունը google.com-ում ու facebook.com-ում տեղադրելով՝ նա ուզում է, որ մարդիկ իմանան, թե ինչ անուն ու հատկություններ ունեն ամեն օր իրենց հանդիպող բույսերը:

«Վերաբերմունքը սկսվում է ճանաչելուց: Երբ սկսում ես ճանաչել, որ այս բույսի անունը սա է, այս հատկությունը ունի, սկսում ես ուրիշ կերպ վերաբերվել այդ բույսին: Երբ մեկին ճանաչում ես անձամբ, ուրիշ կերպ ես վերաբերվում: Ու էդտեղից սկսվեց իմ մոլուցքը, որ գնամ, գտնեմ այդ բույսերը, նկարեմ, դնեմ ինտերնետում»,- պատմում է Թամարը:

Ռուսաստանի և հարակից երկրների բույսերի plantarium.ru կայքում տեղադրված է Թամարի լուսանկարած մոտ 200 տեսակի բույս՝ 400-500 նկար:

Թամարի երազանքն է ստեղծել հայկական բույսերի առանձին կայք, ինչպիսին wikipedia.org էլեկտրոնային հանրագիտարանն է, որ ով ուզենա, բույսեր լուսանկարի ու տեղադրի այդ կայքում, ազատորեն վերցնի ու տարածի այդ տեղեկատվությունը:

հուդայածառ գրիֆիթի (Cercis griffithii Boiss) դրախտածառ (Cotinus coggigria)

Այս ծրագիրն իրականացնելու համար երկար ժամանակ է պետք. Թամարը պետք է հասցնի ծաղկման շրջանում գնալ ու լուսանկարել բույսերը, գտնել դրանց մասին տեղեկատվություն, որը հաճախ տասնամյակների վաղեմության է, թվային չէ և պետք է թղթից ներմուծվի համակարգչի մեջ: Հանրագիտարան-կայքի աշխատանքները Թամարը, հավանաբար, կսկսի ձմռանը: Այժմ նա լուսանկարում է բույսերն ու մշակում դրանց մասին տեղեկատվությունը: Ոմանք հետաքրքրվել են այս ծրագրով: Թամարը գիտի ևս 2 հոգու, ովքեր իր նման գնում ու բույսեր են լուսանկարում:

Բույսեր կան, որոնց հայերեն անվանումները տարօրինակ են. հուդայածառ, դրախտածառ, եղերդակ, եղեսպակ, ղանձլամեր: Անվանումների ստուգաբանությունը հերթական աշխատանքն է, որը էկոլոգն ուզում է անել: «Ես շատ կուզեի գտնել մի աղբյուր, որ մեր ծաղիկների անունների ստուգաբանությունը իմանայի, գրեի՝ ոնց է առաջացել տվյալ անունը»,- ասում է նա: Օրինակ՝ ըստ լեգենդի՝ հուդայածառի անվանումն առաջացել է նրանից, որ Հուդան կախվել է հենց այս ծառից: Լեգենդը տարօրինակ է թվում Թամարին, որովհետև անգամ հասուն հուդայածառը փոքր է, և դրանից հնարավոր չէ կախվել: Հուդայածառի հետաքրքիր հատկությունն այն է, որ ծաղիկներն աճում են ուղիղ ճյուղերի վրա:

Հայաստանի բնության առավելությունը բազմազանությունն է

Թամարը լուսանկարում է մասրենին

Հայաստանում աճում է 3600 տեսակի բույս: Հայաստանի բնության հետաքրքրությունն ու առավելությունը բազմազան, տարբեր էկոհամակարգերին բնորոշ բույսերն են: Վայոց ձորից Սյունիք ընկած տարածքում բույսերն առավել բազմազան են: Թամարը կարող է 2-3 ժամ անցկացնել սարի գագաթին, որպեսզի տեսնի, թե այնտեղ ինչ է աճում:

«Մեզ մոտ ամեն տեղ սար է: Սարի ներքևում ձորն է: Ձորի մոտ աճում են խոնավասեր բույսեր: Դա մի փոքրիկ էկոհամակարգ է: Մի քիչ բարձրանում ես, արդեն լանջին աճում են այն բույսերը, որոնք աճում են ավազոտ տեղերում (մեր լանջերն էլ հիմնականում հողմահարված են), հիմնականում քարքարոտ վայրերում աճող բույսեր են: Սարով բարձրանում ես վերև, մերձալպիական բուսականություն է: Ավելի ես բարձրանում, ալպիական բուսականություն է»,- ասում է Թամար Գալստյանը:

Հայաստանում նույն ծաղիկը նույն սարի արևելյան լանջին մի տեսք ունի, իսկ արևմտյան լանջին՝ լրիվ ուրիշ տեսք: Այդ պատճառով Թամարի համար շատ հետաքրքիր է սարը բարձրանալ և մյուս կողմից իջնել: Իսկ Փամբակում նույն սարի լանջին կովկասյան մրտավարդը ծաղկած ու պտղակալած է, վերևում՝ նոր ծաղկած, իսկ ամենավերևում՝ կոկոններով:

«Շվեդիայի տարածքի 60 %-ը անտառ է, բայց բազմազանությունը երևի 20 անգամ պակաս է Հայաստանի բազմազանությունից»,- ասում է Թամարը: Ռուսաստանի հյուսիսային անտառների բազմազանությունը ևս շատ փոքր է. այնտեղ հեկտարներով աճում է ընդամենը 2-3 տեսակի ծառ՝ կեչի, եղևնի, արոսենի:

Թամարը շատ է սիրում Հայաստանում աճող հիրիկները (իրիս), շուշանները, քրքումներն ու արքայածաղիկները: «Այս տարի էլի բախտ ունեցա տեսնելու արքայածաղիկ: Դու արքայածաղիկը եթե մի շաբաթ չփնտրես չոլերում, չես գտնի: Նաև բախտ եմ ունեցել ինքս իմ աչքով տեսնել հայկական շուշանը և նկարել, որն աճում է մեր հյուսիսային կողմերում՝ հիմնականում Փամբակի լեռնաշղթայում՝ մինչև 3000 մետր բարձրությունների վրա: Տաթևից, Որոտանի ձորից սկսած՝ մինչև Մեղրի, Շիկահող, մի տեսակի հիրիկ է աճում միլիոնավոր քանակությամբ: Կոչվում է իմբրիկատա, դեղնաշագանակագույն հիրիկ է՝ մեծ գլխով: Սարեր, փեշեր են ու ամբողջությամբ այդ հիրիկներն են»,- ասում է Թամար Գալստյանը: Հայկական շուշանը, արքայածաղիկը, նրբագեղ հիրիկը կարմիրգրքային բույսեր են:

Թամարը պատրաստվում է առաջիկայում ֆեյսբուքում անդրադառնալ եկեղեցիների պատերին աճող բույսերին: Այդ բույսերը վտանգավոր են հուշարձանի համար, մանավանդ եթե արմատները խորը ներթափանցում են քարերի մեջ: Հուշարձանը պետք է մաքրել դրանցից, բայց տեսակներ կան, որոնք գեղեցկացնում են եկեղեցին: «Օրինակ՝ հենց Տաթևի եկեղեցու պատին ես տեսել եմ մեր էնդեմիկ հայկական զանգակածաղիկը»,- պատմում է Թամարը:

հիրիկ նրբագեղ (Iris elegantissima) քրքում Ադամի (Crocus adamii)

Որոշ օտարերկրացիներ Հայաստան են գալիս՝ միայն բնությանը ծանոթանալու, տվյալ բույսն ու թռչունը լուսանկարելու համար: Նրանք հիմնականում լուսանկարիչներ են National Geographic ու նմանատիպ ամսագրերից, նաև զբոսաշրջիկներ Գերմանիայից ու Անգլիայից, քանի որ այդ երկրներում բնության նկատմամբ հոգածության մշակույթը բարձր է: Թամարն ուղեկցում է այդ զբոսաշրջիկներին, ցույց տալիս Հայաստանի բույսերը:

«Հույս ունեմ, որ հետագայում գոնե այդ ձևով ես կկարողանամ գնալ, նկարել, որովհետև հասնել այդ տեղերը միայնակ, փաստորեն, անհնար է: Բայց բույսերով հետաքրքրված մարդիկ շատ քիչ են իրականում»,- ասում է Թամար Գալստյանը:

Հայաստանի հյուսիսային անտառներում ողբերգություն է

Թամարը միշտ ջրում է իրենց շենքի բակի տնկիները: Հարևանությամբ խանութներ, գեղեցկության սրահներ կան, որոնց աշխատակիցները մաքրում են տարածքը, բայց ոչ մեկի մտքով չի անցնում ծառը ջրել:

«Էլ չեմ ասում, որ երեխեքն են հոշոտում, ջարդում են: Ինձ համար էդպես էլ գաղտնիք մնաց, թե ինչի է էս կիրքը մեր ժողովրդի մեջ, հենց կանաչ բան են տեսնում՝ կոտրելու»,- ասում է Թամարը: Նա հաճախ տեսել է՝ ինչպես են արշավախմբերը տրորում բույսերը, քաղում անհետացող ծաղիկներ:

Էկոլոգը բազմիցս լուսանկարել է, թե ինչպես են մարդիկ վնասում ծառը, պոկում կեղևը, նկարները տեղադրել է ֆեյսբուքում, բայց Երևանի քաղաքապետարանից արձագանք չի ստացել: Թամարը մի քանի անգամ դիմում է ուղարկել թաղապետարան ու քաղաքապետարան, որ գան էտեն իրենց բակի չորացող ծառը, բայց չեն եկել: Միայն երբ ծառը չորացել է, եկել կտրել են:

Թեև Հայաստանում անտառահատումն արգելված է, Թամարն անտառներում տեսնում է ավտոմեքենաների անիվների հետքեր ու լսում էլեկտրական սղոցի ձայնը և ամռանը, և ձմռանը: Սանիտարական հատման անվան տակ կտրում են առողջ ծառերը, իսկ հիվանդ ծառերը մնում են ու վարակում առողջներին:

«Ողբերգություն է մեր հյուսիսային անտառները մտնելը, որովհետև կարող ես 4-5 ժամ խորանալ անտառի մեջ, մեկ էլ տեսնել մի հատ բեռնատար՝ բարձված հաճարենիներով, դուրս է գալիս, կես ժամ հետո կտեսնես 2-րդը, 3-րդը: Ընդ որում, հաճարենուն 60 տարի է պետք պտղակալելու համար, որ ինքը ծիլից դառնա ծաղիկ տվող և գեներացիա անող: 60 տարուց հետո նոր սկսում է սերմ տալ, այսինքն՝ եթե դու մինչև դա այն կտրես, վերանում է: Իսկ իրենք կտրում են հենց հաստաբուն ծառերը, որոնք սերմ են տալիս»,- ասում է Թամարը:

շուշան հայկական (Lilium armenum) զանգակածաղիկ հայկական (Campanula armena)

Տավուշի անտառներում նա լուսանկարել է այդ կտրած ծառերով բարձված բեռնատարները՝ իրենց համարանիշերով, և տեղադրել ֆեյսբուքում, բայց ի պատասխան՝ իշխանություններն ասել են, թե լուսանկարը դեռ փաստ չէ:

«Ուղղակի չեք պատկերացնի՝ ինչ քանակության հատման մասին է խոսքը»,- ասում է Թամարը: Անցյալ ամռանը ևս էկոլոգը Իջևանի անտառի խորքում կես ժամը մեկ տեսել է ծառերով բարձված մի բեռնատար: Թամարն ասում է, որ Ծաղկաձորի անտառներն արդեն դատարկ են: Աղավնաձորի անտառներում հաստաբուն ծառեր չեն մնացել, միայն թփակալած կոճղեր են:

Շատ տարիներ առաջ Թամարը հաճախ էր լինում Երևանի «Հաղթանակի» զբոսայգու մոտի խիտ անտառում: Ասում է, որ անտառում թռչունների դայլայլը խլացնում էր: Այժմ այդ անտառի տեղում քարեր ու առանձնատներ են: Մոտ 30 տարի առաջ Նորք-Մարաշի հայտնի անտառում նույնիսկ աղվես ու ոզնի կային, հիմա այնտեղ դատարկություն է:

Գավառում գտնվող Թամարի ամառանոցի առջև փոքրիկ, արհեստական տնկված անտառ կա՝ բազմազան ծառերով: Մի անգամ, երբ Թամարը կտրելիս է եղել ծառի ավելորդ մացառները, որ ծառը կարողանա աճել, մի պապիկ է մոտեցել ու ասել. «Ցավդ կտրե՞լ է, ծառ է, էլի»:

«Տեսնում եմ՝ ծառ է կտրում գյուղացին թաքուն-մաքուն: Ասում եմ՝ լավ, կտրում ես էդ ծառը, կողքը ինչո՞ւ չես տնկում: «Ա, դարդս կտրե՞լ ա, էսքան ծառ կա»: Էլի այդ վերաբերմունքն է. եթե իմը չի, եթե բնությունից է, ուրեմն կարելի է շահագործել ինչքան ասես»,- ասում է Թամար Գալստյանը:

Թամարի երազանքն է ապրել մի գյուղում, որտեղ լուսամուտից նայելիս կտեսնի սար, մյուս կողմի լուսամուտից՝ ձոր, պատշգամբից կլսի թռչունների ձայնը: Այժմ նա ստիպված է ապրել Երևանում, քանի որ ընտանիքն այստեղ է, և քաղաքից կախվածություն կա: Թամարն ասում է, որ երբ գտնվում ես բնության մեջ, քեզ վրա իջնում են խաղաղություն, ներդաշնակություն, գիտակցում ես, որ դու բնության մասն ես, և ուրբանիստական սարսափներն անհետանում են:

Բույսերի լուսանկարները տրամադրել է Թամար Գալստյանը

Մեկնաբանություններ (3)

Մարիանա
Սիրելի Թամար Ձեր ֆեյսբուքի էջի լինկը չի գործում :Եթե դժվար չէ կգրեք Ձեր էլեկտրոնային հասցեն
Alvard
Ափսոս որ այս հոդվածի անգլերեն տարբերակը չկա; Լոնդոնում Գայ Մուր անունով պրոֆեսիոնալ բուսաբան կա որ վերջերս եկել էր Հայաստան ու նկարել, գրանցել մի շարք բույսեր, հարաբերվել Երեւանի բուսաբանական ինստիտուտի հետ....: Նա շատ հետաքրքրված է Հայաստանի բուսաշխարհով եւ փնտրում է հովանավորներ ովքեր կօգնեն նրան կատարելու նոր ուսումնասիրություններ Հայաստանում: ...ինձ համար դժվար կլինի այս ամբողջ տեքստը թարգմանել-ներկայացնել Գային բայց եթե Թամարը դեմ չէ, կարող եմ նրա [email protected] հասցեն ու Գուգլի սայթի հասցեն ուղարկել Գային - միգուցե ինչ-որ համագործակցություն ստացվի սրանից? Այո, ցավոք սերն ու հոգածությունը ծառի ու ծաղկի հանդեպ մեր ազգային կամ պետական կառավարման կերպարի մեջ չի տեղավորվում, որ քաղաքակրթության ցածր մակարդակի նշան է...Լոնդոնում արիստոկրատ ու հարուստ մարդիկ սովորաբար բարեկազմ են, ավելի նիհար, բարյացակամ ու համեստ...Գեր ու տգեղ կազմվածքով, հպարտ ու կոպիտ մարդիկ գրեթե միշտ ավելի 'ցածր խավից' են, ունեն պարզունակ կրթություն ու սխալ ապրելակերպ` ծույլ են ու շատ են ուտում: Մեզ մոտ Հայաստանում քանի դեռ հակառակն է` հարուստը հաստափոր ու հաստավիզ է, դժվար բնությունն ու ծաղիկը իրենց արժանի հարգանքը ստանան` ախր դեռ պետք է կշտանալ....
Թամար
Սիրելի Ալվարդ և Գոհար: Շնորհակալություն արձագանքելու համար: Ինձ համար այս հոդվածն ուներ մի կարևոր իմաստ՝ գտնել համախոհներ մեր տարածքում հանդիպող բույսերի էլեկտրոնային բազա ստեղծելու համար: Այո, շատ ճիշտ եք նկատել, ամեն ինչի նկատմամբ հոգածությունը սկսվում է ճանաելուց, գիտենալուց: Մի փոքր բան արդեն ինքս արել եմ և արդեն գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր հետաքրքրված են բնությամբ, բույսերով, սակայն չկա համապատասխան և սպառիչ աղբյուր տեղեկատվություն ստանալու համար: Ահա, այդ աղբյուրն էլ պեք է փորձել ստեղծել: Սիրելի Ալվարդ, իհարկե, կարող եք իմ էլ. հասցեն փոխանցել ձեր ծանոթ բուսաբանին: Ուրախ եմ ցանկացած միջամտության համար: Թողնում եմ ֆեյսբուքի իմ էջի հասցեն, հնարավոր է ձեզ այն հետաքրքրի: http://www.facebook.com/pages/Plants-of-Armenia/170094016371873

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter