HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանի երազանքը` աղջկան տեսնել առանց հենակների (վիդեո)

Նախկին ոստիկան, հինգ երեխայի հայր Մխիթար Ալումյանի` օրեր առաջ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ինքնահրկիզման փորձ կատարելը, նրա խոսքով, հասարակության և իշխանության ուշադրությունը իր ընտանիքի վրա գրավելու միակ միջոցն էր:

 Կոտայքի մարզի Քաղսի գյուղում բնակվող Մխիթարի 10-ամյա դուստրը` Կարինեն, աչքերի շտապ վիրահատություն կարիք ունի կուրանալուց փրկվելու համար. վիրահատությունը նշանակված է երեքշաբթի, բայց անհրաժեշտ 200 հազար դրամը չկա: Ֆինանսական դժվարություններն արդեն ինը ամսվա պատմություն ունեն, ինչ Մխիթարը ազատվեց աշխատանքից, բայց տեսախցիկների առջև, նախագահի նստավայրի դիմաց նրա լացելու պատճառը երեխայի վիրահատության համար գումար չունենալն էր:  «Կյանքում ոչ մեկից չեմ վախեցել, մատներս հատ-հատ կտրեն, չեմ լացի, ուղղակի երբ վերաբերում է էրեխուն, ես ես չեմ»,- ասում է նա:

Ինքնահրկիզման մասին հայտարարության նպատակը որևէ մեկից «ողորմություն» խնդրելը չէր. Մխիթարը պահանջում է նախկին աշխատավայրից` ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի ջէկի առանձին վաշտից (այնտեղ աշխատել է որպես ոստիկան)  չստացած գումարը: «Դա վերջին ինը տարվա արտաժամյա ծառայության համար հավելավճարներից կուտակված գումարն է,-ասում է նա,- ես ստանում էի 85000 դրամ աշխատավարձ, բայց ամեն ամիս 110-120 ժամ էլ արտաժամ էի ծառայում: Ինը տարվա արտաժամյա ծառայությանս փողը` մոտ 4,5 միլիոն դրամ, չեմ ստացել »:

Թե ինչու է ինը տարի լռել, ասում է, որ օրենքը չգիտեր, չէին ասել, որ ինքը արտաժամյա ծառայության համար ևս պետք է վճարվի: Միայն 2011թ. սեպտեմբերին է այդ մասին իմացել, դիմել է պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի ջէկի առանձին վաշտի ղեկավարությանը, այնուհետև ՊՊԳՎ, ինչի արդյունքում առաջացած կոնֆլիկտներն էլ, իր խոսքով, հետագայում դարձել են աշխատանքից ազատման պատճառ: Մխիթարն ինքն է դիմում գրել և դուրս եկել աշխատանքից, որովհետև արդեն «դավադիտ էին արել»: «Ուզում էին` սուսուփուս աշխատեմ, հավելավճարների մասին չխոսեմ,-ասում է նա,- բայց ամենավատն էն էր, որ դու ուրիշների փոխարեն էլ ես ծառայում, էդ ուրիշները (հատ-հատ կարող եմ անունները տալ, որ պետք լինի) գործի չեն գալիս ու էդ փողն էլ են ստանում, ստաժն էլ»:

Աշխատանքից դուրս գալուց հետո ինը տարվա արտաժամյա ծառայության  վճարը ստանալու համար Մխիթարը դիմում է գրել Հատուկ քննչական ծառայություն, սակայն  գործ դեռ չի հարուցվել:

 «Գործից դուրս գալուց հետո մոտ 8 ամիս է, ինչ դիմել եմ Պետական պահպանության գլխավոր վարչություն`  Իջևանի զորքերում ծառայության անցնելու համար, բայց դեռ պատասխան չկա: Գլխավոր վարչության նորանշանակ պետը` Ռոման Մկրտումյանը, ասում էր, որ ինձ կվերցնեն ծառայության, բայց դեռ նորություն չկա, պատկերացրեք` մի ամիս առաջ դիմում գրողի հրամանը տվել են, ես 8-9 ամիս սպասում եմ, ինձ չեն կանչում ծառայության, կոմիսիան անցել եմ, բոլոր թղթերս 100 %-ոց են, չգիտեմ` ինչն է խնդիրը, երևի իրենց օրենքն իմացող, անօրինություններից դժգոհող մարդ պետք չէ»,- ասում է նախկին ոստիկանը:

Մխիթարի կինը` Շուշան Նասիբովան, նույնպես չի աշխատում: Ընտանիքի եկամտի աղբյուրը անասուններն էին, բայց Կարինեի հիվանդանոցային ծախսերը հոգալու համար վաճառել են իրենց 16 ոչխարն ու 13 այծը: Երեխաների նպաստը 43 հազար դրամ է, իսկ Կարինեի հաշմանդամության թոշակը` 18 հազար:

Աղջիկն իր տասնամյա կյանքի 4 տարիներն արդեն անցկացրել է Աբովյանի հանրապետական տուբդիսպանսերում` բուժվելու ոսկրային տուբերկուլյոզ հիվանդությունից: Վերջինս իր հետքերը թողել է`քայլելու երկու հենակներ, իսկ ընդունած ուժեղ դեղերն ազդել են նաև նրա տեսողության վրա:

Մխիթարի երազանքն է Կարինեին ազատել հենակներից և կանգնեցնել սեփական ոտքերի վրա, բայց դրա համար անհրաժեշտ է երեխայի ծնկի վիրահատություն, ինչն արժե 15 հազար դոլար: Ծնողներն առայժմ գումար են հայթայթում աղջկա տեսողությունը վիրահատական միջամտությամբ վերականգնելու համար: «Վերջերս ամուսինս նկատեց, որ էրեխու մի աչքը չի տեսնում: Ասեց, որ կոֆե դնի, մի աչքը փնտրում էր, մյուս աչքը սառած նայում էր, գույները հարցրինք, խավար ասեց, տառեր ցույց տվեցինք, դրանք էլ չկարողացավ ասել, բժիշկը ասեց, որ կատարախտ է նկատում, տարանք Երևան` Զեյթունի ութերորդ հիվանդանոց, պարզվեց, որ սուր բորբոքումներ է տանում»,- պատմում է Շուշանը:

Ոսկրային տուբերկուլյոզը բուժող դեղերի ազդեցությունից ձախ աչքը բոլորովին կուրացել է, աջով  կիսով չափ է տեսնում: Բժիշկները հույս են տվել, որ շուտափույթ վիրահատությունն ու լինզաների տեղադրումը կփրկեն երեխային լրիվ կուրությունից` հետագայում աստիճանաբար վերականգնելով տեսողությունը: Աղջկա հնարավոր ապաքինումը հորը պարտավորեցնում է. նա հիմա պատրաստ է ամեն տեսակի աշխատանք կատարելու, միայն թե փող ունենա, բայց ասում է,  «նույնիսկ բանվորություն անելն էլ է ծանոթով»:

«Ախր մենակ դեղերը  չեն, իրան շատ լավ սնունդ  էլ է անհրաժեշտ: Չնայած նորմալ չի ուտում, որ կոնֆետ ենք առնում, չէ,  ինքը իրանը չի ուտում, պահում է, հենց քույրերն ու ախպերը ուտում, պրծնում են, իրենը հանում, տալիս է նրանց, անունը «պահեստապետ» ենք դրել»,- ասում է հայրը: Հետո աչքերը լցնելով՝ ավելացնում է, որ Կարինեի  քաշը 19 կիլոգրամից  չի ավելանում:

Մխիթարը հույս ունի, որ կստանա իր արտաժամյա ծառայության հավելավճարները  ՊՊԳՎ-ից, քանի որ «իր պահանջը օրինական է», իսկ Իջևանի զորքերում ծառայության հրամանը վերջապես կտրվի: Թե ինչու էր իր ինքնահրկիզումը հայտարարել հենց ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, պատասխանեց, որ մայիսի 2-ին` ընտրություններից առաջ, իր` Հրազդան կատարած այցելության ժամանակ Սերժ Սարգսյանն անձամբ է խոսք տվել գործին ընթացք տալ:

«Ես ինքս խոսել եմ նախագահի հետ, իմ հույսը մենակ դա էր, բայց որ սպասեցի, տեսա ոչ մի բան չի փոխվում, հայտարարեցի էս ինքնահրկիզման մասին, որ մի ձևով  ուշադրություն դարձնեն»:

Ընտանիքը սոցիալական ծանր վիճակից հանելու միակ ելքը Մխիթարի համար  աշխատանք գտնելն է, բայց եթե շարունակեն «իր առջև բոլոր դռները փակել», խոստանում է չխուսափել ծայրահեղ քայլերից: «Ես կորցնելու բան չունեմ, էրեխեքս սոված են, բժշկի կարիք ունեն, ինչ անում եմ, նրանց համար եմ անում»,-ասում է նա:

Մեկնաբանություններ (5)

Nazik
Ծանոթ պատմություն է,եթե օրենքով ցանկանում ես իրավունքներդ պաշտպանել,այնպիսի վիճակի մեջ են գցում,որ ստիպված ես լինում աշխատանքդ կորցնես,եթե ինքնասիրություն ունես:Հայաստանում հարցերը լուծվում են միայն կաշառքով:Օրենք ասվածը չի աշխատում:Հավատաս էլ,չեն փոխվի:Փողի արժեքը լավ գիտեն:Չեմ կարծում թե ինքնահրկիզման փորձը կհուզի վերևներին:Կմտածեն,որ եթե նախադեպ ստեղծեն,բոլորը այդ քայլին կդիմեն:Իսկ անօրինականությունների զոհերն Հայաստանում շատ շատ են:
Aram
Ov vor et txu poxer@ kerela, astcvat et utoxi baleqi dem@ beri
hay_mard
Joghovurd jan berek mi ban anenk ognenk, ete karelia tvek mez heraxosi hamar, pordsenk erekheki hamar inch vor ban anenk.xndrum hetq.am in ugharkel her. hamar im elektronayin hastsein.
Diana
Inchpes kareli e ognel axjkan? ov e bujox bjishk@? Aydkan metc anhavankan gumar che, hnaravor e havakenk ognenk. Xndrum em indz patasxanek, uxarkelov axjka kontaktner@.
Marine Madatyan
055290777-Սա Մխիթար Ալումյանի հեռախոսահամարն է: Կարինեն այսօր անալիզներ է հանձնել «Նաիրի» բժշկական կենտրոնում: Վաղը պարզ կլինի ինչ կարգի վիրահատություն պետք է կատարվի և որտեղ, նախնական տվյալներով վիրահատության(լինզաների տեղադրում) գումարը կազմում է մոտ 200 հազար դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter