HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Արտոնյալ մեղադրյալը. ո՞վ է դառնալու քավության նոխազը

Նախկին ոստիկան Սիմոն Աղազարյանի գործը 1,5 տարի է՝ Կենտրոնի դատարանում է: Դատախազ Սամվել Հարությունյանը միջնորդել է վերջինիս 8 տարով ազատազրկել, սակայն հաշվի առնելով որոշ իրողություններ՝ դժվար է հավատալ, որ Աղազարյանը, նույնիսկ նման պատժաչափով դատապարտվելու դեպքում, երկարաժամկետ կմնա անազատության մեջ: 

Սիմոն Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել 2010 թ. հոկտեմբերին, ըստ որի՝ նա, լինելով «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ի տնօրեն, 2006-2008թթ. Բուզանդի 9 (13-21) հասցեում այդպես էլ չկառուցված բազմաբնակարան շենքից տարածքներ վաճառելու նպատակով 65 քաղաքացու հետ կնքել է պայմանագրեր, հավաքագրել է ավելի քան 3 միլիարդ 300 միլիոն դրամ, որից մոտ 1 միլիարդ 325 միլիոնը յուրացրել է:

«Բացի այդ՝  Սիմոն Աղազարյանը, հանդիսանալով ֆիզիկական անձ, առանց պետական գրանցման՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դիտավորությամբ 2008թ. Սարյան 19-21 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքից բնակիչներին ապօրինի օտարել է իր անվամբ գրանցված 20 բնակարան, 2 տարածք եւ 3 ավտոտնակ, որը զուգորդվել է պետությանը առանձնապես խոշոր չափի 252 միլիոն 799 հազար 600 դրամի գույքային վնաս պատճառելով (ԱՀՀ-ի, եկամտահարկի եւ սոցվճարի գծով)»,- նշված է մեղադրական եզրակացությունում:

Չնայած այս ամենին՝ Աղազարյանը ձերբակալվելուց հետո ընդամենը 40 օր անց ազատ է արձակվել: Ըստ երեւույթին՝ նրան հնարավորություն է տրվել երկրից հեռանալ. նախաքննական մարմինն Աղազարյանի անձնագիրը թողել է վերջինիս մոտ: Ավելին, մեղադրյալի կարգավիճակում նա շարունակել է անել նույն բանը, ինչում մեղադրվում է: Բայց այսքանով հանդերձ՝ Սիմոն Աղազարյանին կրկին կալանավորելու որոշում այդպես էլ չի կայացվել: Նախաքննության ժամանակ նա ստորագրությամբ ազատ է արձակվել երկու անձի երաշխավորությամբ, որոնք իբրեւ երաշխիքային գումար Աղազարյանի ազատության դիմաց վճարել են 1 միլիոն դրամ («Հետքին» առայժմ չի հաջողվել պարզել, թե երաշխավորողներն ովքեր են):

Նախապատմություն, որ սկսվեց «գերակա հանրային շահի» իրացումից

Կառավարությունը 2004թ. հունիսին 909-Ն որոշմամբ Երեւանի կենտրոնում «պետության կարիքների համար» վերցված տարածքներում կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով առանց մրցույթի հողամասեր տրամադրեց ԱԺ այն ժամանակվա պատգամավոր Մելիք Գասպարյանին (վերջինս 2010 թ. ավտովթարից մահացել է) եւ մի շարք ընկերությունների: Բուզանդի փողոցին հարող հատվածի (4200 քմ) կառուցապատման իրավունքը տրվեց «Ավանտ Տուր» ընկերությանը: Սակայն մի քանի ամիս անց Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանն առանձին որոշմամբ փոփոխեց կառավարության հիշյալ որոշումը եւ սահմանեց. ««Ավանտ-Տուր» ՍՊԸ-ի փոխարեն կարդալ «Վիզկոն» ՍՊԸ»:

Քաղաքապետի այս ինքնագործունեության կապակցությամբ տարածքի բնակիչները մի քանի անգամ ահազանգել են վարչապետին: Ի վերջո, հաջորդ տարվա՝ 2005թ. ամռանը 1074-Ն որոշմամբ Կառավարությունը վավերացրեց Զախարյանի ինքնագործունեությունը, եւ «Ավանտ Տուրը» փոխարինվեց «Վիզկոնով»: Բայց մինչ այդ քաղաքապետի լիազորմամբ «Վիզկոնն» արդեն հասցրել էր բնակիչներին վտարելու պահանջով դիմել դատարան: Իսկ դատավորներին չէր էլ հուզել այն հանգամանքը, որ կառուցապատողը դեռեւս «Ավանտ Տուր»-ն էր:

2005թ. ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանը, ի պատասխան ներկայումս «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանի գրության, պարզաբանել է կառուցապատման նախապատվությունը «Վիզկոնին» տրամադրելու շարժառիթները: Ըստ այդմ՝ հաշվի է առնվել ընկերության «ֆինանսական, մասնագիտական, տեխնիկական եւ գույքային ներուժը»։ Սակայն տարիներ անց քաղաքաշինության նախարարության լիցենզավորման կենտրոնի պետը Սեդրակ Բաղդասարյանին գրավոր հայտնել է, որ ««Վիզկոն» ՍՊԸ-ն որպես լիցենզավորված կազմակերպություն ՀՀ քաղաքաշինության նախարարության լիցենզավորման կենտրոնում գրանցված չէ»:

«Պարզ է, չէ՞, թե իրական շարժառիթները որոնք են եղել: Սա միայն մեկ բանի՝ կոռուպցիայի մասին է խոսում»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը:

Իրացվող տարածքում՝ Բուզանդի 13-21 հասցեում, ապրող ընտանիքներից 21-ը վտարվել է չնչին փոխհատուցմամբ, իսկ 37 ընտանիքի էլ «Վիզկոնը» պարտավորվել է բնակարաններ տրամադրել Արամի փողոցի 72-80 հասցեներում կառուցվելիք շենքից: Այս տարածքը կառավարության նույն՝ 909-Ն որոշմամբ հատկացվել էր «Գապբնակշին» ՍՊԸ-ին, եւ հիշյալ շենքը կառուցում էր հենց «Գապբնակշինը»: Սա ուղղակի ապօրինություն է, եւ իշխանությունները դա «պարզել» են միայն վերջերս՝ չնայած մինչ այդ օտարվող բնակիչները կատարվող ապօրինությունների մասին տարիներ շարունակ ահազանգել են բոլոր պատկան մարմիններին: 

Բուզանդի 13-21 հասցեում որեւէ բան այդպես էլ չի կառուցվել: Տարածքում միայն մեծ փոս է, եւ շենքի կիսատ հիմքը (տես լուսանկարը): Կառուցապատումը պետք է իրականացներ «Վիզկոնը», սակայն կարճ ժամանակ անց հայտնվել է «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ն, ներկայացրել կառուցվելիք շենքի գեղեցիկ մակետը ու սկսել չեղած շենքի բնակարանները վաճառել տարբեր անձանց:

Իրականում «Վիզկոն», «Գապբնակշին» եւ «Նարեկ Շելթեր» ընկերությունների ղեկավարները նույն անձինք են: «Վիզկոնի» հիմնադիրներից մեկը ՌԴ քաղաքացի Պավել Անդերսոնն է, բայց նա նաեւ «Գապբնակշինի» հիմնադիրներից է: Գագիկ Պապոյանը, լինելով «Գապբնակշինի» հիմնադիրը եւ տնօրենը, միաժամանակ «Նարեկ Շելթեր»-ի հիմնադիրներից է: Իսկ Սիմոն Աղազարյանը եղել է «Գապբնակշինի» տնօրեններից մեկը, «Վիզկոնի» տնօրենը եւ «Նարեկ Շելթեր»-ի հիմնադիրն ու տնօրենը:

Հենց այս խառնաշփոթն էլ խաբվածներից շատերին գցել է մոլորության մեջ: Նրանց տարօրինակ չի թվացել, որ «Վիզկոնը» պարտավորվել է բնակարան տրամադրել «Գապբնակշինի» շենքից, կամ որ «Նարեկ Շելթեր»-ը պարտավորվել է բազմաբնակարան շենք կառուցել «Վիզկոնի» տարածքում: Ըստ երեւույթին, այս ընկերությունների միեւնույն հիմնադիր-տնօրենները կատարվելիքը նախապես ծրագրել են, եւ ամեն ինչ տեղի է ունեցել պատկան մարմինների, հատկապես Երեւանի քաղաքապետարանի «աչալուրջ վերահսկողության» ներքո:

Պավել Անդերսոնը Հայաստանից փախել եւ հիմա ապրում է ԱՄՆ-ում: «Հետքը» նրա հետ զրուցել եւ, եւ հարցազրույցի տեսագրությունն առաջիկայում կհրապարակենք: Անդերսոնը պատմում է, թե ինչպես է կաշառել բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների:

Գագիկ Պապոյանն այժմ կալանավորված է, եւ գործը քննում է ՀՔԾ-ն, որովհետեւ դրանով անցնում են նաեւ պաշտոնատար անձանց անուններ: Սակայն որեւէ պաշտոնյայի մինչ օրս մեղադրանք չի առաջադրվել. վերջիններս թերեւս տուժողի դերում են: Այս խճճված գործի պապոյանական դրվագին եւս առաջիկայում կանդրադառնանք: 

Ոստիկանությունից էլիտար բնակարանաշինություն. Սիմոն Աղազարյան՝ տապալված բիզնե՞ս, թե՞ դասական խարդախություն

«Նարեկ Շելթեր»-ի հիմնադիր-տնօրեն Սիմոն Աղազարյանը Բուզանդի 9 (13-21) հասցեում կառուցվելիք շենքի տարածքները վաճառելիս, եթե գնորդը գումարը տեղում եւ ամբողջությամբ է վճարել, քմ-ի գինն էականորեն նվազեցրել է:

«Տարբերությունը կազմում էր մինչեւ 300 դոլար»,- ասում է տուժողներից Արուսյակ Պետրոսյանը: Կանխիկ վճարված գումարի դիմաց Աղազարյանը պարտավորվել է կառուցվելիք շենքից վերջինիս տրամադրել 3 բնակարան եւ 1 ավտոկայանատեղի: Պայմանագրով սահմանված ժամկետը վաղուց լրացել է, իսկ Պետրոսյանը այլեւս հույս չունի, որ վճարած գումարները երբեւէ կվերադարձնեն:

Նա պատմում է, որ «Նարեկ Շելթեր»-ի կառուցելիք շենքի մասին տեղեկացել է «Բարս» գործակալության միջոցով. «Գործակալության խորհրդով եւ օգնությամբ, «Բարսի» գործակալի՝ բրոկերի հետ գնացինք: Անունն Արման էր, պատմեց, նախագիծը էկրանի վրա ցույց տվեց, երդվեց, որ ամեն ինչ լավ է՝ մեր մեջքին կանգնած են, հարց չկա... Երկու օր գնացինք-եկանք, անգամ ընտրեցինք արեւկող բնակարան: Սիմոնն էլ ակտիվորեն, մեծ սիրով եւ պատրաստակամությամբ այս ամենին մասնակցում էր»: 

«Նախաքննության ժամանակ եղել են նույնիսկ ցուցմունքներ, որ «Բարս» գործակալության Արմանն ասել է՝ եթե Սիմոնը չկարողանա, մենք գառանտ ենք կանգնում: Տատանվող, անվստահություն ունեցող քաղաքացիները գործակալության աշխատակիցների սուտ տեղեկությունների պատճառով համաձայնվել են: Նրանք ասել են՝ Սիմոնը քաղաքի 3-4-րդ հարուստն է, նա մեծ ունեցվածք ունի, այսինքն՝ մարդկանց հավատացնելու առումով «Բարս» գործակալությունը դեր է ունեցել»,- հավելում է Արուսյակ Պետրոսյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը: Նա նշում է, որ ցուցմունքներում, Արմանից բացի, հոլովվել է նաեւ գործակալությունից Մարինայի անունը, սակայն այդպես էլ չի պարզվել, թե ովքեր են այդ մարդիկ. «Շատ վատ նախաքննություն է իրականացվել»:

Հիշյալ Մարինան «Բարս» անշարժ գույքի գործակալություն ղեկավար Մարինա Չատինյանն է: Նա Ռոբերտ Քոչարյանի խնամին է. երկրորդ նախագահի աղջիկը Մարինա Չատինյանի հարսն է: «Բարսի» ղեկավարը չգիտի, թե նախաքննական մարմինն ինչո՞ւ իրեն չի հարցաքննել, բայց վստահեցում է, որ իրենք ոչ մի ներդրողի համար կամ նրա փոխարեն երաշխիքներ չեն տվել եւ չէին էլ կարող տալ:

Չատինյանը նշում է, որ մանրամասն տեղեկություններ չի կարող հայտնել, քանի որ Սիմոն Աղազարյանը, ինչպես մի շարք ներդրողներ, գույքի վաճառքի խնդրով դիմել է «Բարսին», քաղաքացիների հետ կնքվող պայմանագրերը ստացել են նոտարական վավերացում, եւ «ոչ մի մտավախություն չի եղել, որ հնարավոր է՝ նման խնդիրներ առաջանան»: Ինչ վերաբերում է «Բարսի» գործակալ Արմանին, Մարինա Չատինյանը նրա ազգանունը չկարողացավ հիշել, միայն նշեց, որ վերջինս իրենց մոտ կարճ ժամանակ է աշխատել աշակերտի կարգավիճակով, եւ «ինքը Սիմոնի հետ ուրիշ գործեր էլ ուներ ուրիշ տեղեր»:

Համաձայն մեղադրանքի՝ Սիմոն Աղազարյանն իրեն վերագրվող հանցանքը կատարել է 2006-2008 թթ.: Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի գծայի բաժնի տրամադրած տեղեկանքի՝ նույն թվականներին Սիմոն Աղազարյանը Հայաստանից 20 անգամ մեկնել է՝ ուղեւորվելով Փարիզ, Վիեննա, Դուբայ, Շարժա եւ Մոսկվա: Փաստաբան Սեդա Սաֆարյանը, ուսումնասիրելով մեկնման եւ կնքված պայմանագրերի ամսաթվերը, պարզել է, որ մեկնումները հիմնականում հաջորդել են խոշոր գործարքներին, ասենք՝ 115 կամ 200 միլիոն դրամի չափով:

«Հավանաբար, նա փողերը դրսում տեղավորել է, իսկ նախաքննական մարմինն այս ուղղությամբ ոչինչ չի արել»,- ասում է փաստաբանը:

Ավելին, ըստ փաստաբանի, Սիմոն Աղազարյանը, արդեն լինելով ամբաստանյալի կարգավիճակում, երկրից դարձյալ փորձել է հեռանալ: Հենց այս հիմքով էլ Սեդա Սաֆարյանը դատավոր Մխիթար Պապոյանին միջնորդել է փոփոխել Աղազարյանի խափանման միջոցը եւ նրան կալանավորել: Դատարանը միջնորդությունը մերժել է:

«Բայց գիտե՞ք, թե ինչ եղավ: Սիմոն Աղազարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը դատարանում հայտարարեց, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ է ունեցել, պետք է դուրս գնար, սակայն ՀՔԾ-ն կանչել է, եւ Արսենյանն անձամբ է Աղազարյանի անձնագիրը հանձնել ՀՔԾ-ին: Այսինքն՝ այն, որ Աղազարյանը պատրաստվում էր Հայաստանը լքել, նրա պաշտպանը դատարանում հաստատեց: Ապշելու բան է»,- ասում է Սեդա Սաֆարյանը եւ հավելում, թե լավ է, որ գոնե ահազանգից հետո Աղազարյանի անձնագիրը վերցրել են:

Երկրորդ հիմքը, որով փաստաբան Սաֆարյանը պահանջել է Սիմոն Աղազարյանին կալանավորել, վերաբերում է անցյալ տարվա հուլիսին կատարված իրադարձություններին: «Գապբնակշին» ՍՊԸ-ն՝ ի դեմ տնօրեն Գագիկ Պապոյանի, Մարինա Հարությունյանի հետ կնքել է անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր: Ընկերությունը պարտավորվել է Արամի փողոցի 72-80-րդ հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքից 5 ամսվա ընթացքում գնորդին մեկ բնակարան եւ ավտոկայանատեղ տրամադրել, ինչի համար վերջինս կանխիկ վճարել է 65 միլիոն 268 հազար դրամ: Գնորդը ոչինչ չի ստացել. գումարը յուրացվել է: Բայց ուշագրավն այն է, որ պայմանագիրը կնքել, ստորագրել եւ գումարը վերցրել է ոչ թե Գագիկ Պապոյանը, այլ «Գապբնակշինի» մյուս տնօրենը՝ մեղադրյալ Սիմոն Աղազարյանը:

«Այսինքն, մնալով ազատության մեջ՝ Աղազարյանը շարունակել է մարդկանց խաբել եւ նրանց գումարները հափշտակել: Բայց դատարանը գտավ, որ տուժողը իրավունք չունի նման բողոք բերելու, անգամ դատախազ Սամվելի Հարությունյանն էր դեմ, որ Սիմոն Աղազարյանին կալանավորեն»,- ասում է փաստաբան Սաֆարյանը: Առաջին ատյանի գործողությունները նա բողոքարկել է վերաքննիչ, այնուհետեւ Վճռաբեկ դատարանում եւ արդյունքի չհասնելով՝ դիմել է Եվրադատարան:

Սեդա Սաֆարյանը համարում է, որ առհասարակ այս գործը չէր լինի, եթե չլիներ պետության, պատկան մարմինների թողտվությունը կամ անգործությունը, եւ այս համատեքստում եւս փաստաբանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Սիմոն Աղազարյանին, «Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը» եւ «Ապօրինի ձեռնարկատիրությունը» հոդվածներից բացի, մեղադրանք է առաջադրվել «Յուրացնելը կամ վատնելը» հոդվածի հատկանիշներով: Մինչդեռ փաստաբան Սաֆարյանն ասում է, որ վերջինիս արարքները սխալ են որակվել. դրանք դասական խարդախության օրինակ են: Ավելին, նախաքննական մարմինը, կատարվածը վատնել բնորոշելով, նույնիսկ չի մատնանշել, թե ինչի վրա են վատնվել հսկայական գումարները:

Ինքը՝ Աղազարյանն, իրեն մեղավոր չի ճանաչել եւ հայտարարել է, թե գործարքները կրել են զուտ քաղաքացիաիրավական բնույթ:

«Աղազարյանն ասում է՝ ես ամբողջ գումարը ներդրել եմ, փաստաթղթերը Պավել Անդերսոնի մոտ են, փաստաթղթերս բերեք, անմեղությունս ապացուցեմ: Բայց հարցն այն է, որ այդ փաստաթղթերը, ըստ պայմանագրի, չէին կարող Անդերսոնի մոտ լինել, դրանք պետք է իր մոտ լինեն,- շարունակում է Սեդա Սաֆարյանը:- Կամ եթե այդպես է, վերջին պայմանագրի գումարներն ո՞ւր են, չէ՞ որ Անդերսոնն արդեն Հայաստանում չէր»:

Սաֆարյանը վստահ է, որ Սիմոն Աղազարյանը հզոր հովանավորներ ունի, եւ հենց դրա «շնորհիվ» է, որ խմբակային կատարված հանցագործությունն այդպիսին չի դիտվում: Իբրեւ տուժողի ներկայացուցիչ՝ Սեդա Սաֆարյանը ներգրավված է նաեւ Գագիկ Պապոյանի գործում եւ կարծում է, որ քննության ընթացքում նույն գործի տարբեր դրվագներում Աղազարյանի մասնակցությունը, այնուամենայնիվ, կհիմնավորվի:

Այս տարվա փետրվարին ՀՔԾ քննչական խմբի անդամ Դ. Սարգսյանը որոշել է Գագիկ Պապոյանի գործով տուժող ճանաչել Յուրի Հարությունյանին: Քննիչը գրել է. «Նախաքննությամբ պարզվել է, որ Գագիկ Պապոյանը խարդախությամբ հափշտակել է Յուրի Հարությունյանի առանձնապես խոշոր չափի գույքը»: Սակայն նույն որոշման մեջ տուժող Յուրի Հարությունյանը ձեռագիր նշել է. «Ես համաձայն չեմ որոշման մեջ նշված այն հանգամանքին, որ իմ գումարը հափշտակել է Գագիկ Պապոյանը, քանի որ գումարը վճարել եմ անձամբ Սիմոն Աղազարյանին»: Ելնելով վերոգրյալից՝ փաստաբան Սաֆարյանը կարծում է, որ Պապոյանին փորձում են դարձնել քավության միակ նոխազը:

«Գագիկ Պապոյանի գործով էլ նախաքննությունը նույն ձեւով է ընթանում, պետության գործելակերպին ոչ ոք չի ուզում անդրադառնալ: Չեն ուզում անդրադառնալ Երեւանի քաղաքապետարանում պատասխանատու, վերահսկող անձի գործունեությանը: Էլ չեմ ասում, որ այս պատմության պատճառով պետությանն էլ են թալանել. միլիոններով հարկերը չեն մուծել: Իսկ նախաքննական մարմինն օղակից հանել է 1-2 մարդու, իսկ մնացածին մատնում է անուշադրության»,- ասում է Սեդա Սաֆարյանը: 

Սիմոն Աղազարյանի անցյալի մասին խոսակցություններ

Աղազարյանի գործում նշված է, որ վերջինս դատվածություն չունի: Նա նախկինում աշխատել է ոստիկանության համակարգում: Իրացված տարածքի բնակիչներից մեկը, որ ժամանակին աշխատել է ոստիկանության Խորհրդային շրջանի (Նոր Նորքի) բաժնում եւ չի ուզում, որ իր անունը հրապարակենք, պատմում է, որ 1996թ. Սիմոն Աղազարյանը նույն բաժնի քրեական հետախուզության բաժնի պետն էր եւ գողության կասկածանքով բերման ենթարկվածից 500 դոլար կաշառք է վերցրել ու տեղում ձերբակալվել:

«Վեց ամիս Սիմոն Աղազարյանն անցկացրեց ԱԱԾ-ի պադվալում, հետո դուրս եկավ ու չգիտես ոնց դարձյալ աշխատանքի անցավ համակարգում, կարծեմ ոստիկանության Էրեբունու կամ Կենտրոնի բաժնում: Բայց այստեղ էլ նրա անձնական գործերի մեջ կեղծիք հայտնաբերեցին: Պարզվեց, որ նրա բուհի դիպլոմը կեղծ է»,- պատմում է թոշակի անցած նախկին ոստիկանը:

Փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ պատմում է, որ 1990-ականներին ոստիկանության Նոր Նորքի բաժնում մի երիտասարդ է մահացել, եւ «ամբողջ տարածքը գիտեր», որ դա առնչվում է Սիմոն Աղազարյանի հետ:

«Թե ինչու Աղազարյանը չպատժվեց, թե ոնց գործը փակվեց, չգիտեմ: Միայն վերջերս եմ իմացել, որ դա նույն Սիմոն Աղազարյանն է,- պատմում է Սեդա Սաֆարյանը:- Մահացողը Նոր Նորքի 4-րդ զանգվածում էր ապրում, մենք որոշ ժամանակ՝ մոտ մեկ տարի, հարեւաններ ենք եղել: Ես անգամ հիշում եմ, որ նրա եղբայրը լրիվ ուրիշ գործով մեր տուն եկավ ու պատմեց, որ եղբոր մահը Սիմոն Աղազարյանի հետ է առնչվում, բայց իրենք կարծեմ չեն բողոքարկել, որովհետեւ ինչ-որ նյութական խնդիրներ են լուծվել»:

«Հետքը» փորձեց այս տեղեկությունների հավաստիությունը ճշտել ոստիկանության լրատվության վարչությունից: Սակայն մեզ օգնել ոչնչով չկարողացան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter