HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Կովերը` քաղաքականության զոհ

2006թ. մայիսի 12-ին Քաշաթաղի շրջանի Գիհուտ գյուղը հոսանքազրկվեց: Այդ օրը գիհուտցի Վահրամ Մանվելյանի երկու կովերը սատկեցին գյուղի վերեւի հատվածով անցնող բարձրավոլտ հոսանքի լարերի կտրվելուց:

«Դե, ամեն առավոտ կովերը հանում ենք, մեր գյուղի տարածքը էստեղ է, իրիկունը գնում, բերում էի: էդ իրիկունը գնում եմ կովերը բերելու, տեսնում եմ` բարձրավոլտերը ընկել են ու երկու կովերը ցրիվ են տվել: Քանի որ կովերը «Մենք» գյուղացիական փոխօգնության միության շրջանակում է ինձ տրված, առաջինը զանգեցի ղեկավարին` Կյուրեղյան Տիգրանին, հետո զանգեցի էլեկտրացանց, որ էս տարածքի հոսանքն անջատեն: Տիգրանը էլեկտրացանցի ինժեների հետ եկավ, հետո ես դիմեցի դատախազություն: Դատախազն էլ եկավ, տեսավ: Ամբողջ գյուղն էլ գիտի, թե ինչպես է եղել: Առավոտը ընկել են բարձր լարման հոսանքի գծի տակ, խաշվել են, մինչեւ իրիկուն արեւի տակ մնալով` միսը փչացել եւ պիտանի չի եղել: Այդ օրվանից գյուղի հոսանքն անջատեցին ու մինչեւ հիմա չեն միացրել»,- պատմում է Վահրամ Մանվելյանը:

Դեպքից հետո Վահրամը դիմեց «Արցախէներգո» ՓԲԸ-ի Քաշաթաղի մասնաճյուղին, որպեսզի վերականգնեն վնասը` 280 հազար դրամ: Հենց այդքան է է գնահատված երկու կովերի արժեքը «Մենք»-ի հետ կնքված պայմանագրում: Էլեկտրացանցը հրաժարվեց վճարել, Վահրամը ստիպված դիմեց դատարան եւ հայցում հաշվարկեց նաեւ կաթի եւ երկու հորթերի արժեքը` դատարանից պահանջելով «Արցախէներգո»-ից բռնագանձել 640 000 դրամ:

Քաշաթաղի շրջանի առաջին ատյանի դատարանը (դատավոր` Ֆերդինանդ Սահակյան) վճռեց բավարարել «Արցախէներգո» ՓԲԸ-ից 640 հազար դրամ բռնագանձելու հայցը:

Դատարանի վճռից հետո էլեկտրացանցը Վահրամին առաջարկել է վճարել 280 հազար դրամը, սակայն այս անգամ արդեն Վահրամը չի համաձայնվել: «Արցախէներգո»-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել` նշելով, թե Գիհուտ գյուղի հոսանքագիծն իր հաշվեկշռում չէ:

Բարձրավոլտ հոսանքի օդային գծի շինարարությունն իրականացրել է «Հովիկ Գրիգորյան» անհատ ձեռներեցը: «Արցախէներգո» ՓԲԸ-ն այդ գիծն իր հաշվեկշռի մեջ չի ընդունել` պատճառաբանելով, որ այն շինարարական նորմերին չի համապատասխանում: Լարերը տեղ-տեղ անցնում են 3-4 մ բարձրությամբ, տեղակայված սյուները թեքված են, եւ դրանք այսօր էլ տեսանելի են:

Չնայած ասյ ամենին` «Արցխէներգոն» 10 ամիս սպասարկել է իր հաշվեկշռում չգտնվող հոսանքագիծը` բնակիչներից գանձելով օգտագործված էնեգիայի վարձը:

Ամեն ինչ սկսվել է 2005 թ. ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Գյուղացիները, որ տարիներ շարունակ հոսանք չեն ունեցել, որոշել են չմասնակցել ընտրություններին, եթե գյուղում հոսանք չանցկացնեն:

«Մենք միշտ բողոքում էինք, թե` Բերձորին կպած ենք, ինչու՞ հոսանք չեք տալիս: Ես մարդկանց ասացի` ոչ մի ընտրություն չենք անի, երբ հոսանք տան, էն ժամանակ կմասնակցենք: Մեր պատգամավորության թեկնածու Վահրամ Աթանասյանի նկարը տարել ենք կպցրել տրանսֆորմատորի վրա ու ասել ենք` երբ հոսանք կտաք, կընտրենք, չեք տա` չենք ընտրի, ու շատ կարճ ժամանակում գյուղում հոսանք քաշեցին, մենք էլ ընտրեցինք նրան: Ամբողջ գյուղով ոտքի կանգնեցինք ու օգնեցինք անցկացնելուն»,- պատմում է Վահրամը:

Փաստորեն, Վահրամի կովերը դարձան քաղաքականության զոհ: «Արցախէներգոն» իրավունք չուներ շահագործել հոսանքագիծը, բայց քաղաքականությունը պահանջում էր այդ պահին գյուղի բնակիչներին հոսանք տալ:

Վահրամի բախտը, սակայն, այդպես էլ չբերեց. գյուղին հոսանք տալուց հետո նա նորից մնաց առանց լույս: «Ես գյուղի առաջին տանն եմ ապրում: Գյուղամիջում տեղադրված տրանսֆորմատորից մինչեւ մեր տուն 500 մետր է, պիտի սյուներ դնեն, լար քաշեն, ասացին, որ հետադարձի համար մեզ չեն ֆինանսավորում: Բոլոր ղեկավարների մոտ մտա, բայց հոսանք չտվեցին: Բողոքել եմ ցանցի պետին, վարչակազմի ղեկավարին, որ գյուղի առաջին բնակիչն եմ, որ չորս երեխա ունեմ, բայց էդպես էլ չքաշեցին հոսանքը»,- շարունակեց իր պատմությունը Վահրամը:

Նա միակ մարդն էր գյուղում, ով հոսանք չստացավ, սակայն նրա կովերը դարձան հոսանքի զոհ: Անցած տարի մայիսին էլեկտրաէներգիան անջատելուց հետո գյուղը լքել է հինգ ընտանիք: Նրանցից մեկը բազմազավակ ընտանիք էր` յոթ երեխաներով:

Վահրամը Գիհուտ է տեղափոխվել Գորիսի Խնձորեսկ գյուղից յոթ տարի առաջ:

Ունի չորս երեխա: Նրանք ապրում են երեխաների նպաստով եւ անասնապահությունից ստացած միջոցներով: Նրա տասնմեկ գլուխ անասուններից ինը հատկացրել է «Մենքը»: Այս ծրագրով նա մի քանի տարիների ընթացքում կունենա սեփական անասուններ, չնայած ամենալավ երկու կթու կովերը հոսանքահարվել են: Վահրամը մասնագիտությամբ երաժիշտ է, նվագում է ստեղնային գործիքներ: Երբ հարցնում եմ` էստեղ նվագու՞մ ես, քմծիծաղով պատասխանում է` էստեղ ի՞նչ կա, որ նվագեմ:

Խնձորեսկում հորական տանը ապրում էին երեք եղբայրների ընտանիքները եւ ծնողները: «Տան մեծը ես էի, պիտի դուրս գայի, համ էլ անհնար էր: Երեք երեխա մի եղբայրս ունի, երկուսը` մյուսը: Էն ժամանակ էլ ասացին` տուն-տեղ կտանք, եկա, ու էս ավերակը ինձ բաժին հասավ: 40 հազար դրամ տվեց վարչակազմը, ասաց` կառուցիր տունդ: Եւ մինչեւ հիմա ամեն ինչ մենք ենք արել: Հերթում ենք, որ մի օր պիտի տունս վերականգնեն: Ես միշտ ասում եմ` փող չեմ ուզում, ինձ շինանյութը տվեք, ես կսարքեմ»,- ասում է Վահրամը:

Նման առաջարկներ այսօր կարելի է լսել Քաշաթաղի շատ գյուղերում: Վերաբնակիչները չեն ուզում, որ պետությունը գա եւ կառուցի իրենց տները: Նրանք ասում են` մեզ տվեք շինանյութ, մենք կկառուցենք: Բազմաթիվ ձեւավորված համայնքներում գյուղացիները միմյանց օգնում են նման աշխատանքներում, դա հատկապես նկատելի է խոտհունձի, տեղափոխման ժամանակ: Միմյանց օգնելով` նրանք այդ աշխատանքները շատ արագ են իրականացնում:

Վահրամն ասում է, որ ինքն ահագին վատ վիճակում հայտնվեց, երբ անցած տարի իր տասնամյա որդին` Մանվելը, կորցրեց աջ ձեռքը: Փողոցից գտած փամփուշտի հետ խաղալիս երեխայի ձեռքում այն պայթել է: Մանվելը կորցրել է դաստակը: Թեեւ արդեն երկու անգամ վիրահատել են, սակայն դեռ բեկորներ կան երեխայի ձեռքում: Նրան Երեւան վիրահատության բերելը մեծ ծախս է ընտանիքի համար: Բայց Վահրամը չի տրտնջում, ասում է` մի բան կանենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter