HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ազատագրված տարածքներում միջին տարիքը 28-30 է

Ծար գյուղն ազատագրված տարածքների մյուս բնակավայրերից տարբերվում է ոչ միայն նրանով, որ հարյուրամյակներ շարունակ եղել է մելիքանիստ բնակավայր, այլ որ այս գյուղի բնակիչները կառավարությունից 20 մլն դրամ վարկ են ստացել:

Այդ վարկով ձեռք է բերվել բեռնատար մեքենա, կառուցվել է գոմ, որտեղ պահվում են գյուղի ցլիկները: Գյուղի զարգացման համար վարկը կառավարությունը տվել է երեք տարով, տարեկան 0,6 տոկոսով: Գաղափարի հեղինակը ութ տարի առաջ այս գյուղ եկած առաջին բնակիչն է` Սամվել Սիմոնյանը: Նա էլ այսօր Ծարի գյուղապետն է:

1999-ին Ծար սկսեցին գալ այլ բնակիչներ: Հայաստանի Մարտունու տարածաշրջանի Զոլաքար գյուղից այստեղ տեղափոխվեցին Սամվելի երեք եղբայրները եւ ծնողները, հետո եկան Ադրբեջանից տեղահանված փախստականները, որոնք ապրում էին Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում: Այսօր Ծարում 14 ընտանիք կա:

«Ամբողջ գյուղով հավաքվել ենք, վերցրել մեքենան եւ 100 ցլիկ: Շահույթից փակում ենք վարկը, իսկ ֆերման գյուղի համայնքինն է: Վարկը փակելուց հետո նորից պիտի անասուն առնենք, որ գյուղովի պահենք: Եթե կոլեկտիվ տնտեսություն լինի, ավելի լավ կլինի, տեսնենք: Բեռնատարին տվել ենք 3 մլն 600 հազար դրամ: Աշխատավարձ ենք սահմանել, էդ վարկով մարդկանց վճարում ենք: Ցլիկները որ մեծանում են, վաճառում ենք, նորից ենք գնում: Ուզում ենք շուտ փակենք: Ինչքան շուտ փակենք, էնքան լավ մեզ համար»,- ասում է գյուղապետը:

Անցած շաբաթ Ծար գյուղի հոսանքը միացվեց: Դրանով Նոր Շահումյանի շրջանի բոլոր բնակավայրերը ապահովվեցին հոսանքով: Հոսանքի անցկացման մասին իմանալով` մի քանի ընտանիքներ, ինչպես նշեց Սամվել Սիմոնյանը, արդեն ցանկություն են հայտնել տեղափոխվել այստեղ: Ծարում բյուջեով այսօր վերանորոգվում է չորս, կառուցվում` մեկ նոր տուն: «Վարդենիսից փախստականների երկու ընտանիք կգան, սպասում են տների ավարտին»,- ասում է գյուղապետը:

Նոր Շահումյան շրջանում այժմ առաջնային խնդիրը տներն են, որոնք չեն բավականացնում: Այստեղ տեղափոխվելու ցանկություն հայտնողների թիվը, ինչպես տեղեկացնում էին մեր այցելությունների ժամանակ տարբեր գյուղերի ղեկավարները, մեծ է:

Գյուղացիներն իրենց արտադրանքը հիմնականում իրացնում են Վարդենիսում: Ծարից Վարդենիս 35 կմ է, մինչեւ Քարվաճառ` 20 կմ: Երկու ճանապարհներն էլ դժվարանցանելի են: Վարդենիս տանող ճանապարհը հոկտեմբերից փակվում է, մի քիչ ավելի ուշ փակվում է նաեւ երկրորդ` Քարվաճառ տանող ճանապարհը: Եւ Ծարը ամիսներ շարունակ կտրվում է աշխարհից:

Այդ իսկ պատճառով առեւտուր անելիս գյուղով հավաքվում են, ցուցակ կազմում, թե ում ինչ է անհրաժեշտ, եւ ձեռք բերած բեռնատարով բերում են ամբողջ ապրանքը: Նույն ձեւով գյուղացիներն իրացնում են իրենց ապրանքը:

«Հայկական ավանդական գյուղերում բնակիչները պարբերաբար բողոքներով գալիս են գյուղապետի մոտ, ձեզ մոտ ի՞նչ բողոքներով են գալիս»,- հարցնում եմ գյուղապետին:

«Ինձ մոտ չեն բողոքում, ինձ մոտ պահանջով են գալիս` խանութ են ուզում, ես էլ ասում եմ` կլինի, սպասեք: Երբ եկանք, ոչ մի բան էստեղ չկար, հիմա տեսա՞ք ինչպես է, ինչքան բան է փոխվել»,- պատասխանում է Սամվելը:

Հողամասի համար առայժմ չեն վիճում, ինչպես Հայաստանի գյուղերում: «Եթե տեխնիկա ունենանք, ավելի շատ կմշակենք: Դժվար է առանց տեխնիկայի հողագործությամբ զբաղվել, կարտոֆիլի առատ բերք ենք ստանում, ավելի լավ, քան Զոլաքարում: Տեխնիկան էլ մենք գյուղի միջոցներով առնելու ենք, եթե ամեն ինչ բարեհաջող լինի»,- ասում է գյուղապետը:

Ամբողջ գյուղով նշում են ծնունդները, բանակի քեֆերը: Գյուղում 37 երեխա կա, տարեկան միջինը երկու երեխա է ծնվում: Գյուղում հիմնականում երիտասարդ ընտանիքներ են:

«Գյուղում դեռ հարսանիք չենք արել, սակայն մյուս տարի կունենանք հարսանիքներ, երկու երիտասարդ ունենք, բանակից գան ամուսնացնելու ենք»,- ուրախ-ուրախ ասում է Սամվել Սիմոնյանը:

Նոր Շահումյանի շրջանն աշխարհի բոլոր հայկական բնակավայրերից առանձնանում է մի շատ կարեւոր հանգամանքով` այստեղ բնակչության միջին տարիքը 28-30 տարեկան է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter