HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Աշխատանքի առաջարկ նախարարից ՏՏ մասնագետներին

«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի «Տեխնոլոգիական սեկտորի և պետության միջև համագործակցության խնդիրները» խորագրով քննարկման ժամանակ երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարեց, որ դեմ է ՏՏ նախարարության ստեղծմանը. «Ես ծանոթ եմ պետական կառավարման համակարգին: Նախարարությունը շատ թանկ հաճույք է մեր ոչ հարուստ պետության համար: Մենք այդքան հնարավորություններ չունենք, որ ամեն ոլորտի համար առանձին նախարարություն ունենանք: Քննարկումներ միշտ կարելի է ունենալ, բայց ֆորմալ հայտարարությունները մի քիչ ավելի շրջահայաց պետք է լինեն: Կարծում եմ՝ ՏՏ ոլորտը կարգավորող ներկայիս պետական կառավարման մարմինները լիովին բավարար են, եթե կարողանան արդյունավետ աշխատել: էկոնոմիկայի նախարարությունը ունի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն: Պետական  համակարգում կա նաև ՏՏ աջակցման խորհուրդ, որը ղեկավարում է ՀՀ վարչապետը: Եվ այդ խորհրդում ներկայացված են թե պետական կառավարման համակարգի, թե մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Ունենք նաև ոլորտի աջակցման կառույցներ, ի դեմս Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի… Ռեսուրսի, ջանքերի և մարդկային կապիտալի առումով ՏՏ ոլորտի վրա դրել ենք կառավարման այնքան  ռեսուրս, որքան գրեթե ամբողջ արդյունաբերության վրա»:

Տ. Դավթյանը նշեց, որ անցած շաբաթ, ընդառաջ գնալով մասնավոր հատվածի հնչեցրած առաջարկներին, ստորագրել է մի հրամանագիր, համաձայն որի՝ Էկոնոմիկայի նախարարության երկու փոխնախարար ևս այսուհետև կզբաղվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խնդիրներով:

«Մինչ այդ  ՏՏ ոլորտը կոորդինացվում էր միայն նախարարի և նախարարի խորհրդականի կողմից: Իսկ այժմ ոլորտն ունի վարչություն, մի խորհրդական, երկու փոխնախարար: Կարծում եմ՝ բավականին լուրջ կազմ է»,- նշեց Տիգրան Դավթյանը:

Սակայն ինչպես պարզեց քննարկման հետագա ընթացքը, ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին չի բավարարում ստեղծված պետական մարմինների գործունեությունը, արդյունքում՝ նրանք շարունակում էին պաշտպանել ՏՏ ոլորտը կարգավորող մեկ միասնական կառույցի ստեղծման գաղափարը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը ներկայացրեց, թե ինչպես է ԻՏՁՄ-ում առաջացել նախարարություն ստեղծելու գաղափարը. «Կառավարությունն ինչքան սպասարկում է ՏՏ ոլորտը, ՏՏ-ն էլ նույնքան աճ է արձանագրում, կան բազմաթիվ խնդիրներ, որոնց սպասարկողը չկա, այսինքն՝ չկա այն պետական մարմինը, որ այդ հարցերի միասնական լուծման տեղ լինի: ՏՏ զարգացման և աջակցման խորհուրդը շատ լավ հարթակ է վարչապետին խնդիրները ներկայացնելու համար, բայց հարցն այն է, թե այդ խնդիրները ինչքանով են լուծվում: Նախարարի, վարչապետի կողմից տրվում են հանձնարարականներ, բայց այդ խնդիրները չեն լուծվում, որովհետև կոմպլեկս են, վերաբերում են տարբեր նախարարությունների. խնդիրն այն է, որ չկա միասնական պատասխանատու նախարարություն, որն ամբողջ կոմպլեքսը  կդիտարկի»:

Կ. Վարդանյանը օրինակ բերեց էլեկտրոնային առևտրի խնդիրը, որն իր խոսքով, «արդեն երկու-երեք տարի է՝ տեղից չի շարժվում»: «ԻՏՁՄ-ում գաղափար ծագեց պետությանն առաջարկել, որ ինովացիաների ներդրման հետ կապված բոլոր ֆունկցիաները  կենտրոնացնել մի նախարարության մեջ. ես, որպես էկոնոմիկայի նախարարության նախկին աշխատող, շատ կողմ կլինեի, որ դա լիներ հենց էկոնոմիկայի նախարարությունը»,- հավելեց Կ. Վարդանյանը:

«Միասնական այդպիսի մարմին կա, և դա ՀՀ կառավարությունն է: Վերջին հաշվով բոլոր նախարարություններում առաջացած խնդիրների վերջնական լուծումները տրվում են կառավարության նիստերին, որը վարում է ՀՀ վարչապետը, երբեմն նախագահը: Դրանք միասնական լուծում են ստանում,- հնչեցրած կարծիքներին պատասխանեց Տիգրան Դավթյանը,- հազվադեպ են լինում որոշումներ, որոնք մի մարմնի կողմից են մշակվում: Կառավարության ցանկացած մարմնի որոշում առնվազն երեք մամնի որոշում է, քննարկմանը ֆինանսների և արդարադատության նախարարության ներկայացուցիչները պարտադիր ներկա են, երբեմն որոշումների կայացմանը չորս-հինգ նախարարություն է ներկա լինում: Այսնինք՝ խնդիրների լուծման այդ  ձևաչափն արդեն կա»:

Նախարարի կարծիքով՝ մասնավոր ոլորտն ինքը պետք է շահագրգռված լիներ բյուրոկրատական օղակներից կախման մեջ չլինելու հարցով: «Նախարարությունը բիզնեսին մեծ հաճույք չի պատճառում: Բյուրոկրատիան միշտ փորձում է լծակներ ունենալ՝ թույլտվությունները, հաշվետվությունները, իսկ լծակները խանգարում են բիզնեսին»:

 Եթե նույնիսկ ստեղծվի ոլորտը կարգավորող նախարարություն կամ գործակալություն, ապա, Տ. Դավթյանի խոսքով, պետք է շարժվի խաղի այն նույն կանոններով, որը պետական համակարգի հիմքում է, իսկ այդ կանոններից մեկը ցածր աշխատավարձն է. «ՏՏ  վարչության պետի  պաշտոնում նշանակելու համար ոլորտի մասնագետներին վերջերս հրավիրեցի մասնակցելու մրցույթի, ոչ ոք չեկավ, ինչու չեկան, որովհետև աշխատավարձը ցածր էր, մի քանի անգամ ավելի քիչ,  քան մեր գործընկերները ստանում են մասնավոր ոլորտում»:

Նախարարի կածիքով՝ բարձր ինտելեկտուալ կարողություններն ու ցածր աշխատավարձը չեն համատեղվում, դա է ցույց տալիս այժմ էկոնոմիկայի նախարարության ՏՏ վարչությունում բարձրորակ մասնագետների պակասը: Այդ տեղերը, նրա խոսքով, կարող են լրացնել մասնավոր սեկտորի այն ներկայացուցիչները, որոնք նախարարություն են ուզում ստեղծել: «Ես հիմա բոլորիդ առաջարկում եմ, եկեք, ինչո՞ւ չեք գալիս, սա է լինելու, չի կարող պետական կառույց լինել այլ խաղի կանոններով, նախարարություն լինի թե  գործակալություն, ղեկավարի աշխատավարձը լինում է 140-150 հազար, մասնագետներինը՝ մոտ 70 հազար: Կա՞ն ցանկացողներ, եթե կան, խնդրում եմ եկեք»,- ասաց Տ. Դավթյանը:

Հ.Գ. «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի կազմակերպվում է 2007թ.-ից Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից  ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:

Մեկնաբանություններ (2)

hay_mard
Paron nakharar, chek asi ur gank ete hamadsayn enk?
Arsen
ekonomikayi naxararuthyun, parz grvats e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter