09:29, 3 հուլիսի, 2012Սիրիահայ ուսուցչուհի Թալին Վարդանեանը Հայաստան է եկել 2 շաբաթ առաջ: Թալինը մասնագիտությամբ կենսաբան է: Նա 7 տարի է, կենսաբանության ուսուցչուհի է աշխատում Հալեպի՝ մոտ 1200 հայ աշակերտ ունեցող Քարէն Եփփէ ազգային ճեմարանում, բայց Սիրիայում քաղաքացիական պատերազմի պատճառով որոշել է աշխատանք փնտրել Հայաստանում:
Թալինը երկքաղաքացիություն ստանալու համար արդեն դիմել է Հալեպում Հայաստանի հյուպատոսարան: «Առաւել առաջնորդուած ազգային պատկանելութենէն՝ կուզեմ հայաստանցի ըլլալ»,- ասում է նա՝ ենթադրելով, որ 2 ամսից արդեն կստանա երկքաղաքացիությունը:
Թալինը հայերեն է թարգմանել ու վավերացրել Հալեպի պետական համալսարանից ստացած իր կենսաբանի դիպլոմը և ներկայացրել Հայաստանի սփյուռքի նախարարությանը: Նախարարությունում խոստացել են, որ կփորձեն օգնել աշխատանք գտնելու հարցում, բայց որևէ կոնկրետ ժամկետ չեն նշել:
«Չգիտեմ՝ ում կարող եմ դիմել: Ուրիշ հաստատութիւններ կրնան մեզ ընդունիլ՝ չեմ գիտեր: Դեռ փնտրտուքի մէջ եմ: Արդէն երկու ամիս ժամանակ ունիմ: Եթէ հարցերը աւելի բարդանան Սիրիայի մէջ, արդէն աստեղ կմնամ: Մինչև այն ատենը ես քաղաքացի ալ կըլլամ: Բայց եթէ աստեղ գործ չգտայ, ստիպուաած եմ ետ հոն դառնալու: Բայց ես կուզեմ արդէն աստեղ մնալ: Արդէն ես կուզեմ, որ զբաղուիմ բանով մը, բայց չեմ գտներ, որ զբաղուիմ»,- ասում է Թալինը: Հենց 2 ամիս հետո՝ սեպտեմբերին, Քարէն Եփփէ ազգային ճեմարանում սկսվում են դասերը:
7-8 տարի առաջ Թալինի մեծ եղբայրը Երևան է եկել՝ բժշկություն սովորելու, քանի որ, Թալինի խոսքով, Սիրիայում կրթությունն ավելի ցածրորակ է, քան Հայաստանում: Ոչ պակաս կարևոր է «ազգային պատկանելության» հարցը, և այն, որ այստեղ չորս կողմդ հայեր են: Այդ ժամանակ էլ ընտանիքը տուն է գնել Երևանում, ինչը Թալինը մեծ առավելություն է համարում մյուս սիրիահայերի համեմատ՝ հաշվի առնելով Երևանում անշարժ գույքի գները:
Այժմ Թալինը Երեւանում ապրում է եղբայրների հետ: Նրա մեծ եղբայրը ատամնաբույժ է, աշխատում է հիվանդանոցում՝ միաժամանակ սովորելով բժշկական համալսարանում, իսկ փոքր եղբայրն առաջին կուրսի ուսանող է:
Թալին Վարդանեանի ծնողները և քույրը Հալեպում են: Քույրը անգլիական գրականության մասնագետ է, ուսուցչուհի է աշխատում Հալեպի մեկ այլ հայկական կրթօջախում՝ Կրթասիրաց երկրորդական դպրոցում:
«Եթէ ես հոստեղը բան մը կրցայ ընել, կրցայ գործ ապահովել, իրենք ալ պիտի գան: Սիրիայի մէջ ինչ որ վտանգ հասաւ ընդդիմադիրներու կողմէ, ադի շտկելու համար, բարգավաճելու համար շատ-շատ ժամանակ պէտք է»,- ասում է Թալինը:
Սիրիահայ ուսուցչուհու խոսքով՝ Հայաստան եկած սիրիահայերը նախ նպատակ ունեն տեսնել՝ կկարողանա՞ն աշխատանք գտնել Հայաստանում, և ըստ այդմ որոշել, թե արդյոք մնալու են այստեղ:
«Իրենք ալ ինծի պէս եկած են աստեղ: Կրնայ ըլլալ իբր տուրիստ եկած են, աս երէք ամիսը հոս անցընեն. եթէ բարդանայ վիճակը աւելի, մնան. եթէ որ լաւ ըլլայ, ետ դառնան: Աստեղը հալեպցիներ ալ չկան, որուհետև գործի դժուարութիւն կայ սփիւռքահայերին: Չեն կրնար ոևէ մէկ գործ աշխատիլ՝ կամ «տեղացի չեն» ըսելով, կամ ալ դժուարութիւններ կան թերևս անձնական գործերու»,- ասում է Թալինը:
Թեև ի տարբերություն Սիրիայի մի շարք այլ քաղաքների՝ Հալեպում զորքը քաղաքի մեջ չէ, սակայն Հալեպում էլ «ապահովություն չմնաց առաջվա պես», կարող ես փողոցում քայլել, բայց ոչ ուշ ժամերի: Ամեն պահի կարող է գողություն, առևանգում լինել, և ապստամբները մեծ գումարներ են պահանջում առևանգված անձին վերադարձնելու համար:
«Եթէ որ կառավարութիւնը ընդդիմադիրներուն չկրնայ կեցնել, արդէն կը բարդանայ աւելի հարցը, և քրիստոնեաները, կը կարծեմ, հատկապէս հայերը, այլևս ներգաղթի մասին պիտի մտածեն, ուրիշ տարբերակ չկայ: Ըլլայ Հայաստան, ըլլայ Ամերիկայ, ըլլայ Եվրոպայ. ուր որ յարմար է իրենց, հոն պիտի երթան»,- ասում է Թալինը:
Հենց այս երկրներ էլ, նրա խոսքերով, արտագաղթում են սիրիահայերը, քանի որ այդ երկրներում որևէ ձևով ապահովված են, ազգականներ կամ քաղաքացիություն ունեն: «Շատերը Եվրոպայ դիմեցին՝ իբր սուրիացիներ, կուզեն ալ ետ չվերադառնալ: Գնացել են և փախստական գնացել են: Երիտասարդներ են, որովհետև անգործութիւն է, նախ, և եթէ ինքը ոևէ մեկ կոպեկ չստանար ոչ մեկ տեղե... Նոյնիսկ ստանա, եթէ իր ունեցածը ծախեց, արդեն անցավ հոնտեղ»,- ասում է սիրիահայ ուսուցչուհին:
Այն հաստատությունները, որտեղ աշխատում էին հայերը մինչ պատերազմը, այժմ փակ չեն, բայց Հալեպում արդեն առևտուր չկա, կյանքը մեռել է: «Եթէ մեկ կոպեկ ունիս, հիմա արդէն պետք է ատոր զգոյշ ըլլաս Սուրիայի մէջ: Չես գիտեր՝ ինչ կսպասէ քեզի»,- ասում է Թալինը: Պետական հաստատությունները շարունակում են վճարել իրենց աշխատակիցներին, բայց եթե վիճակը երկրում ավելի բարդանա, մի օր պետությունը կարող է ասել՝ «չեմ կրնար վճարել ամսականները»:
Թալինն ասում է, որ հալեպահայերը կողմնակից են խաղաղության, իսկ խաղաղությունը տեսնում են ներկայիս վարչակարգի պահպանման մեջ: Նրանք Սիրիայի գործող նախագահի օրոք ունեն կրոնական ու ազգային ազատություններ:
Թալինի խոսքով՝ պատերազմական գործողություններին կամավոր մասնակցող հալեպահայեր չկան: Բայց կան Սիրիայի քաղաքացի հայ տղամարդիկ, ովքեր զորակոչվում են բանակ, քանի որ կառավարական զորքը զինվորների կարիք ունի: Որոշ հայերի զինծառայության ժամկետն էլ ավարտել է, բայց նրանց չեն զորացրում:
Թալինն ափսոսանքով է նշում, որ Սիրիայում մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում սիրիահայությունն առաջին անգամ հայ պատգամավոր չունեցավ: Նախկինում մեկ հայ պատգամավոր կար, իսկ այս ընտրություններում երեք հայ թեկնածուից ոչ մեկն էլ չանցավ խորհրդարան: «Հայկական համայնքը այլևս կը կարծեմ դժուարութիւն կունենայ իրեն դէմ առաջացած հարցերը լուծելու: Ես եթէ մտածեմ, ասի հարուած է»,- ասում է Թալին Վարդանեանը:
Նա նշում է, որ մինչ պատերազմի սկիզբը, երբ ամեն ինչ խաղաղ էր, հալեպահայերը չեն զգացել Հայաստանի՝ որպես պետության աջակցությունը, մտահոգվածությունը: Դեռ հակառակը՝ սփյուռքահայերն իրենց գինն ունեն. նրանք, համարվելով օտարերկրացիներ, օրինակ, Հայաստանում չեն կարող սովորել պետական բուհերի անվճար համակարգում:
Թալին Վարդանեանը Հալեպում չի ճանաչում որևէ հայի, ով չտիրապետի հայերենին
Սիրիայում ապրում է, տարբեր հաշվարկներով, 40-80 հազար հայ, որից մոտ 40-45 հազարը՝ Հալեպում: Հայտնի չէ, թե երկրում սկսված պատերազմից հետո սիրիահայերից քանիսն է արտագաղթել:
Ցեղասպանությունից հետո Հալեպում հաստատված հայկական համայնքը սփյուռքի մեծ կենտրոններից է: Հալեպում թաղեր ու շրջաններ կան՝ բնակեցված ամբողջովին հայերով: Թալինը Հալեպում ապրող հայերի մեջ չի ճանաչում որևէ մեկին, ով չտիրապետի հայերենին: Ընդհակառակը՝ կան հալեպահայեր, ովքեր արաբերենի լավ չեն տիրապետում, քանի որ անընդհատ հայերեն են խոսում իրենց շրջապատում:
«Հալեպի մէջ արդէն, պիտի ըսեմ, մեծ հրաշք է, որ բոլորը հայերէն լաւ կխօսին: Ադքան որ կապերը լաւ են արաբներու հետ, մուսուլմաններու հետ, մեր շրջանները ապրող մուսուլմանները, որոնք պարզապէս նպարավաճառ է, արդէն հայերէն է սովորում, մեր հետ հայերէն կը խօսի, թւային հաշիւները կրնայ հայերէնով ալ ընել, եթէ որ մեծ տարիքով կին մը դիմէ իրեն, և բան մը գնէ քովէ»,- ասում է Թալինը: Իսկ Դամասկոսում, Ղամշլիում, Հոմսում հայերը քիչ են, և այդ քաղաքներում արդեն կա հայերենին տիրապետելու խնդիր:
Թալինի խոսքով՝ Հալեպի գրեթե բոլոր հայերն էլ իրենց երեխաներին ուղարկում են ոչ թե արաբական, այլ հայկական դպրոցներ: Սիրիահայ բարերարներ, բարեգործական կազմակերպություններ, հայ առաքելական եկեղեցու Սիրիայի թեմը պատրաստ են օգնել այն հայ ընտանիքին, որը չի կարողանում վճարել հայկական դպրոցի վարձը: «Հայ աշակերտը դուրս չի մնար հայկական դպրոցներէն: Արդէն շրջանակդ հայութիւնն է, հոդտեղ պիտի երթաս-գաս»,- ասում է Թալինը:
Հայկական դպրոցներում բոլոր առարկաները դասավանդվում են արաբերենով, քանի որ այդ դպրոցները գործում են Սիրիայի կրթության նախարարության ենթակայության ներքո: Դասագրքերն արաբերեն են, աշակերտները պետք է արաբերենով պետական քննություն հանձնեն, հետո բուհ ընդունվեն: Բացի դրանից՝ նախարարությունից ամեն պահի կարող են տեսուչներ գալ և հետևել դասին, որի ժամանակ հայերեն խոսելն արգելված է: Հայկական դպրոցների առավելությունն այն է, որ շաբաթվա ընթացքում 5-6 ժամ հայերեն դաս կա: Հայոց լեզվով դասավանդվում են գրականություն, քերականություն և կրոն:
«Բակը զբօսանքին, դասամիջոցին բոլորը հայերէն կը խօսին: Ես նոյնիսկ, եթէ աշակերտները ինծի պիտի դիմեն, հայերէն լեզուով կը խօսիմ, բայց դասապահի ընթացքին արաբերէն է»,- ասում է սիրիահայ ուսուցչուհին:
Նրա խոսքով՝ Հալեպում հայկական մշակութային կյանքն ակտիվ է: Հայերը միջոցառումներ են կազմակերպում Ամանորի, տարբեր հոբելյանների, եկեղեցական և այլ տոների առթիվ: Հալեպի հայ առաքելական եկեղեցիներում ամեն կիրակի պատարագ է մատուցվում:
Թալինի խոսքով՝ Հալեպում ապրող հայերի առջև ձուլվելու վտանգը ծառացած չէ: Միայն այս պատերազմական իրավիճակն է, որ կարող է ազդել համայնքի վրա՝ հանգեցնելով նույնիսկ համայնքի կորստին:
Մեկնաբանված
Կարդացված
22.05.2013
դիտվել է 3609 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 3005 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2388 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 2324 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
20.05.2013
դիտվել է 1181 անգամ
Բրունոն չգիտեր, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է. զրույց ճանապարհորդի հետ
21.05.2013
դիտվել է 1181 անգամ
Լոռիում հողի տակից հանում են ջրատար խողովակները