HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսում դատական նիստերի հետաձգումն ավանդույթի է վերածվում

Գորիսում, երբ երկու տարի առաջ սկսվեց դատարանի նոր շենքի կառուցումը, շատերը դժգոհեցին, որ այն չի համապատասխանում քաղաքի ճարտարապետական ոճին, մի մասն էլ, ով երբևէ առիթ էր ունեցել լինելու դատարանի նախկին շենքում, կարծիք հայտնեց, թե կարեւորն այն է, որ դատարանի նոր շենք կառուցվի:

Նոր շենքն արդեն կանգուն է, բայց դատարանը դեռեւս շարունակում է գործել նախկին տեղում, որքան էլ, որ պայմանները մեղմ ասած, մխիթարական չեն: Այս հանգամանքը, սակայն, կարող է ուղղակի կապ չունենալ դատարանի հրապարակային գործունեության և արդար դատաքննության սկզբունքների պահպանման հետ:

Զավեշտն այստեղ կապված է դատարանի աստիճանների հարթակում կախված տեղեկատվական վահանակի հետ, որտեղ տեղ են գտել ամենամեծ խոշորացույցով անգամ անընթեռնելի մի քանի, հիմնականում «Հայաստանի հանրապետություն» օրաթերթից կտրտված, աճուրդի, սնանկության, գնումների, անհայտ բացակայողի մասին հայտարարություններ: Տեղեկատուի միակ ընթեռնելի հայտարարությունը 2009 թվականին սնանկ ճանաչված մի ընկերության աճուրդին էր վերաբերում, որը պետք է կայանար 2010 թ. փետրվարին:

Տեղեկատվության ապահովման' դատարանի մեկ այլ «հայտնությունը» կապված է յուրաքանչյուր առաջիկա շաբաթվա ընթացքում տեղի ունենալիք դատական նիստերի հրապարակային ծանուցման հետ, ըստ որի, ընթերցողն ինքը պիտի կռահի, թե նշումների մեջ ինչ են նշանակում առաջին կամ երկրորդ սյունակների անունները, քանի որ որևէ տեղ ո'չ հայցվորի, ո'չ էլ պատասխանողի մասին հղումներ չկան: Նշված չեն նաև գործերը քննող դատավորների անունները:

Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, սակայն, անակնկալներն այսքանով չեն ավարտվում: Մեկ շաբաթվա ընթացքում, առաջնորդվելով www.datalex.am կայքում տեղադրված դատական նիստերի ժամանակացույցով, այդպես էլ չկարողացա մասնակցել նախատեսված դատական երեք նիստերից ոչ մեկին, քանի որ ըստ էության, դրանք չկայացան:

Չհաշվենք այն, որ երեք դեպքում էլ դատական նիստերը, որոնք սկսվեցին 30-40 րոպե ուշացումով, հետաձգվեցին «կողմերի չներկայանալու», կամ դատական նիստերի քարտուղարի վկայակոչմամբ' դատական նիստերի հետաձգման մասին միջնորդություններ ներկայացնելու հիմքով:

Այս հանգամանքը, սակայն, կասկած հարուցեց այն առումով, որ մայիսի 12-ին նշանակված դատական նիստը, որի ընթացքում պետք է քննվեր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի շահագործման հայցն ընդդեմ Խոտ գյուղի բնակիչ Միսակ Բախշյանի, հետաձգվեց հայցվորի միջնորդության, ինչպես նաև պատասխանողի հիվանդության պատճառով: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Հարավային» տարածքային մասնաճյուղի տեղամասի (որը ևս խնդրով շահագրգիռ կողմ է հանդիսանում) իրավաբանի ասելով դատական նիստի հետաձգման մասին նախապես իրենց տեղեկացրել էին դատարանից:

Նույն կերպ մայիսի 17-ին նշանակված' «սեփականության իրավունքը ճանաչելու մասին» Գորիսի բնակիչ Թամարա Օհանյանի հայցն ընդդեմ Գորիսի քաղաքապետարանի, դատական նիստը հետաձգվեց կողմերի միջնորդության հիմքով:

Այս առթիվ Գորիսի համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղարը նշեց, որ ինքը տեղյակ չէ դատական նիստի մասին, իսկ քաղաքապետարանի իրավաբանը հիվանդ էր, աշխատանքի չէր ներկայացել:

Երրորդ «ձախողված» դատական նիստը, որտեղ նախատեսվում էր քննել 31955 դրամ գումար բռնագանձելու' բռնագանձումը գրավի առարկայի, պատասխանողին պատկանող այլ անձնական գույքի և դրամական միջոցների վրա տարածելու պահանջի մասին «ՍԷՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ» ՍՊԸ հայցն' ընդդեմ Շինուհայր գյուղի բնակիչ Արտաշես Հայրապետյանի, կրկին հետաձգվեց պատասխանողի բացակայության, հայցվորի միջնորդության պատճառով:

Ճշտելու համար, թե վերջինս իրո՞ք միջնորդություն էր ներկայացրել դատարանին, փորձեցի պարզել «ՍԷՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ», երևանյան գրասենյակի իրավաբան Վարդուհի Գրիգորյանից, սակայն նա պատասխանեց, որ ինքը չի կարող այդ մասին տեղեկություն տրամադրել «որևէ կողմնակի անձի»: Նշելով, որ խնդիրն ինձ հետաքրքրում է որպես լրագրողի, իրավաբանը շեշտեց, որ առավել ևս լրագրողին չի կարող տեղեկություն տրամադրել քաղաքացիական գործի ընթացքի մասին:

Այս ամենն, ինչ խոսք, հնարավոր է, ուշադրություն չգրավեր, եթե վերը նշված դատական առաջին նիստի ժամանակ դատական նիստերի քարտուղարը, տեղեկանալով, որ ցանկանում եմ մասնակցել նիստին, չփորձեր համոզել, որ նիստը հետաձգվում է կողմերի բացակայության պատճառով: Իմ այն հարցից հետո, թե ինչ հիմքով է կայացվել որոշումը, նա հեռացավ դահլիճից և քիչ հետո արդեն դատական նիստն սկսվեց, որտեղ ներկայացվեցին վերը նշված միջնորդությունները:

«Ավանդույթը» չխախտվեց նաև մայիսի 17-ին, որի ընթացքում դատական նիստին դատավորից, քարտւղարից ու ինձնից բացի մասնակցում էր նաև Անշարժ գույքի կադաստրի Գորիսի գրասենյակի ներկայացուցիչը, ով ներկայացել էր դատարանի ծանուցումով:

«Մեկ դերասանի թատրոն» հիշեցնող դատական նիստի նախադեպը կրկնվեց նաև մայիսի 19-ին և, եթե նախորդ երկու դեպքերում Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանը հրապարակում էր նաև հաջորդ նիստի ամսաթիվը, այս անգամ, հավանաբար, նկատի ունենալով լրագրողիս անհաճո ներկայությունը, արագ փակեց նիստը:

Հ.Գ. Տարիներ առաջ Գորիսի դատավորներից մեկի աշխատասենյակում սպանության գործ էր քննվում: Ամբաստանյալը չէր կարողանում հուզմունքը զսպել, դատավորը «փորձեց սփոփել նրան». «Ի՞նչ ես քեզ կորցրել, կարծես աշխարհը շուռ է եկել»:

Բարեբախտաբար, այդ ժամանակներն անցյալ են, բայց քանի դեռ չենք ընդունում, որ դատական գործընթացի կազմակերպման գործում մանրուքներ չկան, եթե աշխարհը շուռ էլ չգա, դատարանի նկատմամբ հասարակության վստահությունն այդպես էլ չի բարձրանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter