HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Վահրավարում աճում է ամեն ինչ՝ բացի նարնջից և բնակչությունից (վիդեո)

«Ժամանակին Վահրավարի ընտանիքները 45 հոգով էին ճաշի նստում, և երբ մեկի  ափսեն դատարկ էր մնում, չէին հիշում՝ ով է բացակա սեղանից, այ էդքան շատ են եղել, իսկ հիմա…»: Սա Սյունիքի մարզի Վաhրավար գյուղի դատարկությունը մխիթարող պատմությունն է, գյուղապետ Սարգիս Առաքելյանն է պատմում, ավագներից է լսել: Այսօր արդեն 25 հիմնական բնակիչ ունեցող գյուղում այդ պատմությունը անհավանական է թվում, բայց հորինված չէ. ճաշի բազմանդամ սեղաններն են ստիպել, որ փոքր գյուղը 19 թոնիր ունենա: Այսօր դրանց մեծ մասն անտեր է: Հանգած թոնիրների գյուղում երեխաներ չկան, երիտասարդները մեկ-երկուսն են, իսկ պապիկների ու տատիկների համար ամեն տարի կրկնվում է նույն պատմությունը. ծառերի վրա հասնում է պտուղը, դեռ չեն հասցնում ուտել, թափվում է գետնին ու փչանում:

Մարզկենտրոն Կապանից 78 կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ Վահրավար գյուղը, վերջին մարդահամարի տվյալներով, 62 գրանցված բնակիչ ունի, բայց, գյուղապետի խոսքով, նրանցից միայն 25-ն է գյուղում մշտապես ապրում:

Գյուղի դատարկվելու պատմությունը սկսվում է Հայրենական մեծ պատերազմի տարիներից: «42 օջախից տղամարդիկ գնացին պատերազմ ու էլ չեկան: Իմ մաման քսանութ տարեկանում չորս աղջիկ էր մենակ մեծացնում»,- ասում է վահրավարցի Մարո Ծատրյանը: Պատերազմից չվերադարձած տղամարդկանց սերունդներն էլ լքեցին Վահրավարը, երբ Ագարակում բացվեց պղնձամոլիբդենային գործարանը:

«Գյուղում աշխատանք չկա, երիտասարդները բոլորն էլ դուրս գնացին աշխատելու: Էստեղ մենակ գյուղապետարանում կարելի է աշխատել, մի վեց-յոթ հոգու տեղ կա, աշխատում են, մնում են գյուղում, գյուղը շնչում է»,- ասում է գյուղապետը: Անցյալ տարի Վահրավար, Կուրիս և Գուդեմնիս գյուղերը միացնելու և մեկ համայնք ստեղծելու առաջարկ է եղել, սակայն Ս.Առաքելյանը դեմ է եղել: «Նման բան չի կարելի անել,- ասում է նա:- Եթե երեք գյուղերը միացնեն իրար, մեկ գյուղապետարան է լինելու, հետևաբար էս աշխատողները անգործ կմնան, իրենք էլ կլքեն գյուղը, ու Վահրավարը լրիվ կվերանա»:

Վահրավարում անասնապահությամբ չեն զբաղվում. թե ինչու, սահմանամերձ գյուղի բնակիչները նույն պատասխանն են տալիս. «Թուրքերը մեր անասունները գողանում են»: Նրանց խոսքով՝ անասուններին հնարավոր չէ բարձրացնել դաշտ արածեցնելու, որովհետև տարածքը ականապատված է:

Հող մշակելու համար Վահրավարի կլիման բարեբեր է: Ինչպես ասում է 74-ամյա Ալբերտ Հովհաննիսյանը, «ըստեղ ամեն ինչ աճում ա՝ բացի ապելսինից»: Իսկ թե ինչու այդ դեպքում գյուղի բնակչությունը չի աճում, Աբո պապը պատասխանում է. «Շուկա չունենք, այ որ մոտիկ շուկա լիներ, մեր գյուղը աղի պես կապրեր: Գործարան էլ չկա, որ տանես բերքը հանձնես»: Աբո պապը երեխաներ, թոռներ ու ծոռներ ունի, բայց նրանցից ոչ մեկը գյուղում չի ապրում: Համոզված է, որ ինքը թոշակառու է, բայց մոռանում է այդ մասին, երբ դեռ լուսաբացից էլ առաջ՝ ժամը 5-ին, զարթնում է, որ խաղողի այգին մշակի: Ասում է՝ թոռներին ինքն է «ավարտացրել»՝ բերքը վաճառելով: Իսկ թե որտեղից շուկա գտավ, չհարցրինք. Երևանը պարզապես Աբո պապիկին էլ է հմայել: Երբ ձմռանը գնում է մայրաքաղաք՝ երեխաների մոտ, տեսնում է, թե որքան հեշտ են ապրում նրանք: Զրույցի ժամանակ էլ հաճույքով է նշում, որ Երևանում փայտ բերել չկա. գազ են վառում, տաքանում:

Աբոն սպասում է, որ թոռը Երևանից երեխաների հետ հյուր գա: Ուրախ է, որ նրանք ծառերը մի քիչ կթեթևացնեն բերքից:

Վահրավարի պահանջարկը մեծանում է ամռանը. գյուղը դառնում է «դաչա»: Տատիկների ու պապիկների երեխաները, թոռները, ծոռները ամռանը դառնում են գյուղի հանգստացողները: «Դաչնիկներն» այնքան շատ են, որ գյուղում դատարկ տուն չի մնում: Մեր այցելության ժամանակ բնակեցվել էր նաև 2004թ.-ից աշակերտներ չտեսած դպրոցի շենքը:

Մարո Ծատրյանն էլ իր թոռանն է սպասում. «Պատմաբան է թոռս, ասում է՝ տատի, բարբառով խոսի, լսեմ, ինքն էլ ա բարբառով խոսում»: Պատմաբանի համար Վահրավարը կարող է հետաքրքիր լինել. միջնադարյան գյուղը երկու հանգույն եկեղեցի ունի, խաչքարերով գերեզմանոցներ, որոնք, ինչպես ասում է Աբո պապը, «էնքան հին էն, որ քարերի վրա թվերը տառերով են գրվում»: Պատմության գիրկն են անցել գյուղի թատրոնը, կինոն, դպրոցը… Գյուղապետը փորձում է բարերարներ գտնել, նրանց օգնությամբ վերանորոգել վերջին անգամ 17-րդ դարում բարեկարգված Կարմրավանքի եկեղեցին, որպեսզի այն նույնպես չդառնա պատմություն: «Ռուսաստանից մի բարերար պիտի գա գյուղ, մեր բարեկամն է, իրեն եմ սպասում, տեսնեմ ինչ կլինի»,- ասում է Ս. Առաքելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter