HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Գլխավոր դատախազությունը կզբաղվի ընտրախախտումների փաստերով (վիդեո)

2012թ. մայիսի 6-ի ՀՀ ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Գագիկ Հրաչյայի Ներսիսյանի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը 2012թ. մայիսի 16-ին դիմել են Սահմանադրական դատարան՝ անվավեր ճանաչելու թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 41-Ա որոշումը և թիվ 17 ընտրատարածքում  մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների արդյունքները:

Թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրությունների արդյունքներով հաղթող է ճանաչվել ՀՀԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Կարինե Համլետի Պողոսյանը, ով Հովիկ Աբրահամյանի զարմուհին է:

Դիմողի ներկայացուցիչները դատարանում վիճարկել են ՀՀԿ-ի վստահված անձանց, ինչպես նաև ՀՀԿ-ի կողմից առաջադրված մեծամասնական թեկնածուների վստահված անձանց և տեղամասային հանձնաժողովների անդամների կողմից իրականացվող ապօրինությունները և ընտրախախտումները: Ըստ նրանց՝ այդ անձանց մի զգալի մասը եղել են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, որոնք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են՝ ի նպաստ իրենց սատարած կուսակցության կամ մեծամասնական թեկնածուի՝ հրահրելով վեճեր, սպառնալով ոչ ՀՀԿ-ական վստահված անձանց, իրականացնելով նախընտրական քարոզչություն, ընտրողներին ուղղորդելով, թե որ թեկնածուի և կուսակցության օգտին քվեարկեն:

Որպես ապացույց՝ ներկայացուցիչները դիմումին կցել են թիվ 17/27 ընտրատեղամասում կատարված նկարահանումը, որից պարզ երևում է, թե ինչպես են Դիմիտրովի գյուղապետ Արման Իոնանովը (կապույտ կիսաթև վերնազգեստով, ցածրահասակ, գեր անձը) և ՀՀԿ-ի վստահված անձ Արմեն Բեջանյանը (սպիտակ վերնազգեստով, ալեխառն մազերով, բարձրահասակ անձը) սպառնում Դիմողի և ՀԱԿ կուսակցությունների դաշինքի վստահված անձանց:

Դիմումի մեջ նշվել է նաև, որ ընտրական տեղամասերի մուտքերի մոտ մշտապես եղել են անձանց մեծ կուտակումներ, և ՀՀԿ-ական վստահված անձանց խմբերը, այդ թվում՝ գյուղապետները, նրանց ուղղորդել են, թե ում օգտին քվեարկել:

Համաձայն Դիմողի ներկայացուցիչների՝ ՀՀԿ-ի և նրա մեծամասնական թեկնածուների օգտին են հանդես եկել անգամ որոշ տեղական դիտորդներ: Օրինակ՝ թիվ 17/27 ընտրատեղամասում դիտորդական առաքելություն է իրականացրել ոմն Ելենա Համբոյան, ով կրել է «Ընտրությունը քոնն է» կազմակերպության կապույտ անթև բաճկոնը և որպես այդ կազմակերպության ներկայացուցիչ գրանցված է եղել տեղամասային հանձնաժողովի գրանցամատյանում:

Ելենա Համբոյանը բացահայտորեն հայտարարել է, որ «հանրապետական է», և ողջ ընթացքում իր աղաղակներով ու անպարկեշտ վարքագծով աջակցել ՀՀԿ-ական գյուղապետին ու մնացած ՀՀԿ-ական վստահված անձանց: Դիմումին կից ներկայացված տեսանյութում հստակորեն երևում է, թե ինչպես է Ելենա Համբոյանը աղաղակում, երբ Դիմողի ներկայացուցիչները տեսանկարահանում են քվեարկության ընթացքը:

Սակայն ոչ թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովը և ոչ էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ կերպ տարօրինակ չեն համարել կնոջ վարքագիծը և հարկ չեն համարել ուսումնասիրել խնդիրը՝ ի հեճուկս ներկայացված տեսանյութերում արձանագրված փաստերի: Այդուհանդերձ, Դիմողի ներկայացուցիչների փաստաբանական հետաքննության արդյունքում պարզվում է, որ կինը «Ընտրությունը քոնն է» կազմակերպության անդամ չէ, այլ, ըստ հիշյալ կազմակերպության նախագահի պնդման, «Զոհված ազատամարտիկների ընտանիքների միություն» կազմակերպության անդամ է, ում «Ընտրությունը քոնն է»-ն ներգրավել է դիտորդական առաքելության մեջ՝ խախտելով ՀՀ ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Դիմողի ներկայացրած տեսանյութում արձանագրված է, որ ՀՀԿ-ական գյուղապետը հրամայական եղանակով ցուցում է տալիս դիտորդ Էմմա Սիմոնովային կազմել արձանագրություն Դիմողի վստահված անձի վերաբերյալ, որը թե ընտրատարածքային և թե կենտրոնական ընտրական հանձնաժողովները կասկածելի չեն համարել:

Դիմողը նաև անդրադարձել է բողոքարկման ընթացակարգի անարդյունավետությանը, մասնավորապես, բողոքարկման համար սահմանված ժամկետների ողջամտության խնդրին: Այս առնչությամբ, դիմողը նշել է, որ 2012թ մայիսի 11-ին դիմում է ներկայացրել թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Սակայն թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանը հայտարարել է, որ ինքը չգիտի՝ ստացե՞լ է արդյոք իր հանձնաժողովը այդ դիմումը, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ հարցականի տակ է դրել Դիմողի ներկայացուցիչների ներկայացրած անդորրագրի արժանահավատությունը, ինչի հետևանքով Դիմողի ներկայացուցիչները 23.05.2012թ.-ին հարցմամբ դիմել են «Հայփոստ» ՓԲԸ և հարցմանն ի պատասխան ստացել են գրություն առ այն, որ 07.05.2012թ.-ին իրենց ուղարկած նամակը ստորագրությամբ հանձնվել է հասցեատիրոջը 10.05.2012թ.-ին: Որպես ապացույց՝ իրենց է ներկայացվել գրանցամատյանի համապատասխան էջի պատճենը:

Հաշվի առնելով վերոգրյալ հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 3.1-ին կետով՝ Դիմողը Սահմանադրական դատարանին խնդրել է անվավեր ճանաչել թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 42-Ա որոշումը և թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների արդյունքները:

Սահմանադրական դատարանը նշում է, որ թիվ 17 ընտրատարածքում առավել ձայներ ստացած պատգամավորի առաջին և երկրորդ թեկնածուների ձայների տարբերությունը 20639 է, իսկ դիմողն առավել ձայներ ստացած թեկնածուից պակաս է ստացել՝ 25494 քվե կամ 11.7 անգամ պակաս: Ձայների նման հարաբերակցության պայմանններում, հաշվի առնելով թե ընտրողների և թե պատգամավորների մյուս թեկնածուների ընտրական իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունը, գնահատելով դիմող և պատասխանող կողմերի դիրքորոշումները, նրանց ներկայացրած, ապացուցողական նշանակություն ունեցող փաստարկները, ուսումնասիրելով թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի որոշումները, եթե նույնիսկ վերոհիշյալ մոտեցմամբ ոչ հավաստի ճանաչվեն ոչ միայն հիմնական վեճի առարկա թիվ 17/27 ընտրական տեղամասի, այլև թիվ 17/11 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները, միևնույն է՝ ընտրության պատկերը չի փոխվում:

Սահմանադրական դատարանը, ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63,64 և 74-րդ հոդվածներով, իր 22.06.2012թ.-ի ՍԴ-1034 որոշմամբ որոշել է ուժի մեջ թողնել «Թիվ 17 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 41-Ա որոշումը:

Ինչպես նաև որոշել է թիվ 17/27 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմողի վստահված անձի՝ փոստով ուղարկված դիմումի անհետացման, ինչպես նաև ընտրատեղամասում՝ դիմողի վկայակոչած ընտրախախտումների փաստերի վերաբերյալ նյութերը տրամադրել գլխավոր դատախազությանը՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter