HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Հարսնաքարի» գործով կալանավորվածները «Դավիթ Դ.Վ.Ս.» ընկերության աշխատակիցներ են

Ինչո՞ւ են իրավապահներն աղավաղում իրականությունը 

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվան հետ կապված բոլոր պաշտոնական հաղորդագրություններում անընդհատ նույն սխալ տեղեկությունն է տարածվում: 

Երկու օր առաջ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով վարչության պետ Արսեն Այվազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են «Հարսնաքարի» յոթ աշխատակիցներ` Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը (ռեստորանի անվտանգության աշխատակիցներ), Արթուր Բաբլոյանը (վարորդ-առաքիչ), Դավիթ Ադամյանը (մատուցող) եւ Դավիթ Հայրիյանը (մենեջեր):

Պետական ռեգիստրում «Հարսնաքար» ռեստորանային համալիր անվանմամբ ընկերություն գրանցված չէ: Հետեւաբար, վարչության պետի ասածն ապատեղեկատվություն է: Մյուս տեղեկությունը, որ նույնպես օգտագործում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, «Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրն է»:  Երեկ «Հետքը» ոստիկանությանը խնդրել է պարզաբանել, թե իրականում ո՞ր ընկերության աշխատակիցներն են ձերբակալվել:

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր թիվ հ45-հ1 գրության` հայտնում ենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պատկանում է «Դավիթ Դ.Վ.Ս.» ՍՊ ընկերությանը, իսկ Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը, Արթուր Բաբլոյանը, Դավիթ Ադամյանը և Դավիթ Հայրիյանը աշխատանքային պայմանագրեր են կնքել «Դավիթ Դ.Վ.Ս.» ՍՊ ընկերության հետ՝ ի դեմս տնօրեն Հ. Ա. Զոհրաբյանի, և աշխատանքային պայմանագրերի հիման վրա նրանք աշխատանքի են անցել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում»:

Առայժմ չենք պարզել, թե որպես ինչ են այս մարդիկ ձեւակերպված այդ ընկերությունում, հստակ ինչ աշխատանք են կատարում: «Դավիթ Դ.Վ.Ս.» ՍՊ ընկերությունն ունի 25 աշխատող, համենայնդեպս, պաշտոնապես այս թիվն է նշված: Բայց այն այնքան էլ արժանահավատ չէ. «Հարսնաքարի» աշխատակիցներից մեկը «Հետքին» ասաց, որ իրենց մոտ միայն այդքան մատուցող է աշխատում:

Հիմա անցնենք երկրորդ մասին, որը նույնպես պարզաբանման կարիք եւ էական նշանակություն ունի: Ըստ պետռեգիստրի՝ «Դավիթ Դ.Վ.Ս.» ՍՊԸ-ի միակ սեփականատերը ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է:

Լուս.՝ Գագիկ Շամշյանի  

Մեկնաբանություններ (1)

Համլետ
Այն փաստը,որ Հայաստանը վերածվել է մարդու եզակերպ տարատեսակի բուծման ինկուբատորի,արդեն կասկած չի հարուցում... Ուշադիր նայեք հայաստանյան օլիգարխների դեմքերի՝ զզվանք առաջացնող անասնական արտահայտություններին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter