HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Խարդախության մեխանիկա

Ներսիսյանները զրկվում են մոտ կես մլն դոլար արժողությամբ առանձնատնից

Գոհար Ալեքսանյանը 1998 թ. բացել է տուրիստական գործակալություն, Կառավարության պատվիրակության հետ մեկնել Լիբանան, ակտիվ ջանքեր գործադրել տուրիզմին վերաբերող հայ-լիբանանյան միջկառավարական համաձայնագրի կնքման ուղղությամբ:

«Սկսեցինք տուրիստներ բերել Հայաստան. մեր բիզնեսը լավ ծաղկում էր,- պատմում է Ալեքսանյանի ամուսինը` Նելսոն Ներսիսյանը:- 1998 թ. մայիսին մեր գրասենյակ եկավ իմ ծանոթներից Ռուբեն Վասակյանը` ոմն Սերյոժա Պետրոսյանի հետ: Վերջինս մեծ ինքնաթիռ էր բերել Հայաստան` Երեւան-Բրյուսել-Լոս Անջելես չվերթ իրականացնելու համար»:

Եկվորների խնդրանքով Նելսոնը միջնորդել է, որպեսզի ինքնաթիռի անձնակազմին «Դվին» հյուրանոցում համարներ տրամադրեն զեղչով: Օրեր անց Սերյոժան սկզբում Նելսոնից պարտքով 6000, այնուհետեւ եւս 10 հազար ԱՄՆ դոլար է խնդրել, որպեսզի վճարի հյուրանոցի գումարը եւ օդաչուների աշխատավարձը:

«Նա գրպանից տրցակով պլաստիկ քարտեր հանեց ու ասաց, որ ամեն մեկի մեջ 20-30 հազար դոլար կա, պարզապես Հայաստանում բանկոմատ չկա, որ կարողանա դրանք հանել: Ասաց, որ ԱՄՆ-ից իրեն գումար են ուղարկելու եւ շատ արագ պարտքը կվերադարձնի,- հիշում է Ն. Ներսիսյանը:- Մի օր էլ Սերյոժան եկավ ու սկսեց լաց լինել, թե օջախս քանդվում է, ինքնաթիռը 4 ամիս է «Զվարթնոցում» կանգնած է, վերջին ամսվա վարձավճարը` 75 հազար դոլարը, չեմ տվել, գործընկերներս էլ խաբել են, ԱՄՆ-ից գումար չեն ուղարկում: Ասաց` «Լենդ բանկի» ղեկավարներն իմ ախպերներն են, նրանք փող կտան, ուղղակի, քանի որ ես ՀՀ քաղաքացի չեմ, մեկը պետք է, որ գումարի տեղը տունը գրավ դնի»:

Նելսոն Ներսիսյանը համաձայնել է գրավադրել իր առանձնատունը, քանի որ, ինչպես ինքն է ասում, կասկածելի որեւէ բան չի նկատել, ավելին՝ նույնիսկ Հանրային հեռուստաընկերությամբ գովազդվել է չվերթը:

Բացի այդ, «Լենդ բանկի» խորհրդի նախագահ Ռաֆայել Սանդոյանի (ֆինանսների նախկին նախարարի եղբայրը) հետ հանդիպման ժամանակ, ըստ Ներսիսյանի, Սերյոժան ներկայացրել է վերցվելիք գումարի եւ տոկոսների վճարումը երաշխավորող փաստաթղթեր, այդ թվում` 8 չվերթերի լիցենզիաները, ինքնաթիռի վարձակալության պայմանագիրը, օդանավը «Զվարթնոցում» կայանելու պայմանագիրը եւ «Հայկապ» բանկի երաշխիք նամակը, ըստ որի` «Հայկապը» պարտավորվել է խնդիրներ առաջանալու դեպքում մարել գումարը եւ դրա տոկոսները:

Ն. Ներսիսյանը պատմում է, որ «Հայկապ» բանկի փաստացի սեփականատերը Սերյոժայի մանկության ընկերն էր` այն ժամանակվա տրանսպորտի եւ կապի նախարար Գրիգոր Պողպատյանը:

Հենց նրա միջոցով էլ, երբ Սերյոժան հետագայում ուշացրել է տոկոսների վճարումը, ինքը «5 րոպեում «Հայկապից» 5 հազար դոլար է վերցրել» ու վճարել «Լենդ բանկին»:

«Լենդ բանկը» 1998 թ. հունիսի 25-ին 100 հազար ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու պայմանագիր է կնքել Նելսոն Ներսիսյանի կնոջ` Գոհար Ալեքսանյանի հետ, քանի որ նա է գրավադրվող առանձնատան սեփականատերը, որն այն ժամանակ գնահատվել է 200 հազար ԱՄՆ դոլար:

«Հենց այդ օրը տեղում մեզ 15 հազար դոլար տվեցին: Սերգեյը այն վերցրեց ու մտավ բանկի խորհրդի նախագահի մոտ: Ավելի ուշ նա ինձ ասաց, որ այդ 15 հազարը կաշառք է տվել Սանդոյանին, որպեսզի մնացած 85 հազարն անարգել տրամադրեն,- հիշում է Ներսիսյանը:- Մի քանի օրից` հուլիսի 10-ին, նորից Սերգեյի հետ գնացինք բանկ: 10 հազար դոլար կանխիկ տվեցին, որն անմիջապես տվեցինք Սերգեյին, 75-ի մասով էլ խնդրեցին, որ կինս վճարման հանձնարարական գրի` այն, իբրեւ ֆինանսական օգնություն, Սերգեյին փոխանցելու համար»:

Կարճ ժամանակ անց Սերյոժա Պետրոսյանը մեկնել է ԱՄՆ` չվերթն իրականացնելու համար ինքնաթիռը հեղինակավոր կազմակերպությունում ապահովագրելու համար:

Բայց այդպես էլ չի վերադարձել, իսկ բանկը հասել է նրան, որ փորձել է դատական ակտերի հարկադիր կատարողների միջոցով առանձնատունն ազատել Ներսիսյաններից: Սակայն ամեն անգամ Նելսոն Ներսիսյանի հայցով դատարանը հայտարարված աճուրդն անվավեր է ճանաչել:

Իսկ մինչ այդ` 1999 թ. օգոստոսին, Սերյոժա Պետրոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, բայց մեկ ամիս անց գործի վարույթը կասեցվել է` մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառով:

2002 թ. սկսվել է «Լենդ բանկի» լուծարումը, որը մինչ օրս շարունակվում է: 2007 թ. բանկը Ներսիսյանների առանձնատունը զիջել է պարտատերերից մեկին` Ֆինանսների նախարարությանը: Վերջինս էլ հաշտեցման պայմանագիր է կնքել ու ընտանիքին 3-ամյա ժամկետ տվել` տունը վաճառելու եւ նախարարության գումարը վերադարձնելու:

«Բանկը 120 հազար դոլարի դիմաց է տունս տվել նախարարությանը: Հիմա ամեն տարի, եթե գումարը չենք մուծում, 7 տոկոս ավելանում է: Արդեն չեմ էլ հաշվում, թե պարտքիս չափն ինչքան է. հոգնել եմ,- ասում է ընտանիքի հայրը,- հինգ ամսից ժամկետը լրանում է, ստիպված պետք է տնից հեռանանք: Չգիտեի, որ նման հզոր ապացույցներով ոչինչ անել չեմ կարող»:

Իրական մեղավորները կամ խարդախության մեխանիզմը

2005 թ. Ներսիսյաններին այցելած որդու ընկերը, ով աշխատում է բանկային համակարգում, ուսումնասիրելով «Լենդ բանկից» ընտանիքին «հուշ մնացած» փաստաթղթերը` վստահեցրել է, որ հիմնական «քցողը» հենց բանկն է:

Նելսոն Ներսիսյանը նոր երեւան եկած հանգամանքով դիմել է իրավապահներին, եւ քննությունը վերսկսվել է: Նախաքննության ընթացքում Երեւան քաղաքի Քննչական վարչության ավագ քննիչ Արարատ Խանջյանը որոշել է նշանակել դատահաշվապահական փորձաքննություն:

Որոշման 2-րդ կետում նշված է. «Փորձագետին տրամադրել «Լենդ բանկ» լուծարային բանկից առգրավված վարկային ավանդների տարադրամային հաշիվների, շաբաթական հաշվետվությունների, հաշվեկշռի, տարադրամի մնացորդների, հաշվապահական փաստաթղթերի մատյանները եւ քրեական գործի ողջ նյութերը»:

«Կա նաեւ 2006 թ. նոյեմբերի 13-ի թվագրմամբ գրություն, որի համաձայն՝ այդ փաստաթղթերը փորձագետների կողմից թղթապանակով վերադարձվել են նախաքննությանը: Սակայն դրանք, բանկից առգրավելու մասին որոշման եւ արձանագրության հետ միասին, քրեական գործից անհետացել են»,- ասում է Ներսիսյանը:

Նրա ներկայացրած բողոքների հիման վրա, ի վերջո, գործի քննությունը տեղափոխվել է ՀԿԳ քննչական վարչության բաժնի պետ Վրեժ Դավթյանի վարույթ, որն էլ 2007 թ. դեկտեմբերին որոշել է քրեական գործը կարճել` մեղադրյալ Սերյոժա Պետրոսյանի մահվան պատճառաբանությամբ:

«Ըստ իրենց` Սերյոժան մահացել է 2001 թ., բայց իրականում նա ողջ է. 2005 թ. նրան Մայամիում տեսնող է եղել»,- ասում է Նելսոն Ներսիսյանը:

Վերսկսված քննության մեխը իրականում եղել կամ գոնե պետք է լիներ «Լենդ բանկի» գործունեությունը, որի պարագայում Ս. Պետրոսյանի անձի դերակատարումը գլխավորը չէ:

Ուստի, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2008 թ. սեպտեմբերին վերացրել է քննիչի` գործը կարճելու որոշումը եւ նախաքննական մարմնին պարտավորեցրել կատարել բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն:

Գործի քննությունը հանձնարարվել է Վ. Դավթյանի ենթակայության տակ աշխատող Ռ. Սարդարյանին: Վերջինս 2009 թ. մարտին, կրկնելով իր պետի հիմնավորումները, գործի վարույթը նորից կարճել է: Ավելի ուշ առաջին ատյանի դատարանն այս որոշումն արդեն թողել է անփոփոխ:

Ավագ քննիչ Սարդարյանը գործը կարճելու որոշման մեջ նշել է, որ տուժող Գոհար Ալեքսանյանի անվամբ «Լենդ բանկում» 1998 թ. հունիսի 25-ին բացվել է 0681587 վարկային հաշիվը, եւ 100 հազար ԱՄՆ դոլարը հաշվարկվել է նշված հաշվեհամարում:

Մինչդեռ Կենտրոնական բանկից (ԿԲ), ի պատասխան տուժողի հարցման, հայտնել են, որ նրա անունով «Լենդ բանկում» բացվել է 1411018009 վարկային հաշիվը, եւ տրամադրված վարկային միջոցները հաշվառվել են այս հաշվում:

Համաձայն նույն գրության` Ալեքսանյանին տրամադրված 15 հազար դոլարը հաշվառվել է 1411018009 վարկային հաշվում, այնինչ այդ գումարը ստանալիս Գոհար Ալեքսանյանին տրամադրվել է արտարժույթի դրամարկղի` առանց համարակալման վճարային ելքի օրդեր, որի վրա նշված է բոլորովին այլ` 068 վարկային հաշիվը:

«Այն ժամանակ գործով դեռ զբաղվում էր քննիչ Արարատ Խանջյանը: Ես նրան խնդրեցի պարզել նշված տարբերության պատճառը: Քննիչի հարցումով էլ ԿԲ-ից տրամադրեցին «Լենդ բանկի» գործադիր տնօրեն, ներկայումս նույն բանկի լուծարային կառավարիչ Անուշավան Խաչիկյանի կողմից կնքված եւ ստորագրված 1411018009 վարկային հաշվի շարժի քարտը, որով փորձ է արվել ապացուցել, որ Ալեքսանյանի անվամբ բացվել է հենց այդ հաշիվը եւ 100 հազար դոլարը նա ստացել է ամբողջությամբ: Բայց այդ քարտի մասին փորձագետների եզրակացության մեջ որեւէ հիշատակում չկա, թեեւ այն ներկայացվել էր փորձաքննության»,- ասում է Ն. Ներսիսյանը:

ԿԲ-ն 1411018009 հաշվի վերաբերյալ իր պատասխանը հիմնավորել է թիվ 3 վճարային ելքի օրդերով, իսկ քննությանը ներկայացված` Խաչիկյանի նույն օրդերի պատճենում (նա ցուցմունքում նշել է, թե բնօրինակը գոյություն չունի) նշված է 0681587 թիվը:

Ավելին, ըստ Նելսոն Ներսիսյանի` դրանում առկա իր կնոջ ստորագրությունն ուղղակի կեղծված է, եւ պատահական չէ, որ մյուս հաշվապահական փաստաթղթերի հետ քրեական գործից անհետացել է նաեւ հիշյալ ելքի օրդերը:

ԿԲ նախագահին ուղղված երկրորդ դիմումով տուժողը հայտնել է, որ ինքը վարկային միջոցները ստացել է ոչ թե 1411018009, այլ 068 թվագրմամբ վարկային հաշվից եւ որպես ապացույց ներկայացրել է վճարային ելքի օրդերը:

ԿԲ-ն պատասխանել է 5 ամիս անց` արդեն նշելով, որ Ալեքսանյանի անվամբ «Լենդ բանկում» բացվել է 0681587 վարկային հաշիվը, որն ամբողջովին հակասում է ԿԲ-ի նախորդ գրությանը:

Այդ ընթացքում Անուշավան Խաչիկյանը ներկայացրել է բանկում բացված արդեն նոր` 0681587 վարկային հաշվի շարժի քարտը, որը եւս «վրիպել» է փորձագետների ուշադրությունից եւ քննության չի ենթարկվել:

Նշված քարտում արձանագրված է, որ Ալեքսանյանը 75 հազար դոլար անկանխիկ վարկ ստացել է 0811523 հաշվի վրա: Սակայն Խաչիկյանի ներկայացրած նախորդ` 1411018009 հաշվի շարժի քարտում երեւում է, որ Գոհար Ալեքսանյանի անկանխիկ վարկը` 75 հազար դոլարը, փոխանցվել է մեկ այլ` 3313014053 հաշվին:

«Փաստորեն, երկու տարբեր հաշիվներ են վերագրվում կնոջս, այն դեպքում, երբ այս հաշիվների հետ նա ոչ մի առնչություն չունի: Վերջապես, եթե 75 հազարական դոլար վարկ է տրամադրվել այդ երկու հաշիվներին, ստացվում է, որ կնոջս տրամադրվել է ընդհանուր առմամբ 150 հազար ԱՄՆ դոլար: Սա ուղղակի աբսուրդ է»,- ասում է Ներսիսյանը:

Թե ո՞վ է 3313014053 հաշվի տերը, ինչու՞ են այդ հաշիվը բանկի պատասխանատուները վերագրել Ալեքսանյանին, նախաքննական մարմինը չի պարզել: Ըստ տուժողի` պատասխանը եղել է նաեւ քրեական գործից անհետացած հաշվապահական փաստաթղթերում:

Իսկ ԿԲ երկրորդ գրությունից պարզվել է, որ մյուս` 0811523 հաշվեհամարը պատկանում է մեղադրյալին պատկանող «Էար Վինգս» ընկերությանը:

Ներսիսյանը մեջբերում է «Էար Վինգս» ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Վասակյանի` գլխավոր դատախազությունում տված բացատրությունը. «Սերյոժան բանկի պատասխանատուներ Անուշավան Խաչիկյանին եւ Ռաֆայել Սանդոյանին խոստացել էր իր կողմից «Լենդ բանկում» բացված հաշվով շրջանառվելիք միլիոնավոր դոլարներից ստացված եկամուտը հավասար կիսվել նրանց հետ»:

«Բանկի պատասխանատուները, ըստ էության, յուրացրել են 75 հազար դոլար գումարը եւ այն ապօրինի, վարկի տեսքով տրամադրել մեղադրյալին:
Պատահական չէ, որ Խաչիկյանի եւ հաշվապահ Մարիամ Գազազյանի նման գործելաոճով «Լենդ բանկը», վերջին հաշվով, կործանվել է: Եվ իր կողմից թույլ տրված ապօրինությունները կոծկելու նպատակով էլ Խաչիկյանը նշանակվել է բանկի լուծարային կառավարիչ, ինչն օրենսդրության կոպիտ խախտում է եւ կոռուպցիայի դասական օրինակ»,- ասում է Նելսոն Ներսիսյանը:

Վերջինս մանրամասնում է, որ բանկն իրենց տան վրա բռնագանձում տարածելու համար պետք է գրավի պայմանագիրը պարտադիր գրանցեր կադաստրում, ինչը, ըստ նրա, արվել է 3 ամիս անց (սահմանված ժամկետը 15 օր է)` պայմանագրի ամիս-ամսաթիվը ջնջել-ուղղելով:

Նա հավաստիացնում է, որ կեղծիքը կատարվել է կադաստրի աշխատակիցների օժանդակությամբ: Կադաստրի մատյանում տուժող Ալեքսանյանի անշարժ գույքը գրանցվել է Արաբկիր 2-րդ նրբանցք, 18 տուն հասցեով, այնինչ վերջինիս հասցեն Կիեւյան 2-րդ նրբանցք, 18 տունն է:

«Լենդ բանկի» տված հատակագծում գրված է Արաբկիրի հասցեն, կողքը` փակագծերում, մեր իրական` Կիեւյանի հասցեն: Պարզ երեւում է, որ Կիեւյանը հետո են գրել»,- ասում է Ներսիսյանը:

Այս ամենով հանդերձ` Կենտրոնի դատարանը կիսել է քննիչների կարծիքը եւ գտել, որ տուժող Ալեքսանյանը սեփական հայեցողությամբ է տնօրինել իր վարկային միջոցները, իսկ բանկի եւ կադաստրի աշխատակիցների արարքներում հանցակազմ չկա:

Առավել ուշագրավ է վերաքննիչ դատարանի որոշումը: Դատավոր Գ. Մելիք-Սարգսյանը, լսելով կողմերին, «անհրաժեշտ չի համարել անդրադառնալ վերաքննիչ բողոքում վկայակոչված փաստական հանգամանքներին»:

Դատավորը հիմնավորել է, որ քննիչ Սարդարյանի՝ գործը կարճելու որոշման դեմ ժամանակին տուժողը ներկայացրել է բողոք, որին դատախազը պատասխանել է գրությամբ:

Այնինչ դատախազը պարտավոր էր 7-օրյա ժամկետում բողոքի վերաբերյալ կայացնել որոշում: Քանի որ դատախազը նման որոշում չի կայացրել, տուժողը պետք է բողոքարկեր նրա անգործությունը, ոչ թե քննիչի որոշումը:

Սակայն իրականում գործի քննությունը վերահսկած դատախազ Վարդգես Գեւորգյանի գործողությունները Ներսիսյանի կողմից բողոքարկվել են երկրի նախագահին եվ գլխավոր դատախազին:

Բողոքում նա նշել է, թե ինչ հիմքով է դատախազ Վ. Գեւորգյանը նախաքննական մարմնի կողմից քրեական գործի բաղկացուցիչ մասի` առգրավված հաշվապահական փաստաթղթերի, մատյանների անհետացման փաստը դիտել որպես միանգամայն օրինական գործառույթ եվ առանց որոշում կայացնելու՝ այդ մասին գրությամբ հայտնել գործով տուժող Գոհար Ալեքսանյանին:

Բողոքի պատասխանը գլխավոր դատախազությունից մինչ օրս չի ստացվել:

Վերաքննիչի որոշման կապակցությամբ Նելսոն Ներսիսյանը հիշատակում է Սահմանադրական դատարանի անցյալ տարվա դեկտեմբերի 7-ի որոշումը (Ա. Զեյնալյանի եւ մյուսների գործով), որով դատախազի անգործությունը չբողոքարկելու հիմքով բողոքը դատարանների կողմից մերժելը դիտվել է որպես բողոքաբերի սահմանադրական իրավունքները խախտող հակասահմանադրական ակտ:

Ներսիսյանների ընտանիքը հույսը կապում է Վճռաբեկ դատարանի հետ, քանի որ արդյունք չեն տվել նաեւ երկրի ղեկավարից մինչեւ արդարադատության նախարար հասցեագրված դիմումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter