HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Երեխայիս հետ չեմ բերելու, գոնե իմանամ` ինչ է եղել»

Անցյալ տարվա մայիսի 23-ին Նարեկ Գրիգորյանի Վերջին զանգի արարողությունն էր, որին 17-ամյա պատանին այդպես էլ չի մասնակցել: Նախօրեի երեկոյան նա դասընկերոջ` Հարությունի հետ Աղավնաձոր գյուղի իրենց տան բակում զրուցել է հաջորդ օրվա անելիքների մասին, երբ տղաներին զանգահարել են համադասարանցիներն ու առաջարկել գնալ դաշտ` վերջին զանգի միջոցառման վերջին փորձից հետո խնջույք կազմակերպելու:

«4-5 ժամ հետո բարեկամներս եկան մեր տուն, թե՝ արի, գնում ենք հիվանդանոց. Նարեկը ոտքերը կոտրել է: Հասանք տեղ, նոր իմացա, որ խաբել էին. որդիս էլ չկար. մահացել էր»,- պատմում է Նարեկի հայրը` Հակոբ Գրիգորյանը:

Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում քննիչ Սամվել Սարգսյանը պարզել է, որ 2009 թ. մայիսի 22-ին` ժամը 23-ի սահմաններում, Աղավնաձոր գյուղի անչափահաս բնակիչ Արայիկ Հարությունյանը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, մոտ 30-40 կմ/ժ արագությամբ վարելով պապին պատկանող «Տ-25» մակնիշի կցորդով տրակտորը, գյուղից Եղեգնաձոր ուղղության 4-րդ կիլոմետրում` վայրէջք ճանապարհահատվածով ընթանալիս, կորցրել է ղեկավարումը, տրակտորը դուրս բերել երթեւեկելի մասից ու բախվել ձախ կողնակում գտնվող քարերի կույտին:

Վարորդ Արայիկի կողքի նստարանները զբաղեցրել են վերջինիս երկու համադասարանցիները, իսկ մնացած 10 տղաները, այդ թվում` Նարեկը, եղել են տրակտորի կցորդում:

«Վթարի հետեւանքով Նարեկ Գրիգորյանը մահացել է»,- գրել է քննիչը` նշելով, որ մյուս 12 անչափահաս ուղեւորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

«Լաֆետում նստած երեխաներից մեկը` Տիգրանը, տրակտորից հասկանում է: Նա արգելակների հոտից գլխի է ընկել, որ տորմուզները չեն պահելու: Ընկերներին մինչեւ վթարն ասել է` շուտ թռեք, ու առաջինն ինքն է լաֆետից իջել, երկրորդը` որդիս,- պատմում է Նարեկի հայրը:- Դեպքից մի քանի օր հետո երեխեքին խումբ-խումբ կանչում էի մեր տուն ու հարցնում կատարվածի մանրամասները: Առաջինը Հարութի հետ խոսեցի: Ասաց` Նարեկը որ ընկավ, մի հատ սպիտակ գույնի «ՎԱԶ-2109» ներքեւից շատ արագ բարձրացավ ու շատ ուժեղ դմփոց լսվեց: Ասաց` իմ աչքով հարվածելու պահը չեմ տեսել, բայց ձայնը լսել եմ. այնքան ուժեղ էր, որ ականջներիցս դուրս չի գալիս»:

Հակոբ Գրիգորյանի խոսքերով` որդու համադասարանցին` Հարություն Պետրոսյանը, նույնիսկ նկատել է, որ մեքենան «առանց դեմի շթի էր», ճանաչել է վարորդին ու նրա կողքին նստած աղջկան: «Վարորդն Արփի գյուղից է, ոստիկանության աշխատող, կողքի նստածն էլ` Գուրգենի աղջիկը: Նրա եղբայրը որդուս համադասարանցին է եւ այդ օրը եղել է նույն լաֆետում»,- Հարութի պատմածները փոխանցում է Նարեկի հայրը: Ըստ նրա` նույն բանն իրեն պատմել են որդու մյուս դասընկերները` նշելով, որ սպիտակ գույնի այդ մեքենան մոտ 5 րոպե անց վերադարձել է, եւ տղաներից Արսենը «դեմը կտրելով» միայն կարողացել է նրան կանգնեցնել:

Սակայն երիտասարդ ոստիկան-վարորդը հրաժարվել է Նարեկին հիվանդանոց տեղափոխել` ասելով, թե սրտից վատ է եւ արյուն տեսնելով` կարող է ուշագնաց լինել:

«Երեխեքը զանգել են գյուղապետին` Աշոտ Գալստյանին: Նա է «Նիվայով» որդուս տարել հիվանդանոց: Դասարանցիները պատմում են, որ հենց Նարեկին կողերից բռնել են, որ դնեն մեքենան, բերանից մոտ կես մետր հեռավորությամբ արյուն է ժայթքել: Ասում են` ոնց որ ամբողջ որովայնը արյունով լցված լիներ: Բայց մյուս օրն առավոտյան ասֆալտի վրա ոչ մի հետք չկար: Թաղման օրը երեխայի գլխից դեռ արյուն էր գալիս, իսկ այնտեղ մի կաթիլ չկար: Թե ո՞վ էր այդքան արագ մաքրել, ո՞վ էր շահագրգռված, չպարզեցին»,- շարունակում է Նարեկի հայրը:

Նա նշում է, որ համայնքապետը կատարվածի մասին ոչինչ չի խոսում, միայն մի անգամ կնոջն ասել է, թե Հակոբին ասա՝ անպայման թող գործին հետեւի:

Վերջինիս ներկայացմամբ` քննիչ Սամվել Սարգսյանը դեպքից օրեր անց իրեն մի քանի հարց է տվել ու գնացել: Մոտ մեկ ամսից իր բազմաթիվ դժգոհություններից հետո քննիչը բերել է դատաբժշկական եզրակացությունը, կարդացել մահվան բուն պատճառն ու հեռացել:

«Մեկ էլ գիտեմ, որ էդ ոստիկանը դեպքի օրը եղել է հիվանդանոցում, ու գյուղապետն ուզել է նրան ծեծել: Հիմա ասում են, որ Նարեկին հիվանդանոց չտանելու համար, բայց կարող է եւ ուրիշ պատճառ կար»,- ավելացնում է Հակոբ Գրիգորյանը:

Դատաբժիշկ Ա. Ալեքսանյանը եզրակացրել է, որ Նարեկը մահացել է «գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը պայմանավորված է գանգի հիմքի ոսկրերի գծային կտրվածքով»:

«Իմ 4 բարեկամներին դիահերձողը կանչել է, թե նայեք` երեխայի ծնկները, ձախ ուսը` թիակը, ջարդված են, որովայնը, գլխի հետեւի մասը վնասված են: Բայց դատաբժշկական եզրակացությունում նման բաներ չկան, հիմնականում գրված են` քերծվածքներ: Դիահերձողին կանչեցինք գործը հսկող դատախազ Պալյանի մոտ: Հենց մտավ ներս, դատախազն ասում է` դու ի՞նչ իրավունք ունես, որ առանց դատաբժշկի ինչ-որ բաներ ես ասել: Սա էլ, թե` ըտենց բան չի եղել: Չորս հոգով ասում են` եղել է, ինքը հերքում է»,- հիշում է Հակոբ Գրիգորյանը:

Նա պատմում է, որ դատախազ Հ. Պալյանն իրենց ներկայությամբ հարցաքննել է նույնիսկ «ՎԱԶ-2109»-ի վարորդ-ոստիկանին: Վերջինս վստահեցրել է, որ հիշյալ ճանապարհով ինքը ոչ թե բարձրացել է, այլ իջել, ոչ մեկին վրաերթի չի ենթարկել, տղային հիվանդանոց չի տարել, քանի որ «արյուն տեսնելիս վատանում է»:

Այդ ընթացքում, Նարեկի հոր ասելով, խոսքերը փոխել են նաեւ որդու համադասարանցիները` արդեն ամեն ինչ ներկայացնելով ոստիկան-վարորդի մատուցած տարբերակով:

«Երեխեքից ոմանք հասկացրին, որ չեն ուզում պատասխանատվության տակ ընկնել ու 100 տոկոսով ասել, որ` հա, Նարեկին մեքենան է խփել: Նրանք ասում են` էդպիսի բան չենք տեսել, միայն ձայնն ենք լսել եւ չենք ուզում ենթադրություններ անել»,- ասում է Հակոբ Գրիգորյանը: Որդու համադասարանցիների հետ խոսակցությունները վերհիշելիս նա մի քանի անգամ, առանց արցունքները զսպելու, կրկնեց նրանցից մեկի ասածները` «Հակոբ ձաձա, եթե վերեւներում մարդ չունես, իզուր տեղը մի փորփրիր»:

«Դեպքից հետո ամբողջ գյուղը խոսում էր, որ երեխային մեքենան է հարվածել: Ասում էին` գնա, զբաղվիր էդ գործով: Բայց ի՞նչ անեի, մտածում էի՝ քննություն, դատ կլինի, ամեն ինչ կիմանանք: Որովհետեւ դրանից 4-5 ամիս առաջ երեխեն մորս հետ անասունը տարել էր պահելու, կովը խաղողի թուփ էր պոկել: Ինձ 18 անգամ դատական նիստի կանչեցին, 45 հազար էլ տուգանեցին: Ո՞վ կմտածեր, որ մարդ կմեռնի ու սենց կանցնի կգնա»,- ասում է որդեկորույս հայրը:

Նա հիշում է, որ Արփի գյուղում ապրող բարեկամին խնդրել է, որպեսզի ուսումնասիրի «ՎԱԶ-2109»-ի տակի հատվածը: Սակայն պարզվել է, որ դեպքից մոտ 10 օր անց մեքենան ուղարկվել է կապիտալ վերանորոգման:

«Քննիչ Սարգսյանին հարցնում եմ` ինչու՞ ես երեխաներին ասել` ավտոյի պահը մոռացեք: Սկզբում ասաց` էդ մյուս քննիչն է ասել, բայց հետո դատախազի մոտ ասում է` հա, ես եմ ասել, որովհետեւ մեքենայի մասով կարեւորություն չեմ տվել: Դատախազն էլ ասում է` մեկ է, եթե նույնիսկ վրաերթ լիներ, պրեզիդենտը հրաման է հանել, որ մի ամիս ավտովթարների գործով դատ ու դատաստան չի լինելու: Թե ի՞նչ հրաման է, չեմ կարում գտնեմ»,- ասում է Հակոբ Գրիգորյանը:

Նարեկի մահվան առիթով քննիչ Սամվել Սարգսյանը քրեական գործ է հարուցել «Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու» համար, «որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»:

Մեղադրվել է տրակտորը վարող Արայիկ Հարությունյանը: Սակայն քննիչի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է` անչափահաս մեղադրյալի նկատմամբ համաներման ակտ կիրառելու պատճառաբանությամբ:

Վերահսկող դատախազը մերժել է Հակոբ Գրիգորյանի միջնորդությունը` «գործը նորից հետաքննել», նշելով, որ «դեպքից հետո գյուղում տարածված լուրերն այն մասին, թե Նարեկ Գրիգորյանի մահը տրակտորից ցատկելուց հետո մեկ այլ մեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու արդյունք է, մտացածին են ու չեն բխում ինչպես վրաերթի մեխանիզմից, այնպես էլ գործի քննությամբ ձեռք բերված տվյալներից»:

Դատախազ Պալյանը միաժամանակ հայտնել է, որ գործը կարճելու որոշման օրինականությունը ստուգվել է նաեւ Գլխավոր դատախազության կողմից, եւ այն չի վերացվել ու թողնվել է ուժի մեջ:

Հակոբ Գրիգորյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին եւ հուսով է, որ վերջինիս միջամտությամբ «ինչ-որ բան տեղից կշարժվի»: «Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկին տանեն պատժեն: Մեկ է` երեխայիս էլ հետ չեմ բերելու: Գոնե իմանամ` ինչ է եղել, միակ արու զավակս էր»,- ասում է Հակոբ Գրիգորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter